Լևոն ՇԱՀՆՈՒՐ / ԱՍՏԾՈ ԱԿԱՆՋԸ

Յոթ հոգով հանդիպում ենք նշված վայրում, և այնտեղից եկած մարդը մեզ ուղեկցում է Աստծո ականջը գտնելու: Օրերով ճանապարհ ենք կտրում, լեռների ստորոտներին հազարավոր պտույտներ ենք գործում. մեր մեքենայի ճնշումից ճանապարհը փշաքաղվում և օձի նման կծկվելով՝ կրկին բացվում, մղվում է առաջ:
Վերջապես հասնում ենք քաղաք, որը բարձունքի վրա է, երկրից այն չափով կտրված, որ ներքևից նայելուդ կերպը հպարտակեց լինի, գուցե քաղաքն իր հենման կետը հողից չի վերցնում, գուցե չորս անկյուններին կցված պարաններով է կախվել, ամեն դեպքում ամպերը մատույցներում են:
Յուրաքանչյուր սովորական քաղաք իր սահմաններն ունի. տնից դուրս գալիս կրկին քաղաքում ես, երթուղայինով տասը փողոց անցնելով նորից քաղաքում ես, իսկ բարձունքինը չունի այս ներսը, դու անընդհատ դրսում ես, ինչպիսի շինությունից էլ ելնես՝ քաղաքում չես, այլ դրսում՝ աշխարհում, քանզի բնության արարումն այստեղ տեսանելի է, սա է անսահմանության զգացողություն առաջացնում:
Մեքենան կանգնում է երեք հարկանի շինության մոտ:
Մեզ սպասում է Մարիամը՝ ձյուն սիրող աղջիկը, որ փաթիլներ տեսնելով հրճվանքով է լցվում, ասես, ուր որ է եղևնի է զարդարելու, և բոլորով թռվռանք շուրջը, նե ջերմությամբ հրավիրում է ներս: Մեզ է ներկայանում կառույցի տնօրենը՝ պարոն Հայկը, ով տնօրինում է արվեստի ճյուղերին, նաև կառույցի հետնամասում որձաքարերով հին շինության նորոգմամբ է զբաղված, խամաճիկների կերպարների ստեղծմամբ, թատրոնով, ինչն ավելի է մոտեցնելու արվեստակիր Ականջի մոտ ձգտող արվեստագետներին: Այնուհետև՝ հաճելի աղջիկը, ով մեկընդմեջ հովի պես անցնում է և անհետանում: Շքեղ ուսումնական համալիրներից պահպանված փլատակները տեսնելով՝ հասկանում եմ, որ ժամանակին այստեղ է գտնվել Կաստալիան:
Պարսպին Արի անունով հսկիչն է ետ ու առաջ քայլում. նա ամեն գիշեր ստորոտներից բարձրացող շնագայլերի դեմ է պայքարում, որպեսզի մենք ապահով քնենք:
Թաթոսը, գրեթե միշտ լուռ, մեզ ասում են, որ նրա սերը կամ սերերը լքել են նրան, Թաթոսը միայն ուտում և քնում է, մի տեսակ ընդարմացած, վերացած աշխարհից, ինչքան էլ փորձում ենք մանր արկածներով դուրս բերել հուսահատությունից, այնքան ավելի շատ է խրվում իր երբեմնի սեր-հուշերի խորքը:
Երրորդ օրը. Հայկը ցուցում է մեր ուղեկցորդին՝ Դավիթին, ճաշակով երաժշտություն լսող մարդուն, որպեսզի մեզ ցույց տա Ականջի գտնվելու վայրը:
Մենք գիտենք պայմանը. խոսել Նրա ականջում, ասել խորհրդավոր խոսքեր, որպեսզի Աստծո ականջը կակղանա, և շարունակի պահպանել քաղաքն ու իր մարդկանց:
Կարծում եմ, սա է արվեստաստեղծ կառույցի նպատակներից մեկը: Որպեսզի հեռավոր բարձունքից ընտրի մարդկանց, ովքեր դեռ հավատում են արվեստին և ուղարկելով իր ուղեկցորդին՝ բերի իր մոտ, հյուրասիրի, գիշերելու օթևան տա, երեք օր պահի հենց արվեստ արարող իր օջախում, մինչև այն օրը, երբ ինքդ քո խոսքը լսելու հատկությունը վերագտնես. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը», այնուհետև ընդհատակյա սենյակում նայելով մութ խողովականման փորվածքին՝ խոսես, և ինքդ քեզ համար թողություն բերես:
Այստեղից է տիեզերքի Տերը բժշկական լսափողը մոտեցնում փորված ականջին և լսում լռությունից տկարացած բառերը:
Յոթն ենք, ամեն մեկն իր բառն է թողնում, որը տարիներով փայփայել են, գաղտնի պահել, որպեսզի մյուս խոսքերի հետ դուրս չընկնեն, վերջապես գա այդ օրը, և բարձունքից իրենց ընտրեն:
Քաղաքը՝ Շուշի: Աստծո ականջը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ներքնահարկ: Կառույցը՝ Նարեկացի Արվեստի Միություն: Կաստալիա՝ Հ. Հեսսեի Ուլունքախաղը վեպի մշակութային քաղաքը: Վերադարձե՛ք Թաթոսի սերեր:

One thought on “Լևոն ՇԱՀՆՈՒՐ / ԱՍՏԾՈ ԱԿԱՆՋԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։