ՀԵՌԱՎՈՐ ՀՈՒՇԵՐԻ ՄԻ ՊԱՏԱՌԻԿ / Վահան ՄԱՂԱԼՅԱՆ

Թբիլիսիում լույս տեսնող պարբերականները տարբեր ժամանակներում Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ մի շարք ուշագրավ նյութեր են հրապարակել: 1923 թ. մարտ-ապրիլ ամիսներին ՌՍԴԲԿ Անդրերկրկոմի օրգան «Մարտակոչ» թերթը մեծ բանաստեղծի անժամանակ մահվան առթիվ մի քանի հատուկ համարներ է թողարկել, որոնցում գնահատանքի ու սիրո ջերմ խոսքերով հանդես են եկել կուսակցական ու պետական, գրական ու մշակութային ականավոր գործիչներ, գրողներ ու գիտնականներ, բազմազգ աշխատավորության ներկայացուցիչներ, տարբեր զբաղմունքի տեր մարդիկ: Սկիզբ առած այդ ավանդույթը հետագայում ևս շարունակվել է` հասնելով ընդհուպ մինչև մեր օրերը:
Անցած տասնամյակներում հատկապես վրացահայ մամուլը բազմիցս անդրադարձել է Թումանյանի ծննդյան և մահվան տարեթվերին` ամեն անգամ նրա հարուստ կյանքի ու բեղմնավոր գործունեության մասին հայտնաբերելով ու տպագրելով նորանոր նյութեր: 1938 թ. մարտ-ապրիլ ամիսներին Թբիլիսիում լայնորեն նշվել է Հովh. Թումանյանի մահվան 15-րդ տարելիցը: Այդ առթիվ «Պրոլետար» հայերեն հանրապետական թերթը տարեսկզբից սկսած մի շարք համարներ է նվիրել այդ իրադարձությանը, որոնցում Թումանյանի մասին տպագրվել են բազմաթիվ հետաքրքիր նյութեր: Դրանց մի զգալի մասը հետագայում օգտագործվել է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթիվ լույս տեսած գրքերում և հատկապես «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուում: Սակայն որոշ նյութեր էլ վրիպել են ուսումնասիրողների տեսադաշտից և այդպես դուրս մնացել շրջանառությունից: Դրանցից է նաև վրաց ժողովրդական նկարիչ, ականավոր քանդակագործ Յակոբ Նիկոլաձեի «Մեծ մարդու մասին» վերտառությամբ հուշերի պատառիկը, որը տպագրվել է հիշյալ թերթի 1938 թ. մարտի 23-ի թիվ 67-ում:
Այդ հակիրճ, բայց և ուշագրավ հուշերի հեղինակ Յակոբ Իվանեի Նիկոլաձեն (1876-1951) համարվում է վրաց նորագույն քանդակագործության հիմնադիրը, որը 1946 թ. արժանացել է ՎԽՍՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման, իսկ 1947-ին` ընտրվել ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Նա ծնվել է Քութայիսում, որտեղ էլ ստացել է նախնական կրթություն, 1892-1910 թթ. գեղանկարչություն ու քանդակագործություն է ուսանել Թիֆլիսի, Մոսկվայի, Օդեսայի, ապա և արտասահմանյան մի շարք խոշոր քաղաքների դպրոցներում ու գեղարվեստի ակադեմիաներում, Փարիզում մեկ տարուց ավելի եղել է Օգյուստ Ռոդենի աշակերտը: Վերադառնալով հայրենիք` ունեցել է ստեղծագործական բուռն վերելք, նրա շատ քանդակներ ու նկարներ ցուցադրվել են նախկին ԽՍՀՄ թանգարաններում ու ցուցասրահներում: Նա սերտ կապեր է ունեցել շատ արվեստագետների ու գրողների հետ: Եղել է Ալ. Շիրվանզադեի մտերիմ բարեկամներից մեկը և ստեղծել է վերջինիս դիմաքանդակը (1909 թ.): Հայկական թեմաներով քանդակել է նաև «Հայուհի» (1911 թ.) և այլ գործեր, իսկ 1923-1925 թթ. իրականացրել է հայտնի հեղափոխական գործիչ Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյան) խմբաքանդակ-հուշարձանը:
Վրաց ժողովրդի տաղանդավոր զավակի ակնածանքը Հովհ. Թումանյանի նկատմամբ պատահական չէր, այլ ծնվել էր այն խոր սիրուց, որ մեծ բանաստեղծը տածել էր դեպի վրաց երիտասարդ տաղանդավոր քանդակագործը, քանզի մեծերը միշտ էլ մեծ են մնում ո՛չ միայն իրենց ստեղծագործություններով, այլև մարդկային պարզ հարաբերություններում և միմյանց օգնելու ու գնահատելու մեջ: Այդպիսին է եղել Հովհ. Թումանյանի և Յա. Նիկոլաձեի կարճատև, բայց և սրտառուչ բարեկամությունը: Մի բան, որն իր արտահայտությունն է գտել սույն հեռավոր հուշերի ժլատ տողերում:
Արդ, մոռացությունից հանելով նրա հուշերը և ոճական ու կետադրական որոշակի շտկումներով կրկին ներկայացնելով ընթերցողների ուշադրությանը, հուսով ենք, որ այն մեր օրերի մտավորականների կողմից ևս կընդունվի ջերմորեն և տեղ կգտնի նաև մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակություններում:

Վահան ՄԱՂԱԼՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու

ՅԱԿՈԲ ՆԻԿՈԼԱՁԵ
ՄԵԾ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանի հետ ես առաջին անգամ հանդիպեցի 1914 թվականին: Այդ ժամանակ նրա գործունեությունը ուղղված էր առ այն, որ բարեկամական հարաբերություններ ստեղծվեն երկու եղբայրական` վրաց և հայ ժողովուրդների միջև, որոնց մեջ ցարական կառավարությունն ամեն կերպ աշխատում էր թշնամություն սերմանել և հատկապես ինտելիգենցիայի շրջանում, այդ ժողովուրդների արվեստի ներկայացուցիչների մեջ:
Ես հիշում եմ մեր հանդիպումները առանձնապես գեղարվեստական ցուցահանդեսներում, երբ նա կարողանում էր մի քանի խոսքով բացահայտել երկի էությունը և հստակ կերպով բնորոշել այն: Նրա գնահատականը, մասնավորապես իմ գործերի նկատմամբ, երբեք ես չեմ մոռանում: Նրա հմտությունն արվեստի մեջ և ընկերական խրախուսանքն այն ժամանակ, երբ մեզ մոտ շատ քչերն էին հետաքրքրվում ու հասկանում կերպարվեստն ու քանդակագործությունը, ինձ խորապես ուրախացնում էին, և այդ մեծ պոետի ու զգայուն մարդու խոսքերը միշտ կապրեն իմ սրտում:
Եվ ահա ինձ համար այնքան նշանակալից օրը` 1922 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ խորհրդային կառավարությունը պատվեց ինձ իմ քանդակագործական գործունեության 25-ամյակի տոնակատարությամբ, Հովհաննես Թումանյանը, չնայած այն բանին, որ ծանր հիվանդ էր, և հիվանդությունը նրան գամել էր անկողնուն, չէր կարող իր անկեղծ բարեկամի ձայնը չբարձրացնել ու չմիացնել իմ խնդությանը, և իրեն հատուկ ջերմությամբ դեպի ինձ տածած իր զգացմունքները չարտահայտեր այն նամակում1, որից մեջբերում եմ անում. «Քեզ, որն ընտրելով գեղեցիկին ծառայելու ուղին,- գրում էր նա,- անձևին տվել է զարմանալի կենդանի ձևեր և անմահություն է ներ­դրել անկենդան քարերի մեջ, Վրաստանի համար այս հանդիսավոր օրը հղում եմ իմ սրտանց ողջույնը և եղբայրական համբույրը»:
Իմ պարտքը համարելով մարմնացնելու այդ իսկական գեղագետի, հայ ժողովրդի մեծ երգչի կերպարանքը` ես մինչև այժմ զուրկ էի այդ անելու հնարավորությունից նրա մահվան ժամանակ Մոսկվայում հանված դիմապատկերի բացակայության պատճառով, բայց հույս ունեմ մոտ ապագայում կատարելու այդ` ուրիշ փաստաթղթերի օգնությամբ2:

«Պրոլետար» օրաթերթ, Թբիլիսի,
28 մարտի 1938 թ.,
թիվ 67 (3129)

1. Հիշյալ նամակն ամբողջությամբ` ռուսերեն բնագիրը և դրա հայերեն թարգմանությունը, տպագրվել է բանաստեղծի Երկերի ակադեմիական առաջին հրատարակության 5-րդ հատորում [տե՛ս Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, հատոր 5, Նամակներ (1885-1922 թթ), Եր., Հայպետհրատ, 1945, էջ 478-479]:
2. Մեր համոզմամբ, Յա. Նիկոլաձեն իր այդ խոստումը չի կարողացել իրականացնել, քանի որ նրա ստեղծագործությունների ցանկերում մեզ չհաջողվեց գտնել Հովհ. Թումանյանին նվիրված որևէ քանդակի անվան հիշատակում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։