Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ (ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.)
21-րդ դարասկզբի հայ դրամատուրգիայի պատմության համատեքստում ձեռքբերումների շարքում կարելի է նշել մասնավորապես ժանրատեսակների հարստացումը, որի մասնակի դրսևորումները կային դեռևս 20-րդ դարավերջից. մոնոդրամա, սոցիալական դրամա, աբսուրդի դրամա, սատիրիկ տրագիկոմեդիա, նյու դրամա, դոկումենտալ և այլն: Պիեսները հաճախ ունեն թեմատիկ լայն ընդգրկումներ. արդի թատերագրության մեջ հաճախ է խոսվում անգիտակցական հակումների ու մղումների, պաթոլոգիկ դրսևորումների մասին: Համացանցային ու տեղեկատվությամբ գերառատ այս դարում տեղի ունեցավ խոսքի նվազում նաև պիեսներում, իսկ ներկայացումներում առաջնային նշանակություն ստացավ մասնավորապես շարժման ու պլաստիկայի գործառույթը: Պիեսները երբեմն գրվում են` հաշվի առնելով մինչև մեր օրերը հասած ավանգարդի ձևավորած սկզբունքները. որոշակիության բացակայությունը դառնում է արդի բեմադրական մտածողության առանձնահատկություններից:
Բազմաժանր պիեսների պահպանման ու թատրոններին ներկայացնելու հարցում իր կարևորագույն դերն ունեցավ և ունի Կարինե Խոդիկյանի խմբագրած «Դրամատուրգիա» հանդեսը, որտեղ ներառվել են գեղարվեստական բազմաթիվ արժանիքներով լի թատերախաղեր, որոնք, հուրախություն մեզ, բեմադրվում են, ներառվել են նաև թատերագրության մեջ բեմականության սկզբունքների չիմացությամբ պիեսներ, որոնց հեղինակների համար տրված հարթակը տանում է ինքնաորոնման ու կայացման: Դրամատիկական բազմաշերտ գործեր են գրել Կարինե Խոդիկյանը, Գուրգեն Խանջյանը, Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանները, Սամվել Խալաթյանը, Սամվել Կոսյանը, Ռուբեն Մարուխյանը, Նորայր Ադալյանը, Անուշ Ասլիբեկյանը և այլք:
Որքան էլ հայ արդի դրամատուրգներն ստեղծեն բարձրարժեք երկեր, միևնույն է, դրանք լիարժեքորեն չեն հասնի իրենց նպատակակետին, եթե չստեղծվի դրամատուրգ-բեմադրիչ համագործակցության մշակույթը, որի պակասը կա մեր երկրում: Եթե պիեսն ամբողջական է, այսպես ասած` գեղարվեստական ավարտուն, «հաջող» գործ է, ապա բեմադրիչն իրավունք չունի կոպտորեն քանդել հեղինակի ստեղծած գրական կառույցը, աղավաղել ոճը, ինքնագլուխ կատարել փոփոխություններ` առանց համաձայնեցնելու գրողի հետ: Եվրոպայում, որտեղ մասնակցեցի դրամատուրգիայի ու կինոդրամատուրգիայի վարպետության դասերին` ներկայացնելով Հայաստանը, վաղուց հարգվում են հեղինակային իրավունքները, և բեմադրիչները հեգնանքով կամ դժկամությամբ չեն արձագանքում տեքստի հետ բարդագույն աշխատանք տարած հեղինակին: Օրինակ` ռեմարկներն անթաքույց արհամարհելու կամ «Բա մենք ռեմարկով բեմադրո՞ղ տղեք ենք» «մտայնությունը» բնորոշ է տարբեր տարիքի որոշ բեմադրիչների: Ինքս խիստ ժլատորեն եմ կիրառում ռեմարկներ, այն էլ այլ «պոետիկայի» սկզբունքներով… Ռեմարկը չի պարտադրում, բայց կողմնորոշիչ պայման է պիեսում: Պարադոքսալ կլինի, եթե, ասենք, Սեմյուել Բեքեթի «Երջանիկ օրեր» աբսուրդի դրաման մեկնաբանելիս ռեժիսորն անտեսի ռեմարկները… Անկախ աշխարհագրական տարածքից` բեմադրիչի խելամիտ առաջարկությունները պիեսում որոշ փոփոխություններ անելու հարցում և թատերագրի համաձայնությունը ցուցիչ են առողջ համագործակցության: Հայաստանում բեմադրիչ-դրամատուրգ համագործակցության մասնավոր դրսևորումները դեռևս օրինաչափություն չեն, և հարկավոր է աշխատանքներ տանել` ստեղծելու այդ կարևոր մշակույթը:
Թատերական բուհերում պետք է մեծ ուշադրություն դարձնել արժեքավոր պիեսների համակողմանի ընկալմանն ու վերլուծմանը, որպեսզի հետագայում բեմադրիչը, հեղինակի ոճը զգալու և պահպանելու փոխարեն, չաղավաղի այն, չհարմարեցնի իրեն. բորշչը պետք է եփել բորշչի կանոններով, ոչ թե ինքնատիպության մարմաջը նրանց մղի բորշչին խառնել թանապուրի «բաղադրամասերը»` որպես հանճարեղ նորարարություն կամ «նոր մոտեցում»:
Առանձնակի նշանակություն ունի նաև հայ թատերագիրների երկերի հանրահռչակումը արդի ազգային թատրոնի համատեքստում: Խիստ սակավ է դրամատուրգիական անթոլոգիաների կամ այլ լեզուներով թարգմանությունների իրականացումը: Կարիք կա նաև հայերենացնելու արդի գրողների այն արժեքավոր պիեսները, որոնք, ասենք, արժանացել են Պուլիտցերյան կամ Թոնի, Նյու Յորքի թատերական քննադատների և այլ հեղինակավոր մրցանակների, ինչպիսին է, օրինակ, Փիթթեր Շաֆըրը:
Տարիներ առաջ Իքս հանրապետական փառատոնի ժամանակ տեղի էին ունենում նաև դրամատուրգիական ընթերցում-քննարկումներ, որոնք հեղինակների համար արդյունավետ էին բազմաթիվ առումներով: Մասնագիտական քննարկումները նպաստավոր կլինեն թատերագիրների նոր առաջնաքայլերի համար, և ի վերջո ժամանակակից պիեսները բեմադրական նյութ կդառնան նաև օտարամոլության բարդույթով փայլատակողների համար:
Ի՞նչ քայլեր են արվում հայրենի դրամատուրգիայի զարգացմանը նպաստելու համար. բարդագույն մի սեռ, որտեղ հեղինակի խնդիրներից է ստեղծել բնավորությունների ու դրությունների հարաբերություն, վիճակների հակադրություն` չանտեսելով բեմականության մի շարք սկզբունքներ: