ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – 80
ԻՄԱՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Աստվածների ճակատագիրը» պիեսից
—
Ինքդ երկնեցիր քեզ մերժողներին,
Քանզի ծնվեցին օտարության մեջ…
—
Աշխարհը շեղվեց, երբ մարդը գերեց իր նմանակին:
—
Գեղեցկությունն Աստված է ստեղծել,
Որպեսզի տեսնի իր թուլությունը…
—
Հարուստի համար սերը վայելք է, փառք ու մեծարանք, աղքատի համար սերն արցունք է,
վիշտ ու սփոփանք…
—
Ճապաղ է դառնում իմաստությունը` բերանբացների երախն ընկնելով:
—
Օրենքներից դուրս ապրում են միայն խելագարները:
—
Այնքան չնչին եմ ու ողորմելի, որ իմ սեփական մահը չեմ ընտրում:
—
Նա մեղավոր չէ, որ մարդ է ծնվել ու սիրել գիտի:
—
Պալատում ո՞վ է, արքայից բացի, իր վերմակից դուրս ոտքերը ձգում:
—
Ամեն մի ծնունդ իրեն արժանի վարք է ժառանգում:
—
Ամեն հաղթանակ յուրատեսակ
պարտություն է մի:
—
Տղամարդու մեջ կինը փնտրում է առաջին հերթին իր գալիք փառքը:
—
Չափից ավելի մեծարանքները նման են ստի:
—
Հարուստները զրկված են անկաշառ սիրուց:
Սրտի փոխարեն նրանց ջերմացնում է
դրամի քսակը:
—
Արքաներն են պատմությունը ծռում-ծռմռում,
Մշակույթը ծառայում է անաղարտ մարդկանց:
—
Ովքեր պատահական են ծնվել,
նրանց անհոգությունը
Թմբկահարվում է գինու գավաթների մեջ:
—
Տիրոջը միշտ էլ անդավաճան է միայն
այն ծառան,
ով սարսափում է ու ահաբեկվում
նրան տեսնելիս:
—
Բանական մարդն իր զգացումից
պիտի կարողանա միշտ վերև կանգնել:
ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹԱՀԱՐՈՂ ԹՌԻՉՔ
Գևորգ Կարապետյանը հետահայացությունից հառնող բանաստեղծի կերպար չէ: Նա ժամանակի ընթացքի հետ շարժվող հոգու ընկեր, միֆ-պոետ է, որ մեզ աներևույթ ուղղորդում ու անցկացնում է լրջագույն պոեզիայի նեղ դռնով: Քչերին է հաջողվում անձնական կյանքը բոհեմ դարձնել ու մինչև վերջ հավատարիմ մնալ պոետիկ կենսակերպին, որում չնշմարվող, բայց զգացվող վեհություն կա ողբերգակի: Նա ապրում էր սոնետավարի ու երբեք չդարձավ սովորական տասնչորստողանի բանաստեղծություն, ու ինչքան էլ առաջին հայացքից թվում էր ցաքուցրիվ, իրականում ներքնապես ամուր էր ու կառուցիկ, անկանոնությամբ կանոնիկ: Պոեզիայի բնազանցությունը նրան ընծայել էր ճախրելու թևեր, ու նա հրայրքալեցուն սիրտը հանձնել էր թռիչքի հմայքին: Գևորգ Կարապետյանը անպարփակ պոեզիայի միֆ է, որում ամեն ոք, եթե սեր կա մեջը, գտնում է իրեն:
Գևորգ Կարապետյանը բանաստեղծ լինելով նաև թատերագիր ու էսսեիստ է: Ժառանգություն է թողել բարձրարվեստ գրականություն, որի մի մասը մինչև վերջերս անտիպ էր (այս տարվա ապրիլ ամսին հրատարակվեց Գևորգ Կարապետյանի «Երկերի ժողովածուն»՝ երկու ստվարածավալ հատորներով), մնում է ժամանակի ամենատես աչքը ըստ արժանվույն գնահատի նրա գրական-ստեղծագործական վաստակը:
Ես նրա հետ կյանքի վերջին շրջանում ծանոթացա և, փաստորեն, եղա վերջին ընկերը, պոետ ընկերը, որ, նրա առօրյայից սկսած մինչև հոգևոր աշխարհ, ելումուտ ուներ: Այս բարեբախտ հանգամանքն ինձ պարգևեց երկնաայբուբեն պոեզիայի զգացումը, որը պարզ բանաձև ունի՝ մտածելով զգալ և զգալով մտածել, տեսնելով զգալ և զգալով տեսնել: Նա աշխարհին հակառակ չէր, այլ նրա հետ մի պարադոքսալ վիճակի մեջ էր, որը նրան պահում էր անսովոր ու հետաքրքիր գրավչության ծիրում, ինչի արդյունքում գրվեցին ու հրատարակվեցին իրար չկրկնող նրա՝ «Արև և հող», «Գույների ձայնը», «Սեր և գույություն», «Քարե արծիվ», «Ավանակի երազը», «Ռեքվիեմ դյուցազնական», «Կոստան Զարյան», «Վահրամ Փափազյան», «Հովհաննես Շիրազ», «Իշխանամետ ծաղրածուներ», «Գալինա Գալստյան», «Գլխատված դար», «Փրկչի հայտնությունը», «Երկերի ժողովածու» գրքերը:
Գևորգ Կարապետյանի էությունը՝ արտիստիկ խառնվածքը, շատ հետաքրքիր էր դարձնում նրա ներկայությունը, իսկ զրույցներն էլ՝ հուզական ու դինամիկ: Նա կարողանում էր սեփական արժանապատվությունը գիտակցելով` խոնարհվել, ի տարբերություն շատ-շատերի, արժեք կրողի առջև: Եվ պատահական չէ` իր ժամանակի մեծությունները, որոնք անցել էին մշակութային տարբեր համակարգերով, աշխարհներ էին տեսել և կերտում էին հայ մշակույթը, չէին խորշում նրա ներկայությունից, դրանով իսկ փոխանցելով նրան իրենց ոգեղենությունը ու տալով թևեր, միաժամանակ օգնելով պնդանալու ոգեղեն թռիչքի մեջ: Միայն անուններ թվարկելը` Կոստան Զարյան, Հովհաննես Շիրազ, Վահրամ Փափազյան, Տիգրան Մանուկյան, մի խոսքով, 20-րդ դարի 2-րդ կեսի հեղինակությունները, արդեն իսկ վկայում է Գևորգ Կարապետյանի մշակութային արժեքի մասին: Գ. Կարապետյանը «Մեծերի լույսը» խորագրով էսսեների գրքաշար գրեց՝ «Կոստան Զարյան, չընդհատվող շարական», «Վահրամ Փափազյան», «Հովհաննես Շիրազ»: Երեք տարբեր գրքեր, երեք տարբեր ոճեր: Նա յուրաքանչյուր Մեծին ներկայացրել է իր բնական անհատական կերպարով, ու բոլորովին բացակայում է նրանց ներկայացնող հեղինակի բարեփոխիչ միջամտությունը: Գտել է ճիշտ գրելաբանաձև ամեն մեկի համար՝ հարազատ մնալով Մեծերի հյութեղ և հզոր էությանը: Կոստան Զարյանին նվիրված գիրքը գրված է նրան համապատասխան ինտելեկտուալ, եվրոպական մշակույթ կրողին արժանի գրչով: Վահրամ Փափազյանինը գրված է նրան վայել ազնվազարմ, կիրթ, բարձրարվեստ ճաշակով, իսկ Հովհաննես Շիրազը, բնականաբար, գրքում ներկայանում է որպես ազգային, ժողովրդական համ ու հոտով, հախուռն մի պոետ: Ցավոք, «Հովհաննես Շիրազ» գիրքը տպարանից դեռ դուրս չէր եկել, երբ նա հեռացավ երկրային կյանքից՝ այսպիսով, անավարտ թողնելով «Մեծերի լույսը» գրքաշարը, քանի որ նրա հետ հաճախակի շփվելով, գիտեի, որ ծրագրում էր գրել էսսեներ Վարդան Աճեմյանի, Տիգրան Մանսուրյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Ջանիբեկյանի մասին:
Մինչև Հրազդանում հաստատվելը Գևորգ Կարապետյանին երևանյան բոհեմը գիտեր որպես Ջորջ: Ես Ջորջ-Գևորգ Կարապետյանին չեմ տեսել, բայց ասում են՝ իմ տեսած նույն Գևորգ Կարապետյանն է եղել, բայց ավելի փոթորկուն, նույն անկանխատեսելին՝ առավել շշմեցնող: Ահա այս Ջորջ – Գևորգ – Գևորգ Կարապետյան – ընկեր Կարապետյան (աշակերտների համար) – Կարապետյան հոգևոր երևույթն էր, որ դառնում էր բանաստեղծություն, պիես, էսսե:
Բայց նա նախևառաջ պոետ էր, թեկուզև նրան ընդդիմացողները կուլիսների հետևում ծոծրակին էին շպրտում իրենց հեգնանքը` համարելով տաղանդավոր խելագար, ամեն դեպքում չէին կարող չօգտագործել «տաղանդավոր» բառը: Նրա պոետիկ միֆը կենսադաշտի պես ողողում էր նրանց իր ծիծաղի ելևէջներով: Նա ծիծաղում էր առաջին հերթին ինքն իր վրա, որովհետև միջակություն չէր, որովհետև գիտեր` ոգիները չեն չափվում, ոգիները չեն գնահատվում, նրանց հետ կարելի է ճախրել ու ճախրել: Պոեզիան գրականության թևերն է, որոնց թևաբախումից է ծնվում հոգու ցնծությունը: Թռիչքների մեջ է ոգեղենությունը, որն էլ զգացողությունների հարափոփոխ հաղորդությունն է: Առողջ ոգին համառության սլացք է` նպատակին տանող: Գևորգ Կարապետյանը շիկացած ոգեղենություն է, որ բորբոքում է ներսիդ կրակը: Նրա պոեզիան սեր է ու ժառանգական կանչ: Նրա գիրը չի թողնում դժոխքը բարձրանա լույսի մակերեսին, որի երակներով բառերը ծափ են տալիս սիրո հավերժականը, անգամ դարի բետոնե կնճիռների մեջ:
Գևորգ Կարապետյանը ազնվական կեցվածքով էր մոտենում ժառանգական հիշողությանը` դառնալով ոչ թե նրա խաչքարը, այլ նրա կերտողն ու ապրեցնողը:
Մարգարիտը ապրում է ճշմարիտ բանաստեղծի մեջ՝ ճակատը գեղեցկության խաչով կերտված, որն էլ նրան տանում է դեպի տիեզերք` իր հավատքի խորանը, իսկ բանաստեղծի տեսակին հատուկ են լույսը, տեսիլքը, բանականությունը, ոգու էներգիան:
Այս բոլորը միասին բռնկվում են` առաջ մղելով Գևորգ Կարապետյանի բանաստեղծության շարժումը դեպի ոգեղենիկ պատարագով հոգու մաքրագործում, հետևաբար նրան միշտ անհրաժեշտ են նորանոր տարածություններ՝ որպես հայացքի անվերջություն:
Տարիները Գևորգ Կարապետյանի պոեզիան ոչ միայն թանձրացրել են, այլև բյուրեղացրել ոգեղեն թռիչքներում, հավիտենական գոյի տարածքում` երկնայինի ու աշխարհիկի ժամադրապահին: Ընթերցելով բանաստեղծությունները` ընկնում ես պատկերային մտածողության հորձանուտը. պատկերները կարծես իրար հերթ չեն տալիս` ջարդուփշուր անելով շղթաները բանաստեղծության կաղապարված ձևերի, որտեղ առաջնայինը միստիկան է` ազգային և հոգևոր նշաններով բեռնավորված, և այս ամենը գեղեցիկ հայերենով է, որտեղ բառերի հրճվանքը համակում է ներշնչանքով` քեզ վերափոխելով ու դարձնելով չբացահայտված բանաստեղծական վիճակի լրացում: Գևորգ Կարապետյանը, իրազեկ լինելով գրականության զարգացման միտումներին, դասական ժառանգությանը ոչ թե դեմ է, այլ պոեզիան հայկական այբուբենի տիեզերական թևերին հենած` բառը ճախրեցնում է ժառանգական հիշողության միջով առաջ ու առաջ: Բանաստեղծությունների մեջ մի երաժշտություն կա, որը, սերելով բառերի հնությունից, բանաստեղծական նոր ձևերի իմաստներով է վերածնված:
Սրանով հանդերձ՝ Գևորգ Կարապետյանի գիրը ճակատագրի հայելին է, որտեղ արտացոլվում են նրա տագնապները, հոգնած ու չարչրկված սքեմներով տարիների արձագանքը, իրարամերժ իմաստների բացահայտումը, որտեղից բխում է եզրահանգումը, ինչի համար չպետք է հրաժեշտ տալ աշխարհին:
Նա գալիս է հաստատելու, որ ներկա հայ պոեզիան, հանձին Գևորգ Կարապետյանի, ձեռքի հետ գործածվող ու ծախվող ապրանք չէ, այլ ծայրեծայր սեր է ու գեղեցկություն` աստվածահաճո խորհրդով:
Ես չգիտեմ՝ ինձ ինչքանով հաջողվեց այս բավական հակիրճ խոսքում նրա նման դիտողունակ լինել, կարևորն ու երկրորդականը նրբագույնս իրարից զատել: Ախր, շատ դժվար է անկշռելիության աշխարհը իմաստավորել միավորներով:
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Շատ խորն էր վերլուծական դատողությունը, գրականագիտական դուռն էլ բարդության և ըմբռնումային առումով շաատ նեղ, մտնելը դժվար էր, բայց ես մտա՝ մի կերպ… Հիանում եմ, խոսք չկա, Խոսքի՝ Վարպետ՝ Հակոբ Հարություն: