ԿԱՊՈՒՅՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԼՔԵՐՈՒՄ / Հովիկ ԱՅՎԱԶՅԱՆ

(Վահագն Դավթյանի «Անխորագիր» վիպակ -էսսեի առթիվ)

«… կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: …Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ,- հոգու կարոտներ»:
Հովհ. Թումանյան

Մարդու կյանքում կան չխամրող հուշեր, որոնք տարիներ անց պայծառ աստղերի նման լուսավորում են մտքի հեռուները և արթնացնում վաղուց անցած-գնացած օրերի կարոտը: Այդ պահին մարդ ձգտում է բացել տարիներ շարունակ հոգում անթեղված կրակը և երախտապարտ զավակի սիրո առհավատչյան հանձնել թղթին:
Տաղանդավոր բանաստեղծ Վահագն Դավթյանը, որ ժամանակին հրատարակել էր «Զուգահեռ ճանապարհ», «Ի սկզբանե էր բանն» խոհագրություններն ու մտորումները, հուշերն ու հրապարակախոսական գործերը, տասնամյակներ առաջ գրել է «Անխորագիր» վիպակ-էսսեն, որ մնացել էր անտիպ: Դավթյանը շարունակեց իր նախորդների գրական լավագույն ավանդույթը և ստեղծեց մեր ժողովրդի ճակատագրական բեկումը պատկերող հուշ-հիշատակների հետաքրքիր գիրք` խոհափիլիսոփայական և հրապարակախոսական ուղղվածությամբ:
Ինչպես նշվում է գրքում, շուրջ երեքուկես տասնամյակ առաջ գրված վիպակ-էսսեն արձագանքն է մերօրյա ազգային տագնապների, ինչպես նաև համամարդկային խորացած խնդիրների: Դա յուրատեսակ հուշերի գիրք է, ուր հեղինակը բնութագրական ակնարկների եղանակով սեփական տպավորությունների և անձնական զննումների հիման վրա ներկայացնում է իր անցած ճանապարհը: Նկատի ունենալով իրենց ընտանիքի գաղթելու պահը` Դավթյանն ասել է. «Հավանաբար հենց այդ օրերից մեջս սկսել է մխալ ծննդավայրի ու հայրենի տան կարոտը», և «ցաված սիրտը ձգտել է խոսել»: Վիպակ-էսսեում բեկվել է ընդհանուր ժամանակը, երբ ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի բնակչությունը գաղթեց տարբեր երկրներ` սրտներում անթեղված կրակի պես պահելով կարոտի մրմուռն ու վերադարձի հույսը: Սկզբում հեղինակը խոսում է իսկական արձակ ստեղծելու մասին և համեստաբար նշում, թե ինչ է ստացվելու դրանից, իսկ քանի որ այնտեղ իր կյանքն է, իր կյանքի մի փոքրիկ մասը («Ես առաջին սիրով քեզ եմ սիրում, կյանք»), ուրեմն, ըստ հեղինակի, կյանքը խորագիր չունի, որի պատճառով այն անվանել է «Անխորագիր»:
Բանաստեղծը քննում է ժամանակի ու տարածության հորձանուտում լեռնացած ցավի ահավորությունը, դատապարտում է բիրտ իրականությունից ծնված մարդկային դաժան ու անխոհեմ արարքները: Դավթյանի կարոտի հուշերում անցյալը երևում է որպես չիրականացող երազ, սակայն դա չի տանում դեպի հոռետեսություն, այլ տխրությունն աստիճանաբար դառնում է լույս ու ջերմություն: Բանաստեղծը հայտնագործում է իր աշխարհը, իր մանկության ոսկե ափը, անցած կյանքի գեղեցկությունն ու տառապանքը, դրանց գույները, սերը, վիշտը, և մարդ մտովի վերապրում է անցած ճանապարհի զիգզագները, հասնում մանկության գունագեղ խճանկարին, և կարոտի զորավոր կանչը երազի թևերով տանում է դեպի հեռուները: Հուշերը դառնում են հոգու զգայարանները շոյող ուրախ ու տխուր հնչյունների հանրագումար և բանաստեղծին մտովի հասցնում անմարելի կարոտի երկիրը, հայրենի տունն ու հովիտը, գետակն ու երկինքը, կապույտն ու լույսը, և նա, մտքի թռիչք կատարելով ժամանակի վրայով, անվերջ որոնում է Արաբկիր ծննդավայրի ճանապարհը:
Ինչո՞ւ այնպես եղավ, որ աշխարհում//Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,//Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:
Բանաստեղծի մտորումներն սկսվում են ինքնաթիռում, երբ նա Ամերիկա էր թռչում: Նա հիշում է, որ չորս տարեկան հասակում հեռացել է հայրենի եզերքից, որից հետո այլևս չի տեսել ծննդավայրը, սակայն մանկան կապույտ հիշողություններում բնությունից ու մարդկանցից մնացել են ինչ-որ ծվեններ, որոնք տարիներ շարունակ ապրել են նրա գիտակցության մեջ, զուլալվել ու դարձել հոգու մասնիկներ: Ամենուր մանկական տպավորությունները ստանում են ներքին իմաստ, դառնում նոր տագնապների պատմություն, և դեղին մորմոքը ապրում է ու ծավալվում ամբողջ ուժով: Հայրենիքի և նրա երախտապարտ զավակի հոգեկան կապը, որ այժմ առավել կարևորվում է, դառնում է կյանքի հարուցած դատարկությունը լցնելու և այն լիարժեք դարձնելու անհրաժեշտ միջոց: Կորուսյալ ծննդավայրի պատկերը թխպոտ ու ծանր մշուշների միջից, հեռվից փայլատակող աստղի նման, կայծկլտում է, կորստյան ցավը աստիճանաբար ահագնանում է, իսկ աշխարհը մնում է անտարբեր ու խուլ այդ ցավի հանդեպ: Ծանր փորձությունները հաջորդում են նոր կյանք մտած երիտասարդի ճանապարհին. նա մեկնում է պատերազմ, զգում մահվան ու կոտորածի սարսափները, վիրավորվում է և հայրենի տուն վերադառնալուց հետո խորիմաստ հայացքով է նայում պատմությանն ու ճակատագրին, և անցած կյանքի դրաման դառնում է ստեղծագործության անսպառ նյութ, դատապարտում «շավղից դուրս եկած» ժամանակն ու նրա «հերոսներին»: «…դաժան, ահեղ, անմարդկային այդ պատերազմը,- գրում է Դավթյանը,- որ վառվեց, ահագնացավ, մոլեգնեց… ես հասկացա, թե չարիքի, դաժանության ու մահվան մեջ ինչ արժեն մարդկային բարությունն ու սերը, որ այդ բարությունն ու սերը զորեղ են, քան մահը» (էջ 166):
Կյանքի ամենահասարակ պատումների իմաստավորումից մինչև գոյության փիլիսոփայական հարցադրումներ` ահա այն տարածքը, որ ընդգրկում է բանաստեղծի մտորումների շրջանակը` լայն ու համապարփակ:
Խոսելով իր անցած կյանքի և տարիների փորձության մասին` Դավթյանն այդ տարիները համարում է կորուստների, ցավերի, տառապագին որոնումների տարիներ, միաժամանակ գյուտերի, ուրախությունների և երջանկությունների ակնթարթներ: «Կորուստների մի ծանր բեռով ես մտա կյանքի ու գրականության մեջ»,- ասում է հեղինակը և կորուստների այդ ծանր բեռի մեջ առաջին հերթին նկատի ունի ծննդավայրը` Եփրատի վտակներից մեկի` Ոսկեգետակի ափին ծվարած Արաբկիր սքանչելի գյուղաքաղաքը: Հետագայում այդ կորուստը պիտի արտահայտվեր այսպես.
Եվ մի աշխարհ մնաց այնտեղ` բարդիներով, գետերով,//Լեռներն ի վար ծալ-ծալ իջնող անիրական եթերով:
Այս առթիվ ակամա հիշեցի Գ. Մահարու ինքնախոստովանանքը «Այրվող այգեստաններ» վեպը գրելիս. «Ի տվնջյան և ի գիշերի, առանց հաշվի առնելու հանգստյան օրն ու կիրակին, եթե ոչ հինգ, ապա չորս տասնամյակ է, ինչ նրանք իրենք անձամբ ծեծում են իմ դուռը և խնդրում են, հրամայում, հարկադրում, կարգադրում, որ ես գրեմ իրենց մասին, որ արձանագրեմ նրանց գործերն ու անունները փառաց մատյանում»:
Համո Սահյանն ասում էր. «Երբ արվեստը ստեղծվում է ցավի հիմքի վրա, ապա ցավը մահանում է, և մնում է արվեստը»: Հենց այդ արվեստի ուժով էլ հեղինակը ծննդավայրի իրական-երևակայական պատկերներով ներկայացնում է ասքի ու լեգենդի վերածվող մանկության քաղաքի առօրյան, մարդկանց հուզազգացական աշխարհն ու հոգու տրոփը, կյանքի դրամատիկ լարվածությունն ու տագնապի շեշտերը: Այդ դեպքում կարոտի զգացումը դառնում է կենդանի շունչ ու ոգի և թախիծով լցնում ընթերցողի սիրտը, գունային երանգ ստանում և լույսի կապույտ ճառագայթներով պարուրում մարդու հոգին:
Թեև վիպակ-էսսեի գլխավոր կերպարը ինքը հեղինակն է, սակայն պայմանականորեն գլխավոր կերպար կարելի է համարել կարոտը, որովհետև կարոտը պոետին տրվել է «արյան հետ ու արյան պես», որպես «մորմոքի կանչ» ու «հեռավոր ղողանջ», որպես «հասկի ոսկե առավոտ» ու Գեղարդում զնգացող «դարավոր մրմունջ»: Դա «կրակե շապիկ է», որ խեղդում է կոկորդը ու այրում մարմինը: Հայրենական տան կարոտը մարդուն ուղեկցում է նրա ողջ կյանքի ընթացքում, դառնում գերնուրբ զգացում, սրբություն սրբոց, ընդմիշտ այրվում անկեզ մորենու նման, նույնիսկ տեսիլքի վերածվում.
Թե հրաշքով ճամփաս տանի դեպի Եփրատ ու մանկություն,//Հոտոտելով քեզ կգտնեմ, հայրենական փոքրիկ իմ տուն:
Դավթյանը պատմական որևէ դեպքի, փաստի կամ տեղանքի նկարագրության ընթացքում դիմում է տեսիլքի ու տեսիլային պատկերների խոհագրության:
Տեսիլքը բանաստեղծական այն կաղապարն է, որ ներառում է մարդկային երազանքների առավելագույնը և յուրովի իր մեջ է բեկում ժամանակներին բնորոշ գույներն ու հոգեբանական նստվածքները: Նման դեպքերում մանկության աշխարհում իրերն ու երևույթները պատկերվում են իրենց նախասկզբնական վիճակով, իրենց գեղեցկությամբ ու հմայքով` որպես հրաշք, մաքուր ու արդար էություն: Դավթյանն ստեղծում է մի հոգեվիճակ, որը տեսողական – զգայական իրականության անվերջ գոյությունն է արտացոլում մարդու ներաշխարհում, տալիս երազանքի ցանկալի պատկեր: Այդ դեպքում կարոտը մոլեգնում, ահագնանում է, դառնում կարոտախտ, տեսիլք, վշտակիր հոգու տվայտանք:
Կարոտը դարձել է մեր գրականության ողնաշարը և իր մեջ է ներծծել հայրենազուրկ մարդկանց տառապանքը, վիշտը, ցասումն ու սերը և, իհարկե, երազանքը, որ տասնամյակներ շարունակ ամբարվել է նրանց հոգիներում և մի օր, գարնան ամպրոպի նման, պայթելու է և իր հզոր հոսանքի տակ է առնելու անարդարության մամռակալած դաշտը: Այդ դեպքում երազանքը միակ մխիթարանքն է, որի կենարար զորությամբ հասկանալի է դառնում անհատի հոգու ցավը, որն էլ վերածվում է հիշողության և թեթևացնում տառապանքից ծնված մշտական տագնապը:
Հեղինակը գրքի տարբեր բաժիններում խոր հուզմունքով է պատկերում Մեծ ու Փոքր եղեռնների սարսափները, Մկրտիչ պապի, հոր և հորեղբոր կյանքի ոդիսականը և ծննդավայրից Արաբկիրի բնակիչների հեռանալը: «Երևի լքված տները տխուր, շատ տխուր են լինում»,- մտորում է հեղինակը և Եղեռնի մասին հիշողություններից մտովի տեղափոխվում նախաքրիստոնեական ժամանակները, երբ Եփրատի հովտում դարեր շարունակ զրնգացել է կյանքը, երբ թափառիկ գուսանները վիպական տողեր են ձոնել լույսին ու հողին, հացին ու լուսաստինք Անահիտին: Սակայն նույն Եփրատ գետը Եղեռնի տարիներին ծայրեծայր ձգված մի հոսուն շիրիմ էր դարձել:
Հայոց դու գետ, հայոց երակ… Զավակներիդ քարավանները քրքրված եկել ահա որբ ու շվար ծովացել են որպես սոսկում, որպես մորմոք ու տառապանք:
Բանաստեղծի մտապատկերում երևում են տանջված ու շնչահատ հայերի քարավանները, որոնց քշում էին դեպի սիրիական անապատները, դեպի Դեր-Զոր:
Դեր-Զորի քամին մանկան ոսկորից սրինգ էր սարքել//Եվ արշալույսի խաղաղության մեջ սուլում էր մահվան անմահ նվագներ…
Բանաստեղծի մտորումները ալիք են տալիս հայոց պատմության դարերի խորքերում և շոշափում ժողովրդի ճակատա­գրի հետ կապված զանազան խնդիրներ:
Կորցրած հայրենի տունը նման է կապուտակ աստղի,- ասում է բանաստեղծը,- դա հեռավոր կրակ է, կրակե արցունք, սուրբ ակութ է, որ վառվել է դեռ նախապատմական ամպրոպի շանթից, Նարեկ է նա հին, այնտեղ չի կարող բնակվել ոչ ոք, «կրակով կնքված իմ ցավից բացի»:
Բանաստեղծի աչքի առջևով անցնում են մարդիկ, որոնք որոշակի հետք են թողել նրա հուշերի ծալքերում: Ահա հարազատ մայրը` խելացի ու համեստ, աշխատավոր մի կին` ամբողջովին նվիրված ընտանիքին ու երեխաներին: Մայրը բանաստեղծի համար սրբազան էակ է, անփոխարինելի գանձ, մարդկության խիղճն է նա, նրա մահով խիղճը պիտի որբանա.
Ու չկա մայրս հիմա… Նա երազիս է գալիս,//Թեքվում, ծածկում է վրաս, աստծու անունն է տալիս,//Նոր սպիներս է շոյում, աղոթում է ու լալիս…//Եվ թվում է, հավիտյան խոնարհված է սնարիս…
Դավթյանը ջերմությամբ է խոսում հորեղբոր մասին, ով առաջինն է նկատել պատանու գրական ձիրքը, ով առաջին անգամ տղայի համար կարդացել ու մեկնաբանել է Դուրյան, Մեծարենց ու Վարուժան, և վերջապես հորեղբայրն է անչափ ուրախացել ու խրախուսել տպագրված առաջին բանաստեղծության համար: Դավթյանն ստեղծում է կերպարների ու բնավորությունների մի ամբողջ շարք, որոնցից յուրաքանչյուրին բնութագրում է բնորոշ գծերով ու հատկանիշներով: Ահա բանահյուսելու շնորհքով օժտված Կոզետը, քարագործ վարպետ Մկրտիչն ու իր որդին, ահա կարոտախտով տառապող հին արաբկիրցի Հաջի Օհաննեսը, որի երգը տխրության թրթռոցն էր ու կապույտ մորմոքը: Բանաստեղծը առանձնակի սիրով է խոսում ուստա Հարութի մասին, մի հասարակ ատաղձագործի, որ տարիներ առաջ եղել է Բինգյոլի սարերի ամենաքաջ ֆիդային` թուրքական իշխանությունների կողմից հարյուրմեկ տարվա բանտարկության դատապարտված, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Գևորգ Չաուշի մարտական ընկերը: Դավթյանը ուստա Հարութի միջոցով ներկայացնում է հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու հմայքը, Բյուրակնյա սարերի ու ջրերի անուշ կարկաչը և ընթեցողի երևակայության մեջ որոշակի դարձնում կորցրած երկրի պատկերը: «…Ի՞նչ սարեր, ի՞նչ սարեր… Կերթաս ու կթաղվիս ծաղիկներու մեջ, կանաչի մեջ… Ամեն քարի տկեն ախպուրըմ կբխե… Իստակ, ինչխ կռունկի աչք, ու պաղ, ինչխ սարի ձուն» (էջ 144):
Գրքում առանձնակի քնքշանքով և որդիական սիրով է խոսվում հարազատ ծննդավայրի, նրա աշխատասեր ու գործունյա բնակիչների, նրանց նիստ ու կացի, արհեստի ու արվեստի նշանակության, նույնիսկ կերակրատեսակների և այլ հարցերի մասին: Հեղինակի խոսքը առավել քնարական երանգ է ստանում, երբ անդրադառնում է արաբկիրցի կանանց երգեցողության արվեստին: Հիմնականում ջուլհակությամբ զբաղվելով` կանայք մաքոքների ու ջահրաների աղմուկի տակ երգել են հատկապես աշխատանքային ու սիրային երգեր, երգեր, որ ծնվել են նրանց արյան հետ ու մտել առօրյա կենցաղի մեջ:
Աղջիկն իջեր է, պախչան է պառկեր,//Հովիկն էսմիշ ըրեր, ծոցիկն է բացեր:
Բանաստեղծը մտովի զրույցի է բռնվում Արմտանի տաղանդավոր գրող, նրա մարդկանց կյանքն ու գործը անմահացնող Հակոբ Մնձուրու հետ, որի ստեղծագործություններում գեղարվեստական բարձր արվեստով արտացոլվել է իրական կյանքն իր դրամատիկ լարվածությամբ, Եղեռնի սարսափներն ու ժողովրդի ըմբոստության առանձին դրվագներ: Մնձուրին խոսում է Արմտանի նազենի հարսների երգերի մասին, որոնք կարոտի, տենչանքի, սիրո երգեր են և հարսների ներաշխարհի տվայտանքները: Որքա՜ն կարոտի ցավ կա հետևյալ տողերում.
Զարկի՛ր, կրակ տվիր, աղաս*, կերիմ, կվառիմ,//Ջուրի պես ծարըվցեր եմ, աղաս, ճամփուդ կնայիմ:
Բանաստեղծի երևակայական աշխարհում ոգի ու կենդանություն է առնում նաև Համաստեղը, որի պատկերած հերոսների ականջներում մշտապես հնչում է հայրենի եզերքի կարոտի կանչը, և նրանք իրենց պատկերացնում են հայրենի աշխարհ վերադառնալու ճանապարհին:
Վ. Դավթյանն իր կյանքի բախտավորությունն է համարում ծանոթությունն ու մտերմությունը Պ. Սևակի` խիզախ ու ինքնատիպ մտածողությամբ, համարձակ որոնումներով ու գյուտերով օժտված մի անհատականության հետ, որի կյանքն ու ստեղծագործությունը դարձավ անվերջ որոնումների ու մաքառման օրինակ: Բանաստեղծը ջերմորեն է խոսում նաև Ավ. Իսահակյանի, Գ. Մահարու, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի, Հ. Հովհաննիսյանի և այլ գրողների մասին ու եզրակացնում, թե որքան ավելի է խորացել համաշխարհային պոեզիայի ուսումնասիրման մեջ, այնքան ավելի է համոզվել, որ հայ բանաստեղծական արվեստը մարդկային գեղարվեստական մտածողության ամենաչքնաղ ու բարձր երևույթներից է:
Հուզիչ է պատանու տպավորությունն առաջին անգամ Արարատ լեռը տեսնելիս: Նրան թվացել է, թե զույգ լեռները հրաշքով են կտրվել գետնից և կախվել գարնանային առավոտի կապույտ ու զրնգուն օդում: Տարիներ հետո, զինվորական ծառայության ժամանակ, լեռան պատկերը մտովի հիշելիս «կոկորդը արցունքով պիտի լցվեր»:
Արարատ լեռն է կանգնել կապույտում` կրծքին վիհ ու վերք,
Այդ վերքի վրա ինձ կախիր որպես անկեզ մորենի:
Վիպակ-էսսեն սկզբից մինչև վերջ շնչում է հայրենիքի սիրո ու կարոտի ջերմ մեղեդիներով, հայոց աշխարհի հանդեպ ունեցած անսահման սիրով: Հայ ժողովրդի անցած դժվարությունների մասին խոսելիս բանաստեղծը համեմատության եզրեր է տեսնում հայոց լեռնաշխարհի ժայռերի վրա աճած մենավոր գիհի ծառի և մեր ժողովրդի կենսունակության միջև: Լերկ ժայռի վրա ո՛չ հող կար, ո՛չ ջուր, բայց գիհու ծառն աճել է այնտեղ, արմատները խրել է քարի մեջ, քարից ավիշներ քամել ու այդպես աճել: «Պողպատի պես զրնգուն բուն և արյան երակների պես կարմիր արմատներ ունեցող» ծառը բանաստեղծի մտապատկերում իմաստավորում է մեր ժողովրդի անցած հազարամյակների դիմացկունությունն ու հերոսական ոգին: Այս գրքով Դավթյանը մեկ անգամ ևս զգուշացնում է չմոռանալ պատմության դասերը, գիտակցել չպատժված չարի գոյությունը, որովհետև մոռացությունը կամ հիշողության կորուստը տանում են նորերի կրկնության, ուրեմն և` նոր հանցագործության:

—————————————
* Մնձուրու վկայությամբ` հարսները «աղաս» էին անվանում 20-40 տարեկան իրենց ամուսիններին, որպես կարոտի, սիրո արտահայտություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։