100-ամյակը ենթադրում է մեծ պատմական հեռավորություն: Այնինչ Սիլվա Կապուտիկյանը դեռ տասներկու տարի առաջ մեզ հետ էր: Բնությունը շռայլ էր եղել նրա նկատմամբ և՛ տաղանդ պարգևելիս, և՛ երկարակեցություն տալիս: Եվ նրա ապրած 88 տարիները պարզ երկարակեցություն չեղան. մինչև իր վերջին օրերը ապրեց գործուն կյանքով, սրտին շատ մոտ ընդունելով իր երկրի ու ժողովրդի կյանքը և – որ հազվադեպ է լինում բանաստեղծների կյանքում – ստեղծագործելով մինչև վերջ: Գրեց կրքոտ, ցավով համակված բանաստեղծություններ, որոնք ծնվել էին սրտի խորքից, շուրջը կատարվողից ստացած ծանր տպավորություններից: Զարմանալի անհատականություն էր Սիլվան, և եթե տղամարդու ուժը դեռ չափանիշ է մնում, իսկապես ամենատղամարդ հայ բանաստեղծը եղավ իր ժամանակի՝ չդադարելով աշխարհին նայել կնոջ աչքերով:
Նրա մեջ կարծես երկու բանաստեղծական անհատականություն էր ապրում՝ քաղաքացի բանաստեղծը և իսկական քնարերգուն: Եվ այդպես եղել է դեռ ամենասկզբից: «Խոսք իմ որդուն»-ը գրվել է 1944 թվականին: Դրանք ժամանակներ էին, որոնք ամենևին չէին տրամադրում այդպիսի պաշտամունքով գրել մայրենի լեզվի մասին: Մենք հաճախ մոռանում ենք այս իրողությունը, այնինչ դա շատ բնորոշ էր Կապուտիկյանի խառնվածքին: Արտաքին թելադրանքին ենթարկվելը նրան բնորոշ չէր: Գրեց, և այդ բանաստեղծությունը միանգամից մտավ հայոց լավագույն երգերի շարքը…
Այդ գիծը երբեք չթուլացավ նրա պոեզիայում: Հայոց ճակատագրի թնջուկը նրա հոգում միշտ մնաց առաջին թեման, և դա ծնեց նրա պոեմը՝ «Մտորումներ ճանապարհի կեսին»: Դա իսկապես իմաստուն գործ էր մեր ճակատագրի և ապագայի մասին, գործ, որը հաստատեց պատմական անարդարության հանդեպ հայոց վրեժի իրավունքը, բայց այդ վրեժի իմաստավորումը նրա բանաստեղծության լավագույն հատվածներից է՝ վրեժ ոչ թե արյունով, այլ ստեղծագործելով, կառուցելով, ծնունդներով. «Դու պիտի ապրես այսպե՛ս, սրանո՛վ»…
Կապուտիկյանը իր ընթերցողներին զարմացրեց իր ամենավերջին բանաստեղծություններով՝ «Շուկայական» և «Ապստամբություն», որոնց մեջ և՛ ողբերգականություն կար, և՛ աննկուն ոգի: Ողբերգականը Հայաստանի վիճակն էր, իշխանության եկած ուժերի վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, իսկ աննկուն ոգին Կապուտիկյանին ուղեկցեց ամբողջ կյանքում՝ թույլ չտալով լինել ո՛չ երկրորդ հանրապետության, ո՛չ էլ երրորդի իշխանությունների կամակատարը: Մի՛շտ ինքը մնաց, մի՛շտ հավատարիմ իր սկզբունքներին, գլուխը բարձր: Եվ այս բանաստեղծությունները գրել էր ութսունն անց բանաստեղծուհին…
Չէի ուզենա, որ այս հոբելյանի օրերին մոռացվեր Կապուտիկյանի սիրային քնարերգությունը: Նրա հասարակական կշիռը այնքան մեծ էր, քաղաքացիական բանաստեղծությունը՝ այնքան ուժեղ, որ հաճախ ստվերի մեջ է մնում նրա բուն քնարերգությունը՝ հայոց բանաստեղծության լավագույն հատվածներից մեկը: Ունեցանք լավ կին բանաստեղծներ, բայց մեր նորագույն բանաստեղծության մեջ ոչ ոք թերևս այնպիսի խորությամբ չպատկերեց կնոջ հոգու դրաման, ինչպես Կապուտիկյանը: Եվ ինչքան էլ ինքը չսիրեր «բանաստեղծուհի» բառը, նրա ստեղծագործությունը իսկապես կնոջ բանաստեղծություն էր բառիս ամենաբարձր իմաստով, որը որևէ չափով չէր զիջում տղամարդ-պոետների ստեղծագործությանը: Վերջապես, հռչակավոր «Խոսքը…» հենց կնոջ՝ մոր մաղթանք էր հայ երիտասարդին: Եվ իբրև այդպիսին՝ Սիլվայի ստեղծագործությունը շատ հարստացրեց մեր պոեզիան: Իր իսկ ստեղծագործությամբ լիուլի կատարվեց Կապուտիկյանի իղձը՝ «Որ մի էջ հայոց երգի մատյանում//Լցվի հավերժող հառաչով կնոջ…»: Եվ այդ հառաչը դեռ երկա՜ր է հնչելու նրա բանաստեղծություններից և դրանց տեքստերով գրված երգերից, որ այսօր էլ, գրվելուց բազում տասնամյակներ հետո, այնքան հաճախ են հնչում…
Սիլվա Կապուտիկյանը այնքան ուժեղ էր կապված մեր երկրի, ժողովրդի կյանքի հետ, որ ոչ միայն խորհրդային հանրապետության, այլև հետագա տարիների մեր կյանքի պատմությունը անհնար է պատկերացնել առանց նրա գործունեության: Բանաստեղծը եղավ իսկական հասարակական գործիչ, որի ձայնը բարձր էր հնչում հայկական կյանքի կարևորագույն հարցերը լուծելիս: Ե՛վ հանրապետության պետական լեզվի, և՛ բնապահպանության, և՛ Սփյուռքի հետ հարաբերություների քննարկումներում նա միշտ ներկա էր իր աներեր սկզբունքայնությամբ՝ իբրև ժողովրդի ձայնը, իրապես կարծես լիազորված ժողովրդի կողմից… Նա մեզ առաջին անգամ ներկայացրեց հայկական Սփյուռքի համայնապատկերը՝ գրելով իր հրապարակախոսական գրքերը, մանավանդ հրաշալի «Քարավանները դեռ քայլում են»-ը:
Այսպես էլ հաջորդ հարյուրամյակում հիշելու ենք Սիլվա Կապուտիկյանին…