Ինքը փոքր չափսերի ստահակ էր: Ողջ կյանքում ոչ մի լավ, դրական բան չէր արել: Մեկին ընկած տեղից չէր բարձրացրել, ճանապարհին ընկած մի քար դեն չէր շպրտել, մի լացող երեխայի արցունք չէր սրբել… Սրանք անհասկանալի բաներ էին նրա համար…
Իր իսկական անունն էլ չէր հիշում: Անունը կնքել էր Վերևինը: Վերևինն ավելի մեծ տրամաչափի ստահակ էր:
– Ա՛յ Չախալ,- ծիծաղում էր Վերևինը,- եթե սուտ ես ասում, դա էլ պիտի մակարդակ ունենա, եթե գողանում ես, էտ էլ պիտի մակարդակով անես:- Ասում էր ու հռհռում:- Թե չէ սրա-նրա թերմացքով ես ապրում, ա՛յ Չախալ:- Վերևինը չգիտեր, որ այդ կենդանուն ժողովրդական լեզվով չախկալ են ասում, ասում էր չախալ: Եվ այդպես էլ անունը կպավ Չախալ: Ո՛չ ինքն էր հիշում ծնողների տված անունը, ո՛չ էլ՝ ճանաչողները:
Ինքը խոնարհվում էր Վերևինի առաջ, հպարտանում, որ իրեն անուն է տվել, ուշադրության է արժանացրել: Հանդիպելիս նրա առաջ ծալվում էր, երկուտակվում, բայց ներսում թաքուն նախանձում էր, նույնիսկ՝ չարանում: Նա՛, որ վերևում էր, իրենից ինչով էր առավել: Նա էլ իր նման կյանքում չէր քրտնել, խաբել էր, թալանել, եթե պետք էր եղել, ծեծել էր, ծեծել տվել, նույնիսկ վերացրել ճանապարհից: Ամեն ինչով նույնն էին, նման, բայց նա վերև էր հասել, վերևից էր նայում, թագավորի նման՝ պալատներում էր ապրում:
Ինքը մի սովորական ստահակ ու գող էր: Խաբում էր, ում կարողանում էր, գողանում էր, ումից կարողանում էր, որտեղից կարողանում էր: Վերևինն էլ նույնն էր անում, պարզապես չափսերն էին տարբեր: Յուրաքանչյուրն՝ իր տրամաչափին համապատասխան: Եթե ինքը մեկի գրպանն էր մտնում, մեկին խաբում կամ սուտ էր խոսում, ապա Վերևինը երկրի գրպանն էր դատարկում: Կողոպուտն այնքան մեծ էր, որ երկրից դուրս էր հանում, արտասահմանյան բանկերում էր պահում… Ու ստում էր, թե ոչինչ չունի:
Երկուսով կողք կողքի ապրում էին՝ ամեն մեկն իր համար, իր կյանքով, Աստծու տված շնորհքով: Աստված մեկին շատ էր տվել, մեկին՝ քիչ: Կյանքի օրենք էր, այդպես եկել էր, այդպես էլ պիտի գնար: Չախալը մեկ-մեկ էլ նույնիսկ պայծառացման պահեր էր ունենում: Նույնիսկ եկեղեցի էր գնում, մոմ վառում, երեսին խաչ հանում: Այդպիսի պահերին նախանձն ու չարությունը փոխվում էին խղճահարության: Մտածում էր ու նույնիսկ խաղաղվում այն մտքից, որ Վերևինը մեղքի այնքան բեռ ունի, որ մեռնելուց հետո հավերժորեն ճարճատելու է գեհենի կրակների մեջ: Մտածում էր ու բարձրաձայն ծիծաղում: Պատկերացնում էր, թե ինչպես է նա ղժղժում կուպրով լի կաթսայի մեջ, ցանկանում դուրս թռչել, բայց հսկիչ սատանան ձեռքի փայտով տալիս է գլխին, ստիպում նորից սկել կաթսայի մեջ: Մտածում էր ու անզուսպ ծիծաղում, իր ձևով կարծես վրեժ էր լուծում Վերևինից՝ իր տրամաչափի փոքրության ու ներքևում լինելու համար:
Այդպես էլ անցան տարիները: Մի գեղեցիկ առավոտ տարածվեց Վերևինի մահվան լուրը: Քաղաքը սգում էր մարդկության անդառնալի կորուստը: Հոծ բազմությամբ տարան, գերեզմանոցի թանկ տեղում թաղեցին, գերեզմանին թանկարժեք գերեզմանաքար դրին: «Էս աշխարհում ե՞րբ է արդարություն եղել, որ հիմա լինի,- ժպտալով ասում էր Չախալը,- արդարությունը վերևում է՝ երկնքում»:
Մի օր էլ հոգեառ հրեշտակը Չախալի՛ն այցելության եկավ: Սուս ու փուս ավանդեց հոգին: Մի քանի հոգով տարան, գերեզմանոցի մի կորած, անհիշատակ տեղում թաղեցին, մի-մի բաժակ խմեցին, օղորմի տվեցին ու ճանապարհ դրին:
Չախալն աչքերը բացեց, տեսավ ուրիշ, անծանոթ աշխարհում է: Հիշեց, որ մեռել է: Նայեց շուրջը: Սատանաների ոհմակը ծափ տալով, հռհռալով մոտենում էր: Եկան, մտան թևերը, տարան: Չախալը փորձեց դիմադրել, բայց զգալով, որ անզոր է, հնազանդորեն քայլեց նրանց հետ: Հեռվում բոցկլտացող կրակներ էին երևում: Երբ մոտեցան, տեսավ անթիվ-անհամար կաթսաներ, որոնց մեջ ղժղժալով վեր-վեր էին թռչում տարբեր գույնի ու սեռի մարդիկ: Կաթսաների կողքին կանգնած սատանաները, գոռգոռալով նրանց վրա ու հռհռալով, ձեռքի փայտերով խփում էին անհնազանդների գլխին, նորից ընկղմում կաթսաների մեջ:
– Ահա՛, հասար քո հավերժական բնակարանը,- քրքջացին թևատակերից բռնած սատանաները:
Չախալի մարմնով տհաճ դող անցավ: Սատանաները քարշ տվին մի կաթսայի մոտ: Տապակվողների ճիչերից կաթսաները թռչկոտում էին:
– Պատրաստվիր լոգանք ընդունել,- սատանաները նորից քրքջացին:
Հանկարծ տեսավ Վերևինին: Սկզբում չհավատած աչքերին. նա պետք է կաթսայում լիներ, էն էլ՝ ամենաեռացող: Աչքերը փակեց-բացեց, նորից նայեց: Չէ՛, ինքն էր: Կարմիր, վառվռուն զգեստի մեջ, ինքն էլ կարծես սատանա լիներ: Կաթսայի տակի կրակն էր բորբոքում: Սիրտն ուրախությունից ծլնգաց՝ եթե նա կարողացել է կաթսայից դուրս մնալ, ուրեմն էստեղ էլ հնարավոր է լեզու գտնել… Ուրեմն մի բան կանենք…
Սատանաները մի պահ բաց էին թողել՝ շեֆի հետ էր խոսում: Մոտեցավ Վերևինին, կռացավ, ինչպես Երկրի վրա էր կռանում, ծալվեց.
– Բարև՜…
– Բարև, Չախալ,- չարախնդաց Վերևինը, ապա չոր, անզգա տոնով ավելացրեց,- մտիր պղնձի մեջ:
– Մի բան արա… Հանուն ընկերության…- վիզը ծռեց Չախալը:
– Էստեղ ծանոթ-մանոթ չի անցնում, շուտ արա,- չոր, անզգա տոնով ընդհատեց Վերևինը,- մտիր, ժամանակ չկա:- Ապա կռացավ, նորից բորբոքեց կաթսայի տակի կրակը:
Չախալը կախեց գլուխը: Երկու սատանա մոտեցան և թևատակերից բռնելով՝ մտցրին քլթքլթացող կաթսայի մեջ:
– Չէ՛, էստեղ էլ արդարություն չկա: Եթե սրիկա ես, էլի մեծ սրիկա պիտի լինես, որ գնահատվես… Բա էլ տարբերությունը ո՞րն ա… – բղավեց Չախալն ու ընկղմվեց եռացող կաթսայի մեջ:
Վերևինը հռհռաց և կռանալով բորբոքեց կրակը.
– Որ ասում էի… Եթե խաբում ես, էդ էլ պիտի մակարդակով անես, ա՛յ անմակարդակ: Եթե գողանում ես… Ամեն տեղ էլ տաղանդն ու շնորհքը գնահատվում են:
Չախալը վերջին բառերը չլսեց: Վերևինը ձեռքի փայտով խփեց գլխին: Հալված, եռացող կուպրը խցանեց ականջները: