ԱՍՔ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՍԵՐՆ Է / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ընդուված է ասել, նաև՝ ամեն նոր օրվա հետ հաստատվում է, որ Աստծո տված ամենամեծ պարգևը մարդուն սերն է… Այս սերը տրվում է Խալափյանի հերոսներին բազմիցս և բազմիցս էլ չի ավարտվում մարմնական մերձեցումով, կամ միանում են ժամանակավորապես և բաժանվում հավետ: Մինչդեռ հոգիները միացած են առաջին իսկ հանդիպումից, գուցե և այս կյանքից էլ առաջ, և դեռ շատ անգամների հանդիպում է սպասում նրանց՝ ոչ այս աշխարհում:
Այդ սերերը մնում են ոգեղեն՝ ապացուցելով սիրո և գեղեցիկի միասնական լինելու պլատոնական գաղափարի ճշմարտացիությունը: Պլատոնական են մնում Անտիկի և Ստեփան Եսայանի («Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»), Հռիփսիմեի ու Արմենակի («Երիցուկի թերթիկներ»), Զարուհու և Լիպարիտի («Պատը»), Արուսյակի ու Տիրայրի («Մեռնող հառնող»), Արևհատի ու Եփրեմի («Միջնաշեն») և այլ հերոս-հերոսուհիների սերերը: Հիշենք համաշխարհային գրականության մեծագույն սերերին և հաշվենք մեկ ձեռքի մատների վրա, թե նրանցից ո՞րը հասավ իր երազին: Հետո հիշենք բոլոր նրանց, ում մեծ սերը դարձավ մարմնական, և խորտակվեց ամեն ինչ… Այս շարքում առաջիններից կհիշենք Աննա Կարենինային ու Վրոնսկուն, Ռոմեոյին և Ջուլիետին:
Մեր Սասունցի Դավթի ծնողներին՝ Մեծ Մհերին ու Արմաղանին, վիճակված էր մեռնել հենց այն նույն օրը, երբ կատարված էր նրանց կյանքի մեծագույն խնդիրը՝ աշխարհին զավակ պարգևելը: Այն էլ ի՜նչ զավակ…
Աշխարհում մնացին այն սերերը, որ հոգևոր կապի սահմաններում էին. սրանց ողբերգականությունն անգամ գեղեցիկ է այնքան, որ հուզում է դարերի հաջորդականության մեջ հայտնված բոլոր վսեմ հոգիներին: «Ռամայանայի» հերոսն ու հերոսուհին, որ աստվածների մարմնավորում էին, գեղեցիկ են ու համապրումի վեհ թրթիռներ են պարգևում իրենց սիրո պատմությանը հետևող-հայեցողներին, քանի դեռ երկար ու ձիգ տարիների տառապանքները մեկը մեկից դաժան փորձությունների միջով ուղեկցում էին նրանց: Եվ ամեն ինչ քայքայվեց մարմնականից հետո: Եվ մնաց նախնական սիրո գեղեցկությունը:
Դժվար է պարզել, արդյո՞ք Խալափյանին առաջնորդել է պլատոնական սիրո իդեալի վեհությունը, թե՞ ներքնազգացողության խորխորատներով ընթացող ճանապարհն է նրան տարել այս ուղղությամբ:
«Պատի» հերոսի ու հերոսուհու՝ սովորական այս դրկից մարդկանց սերը չէր ունենա այն անբացատրելի, ձգձգվող, քաշքշվող, թեև փոխադարձ զգացումի անբացատրելի հմայքը, եթե ընթերցողը հերոսների հետ համապրումի ծանր պահերն անցնելուց հետո վերջապես հասներ խաղաղ հանգրվանի: Դաժան այս իրողությունն է, որ երկի գեղագիտությունը չի վերածում մելոդրամայի: Լիպարիտը այն պարզ մարդն է, որ չի կարողանում բացատրություն գտնել իր հետ կատարվող երևույթներին, ու հենց սա է ողբերգականը, հենց սա է, որ հանելուկային է ու մտածել է տալիս համապրողին կյանքի զարմանալի ոլորանների մասին:
Լիպարիտը փորձում է հասկանալ ու չի հասկանում իր սիրո զգացման լարած թակարդների բուն իմաստը, և ընթերցողն էլ չէր հասկանա, եթե չլիներ Ստեփանի ու Անտիկի տխուր, բայց մեծ սիրո պատմության վկան:
Իրենց մարմնական կապին չհասնելու մեջ գրողի մի մեծ գաղափարի հաստատման բնազդական լինելու չափ իրական, բայց թաքնված, գուցե իրենից էլ գաղտնի ծրագիրն է:
Այս հերոս-հերոսուհիներին կարծես մի գերբնական ուժ է, որ ետ է պահում մարմնական ցանկությունը ի կատար ածելու մեծ ու փոքր գայթակղություններից: Նրանցից գրեթե բոլորի համար գալիս է մի պահ, երբ վերանում են բոլոր արգելքները: Գյուղում այլևս ոչ ոք չէր զարմանա ու չէր վնասի Անտիկի ու Ստեփանի միավորմանը: Դրացիներից ոչ մեկը չկար այլևս, որին վաղուց ձանձրացրած չլինեին Լիպարիտի՝ վերջ չունեցող, վաղուց իմաստազուրկ քաշկռտուքները: Որ Լիպարիտի՝ Զարուհուն իր կինը չդարձնելու մեջ արդեն կարևոր չէր, թե ինչ կասեին հարևանները՝ սոցիումը, իր համարձակ քայլով հաստատում է հայրը՝ ընտանիքից հեռանալով և ավելի խաղաղ կյանք վարելու հույսով: Ու դարձյալ փակուղի…
Արևհատին ու Եփրեմին նույնպես կաշկանդող ոչինչ չկար վաղուց: Արևհատի ու Հովսեփի ամուսնությունից դեռ շատ չէր անցել, երբ արդեն պարզ էր, որ ամուսինը Բաքվում կին ու երեխա ունի, Արևհատին հետապնդող Սինթադեն էլ վաղուց հեռացել էր նրա ճանապարհից, բայց նրա ու Եփրեմի՝ երկու արդեն տարեց մարդկանց հանդիպումը ճանապարհին չի փոխում նրանց կյանքի ընթացքը: Նրանք ազատ էին, և այդ ազատությունը միայն մի ավելի բարձր պատվանդանի դրեց իսկական սերը՝ պլատոնակա՞ն կոչենք այն, թե՞ գեղջկական…
Վասիլի («Կճուճների թագավորը») սերերից մեծագույնը սերն էր մոր նկատմամբ: Թիլ գյուղի բրուտանոցից մինչև Բյուզանդիայի հզոր կայսեր գահը տանող բոլոր ճանապարհներին նրա մեծագույն երազը մորը գտնելն էր… Եվ գտավ մի պահ, ապա կորցրեց՝ այլևս չգտնելու համար… Նրա այս սերը պետք է մնար հենց այն բարձունքին, որտեղ բուն էր դրել Վասիլի ծնված օրից:
Չէր կայանալու նաև Տիրայրի ու Արուսյակի մարմնավոր սերը, Հունանի որդիներից միայն մեկն էր, որ կին, զավակ ունեցավ, բայց նրա սերն էլ՝ որպես Հունանի տան էպիկական սերերից մեկը, պետք է ամենաողբերգականը լիներ: Դրանով իսկ վեհանար: Վեհանար հոր՝ Հունանի մեծ ու առասպելական պահվածքի շնորհիվ:
Սիրային այս բոլոր արտասովոր ողբերգական պատմությունների մեծագույն դասն այն է, որ անկարելի է այս սերերը «չստացված» անվանել: Սրանցից ծնված սերն ապրում ու հավերժանում է՝ դառնում կյանքի շարունակականություն՝ տիեզերքի մեջ ցոլացող լույս, աստղ, համաստեղություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։