ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
Չգիտեմ՝ ինչպե՞ս
Չգիտեմ՝ ինչպե՞ս մեկնել ձմռանը,
երբ պարզել է քեզ գարունն իր ձեռքը,
կամ հանգիստ լքել գարնանը՝ ինչպե՞ս,
երբ արդեն մոտ է ժպիտը ամռան,
և կամ անափսոս ամռանը փախչել,
երբ քեզ հպվել է համբույրը աշնան:
Ինչպե՞ս սուսուփուս աշնանը գնալ,
երբ զրնգում է փաթիլը ձմռան-
Տե՛ր, անվերջ քաղցր է արբեցումը մեր
հերթագայությամբ այս կարոտների:
Գուցե այն միակ ճամփով անմեկին
կարողանայինք անկարոտ մեկնել
այնտեղից, որտեղ արդեն անգաղտնիք
կրկին կրկնվող նույն եղանակն է:
ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ…
Չափազանց դժվար է, երբ պահն այնքան է խտանում, որ կարողանում է մի ողջ կյանք իր մեջ ամփոփած հեռանալ` հերթը մյուսին հանձնելով: Ու կանգնում ենք անչափելի դատարկի առաջ, որը միշտ է մնալու անհասկանալի, անընդունելի, բայց միշտ էլ ճարահատյալ ընդունելու ենք, փորձելու հասկանալ, մեր` փոքրիկ սահմանների սովոր միտքը տիեզերքի անսահմանության տարածքներ հանել, որ չափազանց դժվարը հեշտանա: Թեպետ, միևնույն է, ոչինչ չի հեշտանում, ինչպես հիմա` քեզ դեպի հավերժը ճանապարհելիս, սիրելի՛ Կարինե:
Այսուհետև, ուզենք թե չուզենք, այստեղ` սահմանների ու վերջերի այս աշխարհում, դու այլևս այն հուշերն ես լինելու, որ փայփայելու ենք մեր հոգում` զվարթ, լուսավոր ու… ցավալիորեն դառը` կյանքի սահմանագծին քո անդիմանալի, բայց համբերատար պայքարը` հանուն կյանքի հաղթանակի, որովհետև այլ կերպ պարզապես անհնարին էր թվում: Որովհետև դու կյանք էիր ամբողջովին` փոթորկուն, հախուռն, ասես ինչ-որ անսպառ ու անտես աղբյուրից ուժ և էներգիա վերցնող ու բաշխող և… բոլորին:
Ու կրկին այդ տրոփը ապրելու համար` գրականության մեջ իրենց լուրջ տեղը շահած, քո գրքերն ենք վերցնելու` էջերիդ, տողերիդ խորախոր իմաստների, հույզերի թրթիռների մեջ փնտրելու քեզ: Եվ դու լինելու ես մեր կողքին քո անհանգիստ էությամբ, անցյալի, ներկայի, բոլոր ժամանակների, բոլոր սխալների ու շեղության հետ անհաշտ ու կռիվ տվող, որի արդյունքում հաճախ տուժում էին սեփական օրերում կուտակված սեփական խնդիրների լուծումները:
Բայց, ախր, արդեն ամեն դժվար բան ետևում էր մնացել` արդեն փիլիսոփայական գիտությունների թեկնածուի պաշտպանությունն էլ ի վերջո իրականություն էր դարձել, նոր տանդ շեմին քո առաջին քայլը, քեզ ներս ու դրսից այնքան նման հրաշալի որդուդ` մեծ թռիչքի համար գրեթե լրիվ զորացած թևերը: Ախր, ամեն բան սկիզբ էր, սկիզբ էր երկար ճանապարհի…
Սակայն, միևնույն է, դու այնքան բան թողեցիր, որոնք ապրելու են կյանքի իրենց անսասան իրավունքով, ապրելու են միշտ: Եվ… ձգվելու է ճանապարհը…
Ու սխալ չի լինի ասել, որ դու, այնուամենայնիվ, հաղթեցիր կյանքի համար քո դժվար պայքարում:
Խաղաղություն քեզ երկնային լույսերում, սիրելի՛ Կարինե, խաղաղություն քեզ:
ՆԱՆԵ
ԲԱՌԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔԸ
Երբ առաջին անգամ իմացա, որ մարդը մահկանացու է, հուսակտուր լաց եղա, և հայրս հանգստացրեց ինձ, ասելով, թե անմահության խնձորների ետևից պետք է գնալ:
Ես նրան հավատալով եմ դրանք հոգու պարտեզներում փնտրում:
Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ
Լույսը թափանցիկ մարմնեղեն թաղանթի մեջ` գնալով խտանում էր և վերերկրային վեհություն ուներ: Գեղեցիկ էր, ինչպես որ բացարձակ արժեքը Բառի` իր Բանաստեղծության մեջ, ինչպես որ ծաղկող Բառը իր շրթունքներին` իր կարոտներից ու սրտի տրոփից ծնված ամենանուրբ ու մարդկային հիշողությունները պատմելիս: Իմ հոգու քույր Կարինեն: Բայց նախ` Բանաստեղծը, էսսեիստը, փայլուն հրապարակագիրը, թարգմանը, փիլիսոփան… Իր ամեն մի զգայարանով միաժամանակ զգացողն ու մտքի ամեն թրթիռով մտածողը, տրամաբանողն ու փաստարկողը, խղճի ու բանականության ձայնին ունկնդրողը, երախտագետն ու նվիրվողը, հեռվից հեռու անարժեքն ու կեղծիքը ճանաչողն ու անսեթևեթ մերժողը, դիպուկ արժևորողն ու արժեքը վեր հանողը… գեղեցկուհին ու գեղագետը, բառն ու արարքը: Ի՛նչ խոսքերով հայտնեմ ափսոսանքս ու ցավս, ինչպե՞ս չափեմ կորցրածի չերևացող մասը, որ խտացած լույսի հետ փոխանցվեց անհունին` տիեզերական մի այլ չափման մեջ ինքնարարվելու… Իր հմայագրերից մեկի տողերով` «տարածությունից-ժամանակից դուրս ամենահայաց աչքերում Աստծո» ինքն իր պատկերը փնտրել-գտնելու:
Իր տառապանքի ժամերը դուրս էին իր հավերժի ժամանակից, ինքը դա բոլորիցս լավ գիտեր: Հավերժության մեջ երկվորյակ քույր ուներ` Մարինա Ցվետաևան, որին իր ամեն նյարդաթելով զգացել ու ճանաչել էր, ինչպես որ միայն պոետները գիտեն զգալ ու շնչավորելով թարգմանել… Այդպիսի՛ թարգմանիչ էր Կարինեն, և ո՛չ միայն Ցվետաևայի դեպքում, և ո՛չ միայն լեզվից լեզու թարգմանություն անելիս: Այդպիսին էր, երբ թարգմանն էր ազգային իղձերի, մեր պահանջատիրության, արդարության ու վտանգված արժեքների…
Գիտեր, որ սերմնացան է, ու իր անշփոթ խոսքի վերջին վկայությունը հենց այդ մասին էր, իսկ իր սերմերը վաղուց պտուղներ են ու դեռ նոր հունդերով ընձյուղներ պիտի տան` նոր օրվա արևով ցոլանալու, Բառի ու բառաշեն Խոսքի ծարավ ունեցողին լիացնելու, ապրելու և ապրեցնելու…
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Աշուղյանի երկրային փայլուն թռիչքն ընդհատվեց: Երեկ սգակիրների թափորը հավաքվել էր Արարատի մարզի Շահումյան գյուղի եկեղեցու բակում` նրա թանկ հիշատակին հրաժեշտի վերջին խոնարհումը բերելու համար: Ներկաներս մորմոքի, ցավի, կարոտի անմեկնելի հույզերով էինք հայում քնած գեղեցկուհուն` հավերժակույսի գունատ պատկերով: Ճակատագիրն ու բնությունը խանդով խլեցին նրան ապրողներից` տանելով անպարագիծ աշխարհներ` ըմբոշխնելու նրա հոգու կարկաչուն զուլալությունը, մտքի խորաթափանց ստուգությունը, սրտի անչափելի շռայլությունը, գորովանքի` հիրավի աստվածային հմայքը: Որակներ, որոնցից յուրաքանչյուրը բավարար կլիներ որևէ մեկին երջանկացնելու համար, բայց Կարինեն ծնվել էր այն առաքելությամբ, որով մարգարեները և եզակիներն են աշխարհ գալիս: Նա ծնվել էր Տառապելու, զի ծնվել էր իբրև Բանաստեղծ: Եվ եթե մի օր նրան որևէ մեկի հետ համեմատելու նպատակ ունենամ, ապա այդ մեկը կարող է լինել քսաներորդ դարի պոետական աստղաբույլի ռուսական թևը` Մարինա Ցվետաևայի հատկականությամբ, որի ոչ միայն երկրպագուն էր խորհող-իմաստասեր Կ. Աշուղյանը, այլև` անզուգական թարգմանիչն ու մեկնողը: Այս երկուսի պարագայում խնդիրը ոչ այնքան պոետական խիզախության և զգայուն ինտելեկտուալիզմի ընդհանրությունն է կամ պատկերային մտածողության, այսպես կոչված, լուսավոր կողմը, որքան գրական դավանանքի և աշխարհայացքի համակարգի կոնկրետությունը` միտված սեփական երկրի ճակատագիրը ինքն իրենով ու իր ճակատագրով կիսելու բացառիկ ինքնազոհաբերումի փաստին, ինչին հարյուրավոր տարիների ընթացքում ընդունակ են եղել հատ ու կենտ կանայք, այն էլ` միայն ոգեդավանական վարքագծի հետևորդները: Մ. Ցվետաևան արձանագրել է. «Ես իմ դարին դատապարտված եմ, ուրիշը ծնվել, որքան էլ կամենայի, ես չեմ կարող»: Անմիջապես վերհիշում եմ նրա սպիտակգվարդիական ամուսնուն, հեղափոխական կարմիր Ռուսաստանում կազմակերպած տեռորիստական ակտը, ինչին հաջորդեցին Ցվետաևայի հարկադիր տարագրումը, ներընտանեկան այլևայլ անախորժությունները, և ի լրումն` ինքնասպանությունը:
Բանաստեղծուհին Ռուսաստանի քսաներորդ դարն իրենով կիսեց, և դա կնիք է դնում թե՛ նրա, թե՛ ամբողջ ռուս գրականության վրա:
Մենք տեսնում ենք, որ նույն երևույթը անտես ընթացքով ի հայտ է գալիս արդի հայ գրականության մեջ` Կ. Աշուղյանի ճակատագրով, ինչը համարում ենք հայոց արդի բանաստեղծության տիպաբանության բացահայտման յուրօրինակ կոդ-բանալիներից մեկը: Որ Կ. Աշուղյանի պոետական ձեռագրի պատմականությունը դեռևս քննության առարկա կդառնա և կգտնի նոր հետազոտողների, ես չեմ կասկածում: Սակայն չեմ ուզում լռել այս նուրբ հանգամանքին վերաբերող հեղինակային մի մեկնաբնության մասին:
Ուղիղ մեկ տարի առաջ` ամառային այսպիսի տաք օրերից մեկում, Կ.Աշուղյանը ինձ խոստովանեց անմոռանալի և նշյալ համեմատության տեսանկյունից առանցքային դրվագի մասին: Մի գնահատական էր դա, անկրկնելի կարծիք:
…Մեր հիշյալ հանդիպման ստույգ օրը և թիվը չեմ հիշում, բայց այդ զրույցի բովանդակությունը դժվար կլինի մոռանալ երբևէ: Անընդհատ կհիշեմ Կ. Աշուղյանի կենսագրության և անձի մասին խոսելիս: Բացահայտեմ` ինչ-ը և ինչու-ն` հուսալով, որ գրող, հրապարակախոս Նանեն նույնությամբ կհաստատի դիտարկումս` լինելով մասնակիցը այնքան տպավորիչ օրվա իրադարձությունների: Կից սենյակում աղջիկս էր` Անահիտը, որն ուղղակի հիացած էր Կարինեի «Հմայագիր» հատորի խիզախությամբ:
Այն ժամանակ Կ. Աշուղյանը, իհարկե, հույս ուներ, որ լիովին ապաքինվելու է: Մենք էլ լիահույս և խոնարհ էինք ամենակարող Տիրոջ ողորմածության առջև` աչքի առաջ ունենալով Նորայրին` որդուն: Մեր զրույցի ընթացքում Կարինեի հնչեցրած հանկարծակի խոստովանությունից ես ապշեցի. «Ես գիտեմ, թե ինչպես ձեռք բերեցի այս սոսկալի հիվանդությունը»,- ասաց նա` գաղտնիք մեկնողի հաստատակամությամբ: Աղ ու հացի սեղանի շուրջ էինք, այդ պահին անմիջական էինք ու ջերմ տրամադրությամբ: Նա իրեն համեմատաբար լավ էր զգում, հաջողությամբ հաղթահարել էր բուժման առաջին փուլը և հակված էր առավելագույն անկեղծության` մինչև սրտի խորքը: Եթե այդպես էլ չէր, ուրեմն մաքառում էր անմարդկային ջանքով, որին քչերն ընդունակ կլինեին: «Դա սկսվեց իննսունականներին,- սկսեց նա նկարագրությունը: – Երկրի քաղաքական-տնտեսական ռեգրեսիվ-ծանր տարիներն էին: Հետո հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը տեղի ունեցավ, ապա` մարտի 1-ի ջարդը: Ես լրագրող էի: Վազգենին լավ էի ճանաչում, վստահում էի, ինչպես ամբողջ ժողովուրդը: Նրա և մեր պետականության հանդեպ անարդարության ակտը ես թույնի պես կուլ տվեցի, ներս գցեցի… ցավս իմ ներսում փոխվեց մահացու վերքի, քայքայիչ գնդի… Պայքարում էի այդ տարիներին և անասելի տառապում: Քաղաքական ընդդիմադիր հոդվածների համար երեք անգամ հայտնվեցի ԱԱԾ-ի սև ցուցակներում` գրական տարբեր մականուններով: Կարծում էին` երեք տարբեր մարդիկ են գրում, և նրանց էին փնտրում, մինչդեռ ազգականներիս` տարեց կանանց անուններն էի օգտագործում: Ատում էի քաղաքական կեղծիքը, դաժանությունը, ժողովրդի հանդեպ ստորությունն ու լլկումը, որը տեղի ուներ: Իմ ուժգին զայրույթը զսպելու հետևանքով առաջացավ սոսկալի հիվանդությունս: Վստահ եմ: Գիտեի, որ ինձ հետ մի բան կպատահի: Զգում էի: Միայն դրա հետևանքով եմ հիվանդ…»:
Չասեմ` ինչ պատճառով, բայց ես վստահ էի, որ չի սխալվում: Չեմ ուզում այստեղ նյութին մեկնաբանություններ տալ կամ վերլուծել: Փաստն այն է, որ այլևս սիրելի բանաստեղծուհին և մեր մարտիկ ընկերը մեկնեց այլաշխարհ, թողնելով բանաստեղծական, հրապարակախոսական, թարգմանչական, համամշակութային իր երկերը` դեռևս լիարժեք գիտական ուսումնասիրության կարոտ, մեր խղճին:
Ես չեմ կարողանում զսպել արցունքներս նրա առաջ: Ես չեմ ուզում տեսնել նրան սպառված: Ես չեմ ուզում, որ գեղեցկությունը պակասի, մանավանդ` գեղագիտականը և փիլիսոփայականը: Ես չեմ ուզում, որ իմ երկիրը կորցնի Կարինե մտավորականին, և չեմ ուզում, մանավանդ, որ մայրերը հեռանան, թեև այս դեպքում` աղավնին դիպավ քարին, մահ չէր, և ընդհանրապես մարմինը գնաց, ոչ թե` հոգին (Հ. Վ.):
Բարի աստեղային ուղի դեպի հոգևոր ներկայության հավերժություն, անմոռանալի, հազվագյուտ կերտվածք` Կարինե Աշուղյան: Ներիր, որ չհասցրի ասել այն, ինչին իրավամբ արժանի էիր:
Լիլիթ ԱՆՏՈՆՅԱՆ