ՄԻՖ, ԷՅՖՈՐԻԱ, ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

hakob

Բարությանը` բարություն,
չարությանը` արդարություն…
Չինական իմաստախոսություն

Oրն անիծյալ էր, տրամադրությունս` անկումային: Ինչ խոսք, դրան նպաստել էին նաև որոշ անձինք, որոնք պատահաբար անցան` հերոս թե սորոս ճվճվալով: Առաջ մտածում էի, որ ամեն բան կարելի է ցանկության դեպքում չափավորել: Ավա՜ղ, լկտիությունը չափ չի ճանաչում, անվերջ է, իսկ հանգուցալուծումը Կեսարի սուրն է: Գոնե լավ է, որ անհաջող օրվա վերջում Հրազդան մեկնող միկրոավտոբուսում hօգուտ ինձ ամեն ինչ դասավորվեց: Նստեցի լուսամուտի մոտ ու գլուխս հենելով ապակուն` փակեցի աչքերս: Կարծում էի` կննջեմ, բայց, ո՛չ, մեջս տխուր անհանգստություն էր. կրկին սահմանին զոհ ունենք: Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի պատմությունից պարզվում է` ոչինչ չի սովորել հայ դիվանագիտությունը: Թուրքերը երկու դեպքում էլ պարտվողների շարքում էին, բայց արդյունքում իրենց համար շահեկան ու բարենպաստ հայտնվեցին աշխարհի քարտեզին: Իսկ մենք մինչ օրս գիտենք` դիվանագիտությունը բակի խաղ է` ֆուտբոլ կամ շախմատ…
Գրողը տարած մեքենան շարժվեց, մտածումներս ընդհատվեցին, ու ցնցումներից գլուխս սկսեց ցատկոտել ապակու վրա: Ափս տեղավորեցի գլխիս ու ապակու միջև, և վիճակս տանելի դարձավ: Արդեն նիրհել էի, երբ ուշադրությունս գրավեց հետևի կողմից լսվող խոսակցությունը.
– Քո «Սասնա ծռերը» զենք վերցրին, ինչի՞ հասան, հենա Նիկոլը քայլելով եկավ, նրանց անցավ, տեսա՞ր ինչ արեց,- անտարբեր ձայնով ծոր տվեց մի կին:
– Ի՞նչ արեց, աշխա՞րհը փոխեց, որ աշխարհը փոխեց, քե՞զ ինչու չփոխեց,-պատասխանողը տղամարդ էր:
– Հիմա ի՞նչ անենք, որ ազատամարտիկ ես եղել, պիտի այսպե՞ս խոսես, բա որ ես քո թիկունքն եմ պահել, ո՛չ Ռուսաստան եմ գնացել, ո՛չ Ամերիկա, ո՛չ` չգիտեմ` ուր, մութուցուրտին կծկված` չոր հաց եմ կերել, չի եղել` չեմ կերել,- բորբոքվեց կինը, իսկ տղամարդը, ընդհակառակը, ավելի ցածրաձայն, ինքն իրեն խոսելու պես ասաց.
– Թիկունքս պահել-չես պահել, չգիտեմ, բայց քո առաջն ու փեշիդ տակ թաքնվողին` տիրոջդ, ինձ նմանները լավ էլ պաշտպանել են:
– Դե՜, չափդ ճանաչի՜ր,- խոսակցությունը կոպիտ կտրեց կինը:
Ձայները մեկեն դադարեցին, ու շարժիչի հռնդյունն ինչ-որ բանի սպասումով սկսեց բվալ: Ծոծրակիս ծանրություն էր իջել, նայեցի լուսամուտից դուրս: Ծառերն արագ վազում էին: Հայացքս բարձրացրի ու զգացի իմ հանդարտ շարժվելը լեռնային հպարտ համայնապատկերի առջևով: Ինձ թվաց` լեռներից Քուռկիկ Ջալալու խրխինջն է գալիս: Աչքիս առաջ հայտնվեց մեր տան «Սասունցի Դավիթ» կարմրանարնջագույն կազմով գիրքը, որ հորս գնած առաջին գիրքն էր` ավելի քան կես դար առաջ մեր ընտանիքի` Սիրիայից Հայաստան ներգաղթելուց հետո: «Բոլորդ պարտադիր պիտի կարդաք»,- ասել էր հայրս: «Սասունցի Դավիթ» էպոսը (Հայպետհրատ, 1961 թ., Երևան, գիրքը հյուսել են դոկտոր-պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը, ավագ գիտական աշխատող Արամ Ղանալանյանը, պրոֆեսոր Գևորգ Աբովը) վերջերս նորից ընթերցեցի ու աչքերիս չհավատացի. հստակ գրված էր. «Դավիթ էնտեղեն դարձավ գնաց Ադրբեջան»: Այս տողը երրորդ ճյուղի Բ մասից է, վերնագրված` «Դավիթ և Խանդութ», որի պատասխանատուն է հետագայում ակադեմիկոս դարձած Արամ Ղանալանյանը: Ճանաչված բանահավաքն ինչպե՞ս կարող էր վրիպել կամ կեղծել: Հիմա կասեք` դե ժամանակներն էին այդպիսին… Բա ա՞յժմ ինչ ժամանակ է, որ չեղած ազգի անուն ենք տալիս ու օրինականացնում` ազերի ասելով: «Ազերի». այդ ի՞նչ ազգ է, որ միայն հայ լրագրողների պրպտուն ջանքերի շնորհիվ է գտնվել ու դարձել բերանի մաստակ: Եթե Վիքիպեդիայում գրված է. «Կարելի է ասել Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չէ», ուրեմն այդ բացը պիտի լրացնենք ու աչքաբաց հայերով ազերի անունով ա՞զգ ստեղծենք: Զարմանալի այլասեր ազգ ենք, անգամ ատելության մեջ էլ ենք թշնամասեր, եթե այդպիսին չենք, ազգի դահիճների նկարներն ամենուր կհրապարակե՞նք: Ի վերջո պատկան մարմիններն ուշադրություն պետք է դարձնե՞ն, թե՞ ոչ, և արգելեն ազգի թշնամիներին հավուր պատշաճի ապուշաբար գովազդելը: Ամոթ է, հարկավոր է մեկընդմիշտ ջնջել, դեն գցել կերած-խմած, հագած-կապած, շքանշաններով ու մեդալներով զարդարված հանցագործների, դահիճների, սրիկաների, հայատյացների, լեզուս չի պտտվում` թալեաթների, էլ չգիտեմ` ինչ շան ծիծ ծծածների նկարները, տեղադրել համեստ հագ ու կապով հայրենասեր հայորդիների նկարներին զուգահեռ, անգամ` տեղ-տեղ նրանցից առաջ: Ինչպե՞ս հասկանանք այս անհեթեթությունը` իբր սրա՞նք են հայերին կոտորողները: Ա՛յ քեզ բան, սա վերջ պետք է չունենա՞…
Մեքենան կտրուկ արգելակեց: Լեռնային համայնապատկերն աղավաղվեց: Ես, առաջ ընկնելով, քիչ մնաց գլուխս խփեի վարորդի նստելատեղի թիկունքին: Ինձ ուշքի բերեց մաշված մի ձայն.
– Տնաշե՛ն, մարդ ենք, չէ՞…
Վարորդը չպատասխանեց: Ոչ ոք ձայն չհանեց: Դարձյալ մեջտեղ եկավ շարժիչի հռնդյունի բվոցը:
Ավագ հինգշաբթին Ոտնլվայի օրն է: Չինովնիկություն սիրող ժողովուրդս երբևիցե ամբողջությամբ կընդունի՞ Ոտնլվայի խորհուրդը կամ հրապարակայնորեն համարձակություն կունենա՞ խոստովանել մեղքն ու ասել. «Չեմ ուզում երկիրս լինի նեոգաղութ»:
Զարմանալի է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում չեն լսում զենքի մարդուն, և «Սասնա Ծռերի» ապստամբության կոչին ժողովուրդն իր զգալի մասով բազմոցին նստած մնաց` մենակ թողնելով և չընդունելով նրա զոհողությունը: «Սասնա Ծռերն» ասում էին, որ հայրենյաց մահապարտ են, իսկ ի պատասխան, ոմանք նրանց անգամ տեռորիստ կոչեցին: Տեռորիստն ո՞ւր, հայրենյաց մահապարտն ո՞ւր, բայց ցավալին ու սարսափելին այն է, որ դա դուրս է գալիս հայի բերանից` որպես նույն երևույթի տարաբնույթ բնութագրում: Ես Խորենացի փողոց մենակ էի գնացել, Հանրապետության հրապարակ էլ եմ մենակ գնացել: Երկու տեղում էլ ինձ պես մենակները շատ էին: Խորենացի փողոցում խաղ չկար. ամեն ինչ ավելի քան լուրջ էր, որ հանգեցնելու էր «անլուրջ», բիրտ խաղի: Իսկ Հանրապետության հրապարակում ամեն ինչ խաղ էր, նույնիսկ տեղ-տեղ անլուրջ, որը ծավալվեց, վերաճեց լուրջ խաղի` հե-ղա-փո-խու-թյուն: Նիկոլի խաղին միացավ մենակներից ծնված (մենակությունն անհավատության վիճակ է) ու նրանց լուռ համաձայնությունն ստացած երիտասարդությունը: Շարժում, ոգի, եռանդ, արկած ու երիտասարդների խելահեղ խաղ ու պարով հեղափոխություն եղավ` ի զարմանս զենքի մարդկանց ու աշխարհի, ի հաճույք ու բավարարում Մենակների:
Հայաստանի երեք նախագահների իշխանության ժամանակաշրջաններում էլ ժողովրդի մեջ պտտվում էր այն միտքը, ավելի ճիշտ` ներարկված էր թյուր կարծիք, որ նրանց արժանի փոխարինող չկա, և ցանկացած փոփոխություն այս մակարդակում հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով: Անձամբ բազմիցս լսել եմ. «Ախր մարդ չկա… որ նախագահին հանեն, ո՞ւմ նշանակեն»:
Հայաստանի միակ ղեկավարը, որի իշխանության օրոք նրան հազարավոր փոխարինողներ կան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Հայ քաղաքական դաշտում նա կոտրեց ու քանդեց կարծրացած, լրջագույն ու հոռի ավանդույթներից մեկը` Հայաստանում ղեկավարի անփոխարինելիության միֆը, որ դարձել էր համակարգային մտածողություն: Չնայած ինչ-որ չափով հին մտածողության ու կենսակերպի իներցիան պահպանվում է, որի արդյունքը նման խորհրդարան ունենալը եղավ, այսօր այն արդեն շատ-շատերին չի բավարարում: Հասկանալի է, չէ՞ որ միանգամից հնարավոր չէ տարիներով ձևավորված (լավն ու վատը, թերին ու անթերին թողնենք մի կողմ), աշխատող համակարգը հանկարծակի փոխել: Ժողովուրդը գնաց իր գտած հավատ-կուռքի հետևից` հույսը դնելով որոշակի անձի վրա, խառնելով իրար սոցիալ-քաղաքական ամեն մի մարտավարություն ու ռազմավարություն: Հիմա կարծես թե հստակ երևում է, որ Ազգային ժողովի ընտրությունը երեք անձերով էր պայմանավորված` Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան և Էդմոն Մարուքյան: Սա արդեն այսօր հեղափոխական ոգու համար հնաբույր է: Եթե ավելի խիստ, մի փոքր էլ ծայրահեղ ասելու լինեմ, ապա` Ազգային ժողով չկա, կա երեք անձերի ժողով: Նախորդը մեկ անձի ժողով էր: Ենթադրում եմ (՞), որ երիցս ավելացել է կոռուպցիայի դեմ պայքարը, բայց վստահաբար վերադարձել են «մատրոսովականների» և «բանվորներից պրոֆեսորներ ձուլելու» ժամանակները: Պարզապես այսօր «սեմինարիստներից են պրոֆեսորներ ձուլում»` մտածելով, որ նրանք չեն զգացել անքրտինք փողի համն ու այդպես էլ չեն զգալու: Չտեսը տես չի լինելու, խնձորն էլ կես չի լինելու: Թյուրիմացաբար հաշվի չենք առնում մի նրբություն, որ նման բաները պայմանավորված են ոչ այնքան անձնականով, որքան` սովորույթի ուժով ձևավորված համակարգով: Սովետիզմը պետք է թափ տալ այս երկրից, որ կուսակցությունը ծնողից բարձր չլինի, հացը հողից ստանանք և չսպասենք, որ երկնքից պիտի կախվի: Նոր Ազգային ժողովի ընտրություններ են պետք Հայաստանին, բայց մինչև այդ կբացվե՞ն ԿԳԲ-ի արխիվները` այս երկիրն ազատելով սովետի պահպանողական ու հետադիմական ծառայամետ սարդոստայնից: Քանի՜-քանի հայրենասեր գրողներ, լրագրողներ, արվեստագետներ, մտավորականներ ու եսիմ էլ ովքեր, պաթոսով կուրծք ծեծելու փոխարեն, մեղայականով սեփական գլուխները կծեծեն, երբ պարզվի, որ նրանց խոսքն ու գիրը հայոց լեզվով են, սակայն միտքը` օտարի: Որքա՜ն խնդիրներ միանգամից կլուծվեն: Էս երկիրը հայրենիք կդառնա, լոկ երկիր չի մնա, Ամուլսարը սար կմնա, հանք չի դառնա, Սահմանադրական դատարանի «վաստակած հանգիստ» վայելողներն էլ իրականում ժողովրդին հանգիստ կթողնեն իրենց սահմանադրական իրավունքներով ու անհասցե կհեռանան: Կարող եմ թվարկումս շարունակել, բայց… Հայաստանի Հանրապետությանը վեթթինգից առաջ լուստրացիա է պետք, որ ասենք` սա Հայաստանն է, ու վերջ:
Ժողովուրդներ, պետություններ, աշխարհ տեսած Կոստան Զարյանը գրել է. «Թող տարօրինակ չթվի, եթե ասեմ, որ քերականությունը պետությունն է»:
Քանի դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի խոսում պետական լեզվով, այսինքն` գրական հայերենով, ուրեմն պետության մեջ հստակություն չկա, ու հպարտորեն հնչող ԱԱԾ-ի փոխարեն ոմանք ծածկամիտ ու ցածրաձայն ԿԳԲ են փսփսում: Ի դեպ, վերջին մեկուկես տարին ցույց տվեց, որ մենք լավ էլ թագավոր սիրող ժողովուրդ ենք, և եթե մեր մեջ հայ թագավորին չընդունելու, չսիրելու մոլուցք է եղել, նրանից է, որ մեր թագավորների գլխին իրենց թագավորներն են եղել, ինչը տեսել են բոլորը, իսկ հայը միշտ ձգտում է տալ ու առնել, առնչվել առաջին ձեռի հետ:
Մեքենան արգելակեց, մտքերս խառնվեցին… Իսկ իրականության օրակարգում դարձյալ շարունակում է մնալ Մովսես Գորգիսյանի խոսքը. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։