1890-ական թվականները ազգային զարթոնքի տարիներ էին: Երիտասարդության շրջանում իշխում էին ռոմանտիկական տրամադրություններ: Թումանյանը մտերմանում է ազատագրական պայքարի գաղափարի նվիրյալների հետ: Չունենալով հանդիպման հասարակական վայրեր՝ մի խումբ առաջադեմ երիտասարդներ գաղտնի հավաքվում են տարբեր բնակարաններում և իրենց այդ քաղաքական երեկույթներին հաղորդում են ընտանեկան հավաքների բնույթ՝ տալով «վեչերներ» անունը: Արշակ Բարխուդարյանը վկայում է. «Մենք Հովհաննեսի ընկերակցությամբ հաճախում էինք այսպես անվանյալ «Վեչերինկաները»… Դրանք ընդօրինակություն էին ուսանողական «վեչերինկաների»՝ համալսարանական քաղաքներում, որ տեղի էին ուենում գաղտնի»:
Ոստիկանությունից գաղտնի տեղի ունեցող «վեչերինկաները» իրենց բնույթով հաճախ բարեգործական նպատակներ ունեին: Մուտքը վճարովի էր: Հավաքված գումարը տրամադրվում էր որևէ բարեգործական նպատակի: Արտաքուստ ժամանցային բնույթ ունեցող այդ «վեչերինկաներում» արծարծվում էին ժամանակի հրատապ թեմաներ, տեղի էին ունենում գաղտնի դասախոսություններ, ժողովներ, որոնցում ծավալվում էին բանավեճեր: Մի «վեչերինկայի» հանգանակած գումարով օգնել են Սախալին 20 տարով աքսորված ազատագրական պայքարի մարտիկ Սարգիս Կուկունյանցին: Այդ երեկույթներին իր մասնակցության մասին Թումանյանը գրում է Ա. Ղլտճյանին ուղղված1894 թ. հունվարի 31-ի նամակում. «Մի քանի գիշեր շարունակ չեմ քնել: Անցյալ օրը մինչև կես գիշեր մի տեղ էի, կես գիշերից դենը՝ մյուս: Պատահում է մի անգամ երեք տեղ են հրավիրում…»: Նույնին ուղղված հաջորդ նամակում (1894 թ. մարտի 4) վստահեցնում է. «Վեչերները շարունակվում են: Մեռնում եմ, այնքան եմ հոգնել»: Երբեմն «վեչերինկաները» ստանում էին գրական բնույթ: Արշ. Բարխուդարյանի տանը կայացած երեկույթների ընթացքում բարձրաձայն ընթերցվել են Տուրգենևի վեպերը՝ «Նախօրեին», «Հայրեր և զավակներ» և այլն: Գրական բանավեճեր էին տեղի ունենում Լերմոնտովի և Բայրոնի գրական ժառանգությունն ու ավանդը արժևորելիս:
Գաղտնի ժողովներից մեկի մասին պահպանվել է ուշագրավ մի դրվագ:
Չնայած նախազգուշական քայլերին՝ ոստիկանությունը իր լրտեսական ցանցի միջոցով երբեմն հայտնաբերում էր հավաքույթների վայրը և ձերբակալում մասնակիցներին: Թումանյանի մասնակցությամբ այդպիսի մի գաղտնի ժողովի է այցելում թաղային պրիստավը: Նրան փորձում են հավատացնել, որ հավաքվել են հարսանեկան խնջույքի: Պրիստավը համառում է, ժողովականները ստիպված մասնակիցներից մի օրիորդի «ամուսնացնում են» իրենց երիտասարդ ընկերներից մեկի հետ: Ժողովականները կարծում են, որ պրիստավը զանազան կենացներ լսելուց հետո կհեռանա, սակայն սխալվում են: Պրիստավը հեռանալու մտադրություն չուներ: «Ամա էդ անպիտան պրիստավը դարձյալ տեղիցը ժաժ չի գալի»: Այդ պատճառով գաղտնի հավաքի մասնակիցները «պսակադրությունը» հարկադրված հասցնում են եկեղեցի. «Կարգադրում են, որ կառքեր կանչել տան, նստեն, գնան ժամը – փեսային ու հարսին պսակել տալու համար… ամա էդ պրիստավն էլ իր համար է կառք կանչել տալիս և ուղեկցում «հարսանքավորներին» մինչև ժամի դուռը: Էնտեղ արդեն, բոլորի ճարը կտրած, ժամկոչին ղրկում են տերտերի հետևից… Կամա-ակամա կարգադրում են, որ տերտերը հարսին ու փեսին պսակի»: Եվ միայն քահանայի օրհնությունից հետո է թաղային պրիստավը վերջնականապես համոզվում, որ իրեն չեն խաբում, իր գործն ավարտած է համարում և լքում հավաքույթի մասնակիցներին: Թումանյանը սիրով և իրեն այնքան բնորոշ հումորով էր պատմում այդ դեպքը և հավաստում, որ երկու երիտասարդներ «պատահական պսակից հետո… դարձան… խիստ օրինակելի ու շատ սիրով ամուսիններ»: