ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ – 100. ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՅԼԵԼ

…Քրիստոնյա բարոյախոսները հորդորում են, որ ամեն երեկո քուն մտնելուց առաջ պետք է այնպես աղոթես, այնքան անկեղծ, սրտաբուխ ու երկյուղած, որ ասես վերջին անգամ ես աղոթում: Աղոթել, դժբախտաբար, չգիտեմ, բայց կխոսեմ անկեղծ, սրտաբուխ, վերջին անգամի զգացողությամբ: Ու վերջին անգամի զգացողությամբ էլ ուզում եմ ասել ասելիքս. ես հանգիստ եմ նայում օր օրի մոտեցող վախճանիս, այնպես, ինչպես պարզ, առտնին բառերով ժողովուրդն է վերաբերվում մահվան գաղափարին՝ «Մի օր ծնվել ենք, մի օր էլ պիտի մեռնենք»… Էս աշխարհից հեռանում եմ իմ շնորհները լրիվ իրացրած ու գնահատանքի արժանացած մարդու հոգեվիճակով, հաշտ, անկռիվ: Միակ բանը, որ անքուն է դարձնում իմ գիշերները, այն է, որ ես թողնում եմ իմ ժողովրդին այսպես պատրանաթափ, հայրենի տերերից խաբված ու թալանված, օտար պետությունների տնօրինությանը ենթակա ու գալիքը՝ անորոշ…
Եվ սակայն ինչ էլ լինի, կյանքս ինչ ավարտ էլ ունենա, ես օրհնում եմ նախախնամությանը, որ զավակն եմ հայ մեծ ժողովրդի, որ ծնվել եմ նրա դժվար ու քարքարոտ հողում, որ բաժանել եմ նրա դժվար ու քարքարոտ ճակատագիրը, որ մորս գրկից իջնելու պահից մինչև այս պահը քայլել եմ ոտքս այդ հողին դիպցնելով և նրա ուժն ու ավիշը մեջս ունենալով՝ դարձել եմ նրա բանաստեղծը:
…Ես հպարտ եմ, որ մաս կազմեցի բանաստեղծների այն փաղանգին, որ իր կազմում ունի Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Պարույր Սևակ, որոնք իրենց առատ ձիրքերի միախառնումով փոխարինեցին Եղիշե Չարենցին: Նրանք կարողացան ճեղքել իրավակարգի բազմաշերտ արգելքների ասֆալտն ու բացված ճեղքերում ցանել հայրենասիրության այնպիսի սերմեր, որոնք դարձան ցորնակալած հասկեր և 88 թվականի փետրվարին ալեկոծ ծփացին օպերայի հրապարակում՝ ավետելով սկիզբը ազատաշունչ ժամանակների:
Ես մխիթարված եմ, որ սկսած 1953 թվականից, գրողի իմ «ոչ»-ն եմ ասել երկրում տեղ գտած արատներին՝ բյուրոկրատիային, կաշառակերությանը, պաշտոնավաճառությանը, հայոց պատմության խեղաձևմանը, Սփյուռքի դերի անտեսմանը, մայրենի լեզվի իրավա­զրկմանը, Մեծ եղեռնը մոռացության տալուն, որ 1965 թվի ապրիլի 24-ին, խառնված Երևանի փողոցները ողողող բազմությանը, ոգեկոչել եմ Եղեռնի զոհերի հիշատակը, որ լիաբուռն արձագանքել եմ Ղարաբաղից եկող ազատատենչ կանչերին և ապրել եմ 88 թվականի փետրվարին օպերայի հրապարակում համաժողովրդական ցասման հրեղեն բռնկումի՝ մեր նորագույն պատմության այդ աստեղային ժամի երանությանը, որ դիմակայել եմ հերոսական Ղարաբաղի վրա տեղացող բազմատեսակ ամբաստանություններին ու հերյուրանքներին, որ ընդդիմացել եմ ժողովրդի իրավունքները ոտնահարող պաշտոնավորներին, դատարանին, ոստիկանությանն ու հիմա էլ, ինչքան վատառողջ ու տարիքս առաջացած, ջանում եմ իմ մասնակցությամբ թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը, լինել նրա կողքին, տեր կանգնել նրա ճշմարտությանը: …
Խոսք՝ ասված
ստեղծագործական երեկոյին
22 դեկտեմբերի 2004 թ.,
Արամ Խաչատրյան համերգասրահ
«Վերջին զանգ» ժողովածուից


***
…Անկազմակերպությունը, կարգապահական թափթփվածությունը, աշխատանքային կուլտուրայի պակասը, կառավարման ոչ գիտական, այլ պարզունակ ձևերը, պետական միջոցների վատնումը` մեզ մոտ ստանում են մի տեսակ, եթե կարելի է ասել, «ազգային երանգ», որտեղ քիչ դեր չեն խաղում հարցերին ոչ պետականորեն, այլ տնավարի մոտեցումը, ղեկավարման «ախպեր-տղայական» եղանակները, յոլա տանելը, ապաշնորհ աշխատանքի հետևանքով ճաք տված ոսկորը ոչ թե սկզբունքային միջամտությամբ, այլ խաշ-խորովածով կպցնելու պրակտիկան և այլն, և այլն: Այս բաները երևի մասամբ արդյունք են այն իրողության, որ մենք` դարեր զրկված լինելով պետականությունից, միաձույլ ու նպատակասլաց ամբողջություն լինելու հնարավորությունից, բուն երկրում չունենալով բնականոն զարգացում` հասարակական ֆորմացիաների հաջորդական տեսակներից,- մեկեն կյանք ենք բերել մեր տարընթաց, կենտրոնախույս, կարգ ու կանոնի չվարժված բնավորությունը: Եվ ցավալին այն է, որ քիչ բան է արվում` մտքով ու բնավորությամբ հավաքվելու, մտասևեռ հետևողականությամբ կազմակերպելու համար…
Ավելին: Այս թափթփվածությանը զուգընթաց կամ գուցե և որպես արդյունք այս թափթփվածության, պետական մտածողության, պետական կարգապահության պակասի,- մեր հիմնարկներում գոյություն ունեցող բյուրոկրատիզմն ու անտարբերությունը, աշխատանքի փոխարեն խոսք ու զրույցով զբաղվելը, վարվելակերպի կոպտությունը, անճշտապահությունը, քաղաքներում ու գյուղերում անաշխատ տարրերի պղտոր մենայնությունները, հազարավոր ռուբլիների հետ գործ ունեցող` բնակարանի շինանյութի, կահույքի և այլ տիպի սպեկուլյացիան, մասշտաբային, ես կասեի «կոմբինացված» զեղծարարությունը և շատ ուրիշ արատներ օրեցօր աճում են, տարածվում: Կաշառակերության արդեն ընդունված, «դասական» դարձած կիրառությունը, որ դարերով համեստորեն սահմանափակվում էր դատավորի, ոստիկանի, պետական ոչ բարձր պաշտոնյայի շրջանակներով, զարգանում է իսկապես որ «ստեղծագործորեն» թափանցելով աննախընթաց ասպարեզներ` բարձրագույն կրթություն, գիտություն, բժշկություն, արտադրություն, մամուլ, հրատարակչություն և այլն, և այլն:
Այսպիսով` աշխատավարձի անբավարարության պատճառով կողմնակի եկամուտի փնտրտուքը, որ մեզ մոտ տարիներ առաջ կյանք մտավ «փափախ» շատ անմեղ, բարեհոգի գեղջուկ հիշեցնող անվան տակ, – օրեցօր դարձել է պետական զբաղումին ու վարձատրությանը զուգընթաց, բազմազան մթին գործարքներից գոյացող հասութաձև, մի ամբողջ պղտոր ընդհատակ, որը սակայն այնքան էլ ընդհատակ չէ, քանի որ այդ մարդկանց օրինական աշխատավարձի բարակ սառույցը անկարող է ծածկել նրանց անօրինական եկամուտների թափն ու մասշտաբայնությունը:
Այս երևույթները ազդում են հասարակության ընդհանուր որակի վրա,- սա արդեն ցավալի իրողություն է, և սրա հետ պետք է հաշվի նստել ամենայն լրջությամբ:
Եթե այդ ընդհատակը այդքան թափանցիկ է, և նրա գոյությունը հղի ցավոտ հետևանքներով, ապա ինչո՞ւ խստորեն, օրենքի ողջ անողոքությամբ չեն պատժվում բոլոր այդ մարդիկ, ինչո՞ւ չեն կասեցնում նրանց արարքները,- ամեն մի ազնիվ աշխատավորի սրտից պոռթկում է այս բնական վրդովմունքն ու զարմանքը:
Նշված երևույթների գոյությունը կարող է թուլացնել մեր հասարակության բարոյական ամրությունը: Զեղծարարը, կաշառակերը, սպեկուլյանտը, զարտուղի ճանապարհով առատ դրամ կուտակողը վնասում է ո՛չ միայն պետությանը և դիմացինին, ո՛չ միայն ինքն է ոչնչանում՝ դառնալով բարոյազուրկ, փողի և փորի համար իրեն և ամենքին ոտքի տակ տվող մի բուսական գոյություն,- այլև ազդում է շրջապատի վրա, պղտորում և թևաթափ է անում մաքուր աշխատողին, կազմալուծում նրա աշխատանքային կամքը: Դա կամաց-կամաց ինչ-որ չափով խաթարում է մեր ժողովրդի բարոյական նկարագիրը, խախտվում է աշխատանքի հանդեպ ունեցած նրա երկյուղածության հասնող սերը, խախտվում են նրա դարեր սրբագործված էթիկական նորմերն ու չափանիշները:
Գնացեք-տեսեք մեր նորակառույց շենքերը, ասենք թե Նորքի զանգվածի բնակելի տների մեծ մասը: Ամաչում ես, որ հայոց հողում, այն հողում, որն իր վրա կրում է Հռիփսիմեի վանք և Անիի հրաշալիքները, որտեղ սովետական օրոք բարձրացել են Կառավարական շենք և Մատենադարան,- հիմա կառուցման այսպիսի այլանդակ որակ կարող է լինել: Ի՞նչ է կատարվում:
Շարունակ Վան ու Անի հառաչելով, կորցրած մեր հողերը երազելով, մենք չենք կարողանում եղած հողի վրա էլ աշխատել այնպես, որ այդ հողից քամենք առավելագույնը, որ այդ հողի վրա կառուցենք մեր ժողովրդի ունայնությունների ընձեռած հնարավորություններին համապատասխան կյանք, համապատասխան նյութական և հոգևոր մակարդակ: Թվում էր՝ ով-ով, բայց մենք, որ սրտերում զգում ենք մեր անհաշիվ կորուստների կսկիծը, իրավունք չունեինք եղած մարդկային ու նյութական պաշարները մինչև վերջ չծառայեցնելու մեր նորաստեղծ այնքան զոհողությունների գնով աշխարհ եկած Հայաստանին, իրավունք չունեինք ան­նշան չափով իսկ ենթարկվելու մարդկային հոգու եսակենտրոն, ամեն ինչ իրեն քաշելու, հարմարեցնելու դարավոր տարերքին: Մինչդեռ, ինչքան ավելի շատ կլինեին մեր ձեռքբերումները, եթե մենք կարողանայինք մեր ժողովրդի հայրենասիրական ոգին, ազգային բարձր ինքնագիտակցությունը, որն այնքան հետաքրքրություն ու հիացում է առաջացնում մեր երկիրը այցելողների մեջ, եթե մենք այդ հոգեղեն էներգիան կարողանայինք լրիվ օգտագործել մեր զարգացման ներկա էտապին անհրաժեշտ ճանապարհով, կարողանայինք այն մի տեսակ «նյութականացնել», դարձնել պետական ու տնտեսական ուժ, դարձնել անձնական և համընդհանուր կարգապահություն և ինքնահսկումի ազդակ, բոլոր մեծ ու փոքր հարցերում` ժողովրդի շահն ու արժանապատվությունը հետապնդելու մտասևեռում:
Եթե մենք ծրագրում ենք, թե առաջիկա 5-10 տարում ինչքան է փոխվելու մեր երկրի տնտեսական քարտեզը, ինչ ուղղությամբ են զարգանալու էկոնոմիկան, հողային, ջրային և այլ ռեսուրսները, ապա նույնքան կարևոր է քննել, թե առաջիկա 5-10 տարում ինչ տենդենցներով է ընթանալու մեր ժողովրդի բարոյական զարգացումը: Ինչ միջոցներով կարելի է փակել այդ զարգացման ընթացքում առաջ եկած այս կամ այն ճեղքվածքը, որպեսզի այն գնալով չլայնանա, և վերջապես, ի՞նչ ձևերով ապահովել հասարակության ազնիվ և առողջ ուժերի անարգել, ոչնչով չխոչընդոտվող գործունեությունը:
…Մեր հանրապետությունը հարուստ է ազնիվ և առողջ ուժերով: Կա հրաշալի մի երիտասարդություն: Ժամանակակից գիտությամբ զինված, թարմ մտածողությամբ, ազգի ներկայացուցչի լավագույն հատկանիշները կրող, զգաստ ու լայնախոհ հայրենասերներ են նրանք և լի են իրենց ունակությունները հայրենի երկրին բերելու վճռականությամբ: Հարկավոր է գործելու հնարավորություն տալ նրանց և որքան շուտ, այնքան ավելի լավ…
30 ապրիլի 1971 թ.
«Էջեր փակ գզրոցներից» գրքից

***
…Օրեցօր ավելի ենք սուզվում ստի, կեղծիքի, Սահմանա­դրության քննարկումների կեղծավորության մեջ: Քննարկումներ, որ գոնե ինձ թվում են անիմաստ, որովհետև անիմաստ է ամիսներ շարունակ լուրջ տեսք ընդունած քննարկել մի փաստաթուղթ, որը հաստատ գիտենք, չի կիրառվելու, …իսկ կյանքում գործելու են փողը, կլանը, կաշառքը, հեռախոսազանգը, վերից եկող «դաբրոները», այս աշխարհի ուժեղների կամքն ու կամայականությունները և, իհարկե, Սահմանադրության իրենց ձեռնտու հոդվածները: Գիտենք, որ կյանքում շարունակվելու են մեր երկրի հոգևոր օկուպացիան, ժողովրդի անխնա կեղեքումը, Հայաստանի և հոգիների հայաթափումը, օտար ուժերի կողմից ծրագրավորված՝ վարկերի, սեմինարների, քննարկումների միջոցով մարդկանց, հատկապես երիտասարդության ապազգայնացումը, արևմտյան կեղծ արժեքների ներխուժումը, որը ոտնատակ է տալիս մեր ազգային արժանապատվությունը, ավանդույթները, մշակույթը, լեզուն… Եվ ամենացավալին, օրեցօր մեջդ խորանում է այն թևաբեկող զգացողությունը, թե միևնույնն է, ինչքան էլ գրես այս երևույթների դեմ, ընդվզես, պայքարես, հանդիպումների գնաս, բոլոր քո ճիգերը մնում են անհետք, անհետևանք…
Սակայն, հենց այս օրերին պատահեց հետևյալը:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան պատահմամբ ընկա «Արմենակոբ» հեռուստակայանի ալիքի վրա: Հայաստանյան ինչ-որ գյուղում, բավականին ընդարձակ սենյակում, իրար կողքի շարեշար նստել էին տանջված տեսք ու դեմքով տղամարդիկ և առանց հաղորդավարի միջնորդության, իրար բերնից խոսքը խլելով զայրացած խոսում էին:… Իսկ երբ հաղորդման մասնակիցներից մեկը՝ 60-65 տարեկան ջղուտ մի գյուղացի՝ հիշատակելով անուն-ազգանունս, իր ասելիքն ամփոփեց իմ «մեզ մի նոր Արտավազդ է պետք» տողով, – գրողական երջանկություն զգացի: Ուրեմն իմ ասած խոսքը, բանաստեղծությունը, արդարության կոչերն ու ելույթները անհետևանք չեն մնում, դրանք հասնում են մարդկանց, թափանցում են ամենատարբեր շերտերում, թեթևություն բերում դառնություններից ծանրացած հոգիներին, լցնում երախտագիտությամբ, սիրով: Ահա սա է, ժողովրդի սերն ու երախտագիտությունն է իմ Նոբելյան մրցանակը, իմ Օսկարը, իմ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը… Եվ թող տարօրինակ չթվա, եթե ասեմ, որ այդ ծանր, սրտակեղեք հեռուստահաղորդումը մի տեսակ սթափեցրեց ինձ, վերանորոգեց իմ մեջ մարդկանց պետքական լինելու վստահությունը, ներշնչեց այսուհետև ևս ուժերիս ներածին չափ ծառայել ժողովրդին…:
«Ժողովրդի երախտագիտությունը՝ սա է իմ շքանշանը»
Խոսք Ռուս-հայկական համալսարանում կայացած հանդիպմանը
05.11.2005թ., «Վերջին զանգ» գրքից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։