ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ,
թարգմանիչ, գրականագետ
ԱՐՏԵՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՃԱՄՓԱՆ
Արտեմ Հարությունյանը մեր կյանքի հազվադեպ մարդկանցից է, որի կենսագրությունը շնչում է գրականությամբ, մասնավորապես` բանաստեղծությամբ: Նրա գրվածքներն սկզբում խոսում էին նշանների լեզվով, առաջին գիրքը` «Նշանների երկիրը», բնության ու մարդու ներդաշնակ փոխներթափանցման ժողովածու էր, կարծես երկուստեք արտահայտում էին միմյանց, բնությունը` բույսերով ու կենդանիներով, բանաստեղծին, իսկ վերջինս էլ` իր հոգու բնանկարը: Եվ դա շատ էր հարազատ Դիլիջանի տեղանքին: Ոմանց թվում էր` պոետը խուսափում է իրականության և պատմության ճշմարիտ պատկերումից: Սակայն Արտեմի նշանային համակարգում փշի և տատասկի սուր լռությունը կար: Պատմության մշտարթուն ժամանակը հայոց երկրում չի շրջանցում բանաստեղծին: Արտեմն անսպասելի արագությամբ վերափոխվեց ըստ 88-ի շարժումից հորդացած գետի հզոր ընթացքի և շուշեցի արմատների պոռթկումով գրեց Արցախի ու նրա շուրջ փոթորկվող դեպքերի, ծանր իրադարձությունների, զոհերի ու հիշատակների մասին:
Հարությունյանի գիրը դարձել էր էքսպրեսիվ, գիտակցական հոսքի հանկարծական մուտքով և փոփոխական շարժմամբ: Սարկազմի խարազանը շառաչում էր մե՛րթ անցյալի և մե՛րթ ներկայի լայնք ու երկայնքով` չխնայելով մեծ ու փոքր մեռած և ապրող կուռքերի ու պաշտոնյաների:
Ամերիկայում Արցախի ներկայացուցիչն էր, դա մեծ հնարավորություն էր` ընդգրկուն հայացքով դիտելու մեծ աշխարհի ու փոքր Արցախի աշխարհաքաղաքական ռեալ պատկերը: Հենց այդ ոգով գրվեց «Հուդայի արձակուրդը» գիրքը: Արտեմ ջան, էդ ե՞րբ են հուդաները արձակուրդ գնում: Նրանք հայտնվում են դիվանագիտական կլոր և քառակուսի սեղանների շուրջ, մտնում են քառատրոփ տողերի մեջ ու հանգիստ չեն տալիս ո՛չ բանաստեղծին, ո՛չ ընթերցողին և ո՛չ էլ մեր սիրելի Հայրենիքին: Քո գիրը և՛ բնանկարչական է, և՛ քաղաքացիական, և՛ քաղաքական, և՛ համամարդկային: Քո ընտիր ճաշակը քարացած արժեհամակարգ քանդելու միտված այս էլ քանի տասնամյակ գրիչ է ճոճում Սերվանտեսի հայտնի հերոսի նիզակի հանգով: Դու (և քո սերնդակիցները) երկար պայքարեցիր նաղլամաղլականության դեմ և չհոգնեցիր, ուղղակի բանաստեղծություն կարդացողներն են պակասում աշխարհում, և նրանց մեջ էլ սակավ են ընտիր էջերը ընկալողները:
Քո իմացած բազում լեզուներից թարգմանեցիր` հաստատելու աշխարհի նորագույն բանաստեղծական մտածողության իրավունքը մեզանում, գրեցիր աշխարհի մեծ գրողների մասին գրքեր ու հոդվածներ, դասախոսեցիր, և փառք Աստծու, եղան և կան արդեն տարիքոտ և ջահել ունկնդիրներ («Ցոլքեր» գրական- երիտասարդական խմբակը վկա): Քո խոսքը արտիստիկ է, հումորով առլեցուն և համոզիչ: Նոբելյան մրցանակ չստանալը կատակի տալու ևս մի առիթ էր: 75-ամյակիդ օրերին լույս կտեսնի նոր գիրքդ: Հավատացած եմ, որ նույնքան ձգողական լիցքերով հարուստ, մետաղի պես ծանր կլինի և թեթև` քո սրախոսության նմանակ:
Նորից կքայլես մեր երկրով ու քաղաքով, Ղարաբաղի թութ կերածի ձիգ դիրքով, բարձր ճակատով և չես փնտրի բանաստեղծական պատկերներ, նրանք ուղղակի քեզնից կթռչեն դեպի պատմության հին օրերը, դեպի ա՛յ հենց էն անցորդ էակը, դեպի գալիք, ուր քեզ են սպասում քո ընթերցողները:
Շնորհավոր ամյակդ, Հարությունյան Միքայել բանաստեղծի բանաստեղծ որդի Արտեմ Հարությունյան:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՏԻԵԶԵՐՔԻ «ԱՍՏԵՂԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ»
Շնորհավորելով Արտեմ Հարությունյանին իր կյանքի 75-ամյա բարձունքը գրավելու համար, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ նա անցյալ դարի 60-70-ական թվականներին ասպարեզ իջած հայ բանաստեղծական սերնդի ինքնատիպ դեմքերից է: Վերջերս հրատարակված նրա «Հատընտիր» ժողովածուն (Երևան, «Ապոլոն» հրատ., 2014) հստակորեն երևակում է բանաստեղծի անցած ստեղծագործական ճանապարհի էական հանգրվանները` «Նշանների երկիր» (1977) անդրանիկ գրքից մինչև «Հեռուստապոեմներ…» (2010)… Եթե փորձենք մի բառով բնորոշել այդ դինամիկայի առանցքային երակը, ապա, կարծում եմ, դա Շարժումն է: «Նշանների երկիր» ժողովածուն բացող համանուն քերթվածում հեղինակն արդեն իսկ մատնանշում է իր այդ մղումը՝ «Ընկալիր աշխարհը ձգտման պահին»: Այսինքն` հարատև Շարժում՝ Տիեզերական Անշարժության մեջ: Սա աշխարհի ընկալման նախնական աստիճանն է, գլխավորապես վերացական ու ընդհանրական: Բնական է, որ դրանից հետո բանաստեղծը ձգտելու էր ավելի առարկայական ընկալումների՝ «դուրս գալ փողոց, տեսնել տնակներ… գտնել տարածություն, մաշված ուրիշների գոյությամբ»: Ըստ էության` կատարել առաջին քայլեր Ժամանակից դեպի Տարածություն, Հավերժական Բնությունից դեպի Մարդկանց Աշխարհ… Ահա թե ինչու՝ «Կապվիր իրերի հետ: Երջանկացրու տարածությունը ուշ տուն գալով»: Նույնիսկ «Ընդհատիր ներքին թռիչքդ», քանզի այլևս «Ուսդ շաղախված է քաղաքի շենքերի հետ՝ ամուր ու հավերժ»: Այս հանգրվանում բանաստեղծի գերխնդիրը ինքնաճանաչումն է` լայնանում, ընդարձակվում է բանաստեղծի տեսադաշտը, նա ձեռք է բերում «հեռուների հայացք», որի արդյունքում՝ «Դու իմաստ ես տալիս ինքդ քեզ»: Սկսվում է «շարժումը դեպի հանգստացած քաղաքն ու մարդիկ», որն, ըստ էության, շարժում է դեպի Սերը («Ես սիրո շարժման մեջ եմ») և հոգեկան բոլորովին նոր մի վիճակ՝ «Ես արթնանում եմ նոր մի աշխարհում», քանզի՝ «Հայացքս լի է հողով, ծառերով» («Տեսադաշտ»):
«Շեմ» -ը (1984) արդեն այդ նոր՝ պրագմատիկ աշխարհի մեջ մարդու դերի ու արժեքի քննությունն է: Անցնելով մեգապոլիսների (Լոնդոն, Նյու Մեխիկո, Քյոլն և այլն) շեմից ներս («…գրում եմ ուղերձս՝ քաղաքից քաղաք ճախրելով…»), հայտնվելով մարդկային վիթխարի զանգվածների թոհուբոհում և մրջնանոց հիշեցնող այդ կյանքի հարահոսը դիտելով «Բաբելոն» հյուրանոցի 17-րդ հարկի բարձունքից, բազմաթիվ փորձությունների ու ողբերգությունների միջով անցած հայ ժողովրդի զավակ բանաստեղծը, թերևս իր համար էլ անսպասելի, հայտնաբերում է նաև այդ ամենի մեջ մարդկային-բնական արժեքների կորուստը՝ «Հրեշավոր է փողոցի զգացումը, // երբ նայում ես նրան կարծես հեռվից, // մի պահ տեսադաշտում մարդուն կորցնելով» («Բաբելոն» հյուրանոցի տեսիլքը»): Ավելին՝ արձանագրում է օտարացումը, «անկումը մարդու», այդ իրողությունների հանդեպ որդեգրելով դարերով սրբագործված արժեքների վերահաստատումը՝ «Ներիր և բարիացիր կեցության առաջ…», «Ներկայություն (Նյուքասլ)»: Գնալով բանաստեղծի ձայնը դառնում է ավելի հնչեղ, ընկալումներն ու մտահոգությունները՝ մասշտաբային: Հեռախոսազանգով նա փորձում է կապվել աշխարհի վրա ապրող բոլոր մարդկանց հետ («… իմ հեռախոսալարը պորտալարի պես // կապված է աշխարհի սրտի անկանոն զարկերին»)` նրանց հիշեցնելով Սիրո միավորիչ, ամենափրկիչ զորության մասին:
Արցախյան ազատամարտից ու Հայաստանի անկախացումից հետո Արտեմ Հարությունյանի պոեզիան հիմնականում դեմքով շրջվում է դեպի ազգային ճակատագրի, հերոսական մաքառումների և հուսալի ապագայի կերտման թեմաներն ու տեսլականը: «Նամակ Նոյին» (1997), «Հուդայի արձակուրդը» (2003), «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» (2010) ժողովածուներում բանաստեղծությունների վերնագրերն անգամ՝ «Պարետային ժամը Ստեփանակերտում», «Ստեփանակերտը՝ ադրբեջանցի թուրքի «գրադի» հարվածից հետո», «Կրակներից մարմրող Ադանա, Շուշի» և այլն, խոսում են ազգի ներկայի և ապագայի իրական տագնապներով ու հույսերով ապրող բանաստեղծի ներաշխարհի մասին: Արտեմ Հարությունյանի մտածողությունը պատկերավոր է և ինքնատիպ:
Փոխաբերությունների, անսպասելի ընկալումների վրա հիմնված նրա պատկերներն արդյունք են ներքին հնարավոր խտացումների` օժտված ներքին ուժով ու զսպանակներով: Եթե ուրիշները պարզապես գրում են բառերով, ապա Արտեմ Հարությունյանը «ոլորում է բառը ասես պատրույգ»: Ահա թե ինչու, նրա պոեզիայում «Խոտը մղում է իր շեղբը դեպի վեր – // Կտրում երակը թափառող ամպի», «Հայացքով կարող ես ձեռք տալ թափանցիկ դարձող լեռներին», տրոլեյբուսը սլանում է՝ «միջատե բեղիկները լարերի վրա»…
Արտեմ Հարությունյանի ստեղծագործությունը ինքնատիպ ճախր է «նշանների երկրից» մինչև տիեզերքի «աստեղային պատուհաններ»:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԵՌՈՒՍՏԱՊՈԵՄՆԵՐ…»
ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
Ես հաճույքով եմ գրում Արտեմ Հարությունյանի մասին: Նա հայ կարևորագույն բանաստեղծներից է, և մի շարք քննադատներ նրան համարում են Պարույր Սևակից հետո ամենաուժեղ և ինքնատիպ բանաստեղծը: Նրա բանաստեղծությունները գեղեցիկ են, վայրի և հզոր: Նա համաշխարհային բանաստեղծ է, որի գործերը միավորում են հայկական պոետական ավանդույթն ու ամերիկյան պոեզիայի ազատ շունչը: Այդ բանաստեղծությունները մեր վտանգված կյանքի և մշակույթի մասին են. տեսիլքներ, որ հետապնդում են մեր երևակայությունը: Դրանք գլոբալ են, և մենք պարտավոր ենք դրանք կարդալ:
Ա. Հարությունյանի բանաստեղծական ժողովածուների մեծ մասը տպագրվել է հայերեն, բայց նրա «Նամակ Նոյին» ժողովածուն հրատարակվել է անգլերեն, 1994 թվականին, Նյու Յորքում: Ես բախտ եմ ունեցել թարգմանելու այդ ժողովածուից որոշ գործեր (այդ ժողովածուի սկզբնական տարբերակը՝ «Հրդեհը հինավուրց հողի», նույնպես տպագրվել է Նյու Յորքում, 1993 թ.): Ժողովածուն ինձ ապշեցրեց տեսիլային ու լեզվական գյուտերով ու հայտնությամբ: Նրա բանաստեղծությունները մարմնավորում են Հայաստանի բարդ վիճակները թե՛ անցած դարում, թե՛ վերջին տասնամյակում:
Բանաստեղծը վկայում է Հայոց ցեղասպանության ազդեցությունն իր մշակույթի վրա, նաև գրաֆիկ հուժկու տեսիլքով պատկերում ու վերստեղծում Հայաստանի վերջին տասնամյակների ծանր կացությունը: Այս առումով նա հայ մշակույթի Ուիթմենն է, և նրա երկար տողն ու հզոր, ամեն տեսակի կապանքներից ու պայմանականություններից ազատագրված էքսպանսիվ ձայնը կամրջում են ուիթմենյան բանաստեղծական ավանդույթները հայկականին: Նա մեր դարի բացառիկ և եզակի բանաստեղծներից է, նման օժտվածության տեր շատ քիչ բանաստեղծների եմ հանդիպել կյանքիս ընթացքում:
Արտեմ Հարությունյանի բանաստեղծություններին ծանոթանալուց հետո, և հատկապես վերջերս լույս տեսած «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքի հայտնությամբ (Երևան, 2010 թ., «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 654 էջ), ես վստահորեն կարող եմ ասել` Արտեմ Հարությունյանը բացառիկ ձայն է հայ գրականության մեջ (և ոչ միայն հայ), և իր տաղանդը՝ կլանելու և պատկերելու իրար բախվող, իրարամերժ ռեալություններ, աննախադեպ և բացառիկ երևույթ է բոլոր առումներով: Նա կարող է վերցնել Հայաստանի անցյալը, Ղարաբաղի ներկան և գերիրական (սյուրռեալ) տեսիլքների ուժի շնորհիվ միաձուլել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքային շնչի հետ:
Սկսած անցյալ դարի 80-90-ական թվականներից՝ բանաստեղծ Արտեմ Հարությունյանն իր ժողովածուներով ընդլայնում է հայ պոեզիայի շունչը: Բանաստեղծը ցույց տվեց, որ չկա հայ կյանքում մի երևույթ՝ լինի այն անձնական, սոցիալական, քաղաքական բնույթի, որն անհնար լիներ մարմնավորել պոետական խոսքի շնորհիվ: Նրա հզոր միաձուլումները՝ Չարենցի, Սևակի, Ուիթմենի, Վ. Կ. Ուիլյամսի և մյուս մեծերի պոեզիային, որին նա ավելացրեց իր սեփական պոեզիայի ուժեղ, շարժուն, գրոտեսկային հումորն ու տեսիլքները, նրան ապահովեցին արժանավայել տեղ ժամանակակից պոեզիայում:
Արտեմ Հարությունյանի նոր՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» ժողովածուն ասես կլանում է իր տեսիլքներով ժամանակակից կյանքի աղետներն ու չարիքը և դրանք տարրալուծում ու վերադարձնում մեզ՝ արագացնող ռիթմի ու պատկերի շնորհիվ:
Ցավ ու տագնապ ծնող նրա պոեմը («Այց Շուշի») պատկերում է հոր ծննդավայրը՝ Շուշին, և ինքնածին պատկերների շնորհիվ վերստեղծում ժամանակակից ավերմունքի համայնապատկերը: Զգայուն մանկությունը փշրված է Ցեղասպանության և Արցախյան պատերազմի սոսկալի իրողություններով, որոնցից, ավա՜ղ, մենք հեռացել ենք ընդամենը մի քանի քայլ (Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը դրա ապացույցն են):
Բանաստեղծն իրեն բնորոշ յուրօրինակությամբ գտնում է արձագանքող և վերսկսվող լեյտմոտիվը իր գրքի. ադրբեջանցի-թուրքերի հրկիզած (1920 թ.) Շուշի քաղաքի թեման է դա, և իր էպիկական «Այց Շուշի» պոեմին տալիս հզոր պատմական խորք, որի նմանը վերջին շրջանի թե՛ հայկական, թե՛ ամերիկյան պոեզիայում ինձ չի հանդիպել: Եվ այն, ինչը Հարությունյանին հաջողվում է ձեռք բերել այս պոեմում, պատմական, փիլիսոփայական, քաղաքական և հոգեբանական թեմաների հրաշալի միաձուլումն է:
Այո՛, գիրքը լարված և խոր պոեզիայի հայտնագործությունն է: Գրքի առաջին մասում պատկերվում է Հայոց եղեռնի սոսկալի իրողությունը, որը քայլ առ քայլ, Արցախյան եղեռնի պատկերմամբ (հատկապես՝ Շուշիի հրկիզումը) բանաստեղծը մոտեցնում է իր ընտանիքի (հայրը՝ Շուշիից, մայրը՝ Բիթլիսից) պատմությանը, իր մանկությանը Արցախի կենտրոնում՝ Ստեփանակերտում: Հարությունյանը տաղանդավոր պոետ է և գիտի՝ ինչպես արթնացնել անցյալի ցավը և այն տեղադրել ներկայի տեղանքում:
Կրքոտ և միաժամանակ համարձակ անձնական ու քաղաքական թեմաներով հագեցած այս ժողովածուն բացառիկ ուժով պատկերում է XX դարի վայրագությունները: Սեփական ձայնի որոնումների ընթացքում բանաստեղծը գտնում է իր թեման, իր տարածք-ռեալությունը՝ Հայաստանի սոցիալական կյանքը և Հայոց ցեղասպանության չմարող ցավը: Երբ բանաստեղծական լեզուն ու տեսիլքը պոեզիայում միանում են, դառնում ամբողջություն, ծնվում է նոր վերաբերմունք կյանքի երևույթների հանդեպ:
Երբ նոր իրականություն է ծնվում և գործադրում ու ճնշում իր ուժերը բանաստեղծների վրա, ապա նրանց լեզվի դիմադրող ու դրան հակազդող ճնշում ու երևակայությունը ծնում են իրենց հերթին նոր պոետական արվեստ:
Հարությունյանն ավելի շուտ բաց կանի իր պոեզիայի դռները ամեն ինչի առաջ, քան դուրս կթողնի իր պոեմներից պատմության կամ ակտիվ ինտելեկտի որևէ մաս, և դա իր ժողովածուի՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքի հայտնաբերված պոետիկայի արդյունքն է ու նվաճումը:
Նրա երևակայությունը նման է բետոնախառնիչ հզոր մեքենայի, որ ներառում և կլանում է ցեղասպան անցյալի ու ներկայի ճնշումներն ու ծանր, դժվար կացությունները:
Վստահորեն կարելի է ասել, որ Արտեմ Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» բանաստեղծությունների նոր գիրքը նրա մինչ օրս գրած ժողովածուներից լավագույնն է և ամենալարվածն ու հավակնողը…
Արտեմ Հարությունյանի պոեզիան համամարդկային ընդգրկման (բայց իր Հայաստանի և Արցախի թեմաների հիման վրա) և լայն դիապազոնի երևույթ է: Բանաստեղծը նման է նավապետի, որը Հայաստանի լեռների վրայով տանում է իր վիթխարի նավը, որի անունը պոեզիա է, և զարհուրելի իրողությունների միջով անցած իր ժողովրդին տալիս «Հեռուստապոեմների» բարձրարժեք տեսիլքներն ու պատմական դրվագները, պատկերում իր մեծ տաղանդի ուժով, թե ինչպես է անցնում զարհուրած, խոշտանգված ժամանակն ու արտաքին աշխարհը ստեղծագործ մտքի ու երևակայության միջով:
Իր կոփածո տողերով նա մարմնավորում է Հայոց հողի մաքառումն ու անպարտելիությունը: Ի՞նչ ուժեր են ղեկավարում նրա բանաստեղծական տեսիլքները, ի՞նչ գաղտնարանի միջով է անցնում աշխարհը տեսնելու և պատկերելու նրա դաժան և կոշտ, բայց նաև այն բարիացնող ստեղծագործ ֆանտազիան, որ քայլ առ քայլ, տեսիլք առ տեսիլք վերածվում է Շուշիի՝ համայն հայության Բարձունքից լսվող ուղերձի. Հայաստանը՝ հոգու և մարմնի բիբլիական այդ սուրբ բարձրավանդակը, անխորտակելի նավ է և հանգրվան, և նրա նավարկությունը շարունակվելու է, չնայած կորուստների ու դաժան մաքառումների հեղեղին: Հարությունյանի պոեզիան չի ժխտում այս աշխարհը, նա ենթադրում է մի ավելի լավը, որին հասնելու համար դեռ պետք է ուղի անցնենք:
Արտեմ Հարությունյանն այս նոր՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքով լուսավորում և իրական է դարձնում այդ ուղին:
Զարմանալի է, որ նախկին Սովետի գաղափարական տասնամյակներն անզոր եղան կործանել-հանգցնելու Արտեմ Հարությունյանի ազատամտությունը, բանաստեղծական տեսիլքի բացառիկ յուրօրինակությունն ու սոցիալական-քաղաքական իրողությունների զգացողությունը, նաև «վտանգավոր» ու առաջին հայացքից ոչ պոետական թվացող նյութի մեջ ներթափանցելու նրա կարողությունը:
Եվ վստահորեն կարող եմ ասել. նրա ներաշխարհում տեղի է ունեցել ինտելեկտուալ ահռելի դիմադրություն՝ Հայոց ցեղասպանությանն ու սոցիալական անարդարություններին, նաև տեսիլային ուժերի ամրապնդում ու կուտակում՝ հանուն (սպասվող) լիբերալ ու դեմոկրատական տարիների: Դրա վկայությունն է գրքի լավագույն պոեմներից մեկը «L’ecriture automatique» (ինքնածին գիր), «կամ ինչպես դիմացանք սոցռեալիզմի շերեփի զարկին, որ հետո վերածվեց Ժդանովի օտարամոլության մասին կոնդակի (այսինքն՝ կոնցլագերի…)», էջ 228: Այդպիսի հզոր պոեմ գրելու համար պարզապես պետք է լինել Արտեմ Հարությունյան:
Հայտնի է, որ բանաստեղծները կանխազգում են մոտեցող քաղաքական և գաղափարական «ձնհալը»: Եվ այդտեղ է, որ հնչում է Արտեմ Հարությունյանի աստեղային ժամը: Նախկինում բնաշխարհ պատկերող նրա պոեզիայից ծնվում է բոլորովին նոր իրականություն: Իմ կարծիքով, 2010 թվականը Հարությունյանի «Հեռուստապոեմների…» հայտնությամբ դառնում է հայ պոեզիայի համար բացառիկ տարի՝ annus mirobilis (լատ.՝ զարմանքի արժանի տարր):
Եվ հիմա, տարիների ընթացքում ծանոթանալով նրա պոեզիային և թարգմանելով այն, հասկացա, որ գործ ունենք մի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին ազգային մեծ բանաստեղծի հայտնությունն է: Նրա պոեզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի և ազգային հիմքերի վրա բարձրացնում է բոլորովին նոր և աննախադեպ գեղարվեստական մի կառույց:
Նրա ֆանտաստիկ, իրական և միաժամանակ սյուրռեալ, պայթուցիկ տեսիլքներով հեղեղված պոեզիայի յուրաքանչյուր դրսևորում՝ լինի անձնական, ներաշխարհի ապրումի, քաղաքացիական-հասարակական, միևնույն է՝ միաձուլված է ներքին մի տեսիլային շաղախով, որի անունն է ներկայության պոեզիա:
Եվ տեղին է մեջբերել ամերիկացի ժամանակակից բանաստեղծ Հեյդն Գերութի կարծիքը Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին» անգլերեն թարգմանված և Նյու Յորքում հրատարակված ժողովածուի մասին. «Մոտ 70 տարի գիտենք հայերին ու նրանց պայքարի մասին ընդդեմ բնաջնջման: Այդ հատվածը մեր ժամանակների պատմության սև կետերից է: Ու չնայած լսել էինք ամերիկահայ գաղութից հրաշալի ձայներ, բայց մինչև այսօր չգիտեինք ժամանակակից հայ պոեզիան:
Այժմ ապրող մեծագույն բանաստեղծներից մեկը թարգմանաբար մեզ է ներկայացված, ու մենք ներքին երախտագիտությամբ ենք վերաբերվում նրա գրքին:
Այն հզոր է, կենսական, վառ և խորապես նշանակալից: Այն սյուրռեալիստական է, պատմական աբսուրդի ընդհանրացմամբ՝ տեռոր և ցեղասպանություն: Գիրքը հոյակապ է, այն հավերժորեն ահագնագոչ է, ահազանգող»:
Արտեմ Հարությունյանը դուրս է բերում հայ պոեզիան ազգային նեղ սահմաններից դեպի համաշխարհային ընթերցողը:
Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆ
Բանաստեղծ, Պուլիտցերյան
մրցանակի դափնեկիր
ԱՄՆ
Հ.Գ. Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի ձայնը պետք է լսելի դարձնել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ես ամենաբարձր չափանիշներով եմ երաշխավորում բանաստեղծի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» ժողովածուն: