Հայաստանի Հանրապետության մեծ ու փոքր հանքավայրերը վաղուց էին հայտնի` դեռևս խորհրդային ժամանակներից: Սակայն այն ժամանակվա ղեկավարներն ու գիտնականները, ըստ երևույթին, ավելի հայրենապաշտ ու հեռատես էին: Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի այդ հանքավայրերը չշահագործվեն, պահում էին ապագայի համար: Երևի թե հույս ունեին, որ մի օր կգա անկախ հայրենիք ունենալու ժամանակը:
Դժբախտաբար, անկախությունը բազմաթիվ առավելությունների հետ բերեց նաև շատ բացասական երևույթներ: Երկրի հզոր տնտեսությունը հավասարեցվեց զրոյի, առաջին պլան մղվեցին հանքարդյունաբերությունը, բարեբախտաբար` նաև բարձր տեխնոլոգիաներն ու զբոսաշրջությունը: Եվ, ահա, հետանկախության ապազգային իշխանություններն սկսեցին մեծ թափով կողոպտել աղքատացած երկրի հանածոներով հարուստ ընդերքը:
Այսօր մեր աղքատացած և տարածքով փոքր երկրում շահագործվում է շուրջ մեկ տասնյակ մետաղական հանքավայր, որոնք ապականում են շրջակա միջավայրը: Եվ եթե որոշ նորանկախ երկրներում նավթի ու գազի արդյունահանությամբ բարգավաճ տնտեսություն է ստեղծվում, ապա մեզ մոտ առաջին օրվանից մինչև հիմա ընդերքը կողոպտվում է, բայց պետական գանձարանը մնում է դատարկ, աճում է աղքատության տոկոսը: Դա էլ քիչ է, այդ հանքավայրերի շահագործումը վնասակար է էկոլոգիապես` շրջակա բնությունը պարզապես մեռնում է, տարածքը` թունավորվում: Այս տեսանկյունից առավել վնասաբեր է, եթե չասենք կործանարար, Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործումը: Այդ մասին շատ է խոսվել և խոսվում է: Սարի հսկայական մակերեսը պարզապես մաշկազերծ է արվում: Եթե մի պահ մոռանանք թունավոր բաղադրիչների գոյության մասին, ապա միայն փոշու ամպերի գոյությունը հարևան Ջերմուկ առողջարանի համար մահացու է, էլ չենք խոսում այն մասին, որ եթե անվտանգության բոլոր բաղադրիչները լինեն իդեալական, ապա տեղումների ջրերը, ներծծվելով հողի մեջ, հոսելու են այնտեղից սկիզբ առնող գետերը, թունավորելու Սևանա լիճն ու Արարատյան դաշտավայրը: Իսկ եթե մի պահ ընդունենք, որ ճիշտ են փսփսոցները` հանքավայրում եղած մեծաքանակ ուրանի մասին, ապա դա Հայաստանի Հանրապետության մի ստվար մասի կործանումն է…
Ճիշտ է, որ այս սխալ և ազգադավ ծրագրի իրականացումն սկսվել է նախորդ կողոպտիչ իշխանությունների ժամանակ, և մենք հույս ունեինք, թե Թավշյա հեղափոխության առաջնորդները կուղղեն նախկինների սխալները, սակայն, ցավոք սրտի, նորերը կարծես թե շարունակում են նրանց ապազգային գործունեությունը: Ի դեպ, նշեմ, որ հեղափոխությանը մասնակից եմ եղել առաջին իսկ օրվանից: Ցավոք, այսօր պայքար է սկսվել նոր իշխանությունների ու բնակչության միջև, և պարզ չէ, թե այն ուր կտանի: Իսկ նախկիննեըը, բեղի տակին ստորաբար ժպտալով, ծափ են տալիս, մոռանալով, որ Ամուլսարն իրենցից մնացած դժվար լուծելի ժառանգություն է:
Ներկայիս իշխանությունները, ի վիճակի չլինելով կամ չցանկանալով փակել Ամուլսարի հանքավայրը, տարբեր պատճառներ են բերում: Անձամբ վարչապետը համոզում է, թե այս հանքավայրի շահագործման համար կիրառվում են ամենաժամանակակից ու ամենաանվտանգ տեխնոլոգիաները, ուստի` սրա շահագործման դեպքում մնացածներն ստիպված կլինեն նույնպես բարձրացնել իրենց հանքավայրերի շահագործման անվտանգությունը: Սակայն դա այնքան էլ իրատեսական ու համոզիչ չէ: Ընդհակառակը, Ամուլսարի փակման դեպքում մյուսները նույնպես պատժվելու ահից կդիմեն վերը նշված քայլերին:
Որպես իմ երկրի հավատարիմ քաղաքացի` ես դեմ եմ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և դրանում մեղադրում եմ ոչ միայն նախկիններին, այլև ներկա իշխանություններին: Ճիշտ է, մենք անտեղյակ ենք վարագույրի հետևում կատարվող գործողություններից, և թվում է, թե ուղղակիորեն չենք կարող մեղադրել ներկայիս վարչապետին, սակայն ինչ էլ լինի, իր երկիրն ու պետությունը սիրող ղեկավարը պետք է կարողանա գնալ նույնիսկ անձնական զոհաբերության` հանուն իր պետության, հանուն Հայրենիքի:
Իսկ մնացյալը սուտ է, քամու աշխատանք. իբր թե մի քանի հազար աշխատատեղ է ապահովվելու: Ջերմուկ առողջարանի աշխատատեղերը ինչքան էլ քիչ լինեն, բերած եկամուտն ինչքան էլ քիչ լինի, տևականության առումով անթիվ անգամ կգերազանցի Ամուլսարի հանքերի շահագործման կարճատև արդյունավետությանը` չունենալով շահագործումից հետո մնացած անլուծելի կամ դժվար լուծելի խնդիրները:
One thought on “ԱՄՈՒԼ… ՍԱ՞Ր, ԹԵ՞ ՀԱՆՔ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ”