«Մենք քանդեցինք նորածնի սառած բարուրը և զորեղ եղանք` քան լացը, քանզի ունեինք մեկ երազանք` քեզ կրկին գեղեցիկ ու լուսեղ տեսնելու գայթակղությամբ…ե,- այս տողերը գրվել են 2002 թվականին: Իրապես բացառիկ մուտք կամ առաջաբանի փոխարեն խոսք, որ հետաքրքիր և ասելիքով խորքային լինելուց առավել, նախ խորհրդանշական-բանաստեղծական է: Օրերը, խոսքը, «գայթակղություններնե անգամ անսպասելիորեն բերում, միակցում են քաղաքին, այս պարագայում` Գյումրի` կոտրված, վիրավոր, հուսահատ-հուսավառ քաղաքին:
«Ընդամենը մի օրում մարդը դարձավ Աստված ու Փրկիչ, փխրուն ու հզոր, Մարդը, Հույսը, Սերը… Ես այդ գիշեր տեսա այս երեքի միասնությունը: Աղետը անզոր եղավ կոտրելու այդ միասնությունըե: Գործերից առաջինն է` «Անավարտ չորեքշաբթիե` ինքնակենսագրական հենքով. ընթերցողին ծանոթ են թե՛ խոսողը, թե՛ նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, նրա միջավայրը, քաղաքն ընդհանրապես: Եվ սա դեռ մի ընտանիքի պատմությունն է, այսպես ասած, սիմվոլիկ, որովհետև այդ օրերի բոլոր ընտանիքներին վերաբերող նույնատիպ պատմություններ կարելի էր հյուսել` իրական ու շոշափելի: Դեռ ավելին` ճշմարտության առջև չմեղանչելու համար ասենք` այդ պատմություններն արդեն վաղուց ծնված-հյուսված էին ապրողների հոգում, մնում էր միայն գրի առնել` առանց գունազարդումների: Այդ առաքելությունը տրված էր արձակագիր Շնորհիկ Շահինյանին:
«Հազար տարի էլ անցնի, բան չի փոխվի էս քաղաքում: Պատասխանը թաց կաթիլքի պես լցվեց աչքերըե,- սա քաղաքի նկարագիրն է` խորհրդավոր, հանելուկային մի բան, որ, ինչպես պատմվածքի հերոսին, տանում է իր հետևից` երկրաշարժից քսան-երեսուն տարի անց էլ: Հետո` ժամացույցի սլաքներ, և հավերժի համար բաց մնացած` հեռացածների անկողիններ… ու բացակայություն… Բացակայությո՞ւն… Եվ ո՞վ է այսօր բացակա` նա՞, ով գնաց հավերժի գիրկը, թե՞ նա, ով մնաց` գնացողին մինչև հավերժություն սպասող… Հետաքրքիր, մի տեսակ մեղսալից կենսակերպ էր ձևավորվել ապրողների հոգեկան աշխարհում. նրանցից յուրաքանչյուրն իր ողջ մնալու մեղքը քավելու համար արդարացում էր փնտրում: Աղետից հետո ժողովրդի բառապաշարում էլ արտահայտվեց կենսահոսքի տրամաբանական տարանջատումը` երկրաշարժից առաջ և երկրաշարժից հետո, երբ բնաշխարհում նոր, անդադար կրկնվող բառեր հասունացան` փախստականներ, աղետյալներ, օթևանաբնակներ… Եվ սպիացող վերքերի հուշերով, պատերին նկարների առատությամբ, ու մնացողից` գնացողի կիսաթող գործը շարունակելու` կյանքի «պոչիցե կառչելու սլացող նպատակ:
Ահա ամեն ինչ կորցրած արվեստագետ-նկարչի հետերկրաշարժյան միակ ուրախությունը` ուսանող նկարիչները սկսեցին վառ գույներով նկարել: Իսկ հայտնի է, որ անգամ մեծ արվեստագետներն այդ օրերին վրձին վերցնելու ուժ չգտան իրենց մեջ և ոչ միայն այդ օրերին. դեռ երկար տարիներ անց էլ, մինչև որ ոչ թե անհետացավ, այլ պարզապես փոքր-ինչ մեղմացավ քաղաքի հոգու վերքերի ու սպիների ցավը: Վերածնվող քաղաքի հետ վերածնվեցին նաև նրան պատկերող գույներն ու նրա դիմանկարը կերտողների հոգիները: Հետցնցումային ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկա՛ն ավերակների վերածված վիճակ: Իսկ ավարտը վերադարձն է դեպի հետ, իրական կյանք, որտեղ իրականություն չկա և գուցե բարեբախտաբար չկա. «Փայփայեց մորթե օձիքը, կուչ եկավ, դարձավ մի բուռ հուշ, թաց վերարկուի մեջե,- սա է վերհուշի պատկեր-նկարը` արված արձակագրի վրձնով:
Առանձնացնենք պատմվածքներից ևս մեկը` «Սահնակըե. գուցե` սարսափի ժանրի՞ց, գուցե` կյանքի ու մահվան արանքո՞ւմ, գո՛ւցե… Անհավանական ու իրական, իսկ ավելի ճիշտ, անհավանականության չափ իրական, փաստ` որքան էլ ցավալի:
Մյուս կողմից` շփոթմունքի հասցնող զարմանք է հարուցում հեղինակի գրելաոճը. պատմում է մեղմ, հանդարտիկ, գրեթե իրեն բնորոշ ժպիտով, և ո՞ւր է տանում խոսքը, մեղմ ասած, գրեթե պատմվածքի այն տողին, ուր տանում էր սահնակը…
«Հետո կապույտ խալաթի հրաշքը պոկվեց կապույտ լճից, հեռացավ, փռփռաց անտառի կանաչ փեշին…ե: Մեկ այլ տեսանկյունից գուցե այս ամենի կողքին պետք է առանձնացնելով ընդգծել արձակագրի միայն կանացի` ամենանրբին, նույնանման և տրամագծորեն տարբեր ճակատագրերը, որոնք բացահայտորեն երևում են ժողովածուի բոլոր գործերում: «Աշխարհն անվերջ, անվախճան սեր էրե. հետաքրքիր է կերտված Դումիլայի կերպարը` իբրև կանացի ինքնահատուկ գծերով ու երջանկության մշտատև փնտրտուքով օժտված տեսակ: Կնոջական` վաղեմի, բնության պարգև մարմին, կորսված երջանիկ ակնթարթներ, կորստի ֆիզիկականի ու հոգևորի շոշափելիորեն ակնհայտ ցուցադրություն և վաղանցիկ երջանկությունը վերագտնելու ցավալի փորձ` անհաջող ավարտով` դժբախտաբար և բնականաբար. չէ՞ որ կյանքի մասին է խոսքը ու ցավալի ավերածություններ գործող ծերության: Վերջինս, ի դեպ, արտահայտվում է գրողի ոչ միայն կանացի կերպարներում:
Մեկ այլ դեպքում` կենցա՞ղ գուցե, առօրյա ցավերով լեցուն, նաև գուցե իրական կյանք, երբ յուրաքանչյուր անցնող օրն իր հետ ոչինչ չի բերում, այլ, ցավոք, միայն տանում է: «Տղամարդիկ Հասմիկի կյանքում գոլ ջրի մեջ սուզված սառցաբեկորի կյանք ունեին: Մինչ ըմպելը` տղամարդը հալվում-չքանում էրե («Թեթև կեսօրե): Ավելի ու ավելի ծանր են ապրելո՛ւ, բայց չապրա՛ծ այդ օրերը կնոջական նրբին հոգու տխուր լաբիրինթոսում: Եվ ընդհանրապես` քանի՞ նիշով գրառվող թվանշանով կարելի է համրել կանացի ճակատագրերը` անկախ տարիքից, ազգային պատկանելությունից ու արտաքին փայլից: Եվ շարքը` «Քամիներ երկրի վրայովե խորագրով, նախ և առաջ ինքնին պարզորեն բացում է տողատակը. գրողի խոսքը կանացի` հազարավոր նմանություններով ու տարբերություններով նրբագծվող, կրկնվող ու անկրկնելի ճակատագրերի մասին է: Մարինան, Գայանեն, Դումիլան, Սվետան… Նրանք բնությունից եկած և բնության կանչով ապրող մարդիկ են` վեր ու հեռու դասային, տարիքային պատկանելությունից: Ուշագրավ է հեղինակի կերտումների ինքնատիպ արվեստ-ձեռագիրը` քնքշաբար ու կոպիտ, նրբորեն կամ թավշյա խոնավությամբ: Իսկ այս ամենին օրինաչափորեն հաջորդում է լռությունը` խոսուն, պատկերավոր, ամենատես:
«Քամիներ երկրի վրայովե շարքը վիպակային է. հերոսներին տեսնում ենք մի քանի անգամ, նրանք կապվում են միմյանց եթե ոչ ներքին, արտահայտիչ կապերով, ապա, անշուշտ, հասցեներով (լայն առումով) ու նրանք նաև իրական են այնքան, որքան իրական են նրանց իրար հասկանալու ու կամ թե հակադրվելու` ճակատագրորեն կապվածությունը կյանքին, կյանքն իրար բաշխելով և կամ թե միմյանց հետ կիսելով, ավելին` իրական են ապրումակցելու զգացողություններով ու հուզականությամբ:
Ահա գեղեցիկ սիրո մի նկարագրություն, թեպետ և երկար որոնելու դեպքում էլ ոչ մի արտասովոր գեղեցկությամբ պատկեր-արտահայտություն չես գտնի, գուցե սարսափելիորեն և որոշակիորեն ոչ գեղեցիկ սիրահարի տեսանկյունի՞ց կամ գուցե նրա սիրո օբյեկտի՞, միևնույնն է, արձակագրի գրիչը գտնում-կերտում է ստեղծագործության հրաշալիորեն մեն-միակ հավանական-անհավանական վերջաբանը. «Նեխած ձկների շարանը կախված մնալով վրայի ցցափայտին, ողջ ձմեռ շարունակում էր ձկնորսի զրույցը պարանին փռփռացող, արդեն գունաթափ լողազգեստի հետե («Ձկնորսի սերըե):
Կանխազգացում` այս անգամ կանացի երազի տեսքով. «Մայրը հորանջեց: Ափով փակեց բերանը: Երազը մնաց ներսում, աչքերն արցունքոտվեցինե: Հրաշալի արված մի գեղանկար, բնության մի լուսավոր-լուսաթաց պատառիկ, ու մի թևազուրկ կին, մայր, սիրող ու սիրված կանացի մեկ այլ ճակատագիր: Գեղեցիկ է պատկերը, ասես կյանքի է կոչված գունային նրբերանգների ու բառերանգների ճկուն համադրությամբ, ու, որ առավել սոսկալի է, և ոչ մի բառ` չարաբաստիկ երկրաշարժի մասին: Միայն սեր, խոսուն դատարկություն, միայն ցավ մարմնի արդեն անգո մասերի… Եվ խորագիրը գործի` ո՛չ ավելի, ո՛չ պակաս` «Արևածաղկի դաշտըե: Սա նաև ու առաջին հերթին, ինչ խոսք, հաղթանակն է հոգևոր, բարոյական ու ֆիզիկական բոլոր ցնցումների նկատմամբ, սա լույսի հաղթանակն է ընդդեմ խավարի, ընդդեմ հուսահատության, ընդդեմ ցավի ու տառապանքի…
«Մառաններից եկող գինու հուշից այգին գլխապտույտ ունեցավե: Իսկ ի՞նչ է սա և իր կշռույթով գրքի ո՞ր մասն է կազմում, գուցե գլուխգործո՞ց ասել, թե՞ դրանցից մեկը: Հայ արձակի լավագույն կտավներից` «Թափուր աշունե խորագրով, խտացված գույներով, թվում է` նախատեսված մեծ էկրանի համար: Գործն առանձնանում է նաև հոգեբանական նրբին դիտարկումներով: Կրկին կանացի, այս անգամ մայրանալու ճանապարհին ընդհատվող մայրության բազմախորհուրդ հոգեվիճակ, երբ անգամ ամենամեծ երևակայությամբ օժտված ընթերցողի փնտրած-գտած բոլոր լուծումներին պետք է զարմանալիորեն գերազանցեր հեղինակի գտած ավարտամասը. «Դու արդեն աշխարհինն ես, այս աշխարհի ցավինն ու ուրախությանըե:
…Աշխարհը քո մեջ է լցվում, և դու լցվում ես աշխարհի ծովածավալ չար ու բարու մեջ` անվերադարձ…
«ԻՍԿ ԱՍՏՎԱԾ ՄՈԼՈՐՎԵԼ ԷՐ ՔԱՂԱՔՈՒՄ…» Շնորհիկ Շահինյան. «Զորեղ քան լացդ» / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
