Արդեն չորս թե հինգ ժամ Սիտան կանգնած էր մայթեզրին: Թվում էր՝ անվերջ զգալու է անցորդների մե՛րթ հետաքրքրասեր, մե՛րթ անտարբեր, մե՛րթ էլ խիստ վտանգավոր հայացքները: Նա սաստիկ վախենում էր մարդկանցից և դրա համար լուրջ պատճառներ ուներ: Մտքից չէր հեռանում երեք օր առաջ կատարվածը:
Տարեց բուսագետի մահից հետո նրա տանը մի խումբ ազգականներ հայտնվեցին, որոնց երբեք չէր տեսել: Հուղարկավորությունից մեկ-երկու օր անց նրանք տան ողջ իրերը խմբավորեցին-հանեցին, իսկ երբ հերթը բույսերին հասավ, օղու անտանելի հոտ բուրող մի տղամարդ վառվող ծխախոտի մնացորդը կոպտորեն շպրտեց Սիտայի վրա…
Այրվածքի ցավից դողաց նրա ամենափոքրիկ և ամենադալար տերևիկը, և սարսափից քար կտրած Սիտան զգաց, որ նորաբաց տերևի վրա այրվածքից մի սարսափելի անցք է բացվել… Մի պահ հիշեց իր հայրենի անտառը, որտեղ բույսերն անհոգ աճում էին ու փարթամանում, որտեղ անձրևներն առատ էին, և արևը՝ ջերմ ու պայծառ: Հիշեց արևադարձային անտառին մերձակա գետակը, որի ափին գարնան մի օր ծնվել էր ինքը մոր՝ հսկա վիշապածառի կոնքից:
– Ի՜նչ գեղեցիկ է,- այդ օրը ճչաց նորածնի նախատատը, որ շրջապատի ամենաբարձր վիշապածառն էր,- ես երբեք այսքան հմայիչ և այսքան հիասքանչ բուրմունքով բողբոջիկ չեմ տեսել:
Ի պատիվ ացտեկյան հնագույն աստվածուհու՝ տատը մանկիկին Սիտլալիկուե կոչեց: Մայրը, սակայն, Սիտա կարճառոտ տարբերակը նախընտրեց:
Ընդամենը երկու տարեկան էր վիշապածառիկը, երբ անտառում մարդկանց ձայներ լսվեցին՝ բուսահավաքների հերթական խումբն էր եկել: Փորձառու մայրն իր տերևներով սարսափահար թաքցրեց շփոթված աղջնակին, բայց հավաքորդներից մեկը հեշտությամբ հայտնաբերեց կծկված մատղաշ ընձյուղին, սուր նշտարով պոկեց մոր կոնքից և զամբյուղում տեղավորեց:
Հաջորդ օրը Սիտան հայտնվեց բույսերի ու ծաղիկների հսկա մի բուծարանում, որտեղ արմատ տվեց և ամիսներ անց անդրօվկիանոսյան մի առևտրական իրեն վաճառեց բուսագետ կնոջը: Տարեց, հիվանդ բուսագետը այնպիսի գորովանքով էր խնամում իրեն, ծանոթ-բարեկամների մոտ հպարտանում իր ունեցած այս հազվագյուտ տեսակով, որ Սիտան մարդկանց հանդեպ կարծիքը փոխել սկսեց…
Իսկ հիմա, ընդամենը օրեր անց, շոգ մայթեզրին կանգնած՝ խեղդվում էր ահավոր ծարավից, քանի որ արդեն մի շաբաթ իրեն ոչ ոք չէր ջրել, այրվածքի տեղը շարունակում էր նվալ, մայթեզրով ժամանակ առ ժամանակ անցնող քամին էլ փոշու նորանոր ալիքներ էր բերում իր հետ: Եվ այս վիճակում ինչ-որ մարդիկ իրեն կրկին վաճառել էին ուզում…
Ոչ ոք, սակայն, գնորդի հայացքով չէր նայում իրեն: Միայն ժամեր անց մարդկանց հոսքի մեջ մի տղամարդու նկատեց, որը մտազբաղ հերթով զննում էր թաղարների բույսերը, և նրա հայացքը մի քանի անգամ կանգ առավ Սիտայի վրա:
– Ո՞վ է վաճառում այս բույսերը,- մոտակա հրուշակեղենի կրպակի տիրոջը հարցրեց տղամարդը:
– Մի աղջիկ էր այստեղ կանգնած: Երևի շուտով կգա:
Բայց աղջիկը երկար ժամանակ չկար ու չկար: Տղամարդը հավանաբար հարևան շենքերից մեկում էր ապրում, որովհետև հեռանալուց հետո մի քանի անգամ վերադարձավ և վաճառողուհուն չգտնելով՝ նորից տուն գնաց:
«Երևի էլ չի գա»,- Սիտան վախեցավ սեփական մտքից, քանի որ բնազդաբար ուզում էր, որ իրեն հենց այդ մարդը գներ:
Հետո վաճառողուհի-աղջիկը վերադաձավ, բայց տղամարդն այևս չերևաց: Աղջկան օգնող մի տղա բոլոր թաղարները հերթով տեղավորեց ավտոմեքենայի մեջ՝ հավանաբար բույսերի խանութ տեղափոխելու համար: Բայց հենց այն պահին, երբ մեքենան տեղից շարժվում էր, դիմացի մայթից մեկը ձեռքով արեց: Տղամարդն էր:
Վերջին օրերի ապրումներից հետո առաջին անգամ Սիտան իրեն հանգիստ զգաց՝ նախ, որ հենց այդ մարդը գնեց իրեն, և երկրորդը, երբ տեսավ նրա բնակարանում տիրող կարգուկանոնն ու խնամված բուսերի բազմությունը: Տղամարդը իրեն ճիշտ տարեց բուսագետի հայացքով էր նայում, երբ խոնավ սպունգով մաքրում էր փոշու մեջ կորած տերևները, հողի մակերեսին և տերևների արանքներում կուտակված՝ ծառերից թափված սերմնաբամբակները, երբ թույլ պերմանգանատի լուծույթով գրեթե լողացնում էր իրեն ու ծաղկամանը: Իսկ իր վիրավոր տերևի հետ որքա՜ն զգույշ էր վարվում…
Սիտան ողջ գիշեր չքնեց: Նրա փոքրիկ, ճկուն ցողունից սկիզբ առնող մուգ կանաչ, փակագծաձև տերևիկները աճում էին աներևակայելի արագությամբ: Երախտագիտությամբ համակված, Սիտան ազատություն էր տվել երկար ժամանակ զսպած տերևներին: Եվ ընդամենը մեկուկես ամսում նա հիասքանչ վիշապածառի վերածվեց…
Միայնակ տղամարդը հաճախ էր բազմոցին նստած, սուրճ խմելով և ծխելով իրեն նայում: Նրա հայացքում ընդգծված ջերմություն կար իր զմրուխտագույն տերևների և վերջերս լույս աշխարհ եկած ծաղկաբույլի կոկոնների հանդեպ: Սիտան նկատում էր նաև, որ նրա աչքերը օրեցօր ավելի տխուր ու մտահոգ էին դառնում: Երբեմն-երբեմն նա ձեռքն էր վերցնում հեռախոսը՝ ինչ-որ մեկին զանգահարելու համար, բայց հետո մտադրությունը փոխում էր:
Վերջապես մի օր տղամարդը զանգահարեց: Լսափողում կնոջ ձայն էր լսվում, որը բառերն արտաբերում էր հատ-հատ, սառը առոգանությամբ:
– Գիտե՞ս, շատ պատահաբար վիշապածառի այն տեսակն եմ հայտնաբերել… Այո՛, հենց այն, որ փնտրում էիր… Այո՛, հենց հիմա իմ տանն է… Բուրավետ վիշապածառ՝ դրացենա ֆրագրանս: Ինձ թվում է՝ երեք-չորս օրից ծաղիկները բացվելու են: Պատկերացնո՞ւմ ես, սենյակային պայմաններում կոկոններ է տվել… Միևնույն է, ես քեզ ամեն օր կսպասեմ, երեկոյան յոթից հետո…
Մի քանի օր անց տղամարդը անհանգիստ քայլում էր սենյակում: Մոտ մի ժամ անց նա դիմավորեց իր վաղեմի ընկերուհուն, որ մի կապուտաչյա, համակրելի երիտասարդ կին էր: Երբ միասին մոտեցան վիշապածառին, կարծես կախարդական փայտիկի ազդեցությամբ մոռացան իրենց բաժանման առիթն ու պատճառները: Եվ ջերմությամբ ու մտերմիկ զրույցով լի երեկոն շարունակվեց ողջ գիշեր…
– Գիտե՞ս ինչպես է ծնվել վիշապածառը,- լուսաբացին շշնջաց կինը:- Այդ մասին ացտեկյան հին ավանդազրույց եմ լսել մի տարեց մեքսիկացուց:
– Իսկապե՞ս: Պատմի՛ր, ապա:
– Զինվորը սիրահարվում է քրմապետի գեղեցկուհի աղջկան և հորից խնդրում նրա ձեռքը: Զայրացած քրմապետը չորացած փայտի մի կտոր է խրում հողի մեջ և տղային հանձնարարում ջրել: «Եթե հինգ օրվա ընթացքում փայտը կանաչի՝ աղջկաս հետ կամուսնանաս,- ասում է նա,- եթե ոչ՝ քեզ մահվան կդատապարտեմ»: Եվ հինգերորդ օրը չոր փայտի վրա հայտնվում են սիրահարներին երջանկություն բերող հիասքանչ տերևները:
– Այդպես ծնվում է առաջին վիշապածառը:
– Այո՛, Մեքսիկայում մինչև հիմա էլ նրան երջանկության ծառ են անվանում:
– Ի՜նչ հետաքրքիր էր: Ես միշտ հատուկ վերաբերմունք եմ ունեցել այս բույսի հանդեպ և ինչ-որ մոգական ուժ զգացել նրանից:
Տղամարդը հանկարծ վեր ցատկեց տեղից.
– Տե՛ս, ինչպես է բացվել ծաղկաշղթան…
Իսկապես, Սիտան ողջ գիշեր ավելի խանդավառված էր փթթել: Հսկա ուլունքաշարի նման վերից վար ձգվող նրա գնդաձև կոկոնները բացվել էին, և ծաղկաշղթայի բուրմունքը լցվել էր բնակարանը:
Այդ գիշեր Սիտան իմացավ, թե որքան գեղեցիկ է մարդկային երջանկությունը, որին հասնելու համար այնքան տառապում և այնքան պայքարում են մարդիկ: Կյանքում առաջին անգամ ինքը նույնպես երջանիկ զգաց իրեն՝ նաև ի՛ր շնորհիվ էր եկել սպասած այդ երջանկությունը:
Իսկ տղամարդն ու կինը այդ օրը ոչ միայն վայելեցին իրենց վերագտած երջանկությունը, այլև զգացին նրա տարաշխարհիկ բույրը, որ նյութեղենացել էր երախտագետ Սիտայի ճերմակաթույր ծաղիկների արբեցնող բուրմունքում…