Նորայր Գրիգորյանի «Ամեն առավոտ»-ը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ի՞նչ կա ավելի հաճելի, երբ բռնում ես մի տառի, բառի կամ խոսքի ծայրից և հանկարծ տեսնում ես, որ անցել ես ոչ միայն րոպեների, այլև ժամերի սահմանները: Հենց այդպիսի սահմանախախտ մղումների դրդող է Նորայր Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը: Ինչ կա ավելի հաճելի, երբ բառը ձգում է քեզ, հասկացնելով, որ հաջորդ րոպեի մեջ մի նոր ու հետաքրքիր խորհուրդ է բացվելու առջևդ, ու դու ենթարկվում ես նրան, գնալով իրար հաջորդող քայլերի, ներկա դեպքում՝ թերթելու գրքի էջերը:
Ենթակա լինելն այս աշխարհում ոչ մեկին չի գրավում: Ոչ ոք չի ուզում ենթակա լինել, այլ միայն՝ առաջինը, գլխավորը, առաջնորդողը, գիտունը, իմաստունը կամ լիդերը՝ նորօրյա մեր խոսքով: Ենթակա լինելը, լավագույն դեպքում, ասոցացվում է անազատության ու կաշկանդվածության հետ: Սրա մեջ համոզված ենք շատերս: Եվ ուրիշ բան է այն, որ բարեկիրթ իրականությունը ելքեր է փնտրում ենթակային խրախուսելու՝ ազատ խոսքի և իր լավագույն հնարավորություններն ի հայտ բերելու համար:
Ահա այս ճշմարտությունն եմ ուզում համադրել քիչ վերում արած իմ այն մտքի հետ, թե չկա ավելի հաճելի բան, քան ենթարկվել բանաստեղծական բառին ու գնալ նրա ետևից, համոզված լինելով, որ հանդիպելու ես էջ առ էջ բացվող խորհուրդների: Ենթարկվել բառին, տողին, խոսքին և նրանով հաղթել ժամանակին: Ահա ենթակա լինելու հաճույքը:
Այդպես ես ենթարկվեցի Նորայր Գրիգորյանի բառին ու խոսքին և գնացի նրանց ետևից, որովհետև էջ առ էջ բացվող խորհուրդներ գտա նրա «Ամեն առավոտ» վերնագրված բանաստեղծությունների ժողովածուի էջերում: Եվ եթե առօրեական իրականության մեջ ենթակա լինելն ասոցացվում է անազատության կամ կաշկանդվածության հետ, ապա այս դեպքում, ենթագրվել բանաստեղծական բառին՝ նշանակում է նրա հետ խախտել բոլոր սահմանները, վայելել ոչ միայն վարում, այլև վերում ազատորեն տեղաշարժվելու հաճույքը: Ենթագրվել բառին, նշանակում է գնալ քեզ կանչող ձայնի ետևից, մտնել անիմանալիի սահմանները, տարբերել լսելի ու անլսելի ձայները, տեսանելի ու անտեսանելի գույները, ժամանակային ու տարածական չափումները…
Ենթարկվելով Նորայր Գրիգորյանի տեսանելի ու անտեսանելի, ընթերցելի ու տողատակ անցած բառին ու խոսքին՝ ես գնացի նրանց ետևից: Սուս ու փուս խախտեցի րոպեներն իրարից զատող ժամանակի սահմանները և հիմա, ահա, վերադառնալով, հանձն եմ առել պատմել, թե ինչ զգացումներով գնացի նրանց ետևից:
Ես խախտեցի առօրեական րոպեների սահմանները, սակայն Նորայրի խոսքը ոչ թե մարդկային մտքով կանոնակարգված ժամանակի, այլ՝ ժամանակային չափման հավաքական գոյության մասին է: Այն, ինչի շուրջը պտտվում է բանաստեղծի միտքը, ժամանակային մի ֆոն ունի, որին նրա բանաստեղծություններում հանդիպում ենք «եռաշերտ», «եռասլաց» և երեքը մի տեղ ներկայացնող նման անվանումներով: Երեքն, անշուշտ, մարդկությանն իրենց խորհուրդներով մշտապես զբաղեցնող անցյալն է, ներկան ու ապագան: Իսկ Նորայր Գրիգորյանին, ներկա դեպքում զբաղեցնողը այդ երեքի հավաքական գոյությունը, այսինքն՝ անսահմանի կամ հավերժի գոյությունն է: Ահա եռամիասնության այս ֆոնին է ծավալվում բանաստեղծին առաջ մղող ուժը.
Անվերադարձ ճանապարհի արտացոլանք,//ջրերի մեջ՝ դեպի եզերքը գնացող,//ի՞նչ տիեզերք էր, որ այդպես էլ ամբողջ մի կյանք//որոնեցի կապույտ աստղը այն սլացող:
Որոնում: Ահա առաջ մղող ուժը: Իսկ եթե որոնածդ ոչ այլ ինչ է, քան «կապույտ աստղը այն սլացող», ուրեմն, մինչև որոնումն սկսելը գիտեիր, որ գնալու ես առաջ սլացողի ետևից, և քեզ արդեն հմայել էր ճանապարհի անվերադարձ լինելը: Եվ այդ հմայքն ավելի էր ձգում ու փարում իրեն, որովհետև քո առջև եղածը մի տարածք էր, որտեղ բացված գաղտնիքը ոչ թե այն մասին էր, որ ճանապարհն անվերադարձ է, այլ այն մասին, որ քեզ համար շատ տեսանելիորեն առկա է անվերադարձի արտացոլանքը: Հենց այդ՝ անվերադարձի արտացոլանքն ունեցող «ջրերում» էլ սկսել է թիավարել բանաստեղծը՝ առջևում որպես փարոս ունենալով սլացքի մեջ գտնվող կապույտ աստղը:
Փիլիսոփայությունն այն մասին, որ ոչինչ նոր չէ այս լուսնի տակ, վաղուց է բանաստեղծների համար շնորհաբաշխ դաշտ դարձել: Նորայր Գրիգորյանի անդրադարձն այս թեմային մեկ անգամ ևս փաստում է այն, որ չկա ոչինչ, որ չունենա իր «անդրադարձը երկնային»: «Անվերադարձ ճանապարհի արտացոլանքն» ընկալող բանաստեղծը, սակայն, մի երազանք ունի՝ հաղորդ լինել «կապույտ աստղի» սլացքին: Ահա այստեղ նաև ամենակարևորն է՝ արտացոլանքների ծովում թիավարող բանաստեղծական հոգին կարևորում և վայելում է աստվածացած և մարդեղացած էությունների մտերմությունը: Նրանք՝ Աստված և մարդն իր պատկերով, երկուսն էլ առանց հագուստի են, այսինքն՝ մերկության աստիճանի մաքուր, անկեղծ ու անթաքույց են կանգնած իրար առջև: Եվ դա է Նորայր Գրիգորյանի բանաստեղծական հավատամքը՝ եթե քեզ թղթին ես հանձնում, ուրեմն՝ Աստծուն ունենալով արա այդ, այսինքն՝ զուլալ մաքրությամբ:
Ժամանակի եռաշերտ հագուստը// շպրտում եմ խոտերի մեջ,//վազում օդի պղպջակների վրայով://Ոտքերս խուտուտ են գալիս:
Այո՛, եռաշերտ ժամանակներից դուրս իրավիճակի, այսինքն՝ հավերժի հետ լինելու ապրում է սա, օդի պղպջակների վրայով վազողի զգացողություն, որը նախապատրաստում է բանաստեղծի հանդիպումը Գերագույնի հետ:
Հայտնվում եմ Աստծուն դեմ դիմաց՝// Խուտուտից ծիծաղելով://Զարմացած Տերը հարցեր է տալիս ժամանակներից://Ասում եմ՝ ես հագուստ չունեմ:
– – – – – – – – – – – – – – –
Տեսնում եմ, որ ինքն էլ հագուստ չունի,//Որ խոտերի մեջ, իմ հագուստի կողքին,//Իրենն էլ է ընկած…
Ահա այս հանդիպումն է ոգևորում բանաստեղծին՝ գնալու համար կապույտ աստղի ետևից, այսինքն՝ երկնքոտ աստղի ետևից, որովհետև կապույտը երկնքի գույնն է: Այն էլ՝ խաղաղ երկնքի գույնը՝ իր մեջ թագավորող բոլոր խորհուրդներով: Քայլում է բանաստեղծը երկրի վրա՝ ունենալով երկնքի բարեկամությունը: Երկիրը չի բավարարում նրան, երկրային ոչինչ չի գոհացնում, քանի դեռ նրա մեջ երկնքից, այսինքն՝ խաղաղ ու երանելի հավերժից մի կտոր չկա: Ուստի նա շարունակում է պտտվել «երկնաջրերում».
Երկնաջրերում ես թափառեցի//և իջա երկիր://Մի ծառ ինձ ասաց.//- Մոտ արի, գարուն,//ես այն աղջիկն եմ,//որ մնաց այնտեղ://Ինձ կապույտ ծաղկե//շորեր հագցրու,//որ լողամ քո թաց// թևերի վրա://- Ինձ ծառ դարձրու,-//ասացի նրան:
Հավերժության խնդիրը փիլիսոփայության և հոգևոր ոլորտներին վերաբերող խորություններ ունի, որոնց մեջ անվախ թաթախվում են նրանք, ովքեր չեն կարողանում դիմադրել անիմանալի ուժերի կանչին: Հաճախ այնտեղ կորչում են, հաճախ էլ՝ անուժ ու թևաթափ ետ են դառնում կես ճանապարհից: Բանաստեղծները իբրև լուսեղեն տեսիլք են ընկալում այն և նրանով գրավվող թիթեռների պես պտտվում են հավերժական լույսի շուրջը: Կարող են այրել թևերը, եթե փորձեն ուղիղ ճանապարհով մոտենալ նրան: Ուստի յուրաքանչյուրն ընտրում է միջանցիկ մի ճանապարհ, այն ուղին, որի մեջ իրեն բավարարված է զգում: Ներկա դեպքում Նորայր Գրիգորյանը ընտրել է մի հարթակ, որն իրեն թույլ է տալիս անվարան ու համոզիչ խոսել հավերժի թեմայով: Եվ այդ հարթակը հավերժի արտացոլանքն իր մեջ պահող երկիրն է: Բանաստեղծը բավարարվում է հավիտենության արտացոլանքի հետ հանդիպումներով: Նման հանդիպումներից է ծառի հետ հանդիպումը, որը հիշեցնում է իր մասին, որպես երկնքում ապրող աղջիկ-էակի: Բայց հանդիպումը ճանաչման կվերաճի միայն միավորման շնորհիվ, այն ժամանակ, երբ արտացոլողն ու արտացոլվողը միևնույնը լինեն, ուստի՝ բանաստեղծի առաջարկը մեկն է՝ «Ինձ էլ ծառ դարձրու»:
Երկրով անցնող ամեն ինչ գնում է միանալու երկնային հավերժին: Այս փիլիսոփայության կողքին կանգնած բանաստեղծը ավելի է առաջանում, գալով այն թեմային, թե ոչինչ ոչ միայն նոր չէ, այլև չի կորչում: Ոչ միայն չի կորչում, այլ, երբեմն, նույնիսկ անսանձ կրքերով է իր տեղը գտնում: Ասելիքն ավելի հավաստի դարձնելուն բանաստեղծին, ահա, օգնում է չիրականացված երազանքների օրինակը. այսպես՝
Չիրականացված ոչ մի երազանք,//Չի կորել, ասենք, ձմեռվա ցրտում,//Տես, ձյունը ինչպես քնքշանքի նազանք,//Լուռ կուտակվում է մեռյալի սրտում://Եվ պսպղում են աչքերը նրա// Զարդ ու նախշերով պճնված լույսի,//Տես, ինչպես շողուն բագինի կրակ,//Մեռյալն է ելնում՝ շղարշը ուսին://Եվ թափառում է բոբիկ ոտքերով,// Ձեռքերը պարզած հեթանոսի պես,//Գրկում է շողը դեղին թերթերով,//Շուրջը տարածում երազանք ու ծես:
Հեռացողն իր հետ տանում է իր չիրականացած բոլոր երազանքները ու հանձնում ժամանակների շրջապտույտին: Եվ երբ տողի մեջ կրկին կապույտի մոտիվն է արթնանում.
Կապույտ ջրեր են հոսում երկնքով,// Կապույտ աղջիկներ՝ երկինքը հագած,// Տես, հեթանոսի չմարող կրքով//Երազանքները դառնում են անսանձ:
Ինչպես հավերժության, այնպես էլ կյանքի անցողիկության թեման բազում խոհերի, բանաստեղծական գեղեցիկ ու իմաստուն խոսքերի տեղիք է տվել ստեղծագործող անհատների գրչին: Չկրկնեմ, մանավանդ, յուրաքանչյուրիս ծանոթ են սրտի այն թրթիռները, որ առաջացրել են Սայաթ-Նովան, Թումանյանը և այլ Մեծեր, ովքեր գոհարներ են կերտել այդ թեմայի մեջ:
Արարված կյանքի մեջ ժամանակի անցողիկությունը բանաստեղծական ուրույն մոտեցում ու գծագրումներ ունի Նորայր Գրիգորյանի պոեզիայում:
Սորուն ավազը, որը բանաստեղծի կողմից ընտրվել է որպես անցողիկության հավաքական կերպար, չի կարող համբերել և խուտուտ է տալիս մնայունի կերպար Համբերությանը: Մի նուրբ ու հեգնախառն և կամ՝ զվարճախառն պատկերի ստեղծումով, ահա, գցված է իրավիճակի հիմքը: Իրավիճակն անցողիկությունն է, և համբերությունը չի կարող հաղթել նրան: Այդպես, ասես համտեսում ենք դառը ճշմարտությունը՝ կարդալով «Ավազե ժամացույցը» բանաստեղծությունը.
Համբերությունը պառկած էր ծովափին,//Ավազի վրա://Ավազը խուտուտ տվեց//նրա համբերող մարմինը,//և համբերությունը չհամբերեց,//ծիծաղեց երկար://Իսկ ավազը համբերում էր,//բայց ապակե ժամացույցի մեջ//ցույց տալիս իր մերկ մարմինը,//անհամբեր ու անամոթաբար հաշվում//սորուն րոպեները ժամանակի ընթացքի:
Բանաստեղծությունն, անշուշտ, նաև անշոշափելի կերպարների ստեղծման արվեստ է: Շոշափելի, իրական գործողությունների ու կերպարների որքան ասես ներկայացումներ կան հայ ու համաշխարհային պոեզիայում: Դրանք անտառներ են, ծառեր, երթեր, շքերթներ, տներ, դաշտեր, մայրեր ու հայրեր, կամուրջներ, գնացքներ ու կառամատույցներ, սիրած աղջիկներ ու կամ տղաներ, և այլն, և այլն… Ասելիքը տեղ հասցնելու համար հաճախ են կերպարայնացվել նույն այս ու նման իրերն, անձերը կամ երևույթները: Հայ գրականության մեջ գլուխգործոցներ կան այս առումով: Ինչպե՞ս կարող ես մոռանալ՝ «Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված» չարենցյան տողերը: Սակայն երբ ասում ենք, թե բանաստեղծությունը նաև անշոշափելի կերպարների ստեղծման արվեստ է, կերպարի դերում նկատի ունենք, ասենք՝ համբերությունը, հիշողությունը, ժամանակը, անհայտությունը և այլն, որոնց գոյությունը շոշափելի վարպետությամբ կերպավորելով էլ աշխատել է Նորայր Գրիգորյանը: Որքան էլ աներևույթ, բայց Նորայր Գրիգորյանի պոեզիայում դրանք «հասցեներ», այսինքն՝ անվան հետ նաև նկարագրություն, էություն ունեցող իրողություններ են: Այլ բան է այն, որ կյանքն ստիպում է երբեմն «կրակել դրանց ճակատներին», որովհետև դրանք երբեմն ապրում են տառապանքի հասցեներում: Ահա այս մասին է տարողունակ ասելիքով հարուստ «Անհասցե» բանաստեղծությունը: Մնում է բացել երկնքի հետ հաշտ ապրելու գաղտնիքը:
Բանաստեղծական խոսքով ասած, կրակում ես՝ ստեղծված իրավիճակն անհասցե թողնելու համար, այսինքն՝ չես հաշտվում իրավիճակի հետ, սակայն «Ամեն անգամ թափառումներում //մի տեղ ավարտվում են ճանապարհները»:
…Ու ամեն անգամ մի տեղից//Աստիճաններ են սկսվում//Դեպի երկինք:
Սա է տառապանքի փոխհատուցումը՝ ճանաչել տառապանքի մեջ բացված երկինքը, որ բանաստեղծի հոգեդաշտում մշտապես տեսանելի խաղաղ կապույտի մեջ է:
Նորայր Գրիգորյանի պոեզիայում բանաստեղծական կերպարներ են ոչ միայն անշոշափելի երևույթներ համբերությունը, հիշողությունը, մոլորություն և այլն, այլև գույներն ու ձայները: Ձայներին նվիրված բանաստեղծական խոհի մասին խոսելիս անպայման հիշում եմ Ռազմիկ Դավոյանի այնքան գեղեցիկ ու ազդեցիկ իմաստասիրությունը նրա «Ձայները» բանաստեղծության մեջ՝
Ձայները գուցե չեն մեռնում բնավ,// Գուցե պահվում են ջրերի խորքում,//Գուցե մտնում են խեցիների մեջ//Մարգարտանալու տենչանքով զնգուն:// Եվ կախարդական ձկների տեսքով//Գուցե աշխարհ են գալիս վերստին,//Ապրում են դարձյալ, կորչում են դարձյալ՝//Կյանք տալով այս նոր խաբկանքին, ստին:
Նորայր Գրիգորյանը ձայնային գույների ու գունային ձայների գաղտնիքները համտեսած բանաստեղծ է.
Մթնշաղից առաջ//վերադառնում են ձայները://Մթնշաղից հետո //գալիս են զարդարված ձայները՝//առանց սևի, ինչպես տարածությունը՝// մայիսյան օրվա մեջ,//ինչպես ջրին պառկած//նախորդ տարվա ջրիմուռը,//որի վրա հայտնվել է//գունավոր ու չտեսնված մի թռչուն…
Ահա մի ուրույն կառուցվածք, որտեղ գույների ու ձայների համար մի բաժանարար գիծ կա, և դա մթնշաղն է: Որտեղ երկինք ու երկիր իրար հետ համադրելու համար օգտագործվող մի տարածք կա, և դա ջրիմուռն է, որտեղ մի թռչուն կա, որի պատկերը արտացոլվում է ջրում, որտեղ ասվում է, որ թռչունը խոսում է, ասես ինչ-որ բան է փնտրում եկող ու գնացող ձայների մեջ: Այս ամենն ինքն իրենով գեղեցիկ ու պատկերավոր ներկայացում է: Սակայն ասելիքն ամբողջացնող տողերը վրա են հասնում անսպասելի ու, ասես, իմիջիայլոց.
Եվ չգիտես՝//ո՞ր թռչունն է խոսում՝//ջրի՞ն, թե՞ երկնքին նայողը:
Ասելիքն ամբողջանում է Նորայրին զբաղեցնող նույն՝ արտացոլանք ունենալու գաղափարի շուրջը, իսկ եթե արտացոլանք, ուրեմն, իսկապես, դժվար է որոշել՝ խոսողը թռչո՞ւնն է, թե՞ նրա արտացոլանքը: Իսկ եթե սույն բանաստեղծության վրայից ետ տանենք շղարշը, այնտեղ կհանդիպենք իրեն՝ բանաստեղծ Նորայր Գրիգորյանին, ով ուզում է տարբերակել ու հստակեցնել, բանաստեղծական լեզվով ընթերցողի հետ խոսողն արդյոք ի՞նքն է, թե՞ իր արտացոլանքը: Ահա մի մոտիվ, որով բացահայտվում է բանաստեղծական ներշնչանքի աղբյուրը:
Երբ, վաղուց վերհանված պատկերավոր իմաստասիրությամբ ասված՝ մարդիկ գալիս ու գնում են՝ նայելով աշխարհի պատուհանից, կամ երբ, Նորայր Գրիգորյանի խոսքով, ժամանակը խուտուտ է տալիս համբերությանը, ու «քո տեղը թափուր է մնում», ի՞նչ է կատարվում դրանից հետո: Ի՞նչ կարող է կատարվել, և ինչպե՞ս է բանաստեղծը նկարագրում կատարվածը: Նա, ում հայտնի են գունաձայնային երանգների ներդաշնակ կապը եռաշերտ ժամանակի մեջ և երկինք ու երկիր կապող բնության ոգեղենությունը, այսպես է գրում.
Երբ քո տեղը թափուր է մնում,//Գարնան ծառերի երազանքները//Բողբոջում են վերադարձող ջրերի վրա,//Եվ քո գույները տարածվում են //Արթնացող թռչունների ձայների մեջ,//Հոսում դեպի դատարկություն://Կարմիր, կապույտ, կանաչ ձայներով//Բաբախոցներ են լսվում//Թռչունների կտուցներից:
Ուրեմն, ի՞նչ է լինում նրանց հետ, ովքեր վեր են ելնում «ժամանակի խուտուտով» և դատարկ են թողնում տեղերը: Կա փոխհատուցումը, համոզված է բանաստեղծը: Դատարկ մնացած տեղերը փոխհատուցվում են թռչունների կտուցներին ապրող ձայներով, որոնք հեռացողների գույներով են ձայնակցում իրար:
Նորայր Գրիգորյանի պոեզիան տարածքների մասին է՝ հողեղեն ու ոգեղեն տարածքների: Այն մասին, թե ինչպես են նրանք միավորվում՝ արտացոլվելով իրար մեջ: Նաև այն մասին, թե ինչպես կարող է ընկերության տարածքը բերկրանք պատճառել միայն այն պատճառով, որ հողեղենի մեջ նրա ոգեղենն ուժեղ է.
Ես ոչ մի անգամ չեմ եղել երկնքում,//իմ պոետ ընկեր Նորիկ Բաղդասարյանը եղել է://Այսօր առավոտյան նա եկավ և ասաց.//- Պատմեմ քեզ երկնքի մասին,//ասացի՝ Նորիկ, ես այստեղ ապրել եմ քո փոխարեն,//դու այնտեղ՝ իմ: Ասաց՝ գիտեմ, բայց արի գնանք//Ղուկասյանի Թավշուտ գյուղ,//ուր ապրում է մեր պոետ ընկեր//Վահան Սևանը, և կտեսնես,//թե ինչպես են սարերը բարձրանում երկինք,//երկինքն ինչպես է իջնում ներքև://Աշուն էր, բայց գարնան հանդերձներով://Դե եկ ու տարբերիր՝ ո՞վ է երկնքում//և ով՝ սարի վրա,//երբ անձրևի տակ, երբ անձրևի մեջ// հրաժեշտ տվեցի իմ պոետ ընկեր//Նորիկ Բաղդասարյանին:
Բանաստեղծը հրաժեշտ է տվել ընկերոջը, բայց ոչ՝ ընկերությանը, որովհետև այն ոգեղեն է: Իսկ այն, ինչ ոգեղեն է, հզոր է ավելի, քան իր հողեղեն արտացոլանքը:
Նորայր Գրիգորյանի պոեզիան նրա այն խոհի տիրույթներում է, որը տանում է առօրյայից վեր գտնվողի ճանաչողությանը: Հասկանում ես, որ, իսկապես, ամեն առավոտ պետք է վեր նայել ու երկնքում փնտրել կապույտ գույն ունեցող ոգեղենը: «Ամեն առավոտ»: Իր ժողովածուի համար ընտրած այս վերնագրով էլ հենց դա է հիշեցնում իր ընթերցողին բանաստեղծ Նորայր Գրիգորյանը:
Ինձ մնում է ավելացնել, որ գունաձայնային մոտիվներով աշխատող բանաստեղծը նույն հոգեկերտվածքի մեջ է, ինչ իրեն ծնող հայ ժողովուրդը, ում համար կապույտը մշտապես ասոցացվել է խաղաղ երկնքի, բարության, համեստության ու գաղտնախորհուրդ զգացումների հետ: Նորայր Գրիգորյանի դեպքում, ոչ թե կարմիր գծի նման, ինչպես ընդունված էր օգտագործել ժամանակին, այլ կապույտ գծով է ընդգծված նրա ասելիքը, որը կերպավորվել է «կապույտ աստղ», «կապույտ ջրեր», «կապույտ աղջիկ» ու նման այլ խորհուրդների մեջ: Բանաստեղծի սերը կապույտի նկատմամբ ես բացում եմ Պարույր Սևակի այն խոսքով, որով նա հայտարարում է՝ «Կապույտի վրա ճանճեր չեն նստում»:
Իսկապես, կապույտի պես խաղաղ, մաքուր, իր համեստության մեջ խորհուրդներով է լի Նորայր Գրիգորյանի պոեզիան, որն էլ արժանացնում եմ այսօր ձեր ուշադրությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.