Ապրելու հսկա տենչը բեռ արած
(Գրված, բայց հեղինակային իրավունքի ուժով անտիպ առաջաբանից)
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Միլան Կունդերայի «Վեպի արվեստը» նշանավոր ակնարկաշարը` ֆրանսերենից կատարած իմ թարգմանությամբ: Հեղինակը սիրով իր համաձայնությունը տալով իր այս երկի հայերեն թարգմանությանը` գրքի տպագրությունից անմիջապես առաջ հեղինակային իրավունքի ուժով իրազեկեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է իր ստեղծագործությունների օտարալեզու հրատարակություններին կից որևէ մեկնաբանական փորձի` լինի առաջաբանի, վերջաբանի, անգամ հեղինակի կենսագրությանն առնչվող որևէ անդրադարձի տեսքով: Ուստի Կունդերայի սույն նշանավոր էսսեն տպագրվեց առանց դույզն-ինչ մեկնողական կամ ներածական միջամտությունների` բացառությամբ, թերևս, հեղինակի կամքին անենթակա հույժ մասնավոր, ծանոթագրման կարոտ ինչ-ինչ գրապատմական տեղիների ու իրակությունների տողատակային կցկտուր անդրադարձների:
Եվ այսպես, Միլան Կունդերան ծնվել է 1929 թ. Բրյունում (Բռնո), Չեխոսլովակիա: Գրական աշխարհին հայտնի է դարձել «Զավեշտալի սիրո գիրքը» (1969) պատմվածքների ժողովածուով: Նրա ամենահայտնի երկը «Կեցության անտանելի թեթևությունը» (1984) վեպն է, որ լույս է տեսել Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ (Անտարես, 2015): 16 տարեկան էր, երբ ավարտվեց 2-րդ աշխարհամարտը: 1948-ին ավարտելով գիմնազիան` ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը և սկսում է երաժշտություն ու գրականություն ուսանել Պրահայի Կարլի համալսարանում, 1949-ից ռեժիսուրա և սցենարիստի մասնագիտություններ է սովորում Կինոակադեմիայում: 1950-ին հեռացվում է կուսակցությունից և հարկադրված է լինում երկու տարով ընդհատելու ուսումնառությունը: 1967-ին վերականգնվում է կուսակցության շարքերում, իսկ 1970-ին` նորից և արդեն վերջնականապես հեռացվում: Ուսումն ավարտելուց հետո համաշխարհային գրականություն է դասավանդել Պրահայի երաժշտարվեստի համալսարանում: 1953-ին լույս է ընծայել իր առաջին բանաստեղծական ժողովածուն` «Մարդը` ընդարձակ պարտեզ» խորագրով, որտեղ քննադատություն է բանեցրել նաև Չեխոսլովակիայում հռչակված սոցիալիստական ռեալիզմի պաշտոնական գծի հանդեպ, սակայն կոմունիստական համոզմունքից ելնելով, նաև բանաստեղծություն է գրել չեխ հակաֆաշիստ և ազատամարտիկ Յուլիուս Ֆուչիկի մասին:
Հասարակական-քաղաքական դաշտում առաջին խզումը տեղի ունեցավ 1967-ի տարեվերջին` չեխ գրողների 4-րդ կոնգրեսի ընթացքում Կունդերայի և իր մյուս գրչակից ընկերների հայտնի ընդվզման ակտով, որն էլ հերթական խթանը հանդիսացավ Չեխոսլովակիայի կոմկուսի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դուբչեկի կողմից 1968-ի գարնանը ազատականացման և ժողովրդավարացման ծրագրի և «Սոցիալիզմ մարդկային դեմքով» կարգախոսի հռչակման: Օգոստոսի 21-ին, սակայն, Վարշավյան համաձայնագրի զորքերը ներխուժեցին Պրահա և արյան մեջ խեղդեցին և՛ բարեշրջումների ծրագիրը, և՛ մարդկային դեմքի պատրանքը:
«Զավեշտալի սիրո գիրքը» պատմվածքների ժողովածուում Կունդերան առաջին անգամ անդրադարձավ անհատի (նրա մասնավոր ցանկությունների ու հույսերի) և ամբողջատիրական վարչակազմի միջև գոյավորված բախմանը` մերկացնելով ճշմարտության և ստի, հավատարժանության և հուսախաբության հասկացությունները: 1969-70 թթ. գրած վեպերում («Կյանքն` այլուրեք», «Հրաժեշտի վալս») Կունդերան վերջնականորեն խաչ է քաշում իր կոմունիստական անցյալի վրա և 5 տարի շարունակ, իբրև մերժված արվեստագետ, ապրում է իր երկրում: 1975-ին ստանում է Ֆրանսիայի Ռեննի համալսարանում դասավանդելու հրավերը, տեղափոխվում է Ֆրանսիա և 1978-ից մշտական բնակություն հաստատում Փարիզում, 1981-ին ստանում է ֆրանսիական քաղաքացիություն:
1984-ին Ֆրանսիայում լույս է ընծայվում նրա «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը, որի մեջ տեսանելի է Նիցշեի հավերժական վերադարձի և Մուզիլի մարդու կերպարանազրկության տեսությունների ազդեցությունը: Ապա 1990 թ. սկսած` հրապարակ են ելնում արդեն ֆրանսագիր Կունդերայի առավելապես սիրային թեմաներ արծարծող նոր վեպերը. «Անմահություն», «Հապաղում», «Վավերականություն», «Անգիտություն», «Աննշանության տոնախմբություն», որոնցում նա առավելապես քննում է միջանձնային հարաբերությունները և դրա միջոցով խոսքի կաթվածահար երևույթը, անգամ նրա խափանարար գործառույթը, խնդիր, որ հայտնվում է Կունդերայի, կարելի է ասել, բոլոր գործերում: Նա վերլուծում է ինքնության, վավերական գոյության ու պատրանքի երևույթները, և թե ինչպես են իրողություններն ու փաստերը անհասկանալի եղանակով փոխակերպվում իրենց իսկ հակադրությանը:
«Կեցության անտանելի թեթևությունը» վեպի վերնագիրն իսկ ակնարկում է կյանքի երբեմն անտանելի թեթևությունը, երբ այն հակադրության մեջ ես դիտում ճակատագրի ծանրության հետ: Վեպում Կունդերան կենտրոնանում է թեթևության և ծանրության միջև առկա դիխոտոմիային` Պարմենիդեսի ոգով հեգած: Ըստ Կունդերայի` Արևմուտքում մարդիկ ապրում են անհոգ թեթևության աշխարհում, ինչն առավել անտանելի է դարձնում անազատության մեջ ապրող հասարակությունների ու անհատների կյանքը: Դրա հակադրությունն է Խորհրդային Միությունը` իր ողջ զսպողական, կանխարգելիչ համակազմով, որն այն աստիճան գերագույն հետևողականությամբ էր պրկել մարդուն, իր ձգողականության դաշտում սանձելով ու ճզմելով նրան, որ դրսի աշխարհի այդ թվացյալ անհոգության թեթևասահ առաձգականությունը բանտվածներին մի բան էլ զավեշտալի էր թվում:
«Անմահություն» (1990) – Անմահություն տենչացող անհատը ինքզինքը բացառապես նվիրում է տեսիլապատկերին և ոչ թե առարկային, քանզի պատկերն ինքնին դարձել է ավելի իրական, քան առարկան ինքը: Այդ պատճառով է, որ մենք հետամտում ենք կաղապարներին, անհատականություններին, որ հասել են անմահության (ինչպես Գյոթեն), և հետևաբար ատելով ատում ենք մեր անցողիկ անհատականությունը:
«Հապաղում» (1995) վեպում Կունդերան զարկ է տալիս պատմությունն ու էսսեն միախառնելու իր սովորությանը: Այստեղ զարգացվում է այն դրույթը, որ ժամանակակից մարդը, արագության հանդեպ ապշահար սքանչացումից դրդված, մոռանում է հապաղկոտ դանդաղության առաքինությունները: Հապաղումը Կունդերայի համար հիշողությունը պահպանելու միջոց է, ուստի` մարդը մոռանում է: Եվ հետևաբար «արագության աստիճանը ուղիղ համամասնական է մոռացության ուժին»:
«Վավերականություն» (1998) – Սա Կունդերայի ամենատարօրինակ պատումներից մեկն է: Պատմությունը սկիզբ է առնում իրական աշխարհում` երկու սիրող կերպարներից մեկնելով, և աստիճանաբար սահում է երևակայական մի աշխարհի մեջ` զույգի զգացմունքների ու ճամփորդական ձեռնարկումների միջով: Անցումն այնքան նուրբ է ու հոսանուտ, որ այլևս կարելի չէ տարբերակել ճշգրիտ պահը, երբ տեղի է ունենում անցումը երազանքի և իրականության միջև:
«Անգիտություն» (2000) – Կունդերան անդրադառնում է կարոտախտի չլուծված, չարչրկված թեմային, աքսորի, ցօրս ընթացող արտագաղթի խնդիրներին: Անգիտության գործոնն ամենուր ներկա է, ամենագո. անգիտությունը` երկրի, անգիտությունը` զարգացումների ու փոփոխությունների, ինչպես նաև անհատների անգիտությունն իրենց նմանների հանդեպ` հիշողության կեղծարար խաղի կամ փոխհարաբերությունների փխրունության պատճառով: Կունդերան ցույց է տալիս այն անբացատրելի առեղծվածները, հակասական ու աննկատելի բոլոր այն նրբությունները, որ բնակվում են ծննդավայրի հանդեպ գաղթականի հույզերում: Նա անդրադառնում է մարդկայնության, մարդուն մարդ պահող ամենանուրբ լարերին:
«Աննշանության տոնախմբություն» (2014) վեպում Կունդերան անդրադառնում է մարդկային գոյության և արարքների աննշանության խնդրին, իր կերպարներից մեկի շուրթերով հնչեցնելով. «Աննշանությունը, բարեկամս, գոյության էությունն է: Այն մեզ հետ է ամենուր և առընդմիշտ… Սակայն խոսքը միայն չի վերաբերում այն ճանաչելուն, հարկավոր է սիրել նրան, աննշանությունը, հարկավոր է սովորել սիրել նրան»: Վեպում, լուսաբանելով կյանքի լրջագույն խնդիրները, Կունդերան միաժամանակ գիտակցաբար խուսափում է որևէ, գոնե մի եզակի լուրջ միտք արտաբերել, սքանչանալով ժամանակակից աշխարհի իրականությամբ և միաժամանակ խուսանավելով որևէ իրականություն ցույց տալուց, սա՛ է «Աննշանության տոնախմբությունը»:
Եթե գծապատկերելու լինենք Կունդերայի հուզաշխարհի մանրակերտը, ապա այն լավագույնս կարող ենք խմբավորել իր իսկ ձևակերպած ու թևավոր դարձած հոգեզգացական մտապատկերների հետևյալ հնգյակում.
– Չկա ավելի մեծ պատիժ, ավելի սարսափելի բան, քան պահի վերածելը հավերժության, պոկել մարդուն ժամանակից և նրա անընդհատական ընթացքից:
– Ապրելու մեջ չկա երջանկություն: Ապրել, ասել է թե` կրել աշխարհով մեկ քո ցավալի ինքնությունը: Բայց գոյելը երջանկություն է: Գոյել, ասել է թե` վերածվել աղբյուրի, քար ավազանի, որի մեջ տիեզերքն է իջնում գաղջ անձրևի նման:
– Սարսափելի է, բայց իրողություն. մենք սովորեցինք մեր սեփական կյանքին նայել վարչական կամ ոստիկանական հարցաթերթիկների աչքերով:
– Հումորը կարող է գոյություն ունենալ միայն այնտեղ, որտեղ մարդիկ դեռևս տարբերակում են սահմանը կարևորի և գոյություն չունեցողի միջև: Այսօր սահմանն այդ անզանազանելի է:
– Բայց նա, ով խելագար չէ, նրա համար չկա ավելի գեղեցիկ բան, քան իրեն առաջնորդել տալ դեպի անհայտը` խելացնոր մի ձայնի կողմից:
Որպես մշակութաբան և իր արվեստի նվիրյալ` Կունդերան հաճախակի է հանդես գալիս մասնավորապես վիպարվեստի մասին տեսական-փիլիսոփայական խորհրդածություններով: «Վեպի արվեստը» մշակութաբանական էսսեում, սեփական վեպերի գեղագիտության քննությանը զուգահեռ, Կունդերան խորհրդածում է եվրոպական վեպի, վիպասանության` իբրև աշխարհաճանաչողական գիտելիքի մասին ընդհանրապես, և նրա առանձին գագաթների (Սերվանտես, Ռաբլե, Կաֆկա, Հաշեկ, Տոլստոյ, Մուզիլ, Բրոխ) բերած ավանդի վերաբերյալ մասնավորապես: Վիպասանության հիմնախնդրին, արվեստի պատմության ավելի լայն համաբնարում, Կունդերան անդրադառնում է նաև «Խախտված կտակներ» (1993) իր տեսական-գեղագիտական ծրագրային ձեռնարկում: