ԱՅԴՊԻՍԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԻ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ

Չինական կողմի հրավերով Գագիկ Դավթյանը հոկտեմբերի 10-ից 16-ը մասնակցել է Չենդու քաղաքում կայացած Պոեզիայի միջազգային շաբաթին:

ՉԵՆԴՈՒՆ՝ ՉԻՆԱԿԱՆ
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԵՔՔԱ
Այսպիսի համարում ունի Սիչուան նահանգի այսօրվա մայրաքաղաքը և ունեցել է հնում (հիմնադրվել է մ.թ.ա. IV դարում): Մշակութային հարուստ ավանդույթներով հռչակված ավելի քան 16 միլիոնանոց մեգապոլիսը բանաստեղծական խոսքի հազարավոր վարպետների է ընդունել դարեր ի վեր:
Այսօր այն Forbes-ի ցուցակում ամենաարագ զարգացող քաղաքների շարքում է, վերջին չորս տարիներին գլխավորել է Չինաստանի ամենաերջանիկ քաղաքների աղյուսակը, իսկ վերջերս ընդունել է «փոքրիկ» Փարիզի հետ եղբայրանալու առաջարկը: Նշանակալից այս իրադարձությանն էր նվիրված Պոեզիայի միջազգային շաբաթը, և պատահական չէր, որ ԱՄՆ-ից, Կանադայից, Հայաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Վենեսուելայից, Չիլիից, Պանամայից, Կոլումբիայից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ռումինիայից հրավիրված 25 բանաստեղծներից 10-ը ներկայացնում էին Փարիզը: Չինացիների հետ միասին մասնակիցների թիվը գերազանցում էր 100-ը: Շաբաթի բոլոր միջոցառումները (բարիգալստյան արարողություն, գրքերի ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, բանաստեղծական ընթերցումներ) անցնում էին հիմնականում Սինխուա չորսաստղանի բազմագործառույթ հյուրանոցային-ռեստորանային համալիրում:
Շաբաթի պաշտոնական մեկնարկը տրվեց Չենդուի պետհամալսարանում: Այստեղ՝ բաց երկնքի տակ, կազմակերպվել էր բոլոր մասնակիցներիս մեծադիր լուսանկարների ցուցահանդեսը: Իսկ ներսում՝ ուսումնական հաստատության համար անսովոր չափերով և գերարդիական տեխնիկական հագեցածությամբ շքեղ դահլիճում, կայացավ նույնքան շքեղ գրական-երաժշտական մի հանդիսություն, որում ընդգրկված հյուրերի թվում էի նաև ես:
Հարուստ էր Շաբաթի զբոսա­շրջային ծրագիրը:

ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ
Հնագույն պատմության հետաքրքիր շատ հուշարձաններ ունի Չենդուն, որոնք քաղաքի յուրօրինակ այցեքարտեր են, բայց մարդկանց այն հրապուրում է առաջին հերթին սև-սպիտակ արջերին տեսնելու հնարավորությամբ, կենդանական աշխարհի մի տեսակ, որ ոչ հեռու անցյալում դասվում էր վերացողների շարքը: Վայրի բնության մեջ ամենաշատ պանդաները մնացել էին միայն Չինաստանի մի քանի լեռնոտ շրջաններում, և հենց այս երկրում է, որ պետական մակարդակով ձեռնարկվեցին բնապահպանական եռանդուն միջոցներ՝ Կարմիր գրքի դուռը ընդմիշտ փակելով հազվա­գյուտ այս տեսակի առջև: Քաղաքի ծայրամասում 1987-ից գործում է «Պանդաների ուսումնասիրման և բազմացման գիտահետազոտական կենտրոն», որի լայնարձակ արգելոցի բամբուկի անտառների առաջին բնակիչները 6 արջեր են եղել: 30 տարում այստեղ լույս աշխարհ են եկել 176 քոթոթներ: Շլացուցիչ մաքրությամբ աչք են շոյում հատկապես ծնարանները:

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ
ԵՂԵԳՆՅԱ ՀՅՈՒՂԱԿԸ
Չենդուի արևմտյան ծայրամասում շուրջ 10 հեկտար տարածք է զբաղեցնում Թան դինաստիայի շրջանի խոշորագույն բանաստեղծ Դու Ֆուի (712-770) պատվին ստեղծված զբոսայգին ու թանգարանը, որ ունի ազգային ժառանգության կարգավիճակ: Մեծ թափառականը 759-ին հասել է այստեղ, հյուսել ծղոտածածկ եղեգնյա մի հյուղակ, միայնակ ապրել նրանում 4 տարի՝ գրելով ավելի քան 200 բանաստեղծություն: Համալիրը ներառում է տաղավարներ, ջրային հայելիներ, ցուցասրահներ, դահլիճներ, որոնցից մեկում բանաստեղծի կյանքն ու գործը ներկայացնող ցուցանմուշներ են, մյուսում, որ ունի «Մեծ բանաստեղծների դահլիճ» անվանումը, չին 12 հռչակավոր բանաստեղծների կիսանդրիներն ու նրանց մասին պատմող նյութեր են:
Վերակառուցված է բանաստեղծի եղեգնյա հյուղակը, վերստեղծված են այն ժամանակների կենցաղային գործածության իրերը: Համալիրի ընդարձակ հատվածներից մեկում կայացավ թեյախմու­թյամբ ուղեկցված գրական-երաժշտական անմոռանալի մի ցերե­կույթ՝ մեր ելույթներով:
«Թափառականի հյուղակ» անվանումը կրող հրատարակչությունը լույս էր ընծայել չորս ստվարածավալ անթոլոգիա, որոնցից մեկն ամփոփում է անգլերեն և չինարեն լեզուներով հյուրերի մեկական բանաստեղծությունները և կենսագրական տեղեկանքները՝ լուսանկարներով հանդերձ: Նրանում ներկայացված է իմ «Պոեզիա» խորագրով բանաստեղծությունը:

ՉԵՆԴՈՒԻ ԵՎՍ ՄԻ ԱՅՑԵՔԱՐՏ
3000-ամյա պատմություն ունի Չենդուից մոտ 25 կիլոմետր դեպի արևելք ընկած Լոոդայ արբանյակ քաղաքը, որի 20-23 հազար բնակչության ավելի քան 90 տոկոսը հակկա ցեղի մարդիկ են՝ սերնդեսերունդ փոխանցված սովորույթներով, կենցաղավարությամբ ու հավատալիքներով: Կառավարությունը զբոսաշրջության հինգաստղանի գրավչության տիտղոս է շնորհել այս քաղաքին, որ ներառում է հիանալի պահպանված ինքնատիպ ճարտարապետությամբ հին բնակավայրը և Ոսկե վիշապի լիճը: Զմայլելի պարերգերով դիմավորեցին մեզ հակկա աղջիկները:
Իսկ երեկոյան քաղաքի հսկայական հրապարակում շողշողացող բեմահարթակի դիմաց վառված խարույկի ճրթճրթոցի «նվագակցությամբ» կայացավ Պոեզիայի մեծ երեկոն: Հանդես եկան գրեթե բոլոր հյուրերը: Ու մինչ նրանց բանաստեղծությունները հնչում էին երկուական լեզվով՝ մայրենիով և չինարեն թարգմանությամբ, ինձ համար հաճելի անակնկալ էր պատրաստել փառատոնի կազմկոմիտեն: «Պոեզիա» խորագրով բանաստեղծությունս կարդալուց հետո բեմ բարձրացան ֆրանսագիր կանադացի բանաստեղծուհի Լաուրե Մորալին, ամերիկացի Ուիլյամ Ուոլակը, չինացի Յույ Կէյաոն և ներկայացրին այն ֆրանսերեն, անգլերեն և չինարեն թարգմանությամբ: Առանց ավելորդ համեստության ասեմ, որ չորս լեզվով հնչելու պատվին արժանացավ նվաստիս բանաստեղծությունը միայն:

«ԻՄ ՁԱՅՆԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Սինխուա հյուրանոցի կոնֆերենց- դահլիճներից մեկում կայացավ Պոեզիայի շաբաթի ծրագրով հրատարակված բանաստեղծությունների և էսսեների անթոլոգիաների և այդ շարքում փառատոնի կազմկոմիտեի նախագահ Ջիդի Մաջիայի «Իմ ձայնը» ժողովածուի շնորհանդեսը: Մի բանաստեղծի, ում գրքերը զարմանալի արագությամբ իրենց ճանապարհը հարթում են ոչ միայն Չինաստանում, որ 56 ազգեր ու ազգություններ է միավորում, այլև աշխարհի չորս ծագերում՝ ի հեճուկս այս ու այնտեղ գրքի մոտալուտ վախճանին ընդառաջ հնչող մահախոսականների: Ողջույնի և գնահատանքի շատ խոսքեր հնչեցին՝ ուղղված հեղինակին և թարգմանչիս: Երախտիքի խոսքով հանդես եկավ և իր «Երուսաղեմի աղավնին» բանաստեղծությունը կարդաց Ջիդի Մաջիան, որը, ինչպես և հայերեն թարգմանությանս ընթերցումը, ընդունվեց ջերմությամբ:

ԱՌԱՆՑ
ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅԱՆ
Շատ փառատոների եմ մասնակցել, բայց այն ուշադրությունը, որ ցուցաբերվում է Չինաստանում գրականության և գրողի նկատմամբ, ոչ մի ուրիշ երկրում չեմ զգացել: Ես երրորդ անգամ եմ այս երկրում, և սա հաճոյախոսություն չէ: Չենդուի պոեզիայի շաբաթի լուսաբանմանը, բառի բուն իմաստով, լծվել էին զանգվածային լրատվության գրեթե բոլոր միջոցները: Այնքան շատ էին լրագրողները, որ խույս տալ նրանց տեսադաշտից պարզապես հնարավոր չէր: Պետական հեռուստատեսությունը ոչ միայն «Փառատոնի օրագիր» հաղորդաշարն էր բացել՝ ամեն օր ներկայացնելով շաբաթի հյուրերին, այլև ուղիղ եթերը տրամադրել էր Չենդուի համալսարանում կայացած բացման արարողությանը և Լոոդայի Պոեզիայի մեծ երեկոյին: Օրական մի քանի հաղորդում էր սփռվում ռադիոյով: Փառատոնի ընթացքին ամբողջական էջերով անդրադառնում էր մամուլը՝ հատկապես «Արևմտյան Չինաստան» և «Չենդուի լրագիր» հեղինակավոր օրաթերթերը, որոնք հրապարակել են իմ երկու զրույցները:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։