ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ / Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Պատահեց այնպես, որ «Գրական թերթի» 2018 թ. հոկտեմբերի 12-ի համարը ձեռքս չընկավ. կրպակներում ստացված մեկ-երկու օրինակներից մեկ-երկուսը վաճառվել էին, մեկ-երկուսը՝ ետ ուղարկվել: Մի ցավ էլ սա՝ հիմա ո՞վ է գրական մամուլ կարդում, չէ՞ որ «դուխը» համացանցի մեջ է, և մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ նյութականացված ընթերցողը, ինչպես գրել է սփյուռքահայ գրող Զահրատը, բանաստեղծության մեջ երբ հանդիպում է «անձրև» բառին, մտածում է միայն… հացի գնի մասին՝ կթանկանա՞, թե՞ կէժանանա:
Միանգամից ասեմ. իմ այդ գրությունը իսկապես որ կարող էր վիճահարույց լինել, բայց որ… «վրդովեցնող» ու «արտառոց»՝ զարմացա: Այդուհանդերձ, չհամաձայնելով հեղինակի կողմից առաջ քաշված, ես կասեի շա՜աատ, տեսակետներին, որոնց չեմ էլ պատրաստվում պատասխանել, այնուամենայնիվ որոշ մտածումներ ունեցա և հիմա չեմ կարող ավելի մանրամասն չհիմնավորել իմ գրության մեջ շոշափված մի քանի հարցեր:
Եվ ուրեմն՝ կարո՞ղ է լինել ուժեղ գրականագիտություն առանց ուժեղ գրականության, համոզված ենք, որ՝ ո՛չ: Այդ ի՞նչ և ինչպե՞ս պիտի գրվի չգոյ մի բանի մասին: Ասենք թե գրեցինք, որ ուժեղ գրականություն չունենք, հետո ի՞նչ պիտի գրենք, լավագույն դեպքում կարող ենք գրել, թե ինչու չկա: Է՛, դրանով ուժեղ գրաքննադատությո՞ւն ստեղծվեց: Հիմա՝ ի՞նչ, հավի ու ձվի սկզբնավորման վե՞ճ մղենք: Անլուծելի մի խնդիր, որտեղ, այնուամենայնիվ, հավն ավելի մեծ է, քան ձուն: Ու մենք այդ է, որ ասել ենք. գրականությունը ավելի սկզբնային է, մեծ ու առաջնային, քան գրականագիտությունը:
Ախր միայն արտաքին պատճառները դեր չեն խաղում, որ մեծ գրականություն ստեղծվի: Այդպես լիներ՝ աշխարհի շատ անկյուններում այդ պատճառները չկան, բայց արի ու տես՝ քիչ, շատ քիչ են ստեղծվում մեծարվեստ գործեր: Հարկավ, այդ օբյեկտիվ գործոնները նշանակություն ունեն: Թե՛ գրականության, թե՛ գրաքննադատության լիարժեք զարգացմանը խոչընդոտում են հոնորար չլինելը, մեր օրերում չվարձատրվող-չվճարվող գրական գործունեությունը, որոշ հեղինակների՝ մշտատև կռվից խուսափելը: Իսկապես որ, մեր օրերում հենց մի տող գրում ես, տասը մարդ քեզանից նեղանում է, էլ չեմ ասում՝ սկսում է վատաբանել: Երբ ՀԳՄ հերթական համագումարներից մեկում զեկուցում կարդացի ժամանակահատվածի արձակի մասին, քառասուն րոպեում «շահեցի» տասնյակ ու տասնյակ թշնամիներ: Նրանց մի մասը սկսեց ինձ հանդիմանել, թե ինչու իրենց անունները առաջինը չեմ տվել, մի մասը՝ թե ինչու «ամենա» և «ագույն» գերադրական աստիճաններով չեմ խոսել իրենց մասին, մի մասն էլ՝ թե ինչու իրենց անունների կողքին այսինչի անունն եմ գրել:
Ես այնքան էլ չեմ «մեղադրում» մեր գրողներին: Բոլորն էլ «սիրողականներ» են. մակարդակի իմաստով չեմ ասում, այլ վիճակի. ո՞վ է, որ գրական վաստակով է ապրում: Ուզում ենք մարդը 7-8 ժամ հիմնարկում աշխատի և հետո նստի վեպ կամ բանաստեղծություն գրի՞, Չարենցի բառերով ասած՝ կատարի «ոգու հերկ», որը «տքնաջան» է այնքան, որքան և ոչ մի այլ աշխատանք: Բայց այդ ամենի վերացմամբ էլ ուժեղ (դասական) գրաքննադատություն հնարավոր չէ, որ լինի, քանի որ լավ գրքեր, և այն էլ՝ շատ, պիտի լինեն, որ ասպարեզը առթի գրաքննադատության վերելքին, որ այն դառնա բազմաբնույթ, ընդգրկուն, հարցադրումային, ինչո՞ւ չէ, նաև բանավիճային՝ այս ամենով խթանելով գրականության զարգացման ընթացքին:
Ինչ խոսք, իմ ասած«չկան» վերապահումով պիտի ընդունել, քանի որ ասպարեզում մենք ունենք մի շարք շատ լավ գրողներ ու գրականագետներ (դարձյալ անուններ չտամ): Բայց տամ գրաքննադատների անուններ՝ Քալանթարյան և Գաբրիելյան ամուսինները, Երվանդ Տեր-Խաչատրյանը: Եվ քանի որ առաջին երկուսին լավ է ճանաչում մեր գրական հանրությունը, երկու տող գրեմ վերջինի վերաբերյալ: Ավելի քան քառասուն գրքեր կազմած, առաջաբաններ ու վերջաբաններ գրած, հազարավոր ծանոթագրություններ տված (որոնցից ամեն մեկի վրա, Թեքեյանի խոսքով ասած՝ «աչք է հատցուցեր») այս գրականագետին ո՞վ է մի «բարաքյալլա» ասել:
Իմ գրության մեջ, որն ընդամենը թերթի հարցման պատասխան էր, փորձել եմ համառոտ խոսել այն վիճակի մասին, որ այսօրվա գրական կյանքն է մասամբ: 60-80-ականների սերունդը, հարկավ որ, մեծ արժեքներ ստեղծեց, բայց իմ հայացքը նրանց չէ, որ ուղղված է եղել, և կամ՝ առհասարակ հայ գրականությանը: Այդպես լիներ՝ կտայի Խաչատուր Աբովյանի անունը և մի կողմ կքաշվեի, քանի որ այնտեղ ամեն ինչ կա, և նրա կողքին ոչ մի ուրիշ անուն հնարավոր չէ ավելացնել: Հիմա՝ ի՞նչ, եթե գրած լինեի, որ վերջին մի քանի տասնամյակներում երգիծական գրականությունը մեզանում «հոգեհանգստի» մեջ է, որոշ մարդիկ պիտի ասեին՝ բա Պարոնյանն ու Օտյանն ի՞նչ են: Ոմանք էլ երևի գրեին՝ բա հեռուստաեթերի երգիծական հաղորդումներն ի՞նչ են (վերջիններին պատասխանեմ՝ խայտառակություն):
Մեր ասածը գրականության մեջ արդի կյանքի վերհանմանն է վերաբերում, իսկ մեր մտքում՝ ո՛չ սոցիալիզմ կա, ո՛չ էլ՝ հայելի: Որ գրականությունը հայելի չէ, դա գիտի դպրոցականն անգամ: Բայց արդյո՞ք գրականությունը նաև կյանքի անդրադարձ չէ, այդ կյանքից չի գալիս և դեպի այդ կյանքը չի գնում՝ միջնորդավորվելով գրողի ճանաչողություններով, ոգու տքնությամբ, մտքի թռիչքով ու զգացումների հարստություններով, որ, իրոք, ուղղված է մարդուն (իսկ, ի՞նչ է, մարդը կյանքի մաս չի կազմո՞ւմ): Մի՞թե գրականության նպատակն ու խնդիրն է պատկերել ոչնչից ինչ-որ բան, թե՞ ինչ-որ բանից՝ Բան, այսինքն՝ կյանք ու մարդ: Ինչ է, Ե. Չարենցի՞ց մեջբերում անենք, որ համոզվենք կյանքի բազմաբնույթությանը և ընդգրկունությանը: Գիտենք, հասկանում ենք, որ ոչ մի «երգ» «խորհուրդ չի ընդունում» (Չարենց), բայց այդ նույն Չարենցը չի՞ գրել. «… երգը երկրի՛ց է աճում, և ո՛չ թե ձայներից կամ բառերից», ավելացնենք՝ և ո՛չ էլ «հոգևորից»: Ամբողջ հարցը «խոսքերով անկրկնելի» գրելու և պատկերելու ունակության մեջ է, որը, ըստ մեզ, պետք է ազգային նկարագիր ունենա: Այս ինչ կոսմոպոլիտիզմի հովեր են առել մեր գրողներից ոմանք, ում գրքերն ու գործերը, ինչպես կասեին արևմտահայերը. «Չեն բուրեր ոչ մի հայկականութեամբ»:
Խոսենք արվեստի ոլորտի օրինակո՞վ: Մտաբերենք 16-րդ դարի իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի «Մրգերով զամբյուղը»՝ առաջին նատյուրմորտը (1596 թ.) իտալական նկարչության մեջ, որտեղ ոչ թե պատկերված են զամբյուղի մեջ դրված մրգեր, զամբյուղի կողքին դրված մրգեր, այլ զամբյուղ, որ միահյուսված է մրգերին, և մրգեր, որոնք միահյուսված են զամբյուղին, և այդ երկուսից, որպես «կենաց ծառ», հառնում-բարձրանում է որթատունկի ճյուղը: Այսպես էլ գրականության մեջ. իրականն ու ոչ իրականը, հնարավորն ու անհնարը, լույսն ու ստվերը, գեղեցիկն ու տգեղը, սպիտակն ու սևը հյուսվում ու պայմանավորում են միմյանց, և առանց մեկի մտացածին է մյուսը, այսինքն՝ արվեստ չէ ու չի կարող ո՛չ ընթերցվել և ո՛չ էլ դիտվել: Երբ ես Հակոբ Մովսեսի անունն եմ տվել, այս ամենն եմ նկատի ունեցել:
«Գրական թերթի»՝ մեզ հատկացված երկու սյունակում մենք գրել ենք, որ Հ. Մովսեսը «չքնաղ էսսեներ-դիմանկարներ է հեղինակում, խորը փիլիսոփայական ու գեղագիտական բնութագրեր տալիս կյանքի շատ երևույթների, գրում կատարյալ ու մնայուն բանաստեղծություններ, որոնք ես կանվանեի «բարձր բանաստեղծություն»»:
Եթե մեր ընթերցողներին ոչինչ չի ասել «բարձր բանաստեղծություն» որակումը, այդ իրենց խնդիրն է: Մեր գրության մեջ չկա և չէր կարող լինել որակում, թե Հ. Մովսեսը կյանքի մերկ կոնկրետությունը պատկերող պոետ է: «Մերկ» բառը ես ընդհանրապես չեմ օգտագործել: Ասեմ, որ «մերկ կյանքի» մասին որքան ուզեք կողմնակալ գրվում է մեր մամուլում, սակայն ոչ մի կերպ այդ «մերկը» իր ամոթատեղերը ո՛չ ծածկում է, ո՛չ էլ թաքցնում: Իմ ասածն այն է, որ այդ «մերկին» գեղարվեստական հագուստ հագցնեն մեր գրողները, այդ թվում և «հոգևոր» (Մովսեսի): Վերարկուն հագած, վերմակն էլ գլխին քաշած, հիվանդ, ասենք, Գոգոլի «Շինելի» հերոս Ակակի Ակակևիչի խեղճությունն ունեցող կյանքի ծվեն է՞լ չպիտի լինի գրականության մեջ: Միայն «ավետում», և դա գրականություն կլինի՞:
Ես ընդամենը իմ մտորումներն եմ գրառել: Ես հո աստվածաշնչյան պատվիրաններ և կամ Մովսեսի քարոզներ չե՞մ կարդացել, թե «մի՛ շնանար, մի՛ գողանար»: Ավելորդ բաներ: Մենք բոլորս չգիտե՞նք, որ լավ էլ գայլանում են, լավ էլ թալանում: Իսկ Մովսեսը (այս անգամ՝ Հակոբ), ինչի՞ մասին է իր բանաստեղծություններում «ավետում»՝ Քրիստոսի գալստյա՞ն, թե՞«մի՛ գողանար, մի՛ շնանար»-ի, այլ խոսքով՝ եղի՛ր մարդ քո մտքերով ու զգայնություններով, որ և՛ հոգևոր, և՛ հոգեկան, և՛ ոգեղեն ինչպեսն է և ինչը:
Հիմա դառնանք Գր. Նարեկացուն և «Գրական թերթ» ընթերցող որոշ մարդկանց այն մտքին, թե «Մատյանի» մեջ 10-րդ դարի Հայաստանի կյանքի նշույլ չկա, ու այդ մարդկանց բաց աչքով կարդալու հորդոր անենք. կարդացե՛ք Նարեկացու «Մատյանի» 45-րդ գլուխը: Մինչ կարդալը ասենք. ողջ «Մատյանը» միջնադարյան Հայաստանի մարդու (ասել է թե՝ կյանքի) մտածումների, հոգևոր հույզերի, նվիրումների, ընդվզումների, հառնումների, փլուզումների ու անկումների պատկերում է նաև: «Մեղեդի Ծննդյանում» է՞լ այդ մարդիկ իրական կյանք ու այսաշխարհային գեղեցկություն չեն տեսնում. «Ծավալվել են աչքերը ծով//Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ»…«Թափվում էին այտերից՝ վառ//Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր»… «Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում,//Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ»… «Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված,//Դաստակներն են մանուշակի, ծիրանի փունջ»…: Եթե հանենք այս գործի վերջի երեք տողը, որ չի էլ բխում ողջ «մեղեդուց», նրանք կարո՞ղ են ասել այստեղ ինչն է «հոգևոր», և որ սա պոեզիա չէ:
Որ խոսք եղավ«ծոցի» մասին, ասեմ. բա ե՞ս պիտի ասեմ, որ կյանքում բաներ կան, ուրեմն և գրականության մեջ, որ գեղեցիկ ու աննման են ինքնին, հենց մերկությամբ՝ այն դնենք հայելիի դեմ թե չդնենք: Եվ, ուրեմն, եթե կարդան «Նարեկի» վերոնշյալ գլուխը, որի վերաբերյալ, ի դեպ, նարեկացիագետ Հրաչիկ Միրզոյանը զեկուցում կարդաց հոկտեմբերի 7-ին Մատենադարանում կայացած «Նարեկացիագիտական 4-րդ միջազգային գիտաժողովում», կտեսնեն, որ այնտեղ Նարեկացին շատ բացահայտ և որոշակի խոսում է իր ժամանակակիցների (և ոչ թե երկնավորների) թե՛ բարոյական և թե՛ մարդկային հոռի պահվածքի, բարքերի ու գործունեության մասին, խոսում է իր խորտակված ու կործանված անձի մասին, որը «խոցոտված է բազում տեգերով», արտահայտում իր «տրտունջը վշտից», ձաղկում «չարություն, գայթանք, անօրինություն», «ցոփություն, շվայտ», «Անպատկառ քծնանք, լկտի գզվռտուք», «Ատելություններ անմիտ»: Այս բոլորը Նարեկացին «չգիտեմ որտեղի՞ց» էր վերցրել կամ սրբերի կյանքի՞ց, թե՞ իր ժամանակաշրջանից ու իր կյանքից: Իսկ ի՞նչ կասեն «մոլագարություն անսանձ՝ իշխելու ամենասփյուռ, անսահմանափակ», «ժանտ դահիճներ» ձևակերպումների մասին: Այս բոլորը, Նարեկացու բառով ասած, հասցեագրված է «Նրանց»: Այդ ի՞նչ «նրանք» են, բա չմտածե՞նք: Այդ «նրանքը» չե՞ն եղել նաև մեր կյանքի վերջին երեսուն տարիներին, որոնց մասին լռել է մեր գրական միտքը: Եթե ընդունենք և բառացի ընկալենք «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ»-ը, մենք շատ չե՞նք նեղացնի «Մատյանը»՝ այն դարձնելով զուտ սխոլաստիկական մի բան ու զուտ միստիցիզմի դրսևորում, իսկ նրա հեղինակին՝ մութ խուց մտցնող (առանց այդ էլ 7-8 դար նրան այնտեղ են միայն պահել) և այն էլ՝ որպես ապաշխարող: Այդ դեպքում ո՞ւր թողնենք տառապող ու վշտակիր այն անձին, որը հրաշակերտել է այդ ամենը, աշխարհի բեռան տակ բառացիորեն կքած մեծ հանճարին: Ինչ է, մենք չգիտե՞նք, որ «Մատյանը» գրվել է նաև նրա հեղինակի անձնական ցավից, նրա դեմ լարված հալածանքներից: Լինելով իր ժամանակի ամենաառաջադեմ ու զարգացած մարդը՝ նա ուզում էր կաթողիկոս դառնալ, բայց տգետ ու բանսարկու վարդապետները նրան այդ թույլ չտվեցին:
Ինչո՞ւ եմ «միայն բանաստեղծների անունները բերում» հարցման պատասխան ասեմ նույնը. իմ խնդիրը չի եղել ամբողջական տեսություն կազմել ո՛չ առհասարակ հայ գրականության և ո՛չ էլ ընթացիկ ողջ գրականության վերաբերյալ: Եթե այդ լիներ իմ խնդիրը, ես, օրինակ, չէի կարող չանդրադառնալ նաև գրական նոր սերնդի մեկ-երկու ներկայացուցիչների: Ասենք, թեկուզ Գոռ Հարությունյանի՝ այս տարի տպագրած «Միջանկյալ զրույց» գրքին և մանավանդ այդ գրքի «Կառափնարան» շարքին ու հենց «Կառափնարան» գործին: Բանաստեղծական ձիրք և շնորհ ունեցող հեղինակը այդ գործում մի այնպիսի հակընդդիմություն է դրսևորում առ իր մյուս հայրենակիցները, որից, իրոք որ, կառափնարանի հոտ է գալիս, և ինչ-որ տեղ մեզ հիշեցնում 20-րդ դարի երկրորդ-երրորդ տասնամյակները:
Հարցնենք, մի՞թե թրջվելու համար երկու անգամ պիտի մտնել գետը: Այդպես կարող է և… խեղդվենք:
Կարծում ենք՝ մեր գրության մեջ չափածոյի օրինակով էլ ցույց ենք տվել այն մի քանի գծերը (իսկ դրանք շատ են), որոնք, ըստ մեզ, բնութագրական են ընթացիկ գրականությանը: Արձակագիրներից ես ո՞ւմ անունը տայի (ասենք, Գուրգեն Խանջյանինը), որ մյուսները չընդվզեին: Իսկ դրամատուրգներից Նորայր Ադալյանի և Կարինե Խոդիկյանի կողքին ո՞ւմ անունը գրեմ՝ Սունդուկյանի՞, Շանթի՞, Դեմիրճյանի՞:
Իմ նկատումների մի մասն էլ կարող է ոչ միայն վիճահարույց լինել, այլև ճիշտ չլինել: Իսկ ո՞վ է և որտե՞ղ է սահմանում ճիշտն ու ճշմարիտը, մանավանդ՝ արվեստի ու գրականության ոլորտներում:
Իմ գրության մեջ ես հորդորել եմ, որ Հ. Մովսեսը վեպ կամ վիպակ գրի: Մի՞թե պարզ չէ, որ կամեցել եմ ասել, որ նա կարող է, ունակ է այդ անել (կգրի, չի գրի՝ այդ այլ հարց է): Դրանով ես չեմ ասում, թե մեկ ուրիշը ի վիճակի չէ գրելու: Իմ գրած նյութի ողջ ենթատեքստը հանգում է նրան, որ ազատ-անկախ-երջանիկ և համանման հերթապահ բառերը չեն լցնում այն բացը, որը կա մեր կյանքի տարբեր բնագավառներում (մանավանդ՝ ազգային միասնության ու համերաշխության), այդ թվում և՝ գրական կյանքում, հանգում նրան, որ սկսած Տեր-Լևոնի առաջին իսկ օրերից ժողովրդի անունով իրենց մեջ բաժանվեց երկրի ծով հարստությունը՝ սովորական մահկանացուների դատարկ բռան մեջ դնելով 2-3 հազար դրամ արժողությամբ «թղթե» վաուչերներ: Ա՞յդ էր անկախության հազարամյա իդեալը: Եթե՝ այո՛, բան չունենք ասելու, եթե՝ ո՛չ, այդ դեպքում մեր գրականության մեջ որտե՞ղ փնտրենք այդ ամենի անդրադարձն ու գեղարվեստական պատկերումները: Ահա սա է, որ հարցականների ու բազմակետերի տեղիք է տալիս, ու մոտակա հեռվում վերջակետը չի երևում:

One thought on “ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ / Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։