ՇԱՐՔԸ` ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԻՍՏԵՐԻԱ / ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Էդվարդ Միլիտոնյանի «Չարենցի վերջին աշունը» բանաստեղծական շարքը տպագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Գրական թերթում»:
Հսկայական է Չարենցի դերը հայ բանաստեղծության քառուղիներում: Ընթերցելով նրա ստեղծագործությունը` համոզվում ես, որ Չարենցը հանճարի ուժով կարդացել է հայոց միֆածին ոգու բնագիրը և այն փոխանցել սերունդներին: Նա բանադրել է «անժողովուրդ» և «գահազուրկ» արքաներին, ինչպես նաև «օտար խարույկներից» «ոգու կրակ» հայցելը:
Բանաստեղծը ժխտական կրքով է դիմում մեր ոգու «պարտեզներին անպտուղ» և «խորաններին ամա»:
Ողբերգականությամբ ու դրամատիզմով հարուստ նրա պոեզիայում շեղբի պես սուր է բանաստեղծական պատգամը` Էդվարդ Միլիտոնյանի «Չարենցի վերջին աշունը» շարքը վերաբերում է ազգային հանճարի կյանքի և ստեղծագործության դրամատիկ շերտերին, որոնք ունեն նաև միֆական բռնկումներ: «Չարենցի վերջին աշունը» շարքի առաջին բանաստեղծությունն անվանված է միստերիա: Միստերիան հոգևոր թատրոնի ժանր է (14-16-րդ դարեր): Նրա նյութը տառապյալների և սրբերի կյանքն է: Էդ. Միլիտոնյանի նորօրյա միստերիան նվիրված է Չարենցի` ամենամեծ տառապյալի և գաղափարի սրբի կյանքին ու ստեղծագործությանը: Միստերիան նաև պետք է բովանդակի գաղտնիք: Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, հատկապես վերջին շրջանում, պատած էին գաղտնիքով: Այդ ամենը հետագայում գաղտնազերծվեց, սակայն քիչ բան չմնաց լեգենդի խորքում: Էդ. Միլիտոնյանի շարքում և՛ գաղտնազերծումն է, և՛ չարենցյան չմարող լեգենդը: Նոր շարքն իր չարչարանաց տեսիլներով հյուսում է պատարագային ներքին թեմա:
Էդ. Միլիտոնյանն առաջին պլան է մղում ժամանակի գործած մեծ ոճիրը ու նաև մեծ Մեղքը, որ կարող էր ներել միայն Չարենցը:
Այս ամենի հետ մեկտեղ, շարքում տեսանելի է նաև հանճարի ոգու հորիզոնը:
Միստերիան, լինելով դրամատիկական ժանր, հենված է ցուցադրության վրա: Էդ. Միլիտոնյանն այս շարքում Չարենցի կյանքի այնպիսի դրվագներ է «մոնտաժել», որպեսզի առավելագույնս ցուցադրվեն նրա կյանքի զիգզագները:
Մեր օրերի բանաստեղծը ոչ անմիջական նմանության եղանակով փոխանցում է մահվան օրհասի չարենցյան զգացողությունը: Օրհասի ձեռագիրն ընթերցվում է Չարենցի ապրած ժամանակի հանդեպ ցուցաբերվող համընդհանուր իրոնիայով:
Շարքն ունի խաղային ռիթմ` դիտանկյունների փոփոխությամբ ու նաև շրջմամբ, երբ խոսքը վերաբերում է արտաբանաստեղծական մեկնաբանություններին: Ռիթմը փոխվում է «մեծ» և «փոքր» դեպքերի հարակցությամբ, ողբից իրոնիային, կանոնիկից անկանոնին անցմամբ, տողերի չափի «խախտմամբ», երկար, ոչ կարճ տողերի հաջորդականությամբ և տաղաչափական այլ հնարներով (չմոռանանք ժարգոնատիպ բառերի օգտագործումը, որին բանավոր խոսքում հակված էր Չարենցը):
Շարքը հեռու է միստիկ բառաշերտից: Արդյոք սա չի՞ հակասում շարքը միստերիա անվանելուն: Ո՛չ, որովհետև այն իր բնույթով տառապյալին և գաղափարի սրբին նվիրված ստեղծագործություն է: Չմոռանանք, որ, համաձայն գրականագիտության, միստերիայի ժանրը միավորում է միստիկան և ռեալիզմը:
Բանաստեղծի մահանկարն ու տառապանքն ընդունենք ժանրի բովանդակության առաջին, իսկ կենսական փաստերը` երկրորդ մասերը:
Միջնադարյան բեմում ուրվագծվել են դահիճն ու սատանան, ինչն առկա է Միլիտոնյանի միստերիայում` հանձին «առաջնորդի» («Պոետը և առաջնորդը»):
Շարքի առաջին տողերում խոսվում է կրկես դարձած ժամանակի իրականության մասին: Ահա իրականությունը.
Ցուցք է ու խաղ, Կոլիզեում`// Նոր ստրուկներ գլադիատոր,// Արյան ծարավ` մահ են տենչում// Պոռնիկ ու ծեր և սենատոր:
Բանաստեղծական միստերիան ծավալվում է բութ վճիռների և Չարենցի` կրակի զոհի, նոր Ագնիի ընդվզման պայմաններում: Առկա են նաև հոգևոր միստերիային հատկանշական տողեր` «վերից նայող Հիսուս ջահել», Դանթեն գնդեր է քշում «դրախտ, դժոխք և քավարան»:
Հիշենք Չարենցի տողերը Դանթեի մասին.
Դարձել է ինքնության դևիզ,//Սեփական գոյության պարոլ,-//Այդ դեղին դեմքը Դանթեի… («Եվ ամեն առավոտ…»)
Երկուստեք Դանթեն է. մի դեպքում` ոգիների զորահրամանատար, մյուսում` «ինքնագտնման» «պարոլ»:
Եթե շարքի առաջին բանաստեղծությունն անվանված է միստերիա, ապա հաջորդ բանաստեղծություններն առանձին-առանձին խաղարկում են ընդհանուր միստերիան` ներքուստ ունենալով միջնադարյան պատարագի դրամայի ինչ-ինչ հատկանիշներ:
Պատարագային տրամադրություն ունեն Չարենցի վերջին շրջանի շատ բանաստեղծություններ, որոնք կարելի է անվանել մահանկարներ:
Ընդհանուրից բովանդակությամբ առանձնանում է շարքի երկրորդ բանաստեղծությունը` «Բորբ», որտեղ ակնարկվում է Չարենցի` արևի միֆի ժառանգորդ լինելը:
Բորբ, բորբ, հետմահու բորբ…//Կրակի ծնունդ, կրակի զոհ…
Սիմվոլները խտանում են` «Բանտը` բորբ»:
Բորբ է նաև բանաստեղծի երեխաների ողբերգությունը («Պոետն ու երեխեքը»): Էդ. Միլիտոնյանը փոքր բանաստեղծության սահմաններում բորբում է յուրաքանչյուր բառ ու պատկեր` ակնարկելով Չարենցի պոեզիայի կրակե տարերքը («Ութնյակներ արևին»-ում կրակի և բառի սահմանները ջնջված են): Հետևեք «Իմ կեսօրին» (1936-1937) բանաստեղծության հնչյունական կազմին և շիկացող պատկերներին.
Օ՜, կարմրածուփ իմ կեսօր,- կյանք իմ` կանգնած դեռ կանգուն,// Կաս-կարմրավոր ես կրկին,- օ՜ կարմրածուփ իմ կեսօր…
Արևի միֆը, ինչպես տեսնում ենք, իր հետագիծն ունի նաև Չարենցի վերջին շրջանի բանաստեղծություններում: Ավելորդ չի լինի հիշել, որ «բոլոր հնագույն միֆերը հանրագումարային արդյունքում մեկն են` արևի միֆը»1:
Չարենցը մարմնապես և էությամբ կոտրված-ջարդված է («Լոմկա»):
Պրկվում է, զարկվում// Մարմինը պատին…
«Միստերիա»-ն ուներ այսպիսի տող.
Տոն է լինել ինքնասպան…
Մահ ու հանգիստ գտնելու տենչը Չարենցն արտահայտել է 1936 թվականի դեկտեմբերի 11-ին գրած հետևյալ տողերում.
Այլևս ի՞նչ մնաց քեզ` խնդրելու կյանքից,//Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող…//Ա՜խ, խոնջանքի միայն ան- եզրական կարոտ,//Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ…
Մարգարե բանաստեղծը այսպես էր ընդհանրացնում իր կյանքի ուղին.
Եվ կախաղան, և կալանք, և կառափնուտ քո կյանքում… («Իմ կեսօրին»)
Չարենցին հալածում է ինքը` «առաջնորդը»: «Պոետը և առաջնորդը» բանաստեղծության մեջ բացահայտվում է «առաջնորդի» նենգամտությունը: Նա հայկական պատվիրակությանը հարցնում է` «Ինչպե՞ս է զգում Չարենցը հիմա»: Իրականում հարցի չարամիտ իմաստն է` «նա դեռ կա՞»:
«Առաջնորդի» դավին մասնակից է ողջ պետությունը: Այն սպանում է բանաստեղծին («Պետությունն ու բանաստեղծը»): Ասվում է, որ բանաստեղծն իր հերթին պետությանն է սպանում, որ ճիշտ է հատկապես Չարենցի պարագայում:
Պատումն ընդգրկում է տարբեր դեպքեր, մեկը մյուսից ցնցող ու դաժան, որոնք վեր են հանում բանաստեղծի` արդեն միայն զառանցական, հոգեբանական ապրումները:
Զառանցանքն էլ չի//փրկում քեզ քեզնից… («Լոմկա»)
Չարենցն է «Անտիպներ»-ում ներկայացրել իր զառանցանքային հոգեվիճակը.
– Վերջապես զգամ, որ իրոք//Վերջացել է արդեն զառանցանքը…//- Որ երազ էր զառանցանքն այս բոլոր… («Ես ամեն առավոտ, երբ հանկարծ»)
Միստերիան շարունակվում է ողբի, պատարագի, իրոնիայի ելևէջներով: Թիրախում Չարենցի կերպարի երրորդությունն է` 1. տառապյալ և գաղափարի սուրբ, 2. կրակի միֆի ժառանգորդ, 3. մարգարե: Միլիտոնյանի միստերիան նշանակետ ունի Չարենցի` որպես երրորդություն ներկայացնող կերպարը:
Շարքում չկան դիֆերամբային տողեր, որոնք հեռու կլինեին Չարենցին միստերիայի բեմում հանճարի իսկությամբ բացահայտելու նպատակից: Միլիտոնյանը շարքում հանդես է գալիս Չարենցին ծայրահեղ բնական կերպով ներկայացնելու դիրքերից: Նա հեռու է պաթետիկայից, հարթեցված, սահուն պատկերներից և պոեզիա է բերում միայն անկաշկանդն ու բնականը, որոնք, այնուամենայնիվ, պարզության աստիճանով անսովոր են: Պարզությունը, սակայն, ներքնապես զուգորդվում է սիմվոլիկ խտացումների, պոետիկական նորակազմությունների հետ: Բանաստեղծական «ասացումը» ամենաժամանակակիցն է: Միլիտոնյանը չի շրջանցում Չարենցի բնավորության սուր, հակասական կողմերը, նրա տարօրինակությունները, որոնք բնորոշ են այլ հանճարների:
Աղոթե՞լ է բանաստեղծը. նման հարցադրում է արվում «Բանաստեղծն ու աղոթքը» ստեղծագործությունում: Պատասխան է տրվում. Չարենցը հակասական է:
Քո գրվածքներից ճանաչելի է//Աղոթք և հիշոց` մարդու կոկորդից…
Սա իրական Չարենցն է, այն Չարենցը, որը երկու կրակոցով թեթև վերք է պատճառում Մարիանա Այվազյանին, ում սիրահարված էր: Դեպքը տեղի է ունեցել 1926 թվականի սեպտեմբերի 5-ին: Դեպքը զվարճալի վերաիմաստավորում է ստացել «Կրակոց գեղեցիկ արարածի…» բանաստեղծության մեջ: Գեղեցկուհին հետագայում հպարտությամբ է հիշում իր հետ պատահածը, միաժամանակ ափսոսանք և վերհուշի թախիծ է ապրում:
Վարքագծի վերուվարումներով միմյանց նման են Չարենցն ու Օսիպ Մանդելշտամը: Մանդելշտամի մասին գրվել է. «Ինչպիսի խեղաթյուրումներ չեն խաթարել Մանդելշտամի նյարդերի փխրուն հավասարակշռությունը, ինչպիսի զիգզագներ էլ չի գծել նրա ամենօրյա վարքը»2: Սակայն շարքի «Հայելու առջև» բանաստեղծության մեջ խոսվում է երկու մեծությունների ստեղծագործական ընդհանուր կողմի մասին: Նրանք «երկու հայելի» են, որոնցից`
Սուրբ գետն է հոսում//Նոր Միջագետքի//Բանաստեղծության:
Նկատի է առնված Չարենցի և Մանդելշտամի պոեզիայում առկա միջագետքյան միֆերը: «Սարյանի նկարը» բանաստեղծության մեջ ընդգծվում է բանաստեղծի դիմապատկերի և եգիպտական դիմակի կապը, այս անգամ ողբերգական կանխագուշակությամբ:
«Հայելու առջև»-ում երկու բանաստեղծները երկու հայելի են անվանվում: «Հրով ցնծացող երգ-զոհյալի» տողը, մեր կարծիքով, առավելապես վերաբերում է Չարենցի պոեզիային:
«Բանաստեղծի թեյնիկը» շարքի վերջին բանաստեղծության վերնագիրն է, որը, ինչպես մյուսները, պարունակում է հարուստ խոհեր: Իսկ դրանք բանաստեղծի կյանքի փաստերի տարաբնույթ զուգորդումների արդյունք են թե՛ դատողական և թե՛ ջերմ ու մտերմիկ:
Այս անգամ էլ Չարենցի կյանքի փոքրիկ դեպքը առիթ է դառնում ամենատարողունակ ասելիքի, չարենցյան լեգենդի նոր տեսանկյունով բացահայտման: Թեյնիկը «Նայում է հանց յոգ». ակնարկը այն մասին է, որ Չարենցը յոգայի նկատմամբ հետաքրքրություն ուներ:
Ահա ինքը` Չարենցն է գրում, որ յոգի նման իրեն վարժեցնում է «անեզրական հանգստի».
Եվ իոգի նման ծալապատիկ նստած` //Վարժեցնում եմ ոգիս հայեցումի անկիրք…//Ինչպես որ այդ հնդիկ իոգին է վայել-//Իմ սեփական պորտին` լուռ` ժամերով նայել… («Պոեմ անվերնագիր»)
Առարկա-պատկերը (թեյնիկ) միջոց է դառնում համեմատություններով վեր հանելու չարենցյան էության և բնավորության շատ գծեր:
Եվ մի՞թե դու, Չարենց,//Քո կավե հնաոճ թեյնիկը չէիր`//Մերթ պաղ, մերթ գոլ, մերթ ջեռ,//Լուսնի ճերմակ թուղթը խանձող://Թեյնիկ պատառոտվող,//Գոլորշին ի բաց,//Կափարիչ կափկափող,// Ճիչ ու ճառ ցայտած:
Թեյնիկը «Կավ էր, կավ մնաց» (սա հողեղեն մարդն է), սակայն «Ո՞ւմ աճյունից թրծած» խոհը տանում է դեպի թումանյանական փիլիսոփայության հարթություն:
Հեգնական է «Բանաստեղծներն ու դերասանուհի Արուսի փեշը» բանաստեղծությունը, խառն հիացմունքի և մեծարման տարրերով:
Մի հետևողական գիծ ենք նկատում շարքում` զվարճալի, երբեմն արտառոց դեպքերի մեջբերմամբ ցրել ծանր ողբերգության աճող տպավորությունը և միաժամանակ հարազատ մնալ Չարենցի տարօրինակ կենսապատումին:
Բանաստեղծը Արուս Ոսկանյանին նվիրել է «Ձոն», «Արուսին», «Գովք Արուսին», «Գովք Հայկազյան Մելպոմենեի ամենափայլուն աստղին` Արուսին» և այլ երգեր: Նրանցից մեկում Չարենցը խոստովանում է իր հակումը կոնյակի, կոկաինի, մորֆիի, հաշիշի նկատմամբ:
Էդ. Միլիտոնյանը «Պոետն ու ճամփան» բանաստեղծության մեջ Չարենցի կողմից ինքնամոռացության երկու ճամփա է նշում` «Սեքս և մորֆին»:
«Արուսին – մենակ»-ում բանաստեղծը իր և Արուսի միջև ոգով անբաժան նմանություն է տեսնում:
Միլիտոնյանը Հայկազյան Մելպոմենեի ամենափայլուն աստղին ներկայացնում է մարմնական գրավչությամբ` ստեղծելով չափածո փոքրիկ նովել` հրաշապատում լեգենդի տարրերով, ինչին բնորոշ է չափազանցությունը:
Սեփական կրակից այրվում է Արուսի փեշը, և նա մերկ` վտանգավոր է դառնում այս անգամ նաև բանաստեղծ Ավոյի համար:
Միլիտոնյանը ողբերգակոմիկականի պատկերային «մոնտաժով» ի տես է դարձնում Չարենցի հանճարով և կեցության պարադոքսներով անկորույս մի դարաշրջան:
Մեր ժամանակի բանաստեղծը Չարենցի դիրքերից է դիտում երևույթները, սակայն հեռու է նրա պատկերների ուղղակի ազդեցությունից: Շարքի պոետիկան կարող է բնորոշվել նաև պարոդիկ ձևաչափով («Կապկազ» թամաշա), անսպառ հումորով, ժամանակի իրականությանն ուղղված նույն «Կապկազ» թամաշայի սարկազմով: Ճշտագույնս վերարտադրվել է արյան և թանաքի հսկայի կյանքը:
Էդ. Միլիտոնյանը «Աշնան աղոթք»-ում ներկայացնում է Չարենցի կյանքի օրհասն ու մոտալուտ ավարտը:
Զգալով հստակ,//Որ վերջ է ամեն պահ…
Այս բանաստեղծությանը ևս բնորոշ է «սակավախոսությունն» ու դիպուկ թիրախավորումը: Աշնան աղոթքում հնչում է միայն «Տէր, ողորմեա» երկու բառը` համարժեք մի ամբողջ պատարագի:
«Անտիպներ»-ում Չարենցը մի այսպիսի իղձ է արտահայտում.
Այսքան վարժ երգեիր քո վիշտը,//Ինչպես տերևներն այս մերձիմահ… («Եվ որքան են կրկնել անցյալում»)
Չարենցն ամեն րոպե զգում էր իր մերձիմահ վիճակը: Էդ. Միլիտոնյանն առաջ է անցնում` հնչեցնելով պատարագի «Տէր, ողորմեա»-ն: Հանճարի վերջին աշնան աղոթքի միակ բառերն են:
Ամփոփենք. զուգահեռ ռիթմավորմամբ ընդհանուր մահանկարի շրջանակում նաև Չարենցի կյանքի կենդանի վերաիմաստավորումներ են: Չարենցի արյամբ երեսնական թվականները սոսնձվեցին քսաներորդ դարին:
Շարքը Չարենցին իր դարաշրջանում բնականորեն ներկայացնելու առումով եզակիներից մեկն է գրական չարենցապատումի մեջ:

————————
1. «Современное зарубежное литературоведениеե М., 1998, стр. 237.
2. «Օ. Մանդելշտամ. Բանաստեղծություն, արձակ», 2012 թ., էջ 29:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։