ՀԱՄԱՐԵՆՔ, ՈՐ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՊԱԿԱՍԵԼ / Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

– Կարծիք կա, որ նախկինի պես գրքի նվիրյալներ չկան: Արդյոք այդպե՞ս է:
– 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտենի մոտ եմ կարդացել՝ Հին աշխարհի շատ զորավարներ ունեցել են իրենց սեղանի գիրքը: Ալեքսանդր Մեծինը, օրինակ, եղել է Հոմերոսը, Աֆրիկացունը՝ Քսենոֆոնը, Կարլոս Հինգերորդինը՝ Ֆիլիպը: Մարկոս Բրուտոսի մասին մի քիչ ավելի շատ բան ունեմ քաղած. հռոմեացի մեծ քաղաքական գործիչն ու զորավարը, երբ երկիր ու երկինք խառնվել էին իրար՝ պատերազմ էր, ու ինքը պատերազմում էր, պատմում են՝ գիշերային մարտադադարներին մի քանի ժամ էր կտրում քնից, որ հանգիստ Պոլիբիուս կարդա և նրանից քաղվածքներ դուրս գրի: Այդ ի՞նչ էր գտել մեծ զորավարը հին հունական պատմագրի գրքում: Եվ, ընդհանրապես, այդ ի՞նչ էին որոնում և ի՞նչ էին գտնում սրի մարդիկ գրի մարդկանց գրքերում: Թղթերիս մեջ գրառումներ գտա, չեմ նշել, չգիտեմ՝ ում մտքերն են, բայց ասեմ. Սենեկայի գրվածքները, ուրեմն, ներթափանցված են եղել աշխուժությամբ, սրամտությամբ, Պլուտարքոսինը ավելի բովանդակային են եղել: Ըստ այդմ՝ Սենեկան ավելի հուզել է, Պլուտարքոսը՝ ավելի բավականություն պատճառել իմացականությամբ: Հիմա չեմ կարող ասել՝ նշանավոր զորավարներին այդ ի՞նչն է գրավել իրենց սիրած գրքերում՝ հուզականությո՞ւնը, իմացականությո՞ւնը, թե՞ ուրիշ մի բան, որ իրենց ժամանակներում կար, հիմա չկա, անհետացել է, դրա համար էլ չեմ կարող ասել՝ հատկապես ինչը: Մի բան, սակայն, կարող եմ ասել հաստատ՝ նրանց մոտ ճաշակի խնդիր չի եղել, եղել է հոգեկերտվածքի խնդիր, որի լուծումը պարզ էր և հստակ՝ որոնել, գտնել այն հեղինակներին ու նրանց գրքերը, որոնք խոսել են իրենց հետ և իրենցն են եղել, ուրիշները թող իրենցն ունենային, հարց չկար: Հիմա դառնամ մեր հարցախույզ ընթերցողի տխուր դատողությանը. «Գրքի նվիրյալներ չկան, գիրք չեն սիրում»: Միամիտ կլինի պարզապես ասել՝ կան, և հարցը համարել փակված: Ավելի ճիշտ կլինի՝ մեկ ուրիշ բան ասեմ: Այն, որ Քարի դարն ավարտվեց, չի նշանակում բնավ, թե քարերը վերջացել էին: Այն, որ «Գրքասեր» ընկերությունը փակվեց, չի նշանակում բնավ, թե գրքասերներ այլևս չկային: Փոխվում են ժամանակները, և դրա հետ, իհարկե, փոխվում է մարդը: Բայց նկատենք՝ այնուամենայնիվ, կա մի բան, որ նրա մեջ ըստ էության չի փոխվում, որովհետև ի ծնե է և, ուրեմն, աստվածատուր: Դա նրա հոգեկերտվածքն է: Եթե խոսքը գրականությանն է վերաբերում, անվանենք այն ընթերցողի հոգեկերտվածք և ավելացնենք, որ գրողի հոգեկերտվածք էլ կա: Այ, հենց դրանց խաչասերումից է ծնվում գրքի նվիրյալը՝ գտնում է այն գրողին, որ իրենն է, և երկուսն էլ նույն արյան խմբից են: Լավ, թող դա լինի այդպես, այնուամենայնիվ, հարցից չխուսափենք՝ իրո՞ք հիմա չկան գրքի նվիրյալներ: Պատասխանեմ՝ իհարկե, կան, բայց, որքան էլ տարօրինակ հնչի, պիտի ասեմ՝ այսօր պակասել են նվիրյալ ընթերցողները: Համարենք, որ պարզապես գիրք սիրող մարդիկ չեն պակասել, բայց մեկ է՝ այդ հրաշալի, գեղեցիկ, անկրկնելի զբաղմունքը (ուրիշ բառ չգտա)՝ ընթերցանությունը, թվում է՝ առաջվա ձգողականությունը չունի: Ինչի՞ց է: Երևի (կամ հաստատ) մարդկանց սոցիալական վիճակից. գրքի փող չկա, ընթերցանության ժամանակ կամ տրամադրություն չկա, հոգնած են սարսափելի, գլուխները խառն են, և այլն, և այլն՝ մի ամբողջ հոգսաշատ կյանք: Բայց, մեկ է, մի օր ընթերցանությունը դառնալու է պարտադիր, ինչպես զինվորական ծառայությունը: Մեկ այլ տխուր իրողություն: Ժամանակին լույս աշխարհ են եկել գրքեր (օրինակ՝ Րաֆֆու վեպերը), որոնք կլանել են մարդկանց միտքը, հոգին, երևակայությունը և հենց այդպես էլ կոչվել են՝ «սերնդի գիրք»: Որտե՞ղ է այն գիրքը, թեկուզ թարգմանական, որ դարձել է այսօրվա հայ սերնդի գիրքը: Գուցե կա, չգիտեմ, բայց ինձ ինչ-որ չի երևում:
Հիմա մեր հարցախույզ ընթերցողի դժգոհությանը դառնում. «Ոչինչ չեմ հասկանում ժամանակակից պոեզիայից»: Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել, սիրելիս: Երևի ոչնչով, բայց չէ՝ գոնե խորհրդով օգնել կարող եմ, ինչքան էլ ասեն, թե խորհուրդ տալն ամենահեշտ բանն է:
Այսպես, ուրեմն, շատ ժամանակ առաջ էր, մեր հայտնի երաժիշտներից մեկին անկեղծորեն խոստովանեցի, որ կոնցերտային երաժշտությունն ինձ չի գրավում, իմ ականջի համար չէ, և նա տվեց դրա շատ պարզ, հստակ բացատրությունը. «Որովհետև քիչ ես լսում»: Հասկացա, որ ես պարզապես կոնցերտային երաժշտության մեջ չեմ: Հիմա մեր հարցախույզ ընթերցողին ասեմ՝ հասկանալու համար գուցե դու էլ ժամանակակից պոեզիա շատ կարդաս, հը՞: Կարծում եմ՝ չի խանգարի: Շատերին որ չի խանգարել, օգնել է: Եթե մեր հարցախույզ ընթերցողն իմ այս խորհուրդը չընդունի, որովհետև ես ի՞նչ եմ նրա համար, ապա կտամ մեկ ուրիշ խորհուրդ՝ հետևել Գեորգի Գյուրջիևի խորհրդին, որը, ճիշտ է, տալիս է իր գրքերի առիթով, բայց ժամանակակից պոեզիային էլ, կարծում եմ, լիովին հարմար կգա: Գյուրջիևն, ուրեմն, տալիս է հետևյալ խորհուրդը. «Իմ յուրաքանչյուր գրավոր շարադրանքը կարդացեք եռակի. առաջին անգամ հենց այնպես, ինչպես սովոր եք կարդալ բոլոր ժամանակակից գրքերն ու թերթերը, երկրորդ անգամ այնպես, կարծես բարձրաձայն կարդում եք ուրիշների համար, և միայն երրորդ անգամ կարդացեք ու ջանացեք հասկանալ գրվածքիս բուն էությունը»:
Իմաստուն մարդ է Գյուրջիևը, փիլիսոփա, գուցե հետևե՞լ նրա խորհրդին, ի՞նչ եք կարծում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։