«Միջնաշեն» վեպը Զորայր Խալափյանն սկսել է գրել 1983 թ.-ին, երբ դեռ շատերս չգիտեինք Արցախի պատմությունից գրեթե ոչինչ: Իսկ թե իրենից ինչ էր ներկայացնում Միջնաշենը, որ նույն ներկայիս Թալիշն է, որից չորս կիլոմետր հեռավորության վրա է Հոռեկա վանքը, որտեղ «հինգ տարի ապրել է Մեսրոպ Մաշտոցը, դպրոց է բացել, տառերն է սովորեցրել միջնաշենցի երեխաներին…», չգիտեին մեզանից շատերը:
Այստեղ, ինչպես բոլոր ասքերում, երևում է պարզ ու խորհրդավոր բնությունը, նրա տարերքը, ժողովրդի հավաքական կերպարը, ինչպես և բուն հզոր հերոսները: Սիրանոսը կարողանում էր խոսել կենդանիների հետ, կարողանում էր խոսելով անձրև տեղացնել: Նրա դուստր Ծովիի կորչելն էլ մի իսկական հեքիաթ է: Առաջին հայացքից պարզ ու բացատրելի հերոսներից Չալունց ընտանիքն իրականում դյուցազունների զարմ է՝ նահապետական բարեկեցիկ կյանքով ու ավանդական բարքերով:
Պատումն սկսվում և ավարտվում է կոնկրետ թվականներով՝ 1918-88: Այսինքն՝ այնքան, որքան Սովետական Միության տևողությունը: Այս երկու թվականների միջև ընկած Միջնաշենը պռնկեպռունկ կրում է հասարակարգի բոլոր արհավիրքները: Աշխարհացունց աղետները դեռ բնակիչներին չէին առել իրենց հորձանուտը, բայց Չալունց տան հինգ տղամարդկանցից երեքը արդեն կամավոր ընդգրկված էին տարբեր թոհուբոհների մեջ: Տանը մնացել էին միայն Աբգար հայը՝ պապը և ամենափոքրը՝ Յապոնը:
Սևին կամավորական պարտված զինվոր էր, իր նմանների մի խմբով Թիֆլիսից վերադառնում էր Արցախ՝ իր տունը: Արշակ որդին հրաժարվում է վերադարձի մտքից, որոշում է մեկնել Սարդարապատ՝ մասնակցելու պաշտպանական կռիվներին: Հովսեփ որդին բոլշևիկ է՝ գլխովին խրվել է Բաքվում ընդհատակյա կազմակերպության մեջ: Թվում է՝ եղբայրներից ամեն մեկն իր գլխի տերն է, բայց հայտնվում է այնտեղ, ուր տանում է պատեհության քամին: Գրողի ողջ համակրանքն, իհարկե, իրենց հայրենիքը պաշտպանողների կողմն է: Միջնաշենի մարդկանց համար ապրելը մաքառում է, ինչպես աշխարհի բոլոր մեծ ու փոքր ասքերում: Մարդիկ մաքառում են ամեն օր, ամեն ժամ, կռիվ են տալիս արտաքին թշնամու դեմ, գլուխ են հանում անձերի ներսում կատարվող խմորում – հասունացումներից, ծառանում են սովի, ազգամիջյան ու միջանձնային կոնֆլիկտների դեմ: Այս ամենից ծնվում է լուսավոր ու վսեմ գաղափարը… Այս դժոխային տանջանքները տարանք հանուն ՄԱՐԴ մնալու: Աբգար հայը՝ ծեր արծիվը, օրհասի պահին դեռ պիտի թափահարեր թևերն ու մաքառեր իր հարազատ գյուղի կյանքի ու մահվան կռվում:
Քանի որ «Միջնաշենը» լույս է տեսել 1991-ին, երբ թեժ կռիվներ էին գնում Արցախի հողում, իսկ որոշ վկայությունների համաձայն վեպն սկսել է գրվել 1983-ից, հաստատ չենք կարող ասել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների արտացոլումը շարժումից առա՞ջ, թե՞ հետո է տեղ գտել վեպում: Մանավանդ որ այն ավարտվում է՝ հասնելով մինչև արցախյան շարժում: Սակայն մի բան պարզ է, որ հայ-ադրբեջանական ազգամիջյան կռիվները և Արցախի հարցը կենտրոնականն են ասքապատումի բոլոր ճյուղերում: Իսկ կոմունիստական-բոլշևիկյան հասարակարգի կեղծ ու պատիր լինելը այն պայմանն է, որի դեպքում ավելի ցցուն են երկու ժողովուրդների ազգային շահերն ու դրանց հակադիր լինելը, ավելի լավ է երևում, թե ով ով է: Երբ սարսափից տակը անող ադրբեջանցուն թույլ են տալիս հեռանալ, ու Յապոնը խղճահարությամբ նայում է նրա ետևից, Աբգար հայը ասում է. «Ինքդ նրա ձեռքն ընկնեիր՝ վիրավոր կամ գերի, առանց գլուխդ կտրելու չէր գնա: Մտածիլ մի: Հը՛, ինչի՞ գույնդ գցեցիր»:
Իսկ ամենացնցողն այն է, թե մինչև ուր էր կարողանում տեսնել գրողն այս աշխարհը: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշ-Միջնաշենում Խալափյանների տոհմից ծերուկ տատն ու պապը դաժանաբար սպանվելու էին այն ադրբեջանցիների կողմից, որոնց նախնիների դեմ կռիվներ էին մղել, նաև քիրվայություն էին արել նրանց հետ:
Խալափյանը իր հզոր գրչով այս մի կաթիլ ջրի մեջ կարողացել է ոչ միայն ազատագրական կռիվ, մեծ երկրների քաղաքական խաղ, հասարակարգային վիթխարի փոփոխություններ, երկիր կորցնելու ցավ և այլ խոշոր իրադարձություններ ներկայացնել, այլ նաև միամտորեն ամեն գարունքի զարթնող բնության չափ գեղեցիկ, բյուրեղի պես մաքուր մարդկային հոգիներ: Աբգար հայը, Սևին, Արևհատը, Եփրեմը տիպարներ են, որ կարծես ծանոթ են մեր հին ասքերից ու նոր են միաժամանակ: Նրանք այս պատումի չպարտվածներն են: Աբգար հայը՝ հերոսական այս Չալին, մեռավ իր մահճում, բայց փառք ու պատիվ վաստակած, Սևին ինքն ընտրեց Սիբիրը, քանի որ ապագան տեսանելու իր բնազդով սերունդը պահելու այլ տարբերակ չէր գտնում: Արևհատը Չալունց գերդաստանը պահպանող մի աստվածուհի է, որ դիմացավ կյանքի ամենադաժան հարվածներին՝ հոր՝ արհեստի, կրակի, երկաթի աստվածություն հիշեցնող դարբնի դաժան մահվանը, երեխայի կորստի ցավին, ամուսնու դավաճանությանը, Սինթադեի հետապնդումներին, նույնիսկ Բաքվում ակամա բոլշևիկյան ընդհատակյա գործունեության մասնակիցը դարձավ: Մերժեց իրեն ողջ կյանքում հետևող Եփրեմի սերը, երբ ինքն էլ անտարբեր չէր նրա նկատմամբ:
Ասքը, սակայն, ասք չէր լինի, եթե այստեղ երազներ չլինեին, երազներ ու երազահաններ… Վեպի հենց սկզբում Արշակը հորը՝ Սևուն պատմում է իր երազը, և այնուհետև հեռուներից-զինվորությունից վերադարձած երիտասարդները պատմում են նույն երազը՝ Միջնաշենում թեև գետ, լիճ, ծով չկա, բայց ինչ-որ տեղից վիթխարի ջրեր են հոսում, ծածկում Միջնաշենը… Կարո՞ղ է սա գրողի համար էլ է կրկնվող երազ եղել: Եթե այդպես չլիներ, գուցե այդքան իրական ու այդքան ապրված չէր նկարագրվի: Ինչո՞ւ ջրերը գալիս են Արևմուտքից դեպի Արևելք, ինչո՞ւ են հատկապես զինվորությունից եկած ու դեռևս իրենց զինվոր համարողները պատմում այս երազը… Գաղտնագրված մի կանխատեսո՞ւմ է, թե՞ գրողի պայծառատեսություն: Նորից հիշենք, որ վիպասքն սկսել է գրվել 1983-ից… Փորձենք հասկանալ՝ սրանցից ո՞րն է ավելի հավանական… Հետևելով Խալափյանի՝ պատմության խորխորատները՝ մինչև Արա Գեղեցիկ ու Շամիրամի, մինչև Վասիլ Բ-ի ժամանակները թափանցելու եզակի կարողությանը, երբ մատենական կամ քարագիր սուղ տեղեկությունները նրա գրչի տակ կենդանանում, թևեր են առնում, պետք է մտորենք այս գաղտնագրերի մասին… Մանավանդ որ նրա մյուս ասքապատում «Մեռնող հառնողը» հենց զարմանալի մի գաղտնագիր է: Ուրեմն… Ի՞նչ կնշանակի մինչև Արցախյան պատերազմը պատմված այս զանգվածային երազը, որ վեպի հերոսները չեն կարողանում մեկնաբանել… Գուցե դեռ չէ՞ր եկել խելամիտ մեկնության ժամանակը: Գյուղի Տեր հայրը փորձում է բացատրել, քանի որ իրենից դա է պահանջվում, բայց «մի նոր ջրհեղեղից» այն կողմ չի անցնում: Իսկ ինչո՞ւ Արևմուտքից, ինչո՞ւ պիտի ջուրը ծովի ջրի պես աղի լիներ: Եվ էլի մի բացատրություն, որ գիտականի է նման. «Գիտության կողմից հնարավոր է, որ Սև ծովի ջուրը հոսի դեպի Կասպիական: Որովհետև, ինչպես հայտնի է, Սև ծովը բարձր տեղ է, իսկ Կասպին նրանից քաշ, ձորի մեջ: Եթե ջրի բերանը բացող լինի, կհոսի, բա ինչ կանի: «- Լավ ջրանցք կլինի,- ծիծաղեց մեկը»: «- Հետո՞, էլ ինչ տեսար,- ասաց Տեր հայրը: – Հույս չտեսա՞ր, հույս»: «- Ի՞նչ հույս,- չհասկացավ պատմողը, ապա երևի գլխի ընկավ: – Հա, կար: Մի մեծ քերծ կար: Մի մեծ քերծ սար էր ջրում տնկված, ասում են, ո՛վ էր ասողը գլխի չեմ, ասում է՝ ջրհեղեղն, էլի՛, ջուր է, կգա, էլի կգնա»: «- Ջուր է, ջրի եղածն ինչ է: Սա՞րն է պինդ, թե՞ ջուրը»: Սա Սմբատն է ասում, որ ղեկավարելու էր ինքնապաշտպանական կռիվը, և դրանով էլ դրվելու էին Արցախի նորագույն պատմության հիմքերը:
Եվ այս ամբողջ դարակազմիկ անցուդարձը առաջին անգամ մեր գրականությանն ավանդեց Թալիշում՝ այդ ջրերից գլուխը ցից քերծին ծնված Զորայր Խալափյանը: