«Մատյան ողբերգության» Բան ԻԱ, Գ գլխում Նարեկացին ասում է. «Եվ ինչո՞ւ պիտի ունենամ համբավ զգայականի,//Երբ իմացության դռներս են փակված»: Գրական ժանրերը ոչ թե ասելիքի նպատակն են, այլ այն արտահայտելու յուրահատուկ միջոցը, հեղինակի մտա-զգայնությունը բնականորեն դրսևորելու ինքնաբուխ կերպը գեղարվեստականության անպարագիծ տիրույթում:
Հասուն տարիքում գրողի բազմաժանրությունը գրական օրինաչափ ընթացք է, քանզի նա վաստակել է իմաստախոսելու իրավունք և որոշելու՝ որը՝ որից, ինչը ինչից հետո է:
2018 թվականին Հենրիկ Էդոյանը երկու գիրք հրատարակեց՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն և «Վերադարձիր տուն, Սեբնի» պատմվածքների ժողովածուն: Երկուսի դեպքում էլ նա հավատարիմ է մնում քաղաքային միջավայրին, մի աշխարհայացքի, որ հենված է մենությանը բնորոշ մտազգայնությանը. ներս սուզվող կամ վեր խոյացող է, բայց ոչ երբեք փռվող ու տարածվող. «Դրաման մե՜զ համար է, մեր կյանքի//զիգզագների, վեպը՝ պատմության //և ժամանակի,//բայց Աստված նախընտրում է քնարերգությունը»: Վերոնշյալ գրքերում Հենրիկ Էդոյանը շարունակում է հարազատ մնալ գրականության իր ուղենիշերին ու պոեզիայում, արդեն և՝ արձակում, առաջին հերթին ակնհայտ բնութագրական է մնում նրա ստեղծագործությունների՝ էդոյանական ԷԼԵԳԱՆՏ ներքին լարվածությունը, որը շարժման մեջ է պահում իրեն աշխարհում, միաժամանակ աշխարհով՝ իրեն. որպես խոհիս հավաստում՝ մեջբերեմ «Վերադարձիր տուն, Սեբնի» գրքի «Ծեր Մարդու էլեգիան» պատմվածքից մի հատված. «Ինչ անես՝ միևնույն է, ես ե՜ս եմ մնում: Ես ամեն ինչ կարող եմ դառնալ. նավը, որ գնում էր ծովի վրայով, ծովը, որի վրայով գնում էր նավը, Ծեր Մարդը, որ առավոտյան բացել է պատուհանը, նայում է պատուհանից, տեսնում է նավը, խոսում ինքն իր հետ: Ես կարող եմ դառնալ դրանցից ցանկացածը, քանի որ ես ե՜ս եմ, ես մի ուրիշը չեմ, մի ուրիշը ես դառնալու համար պետք է իմ մեջ մտնի, իմ «եսը» լինի», ինչպես և «Լույսը ձախ կողմից» ժողովածուի բանաստեղծություններից մեկից վերցված մի դրվագ. «…սայթաքում է լապտերի լույսը բեկբեկուն://Երեկոն որսում է ստվերներն անկայուն և նրանց//բեկորներից կերտում մի պատկեր://Մենք դուրս ենք ելնում, մենք ներս ենք մտնում,//մենք շեմի առաջ ենք: Որտե՜ղ եք դուք այժմ -//Սուրբ գիշեր և աստղերի//կորստյան ուղևորներ…» («Կորստյան ուղևորներ»):
Ըստ Հենրիկ Էդոյանի՝ ինչ աշխարհում թվում է անիմաստ, իմաստ է դառնում գրականության մեջ, քանի որ շատ ու պայծառ լույսի մեջ իրերը չեն երևում, ինքդ քեզ տեսնելու համար քեզնից դուրս պիտի գաս, ճիշտ այնպես, ինչպես Կյանքից ու Մահից բարձր հավիտենական գոյակցությունը, որ տարրալուծվում է սկզբի ու վերջի ընթացքի մեջ, որ շարժում է դեպի հավասարակշռություն, դեպի «Տաճարի դուռը: Այո՛, Տաճարի դուռը, որը բախելով կարող էիր ներս մտնել, բայց հնարավոր է՝ այլևս դուրս չգայիր: Ի վերջո, Տաճարը նույն տիեզերքն է, իսկ Տաճարի դուռը այն սահմանը, որը բաժանում, նաև միացնում է երկու աշխարհներն իրար: Բախիր դուռը, և դու կհայտնվես իմաստության անծայրածիր գիշերվա մեջ»:
Հենրիկ Էդոյանը փորձում է ըմբռնել Աստվածների կեցությունը, հասկանալ շարժման ու հավերժության քողարկված գաղտնիքը, որն ակնհայտի բանաձևումն է որպես՝ անհասկանալիություն – անհասանելիություն, իբրև բանաստեղծի իմաստասիրություն: «Ամեն տեղ լցված ես դու, ամեն տեղ քո ստվերն է,//կա՞ մի տեղ, ասա ինձ, որտեղ դու//բացակա ես,//եթե կա, այդ վայրը ցույց տուր ինձ: Եթե կա…» («Լույսի ձախ կողմից»):
Հենրիկ Էդոյանի գրականությունը հարցաշունչ է. պատասխանները պետք է փնտրել հոգևոր իմաստախոհության կենտրոնացման տարածքում տեսանողի հայելում: Գրողի հարցը ինքնախոսի զրույց է հիշեցնում ու պատասխան չի ակնկալում. այն ամենևին հռետորական չէ, պարզապես պարզաբանման կարոտ անհանգստությունը հասունանում է բնական պատկերների մետաֆորում. «Չգիտես՝ ինչ անես, և անցնում ես աշնան//մի ստվերի պես՝ թողնելով մեկ-մեկ//հետքերդ գիշերվա մեջ, որ չունի վերջ ու սկիզբ,//հուսահատ և անդեմ, օրերում քարացած://Որտե՞ղ ես, ո՞ր լուսնի ճամփաներն ես հիմա//կոխկռտում քո քայլով» («Օրերում քարացած»):
Հետաքրքիր օրինաչափությամբ Հենրիկ Էդոյանի հարցախոսքը մեծ մասամբ եռաստիճանավորված է, ներառած անցյալի, ներկայի և ապագայի խորհուրդը. «մեկը՝ քեզնից ցածր,//մյուսը՝ քեզնից բարձր,//բայց որտե՞ղ ես դու, ավաղ, նրանց միջև//դու չքացել ես, այնտեղ դու չկաս» («Կիրկեի կղզում»): Վերը նշված եռախորհրդի ինքնատիպ պատկեր է «Վերադարձիր տուն, Սեբնի» գրքի «Դուռը և էկրանը» պատմվածքի հետևյալ դրվագը. «Իրար դիմաց դրված երկու հայելիներ, որ դատարկ աչքերով նայում են իրար, և չկա ոչինչ նրանց մեջ արտացոլվող, բացի սարսափից և ցավից…»:
Քաղաքային արհեստական շինությունները արգելապատնեշում են հորիզոնը՝ կտրելով և մեկուսացնելով մարդուն բնությունից, տալով նրան մենակության զգացում, որն ավելի ցայտուն է արտահայտվում, երբ մարդկային հարաբերություններն էլ նրան հրում ու կաշկանդում են մենության անկյունում: Քաղաքային կոլորիտի հետնապատկերին Հենրիկ Էդոյանը բերում է ՄԵՆԱԿԻ ու ՄԵՆՈՒԹՅԱՆ անհաշտ համակեցության պոեզիան, ուր մենակության մեջ ենթագիտակցությունն է իշխում, իսկ մենության մեջ՝ գիտակցությունը: Այս ենթագիտակցության ու գիտակցության միջակայքում է ձևավորվում գրագետի՝ Հենրիկ Էդոյանի գեղարվեստական ասելիքը: «Վերադարձիր տուն, Սեբնի» գրքի պատմվածքներում կյանքի և գեղարվեստի վերաբերյալ իմաստասերի խոհափիլիսոփայական ընդհանրացումներ է անում, որոնցով ասես տալիս է իր պոեզիան հասկանալու որոշ բանալիներ: Այսպես օրինակ՝ «Չէ՞ր դավաճանում Դեզդեմոնան Օթելլոյին» պատմվածքում նա արվեստագետի շուրթերով եզրահանգում է՝ «Գիտակցության մեջ Դեզդեմոնան անմեղ է, նա մաքուր է, ինչպես իր մարմինը, որին Օթելլոյից բացի ոչ մի ձեռք չի դիպել: Ենթագիտակցական պլանում նա Կասիոյի հետ է. Օթելլոն դա տեսնում է, որովհետև, ինչպես ասացի, նա գիտակցում էր իր ենթագիտակցությամբ և դրա համար կարող էր տեսնել Դեզդեմոնայի ենթագիտակցական խավարը»:
Եթե արձակագիր Հենրիկ Էդոյանի պատմվածքի տրամաբանական վերլուծությամբ (գունային խորհրդանիշերը ենթադրում են լույս ու խավար, համապատասխանաբար էլ՝ գիտակցություն ու ենթագիտակցություն) մեկնենք նրա պոեզիան, բնականաբար, գիտակցության և ենթագիտակցության փոխհարաբերության շրջանակում, որոշակիացնելով երևույթների պատկանելությունը գիտակցությանը կամ ենթագիտակցությանը, շատ պարզ ու ընկալելի կլինի էդոյանական գրականության միֆաիրական վիճակը: «Լույսը ձախ կողմից» գրքից մի օրինակ՝ խորհրդանշական կետեր են լույսը, գիշերն ու առավոտը, որոնք իմաստավորվում են ենթագիտակցությունից գիտակցություն շարժի մեջ՝ հանգելով եզրակացության. «Փողոցում՝ ոչ ոք://Ամայի անդորրի մեջ//փողոցի լապտերների//լույսերն են քարանում: Ես հորինում եմ//գիշերվա հարությունը//առավոտվա համար, որին ոչ ոք// չի ապավինում: Նա չունի ժամանակ, նա չունի սպասում»: «Չէ՞ր դավաճանում Դեզդեմոնան Օթելլոյին» պատմվածքում, փաստորեն, Հենրիկ Էդոյանն է, որ խորհում է հերոսի մեջ. «Երբ խոսում ենք Օթելլոյի մասին,- ասաց նա,- դրանով սրբագրում ենք նրան: Բայց սրբագրելու համար պետք է նախապես այն հասկանալ, ըմբռնել, վերլուծել: Սրբագրել հենց այդ ըմբռնումն է: Արվեստի այն գործերը, որոնք հետագայում սրբագրվելու ընդունակ չեն, մեռնում են: Դա նոր ժամանակներին նրանց հարմարվելու, նոր զգեստի մեջ մտնելու նրանց հատկությունն է: Մեռնում են այն գործերը, որոնք զուրկ են այդ հատկությունից»: Ահա, թերևս, Հենրիկ Էդոյանը հին Արևելքի և ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության փիլիսոփայությունը հոսեցնում է իր ժամանակով և ըմբռնելով, հասկանալով սրբագրում է պոեզիայի լեզվով՝ որպես հոգու և բնության շարունակական շարժման ընթացահատված, որտեղ հակադրությունները չեն բացառում նմանությունները, և մեկնումը դրանց հենց տիեզերական գաղտնախորհրդի վերծանման փորձ է: Մեջբերեմ «Լույսի ձախ կողմից» ժողովածուի 53-րդ էջի անվերնագիր բանաստեղծությունը՝ «Եթե մարդու հոգին նույն ատոմն է (հունարեն՝ անտրոհելի), ապա ինչի՞ համար//ատոմի տրոհումից հսկա ուժ է ծնվում,//անզուսպ ու մոլեգին,//իսկ հոգու տրոհումից//մարդ անկում է ապրում: Երկու աշխարհներ՝//կանգնած իրար դեմ, երկու արտացոլում//նույն հայելու մեջ, իրար հակառակ//և իրար նման: Բայց սա մարդու համար չափազանց շատ չէ՞»:
«Ծաղիկներ սեղանին» պատմվածքում՝ «Տես, ինչ է գրում Պասկալը. «Մի երկ ստեղծելու ժամանակ վերջին գործն է իմանալ, թե ինչ պետք է դնել նրա սկզբում»: Կամ հակառակը՝ ի՞նչ պետք է դնել նրա վերջում. այսինքն՝ վերջում ստեղծում ես նրա սկիզբը, իսկ սկզբում՝ վերջը»,- գրում է Հ. Էդոյանը: Նրա տրամաբանության ոգով գրողի գրականության մասին խոսքս եզրափակեմ թերևս այն ասելիքով, որ սկզբում պետք է տեղադրեի: Ինձ համար գրքերի վերնագրերը միշտ էլ ունեցել են Հիպոկրատի գլխարկի ծանրություն ու գրքերի բովանդակությունը հուշող իմաստախոս ակնարկ-նշանակություն: Հենրիկ Էդոյանի նոր հրատարակված երկու գրքերի վերնագրերը՝ «Լույսը ձախ կողմից» և «Վերադարձիր տուն, Սեբնի», արդեն իսկ որպես գրքի առաջին խոսք տեսանելի են դարձնում հեղինակի հարազատությունը քրիստոնեական գրականության համոզմունքին, քանի որ վերնագրերը Տիրոջ պատվիրանների շնչով են տոգորված, ինչը ենթադրում է քրիստոնեական իմաստախոհություն: Հայերը խաչ հանելու հետ միաժամանակ ասում են՝ Յանուն Հօր եւ Որդւոյ, եւ Հոգւոյն Սրբոյ, ամէն: Խաչ հանող հայի ձեռքի շարժումը ձախից աջ է գնում, հոգին ձախ կողմում է, այսինքն՝ «Լույսը ձախ կողմից» է հորդում, որ լուսավորում է ժամանակակից մարդու միտքը (Քաոս) ու ուղղորդում դեպի կարգավորվածություն (Կոսմոս), որը հորդոր է «Վերադարձիր տուն, Սեբնի», այսինքն՝ դեպի արմատների գնահատումը՝ որպես խոնարհում, դեպի տիեզերքի գաղտնիքի վարագույրներ բացող խաղաղության ու հավասարակշռության կետը՝ Ընտանիքը:
Հենրիկ Էդոյանի գրականությունը հենված է սիրո ու իմաստության վրա.
«Ավելի դժվար է գրել առաջաբանը, քան վերջաբանը,//քանզի վերջաբանը գրվում է ինքն իրեն (ինչպես հետևանք)//Ծնունդի համար Արարիչ է պետք…», իսկ վերջը շատ վերջ է ու չի երևում… «Մի նավ դանդաղ սահում էր ծովի վրայով: Սպիտակ նավ էր, միջին չափերի: Գնում էր շատ դանդաղ: Աննկատ և զգույշ մտնում էր ծովի նոսր մառախուղի մեջ: Բաց ծովը լռությամբ իր մեջ էր վերցնում նրան» («Ծեր մարդու էլեգիան»):
Նա չունի ժամանակ…