Ապրիլի 23-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հողը կը խօսի»՝ եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների ժողովածուից ընթերցում տարբեր լեզուներով՝ թարգմանիչների ներկայացմամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով 2015 թ. ՀԳՄ-ի նախաձեռնությամբ իրագործված գաղափարի՝ եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները չորս լեզվով՝ ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն հրատարակելու մասին, նշեց, որ հատկապես պոեզիան իր մեջ հավաքել-ներկայացրել է և՛ ցավ, և՛ դառնություն, և՛ պարծանք: «Ազգային ոգու շողարձակումներ, որոնք եկել-ամփոփվել են հրաշալի անունների հրաշալի գործերի մեջ»,- ասաց նա: Նա հանգամանորեն ներկայացրեց գերմաներեն ժողովածուի անցած ճանապարհը, մասնավորապես՝ Գերմանիայի տարբեր քաղաքներում կազմակերպված շնորհանդեսները, որոնց մասնակցել են թե՛ գերմանացի, թե՛ թուրք գրողներ: «Այս ժողովածուները ոչ լիարժեք, սակայն մի փոքրիկ տուրք էին մեր մեծ գրողների հիշատակին: Ապրում են նրանք՝ անկախ մեր ցանկությունից, ապրելու են նաև գրականության մեջ: Նրանք լինելու են միշտ, քանի կա հայ գիրը, հայ բանաստեղծությունը»,- ամփոփեց Էդվարդ Միլիտոնյանը:
Տեր Թովմա քահանան՝ բանաստեղծ Վահան Անդրեասյանը, նկատեց. «Սուրն ու սուգը անընդհատ կախված են եղել այս ժողովրդի գլխին, որպեսզի նա իր ճանապարհից չշեղվի: Մեր ժողովուրդն էլ, կամա թե ակամա, առաքելություն ունի պահպանելու այս տարածքը, այս վայրը»:
«Այդ գրքերը մեզ հուշում են, որ զգույշ լինենք, որ կա թշնամի, կա ոսոխ, որին պետք է դիմագրավել, ոչ թե տանել նրա պատճառած տառապանքները, այլ սուր վերցնել նրա դեմ»,- ասաց գրականագետ Վազգեն Գաբիրելյանը և հավելեց. «Երբ այսօր կարդում ենք Սիամանթոյի, Վարուժանի և մյուսների ստեղծագործությունները, մեզ թվում է, թե նրանք կանխատեսել են իրենց մահը, իրադարձություններն այնպես են նկարագրել, որ թվում է, թե նկարագրել են հենց այն, ինչ իրենց հետ տեղի է ունեցել»: Կատարվածը բնորոշելով իբրև մշակութային ցեղասպանություն՝ Վ. Գաբրիելյանը ցավով փաստեց, որ եղեռնազոհ գրողների մեծ մասը երիտասարդներ էին, մեծ անհատականություններ և մեծ հնարավորություններ ունեին նորը ստեղծելու:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ՝ պատմությունը և ճշմարտությունը, ի վերջո, հաղթանակելու են: «Մեր այսօրվա խնդիրը պիտի լինի ոչ թե պառակտվել, իրար դեմ ելնել, այլ համախմբվել, որպեսզի ճիշտ պահին, ճիշտ տեղում կարողանանք իրագործել մեր ժողովրդի երազանքները»,- շեշտեց նա:
«100 տարի առաջ արևմտահայ գրականության մեծերի՝ Սիամանթոյի, Վարուժանի, Երուխանի, Թլկատինցու և մյուսների խոսքը այսօր էլ հնչում է, և հնչում է ոչ միայն հայերեն, այլև այլ լեզուներով՝ լսելի դառնալու համար նրանց, ովքեր 1915 թ. խուլ էին, և մի ողջ ժողովուրդ սրի էր մատնված»,- ասաց բանաստեղծ Հերմինե Նավասարդյանը՝ այսօրվա ընթերցումը յուրօրինակ ոգեկոչում համարելով նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին:
Այնուհետև եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները ընթերցեցին ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Փամպուքճեանը և Հրաչյա Ստեփանյանը՝ գերմաներեն, Նվարդ Վարդանյանը, Ռուզան Միրզոյանը և Վահագն Ղուշչյանը՝ ֆրանսերեն, Վահե Ասվատուրեանը՝ անգլերեն, Գեորգի Կուբաթյանը և Վիկտորյա Պետրոսյանը՝ ռուսերեն: Ասմունքող Աիդա Մինասյանը կարդաց Դ. Վարուժանի, Ռ. Սևակի, Գ. Զոհրապի, Երուխանի, Սիամանթոյի, Ռ. Զարդարյանի, Ա. Հարությունյանի ստեղծագործություններից, իսկ ջութակահար Սյուզան Գասպարյանը կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից:
Հանդիսությունը վարում էր Պետրոս Դեմիրճյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ