Թումանյանը հավասարակշռված անհատականություն էր, սակայն զայրույթի պահերին կարող էր անճանաչելի դառնալ: Նա իր սուր ոչնչացնող սատիրայով հագեցած խոսքով կարող էր կատաղության հասցնել իր ընդդիմախոսներին: Նրանցից մեկը` Հ. Առաքելյանը, նույնիսկ դատական գործ հարուցեց` պատիվ պահանջելու նպատակով: Ու թեև ոչ մի արդյունքի չհասավ, սակայն իր անազնվությամբ բավականաչափ պղտորեց Թումանյանի ազնիվ արյունը: Նրա զայրույթի պատճառները բազմաթիվ էին` անարդարություն, բարոյական անկման ցանկացած դրսևորում, սուտ, կեղծիք, երեսպաշտություն, բայց ամենից շատ` չարություն և մարտնչող տգիտություն: Հայտնի է, որ հանճարները, մեծությունները միշտ էլ շարժում են միջակությունների մաղձն ու նախանձը` նրանց մեջ անլիարժեքության բարդույթ առաջացնելով: Պոետի շուրջն էլ միջակությունները ամեն կերպ ձգտում էին ստվեր գցել նրա վրա, ցավ պատճառել` կարծես վրեժխնդիր լինելով իրենց կարողությունների սահմանափակության համար: Թումանյանը ապրել է մեծ հոգիների դրաման, ստիպված է եղել հանդուրժել միջակությունների խանդն ու նախանձը: Նրա վրա հաճախ են հարձակվել չարությունից` չհանդուրժելով նրա մեծությունն ու համաժողովրդական սերը: «Պստլիկ, մանր, ամբողջովին մաղձից ու չնչին կրքերից» կազմված մարդիկ բանաստեղծին անվանել են «եվրոպական իմպերիալիզմի գործակալ», «մատաղ սերունդը անբարոյականացնող», «թայֆայական», «միմոս ու ծաղրածու», «բարոյական հրեշ», «պարազիտ», «մակաբույծ` նստած հայ հասարակության շլինքին», «խավարապաշտության երկրպագու», «իր ամբողջ էությամբ կեղծիք», զրպարտիչ, չարախոս, «մայրենին չիմացող», քննադատական «մերկացումների» «կրթիչ ազդեցությանը չենթարկվող մի բանագող», ով «մեր մտավոր կեանքի լճացման և մեր առաջադիմութեան խափանման նշանն է», ազգային գործունեության «ավերիչ ժանտախտը», ում հեքիաթները «մեր կյանքի կեղտերն են»:
Իհարկե, այս ամենի դեմ վրդովվում էր մտավորականությունը և ի պաշտպանություն Թումանյանի ժամանակի անվանի գրողների` Վ. Տերյանի և այլոց ստորագրությամբ տպագրվեց մի նամակ, որտեղ ասվում էր. «Թող հայտնի լինի, որ հայ ժողովուրդը հավիտյանս պարտական պիտի մնա Թումանյանին: Ոչ մի հայհոյանք չպիտի կարողանա մթագնել մեր գրականության կարմիր արևը. նա կփայլի, քանի կենդանի է մեր ժողովուրդը»: Բացի չարախոսներից, եղել են նաև գրողի տաղանդը ըստ արժանվույն չգնահատող քննադատներ: Նա մշտապես ապրել է նաև չհասկացված լինելու ցավը: Այս ամենին գումարենք նաև իր ժողովրդին պատուհասած աղետների չափն ու ծավալները, ապա ազգային բանաստեղծին հասած տառապանքի խորությունն ավելի քան անչափելի կլինի: Թումանյանը հաճախ է իրեն զգացել Գրիգոր Լուսավորչի դրության մեջ, Խոր Վիրապի անդունդի մեջ ընկած, շուրջը` օձեր ու կարիճներ: Հիրավի նրա կյանքը «անվերջ տագնապների մի շարք» էր: Միանգամայն իրավացի են հնչում Թումանյանի խոսքերը. «Ես ուզում էի դրամա գրող դառնալ, դարձել եմ այսպիսի մի դրամայի հերոսը, և ինձ թվում է, չորրորդ գործողության մեջն եմ»:
Ոչինչ այնքան ցավ ու զայրույթ չի պատճառել բանաստեղծին, որքան բթամտությունն ու տգիտությունը, որոնց զենքերը պատրաստված են մարդկային ստորություններից. զենքեր, որոնք ուղղվում են հատկապես արժանավորների ու մեծությունների դեմ: Պոետին սարսափեցնում էր հատկապես երկու բան. նախ` տգիտության մարտնչող լինելը, ողջ կատաղությամբ «տաղանդի և ազնվության», «այդ իրենից մեծ հրեշի դեմ» (Ռազմիկ Դավոյան) հարձակվելը, և երկրորդ` տգիտության տարածվածությունը, ինչը նրա գոյությունից ավելի հրեշավոր էր: Այդ երկուսից առաջինի արտացոլանքը տեսնում ենք ավելի նրա հրապարակախոսական և քննադատական, իսկ երկրորդինը` գեղարվեստական ժառանգության մեջ: Այս ամենը ավելի քան բավարար էին պոետի զայրույթն առաջացնելու համար, մանավանդ երբ տգիտությունը դաշն էր կնքում չարության ու նախանձի հետ:
Զայրույթի պահերին Թումանյանը նույնքան անզիջում էր, որքան ոգևորության պահերին անսահման լավատես: Իր անձնական թշնամիներին ու քննադատներին մեծ մասամբ չէր պատասխանում («Չէ՞ որ արհամարհել եմ միշտ…»), որովհետև համոզված էր, որ ով ինչ անի, իրեն կանի. «քոռամուկը ինչքան հող փորի, իր գլխին կածի»: Յուրաքանչյուրի սխալը, մանավանդ եթե այն ծնվում էր տգիտությունից, նրան միայն ցավ ու մտահոգություն էր պատճառում, բայց ոչ երբեք զայրույթ. «Ինչպե՞ս կարելի է բարկանալ սխալվողի կամ տգետի վրա»:
Թումանյանը երբեք ոչ մի ասպարեզում չէր հանդուրժում սուտը, կեղծիքը, դաժանությունը, բարոյական անկման ցանկացած դրսևորում: Նրա զայրույթը նախասահմանված էր «կեղծավորներին և չար ու չոր հոգիներին», «վերին աստիճանի սանձարձակ, թունոտ փոքրությանը», այն մարդուն, որը բարձրանալու ուժ չունենալով` խանդից ու նախանձից ցածրացնում է ուրիշներին, որը վիրավորում ու վարկաբեկում է առանց ապացուցելու ու հիմնավորելու, որովհետև դառնացած է, որովհետև ընկած է, ներքևում է. «Եվ բնական օրենք է` ամեն մի կյանք, որ ոտի տակ է ընկնում, դառնանում է, մարդկային լինի, անասնական թե բուսական»: Ինքը` բանաստեղծը, խոստովանել է. «Ես շատ եմ համբերող ամեն կարծիքի, բայց երբեք չարամտության ու վատ հոգու»: Թումանյանին մտահոգում էր, որ չարակամությունը թունավորում է ոչ միայն մարդկային ընդունակություններն ու զգացմունքները, այլև հասարակական հարաբերությունները, հայտնվում է ամեն տեղ` «և՛ գործի մեջ, և՛ խոսքի մեջ, և՛ նույնիսկ հայացքի մեջ «խայթիչ լեզվով» միշտ վնասելու»:
Բանաստեղծին շատ ավելի զայրացնում էր այն, որ չարությունն ու կեղծավորությունը ներխուժում են արվեստի աշխարհ, ուր ոտք դնողը պարտավոր է լինել «մարդավարի, բարի ու անկեղծ» և ունենա «ամենից առաջ մաքուր սիրտ ու անկեղծ վերաբերմունք»:
Իբրև իրական մեծություն` Թումանյանը չէր կարող խուսափել անհիմն ու անիմաստ հարձակումներից, տգիտությունից ու չարությունից ծնված բանագող և այլ վարկաբեկող բնորոշումներից, ժամանակի մոդեռնիստների մերկապարանոց, միակողմանի ու հեգնախառն քննադատությունից: Սակայն բոլոր ժամանակներում և ամենուր խառնամբոխից միշտ էլ գտնվում են գագաթների վրա քար նետողներ: Այս դեպքում էլ այդ քարերը` իբրև անհաս Արարատին նետված քարեր, վերադարձան նետողներին և զանազան դրամբյանների ու հ.առաքելյանների ապահովեցին Հերոստրատի փառք:
Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե չարությունը հավասարապես չատեր ու չմերժեր բոլոր դրսևորումներում ու բոլոր ասպարեզներում: Նրա զայրույթի պատճառներից էին նաև կյանքում առկա անառողջ մթնոլորտը, անձերի ու ազգերի միջև անհաշտ հակասությունները, մարդու այն տիպը, որի նպատակն էր «խեղդել», «հարվածել», «ծաղրել», անձնապես վիրավորել, հարկ եղած դեպքում կեղծել, ձևանալ, «էն էլ էնքան… որ ձեռքը դնի… մեծությունների գլխին ու խրատի, որ խոսում է էն, ինչ որ չի մտածում»: Բանաստեղծի բարկությունը արդար ու ազնիվ զայրույթ էր «չարության ու կեղծավորության դեմ, և նա ընդգծում էր այդ երկուսի անբաժան միասնությունը. «Չարը միշտ կեղծավոր է լինում»: Թումանյանը բանավիճում էր անվրդով հոգով և ոչ չարացած: Բանաստեղծի զայրույթի պատճառները շատ ավելի լուրջ ու խորն էին, քան անձնական վիրավորանքները, թեև հաճախ է բանավեճերում դեր խաղացել նրա վիրավորված արժանապատվությունը:
Ըստ պոետի` չարի անմեռ բաղադրամասերն են` «կեղծավորություն, բթամտություն, նախանձ, ստախոսություն»: Չարի հարատևության մասին թումանյանական խոր համոզմունքը` «Չարն էլ է միշտ ապրում անմեռ, անե՛ծք նրա չար գործքին» գեղարվեստական տողերը արդեն թևավոր խոսքեր են: Նկատենք, որ անեծք բառը բանաստեղծի շուրթերից դուրս է եկել միայն չարի հանդեպ, ոչ երբեք թշնամու, նույնիսկ դահճի, ցեղասպան ազգի նկատմամբ: Չարի դեմ պոետը պայքարում էր և՛ հավասարակշռված, և՛ զայրույթի պահերին, և՛ կյանքում, և՛ արվեստում: