Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

– Հայաստանյան տիպի փոքր հնարավորություններով երկրներում արդյոք մշակութային շուկայի դոնորը պետությո՞ւնն է, եթե ոչ, ի՞նչ միջոցներով է հնարավոր կարգավորել ոլորտը:

 

– Անկախ նրանից երկիրը մեծ է թե փոքր, բյուջեն մեծ հնարավորություններ ունի թե ոչ, միևնույնն է, ցանկացած պետության հիմքում դրված է մշակույթը: Կա մշակույթ` կա պետություն, չկա մշակույթ` չկա պետություն:

Հետևաբար դոնոր փնտրել դրսում, այլուր, պարզապես մոլորություն է: Հռետորական հարց այս առթիվ, ասենք Թուրքիայի մեծ բյուջեն կարո՞ղ է մեր մշակույթի համար լինել դոնոր կամ ասենք Ֆրանսիայի, Ավստրիայի և այսպես շարունակ, որ պետության անունն ուզում եք տվեք: Մի՞թե որևէ պետության հետաքրքիր է հայ մշակույթի զարգացումը, բացի Հայաստանից: Հետևաբար հայ մշակույթի միակ անփոխարինելի դոնորը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Սա հարցի առանցքային պատասխանն է: Սակայն հաշվի առնելով սփյուռքահայության գոյությունը` հարկ է ավելացնել, որ մեր ազգային մշակույթի համար չափազանց կարևոր է նաև Սփյուռքի ազգային կազմակերպությունների և անհատների մասնակցությունը մշակույթի զարգացման գործում, որն այժմ էլ անուրանալիորեն առկա է: Ցավոք, վերացվեց Սփյուռքի նախարարությունը, որ կոչված էր նաև նման խնդիրներ լուծելու, սակայն, միևնույնն է, նման հարցերը լուծվում են նաև անձնական մշակութային կապերի միջոցով:

Պետությունը` ի դեմս կառավարության, պետք է գիտակցի իր սահմանադրական պարտավորությունը, այն է` «Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը»: Իսկ խթանումը կատարվում է նախ և առաջ ֆինանսավորմամբ:

Այնպես որ, հարցադրումն ինքնին խոցելի է. պետությունն իր պարտականությունը պետք է կատարի, ոչ թե փնտրի այլ կասկածելի դոնորներ, որոնք երբեք չեն սպասարկի մեր պետական շահը, իսկ եթե գումար էլ ծախսեն, ապա դա կանեն բացառապես իրենց շահերից ելնելով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։