ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

Andrei-Bitov-800-500
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել
Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ և թարմությամբ, այլև նրա համարձակ դիրքորոշմամբ, ազատության հանդեպ սիրով և մտավորականի անթերի կերպարով:
Ցավակցություններս եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Ի դեմս Անդրեյ Բիտովի՝ հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր անկեղծ բարեկամին: Թող հարգելի Անդրեյ Գեորգիի հոգին հանգչի խաղաղությամբ: Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար:

Հայ ժողովուրդը և Հայաստանի գրական հասարակայնությունը խորին ցավով սգում են Անդրեյ Բիտովի կորուստը: Նրա ստեղծած գրականությունը անգնահատելի նվաճում է և ռուս դասական հարուստ խոսքարվեստի ավանդույթով սնված՝ թևածում է աշխարհի գրասերների հոգիներում: Հատկապես նրա «Հայաստանի դասերը» հայ ընթերցողի համար յուրովի բացահայտեց Հայաստան աշխարհը, և նրան հայերն ընկալում են որպես հայրենակցի: Բիտովի գրքերը թարգմանվել և տարածվել են Հայաստանում, Հրանտ Մաթևոսյանի հետ ընկերությունը վերածվել է բարեկամության ընդհանուր հայության հետ:
Հայաստանի գրողների միությունը և ողջ հայ գրասեր հասարակայունությունը խորապես ցավակցում են Անդրեյ Բիտովի ընտանիքին, հարազատներին և ռուս ժողովրդին: Նրա ստեղծած գրականությունը հավերժ կմնա ժողովուրդների սրտերում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

Սանդուղք

Դու շատ բան տարար և
համբերանք ունես, և
բանեցիր հանուն իմ
անվան ու
չսպառվեցիր:
Բայց դեմ եմ քեզ նրանով,
որ դու լքեցիր քո սերն
առաջին:

Անցա ես ճամփան առ
Աստված,
երևի ճամփա էր
դժվարանց,
համարյա դեպի շեմը հենց, –
ճամփան երկար էր:

Սանդղամատերը
երթուղու վերջում
ինչ-որ շատ-շատ են շրջուն,
նրանց ուրվագծերն են
ջնջվում-
պառկեցի՝ շունչս ետ բերեմ:

Շունչ առա – սանդուղքի
երկայնքով
շարվեշար ընտանի շուքեր,
սնամեջ, մարմինները լքել-
թունել են միջանցիկ:

Հանելո՞ւկ է,
ինչ անուն տաս.
ձախից՝ պապս,
աջից՝ տատս,
պապն ու տատն էլ
առանձին:
Էս ինչ խութ է,
ինչ արգելքներ,
աջից՝ քեռի,
ձախից՝ հորքուր…-
ձայն են տալիս:

– Ի՞նձ եք կանչում…
բարև, իմոնք,
Էս ի՜նչ ահ է ու չարչարանք,
դուք մաս-մաս եք,
իսկը վարանք,
ո՞ւմ եք ման գալիս…

– Վե՛ր կաց առույգ,
ե՛լ շուտափույթ,
մեզ գրկի՛ր շուտ –
դե բախտ է:
– Ալարկոտ չեմ, որ նստել եմ.
շատ է կտրուկ
ելարանն աստ,
թունելից է քամին անսաստ-
դրախտը չէ…
– Ոչի՛նչ, հիմա մի՛
վախվորիր,
և խռովված մի՛ մտորիր,
կամաց-կամաց տեղավորվիր-
ապաստան է:

– Ի՜նչ տարակերպ
եղանակ է,
աստ տարվա ո՞ր
ժամանակն է,
անբնություն, դժնդակ է,
հավքերը՝ սաստված:

Անցում չկա հավերժի մեջ,
երգերը՝ չիք, երգված ցվերջ,
խավարը՝ չիք,
չիք՝ լույսի էջ…
դժոխքը չէ՞…

Չիք լույսը,
չիք՝ խավարամած,
չիք գանձ և
չիք մախախ ու հաց,
չիք ազատ կյանք,
չիք բանտախուց-
մեղանչել եմ:

– Դեռ իմ ոտքերը արա՜գ են,
դեռ ձեռքերն իմ
սպիտա՜կ են,
դեռ կյանքը ինձ
չի՜ խորտակել…
հաշվի առեք գոնե:

– Դու չափից շատ բան
չե՞ս ուզում,
քեզ առ Աստված
ե՞րթն էր հուզում,
դեպի Նա չի՞
ճամփադ հոսում-
և քի՞չ է այսքանը:

– Ես փնտրում էի Աստծո
ճանապարհ,
միայն շեմքն արդար,
իբրև ինձ սատար-
ոչ թե հենց Իրեն:
Աստվածորոնում ու
ո՛չ այլ իմաստ,
այն առումով, որ
ճանապարհը աստ…
չափից ավելի մի՛ դատեք
ինձ խիստ…
խե՜լքս է ցնորուն:

– Իբրև ողջի՝ քեզ
ճար չկա անգամ,
ուժ ունես, խելքը
բնավ պետք չի գա,
աստ դրախտը չէ,
դժոխք էլ չկա,
դժոխք մի՛ կարծիր, –
չկա դրախտ, չկա և
ո՜ղբ մեղավորաց –
ո՛չ չոր է, ո՛չ թաց,
աստ լոկ փոս է –
խորքը խորոց –
դե մուծիր.

– Ես պարտատեր չե՛մ
ճանաչում,
ես չե՛մ պառկի այս
մահիճում,
դեռ իմ ճամփան ինձ է
կանչում… –
ու լռվել եմ…
Էլ ուժ չունեմ ետ դառնալու,
շրջըվելու,
ետ նայելու,-
ուժս սպառվել է:

– Միևնույն է, զգետնեց, երևի
կենսական ուժն ինձ –
վերևի,
երևի, չզորեց ոգիս – թերևս –
ինձ են սպասում…

Եվ ելարանը կտրուկ
չէ այնքան,
և թույլ-թափանցի՛կ –
ստվերները կան,
և իմ ոտքերը կարծես
դատարկ են –
դեպ վեր են սահում:

Տեսա ճամփան
Աստծո – ուղիղ,
և ի՜նչ հեռու մարդուս ուղին,
և վարձքը թանկ,
բազմատեղի…
Տե՜ր, դու ինձ ներիր…

Ուրեմն, ժամը իրենն է ասել,
ուրեմն, հեռու եմ, և
ինձ սպասե՜ք,
ուրեմն, արդեն ես
տեղ եմ հասել –
Տե՜ր, ինձ ընդունիր:

Աստված ասաց.
հոգսերն են քո…
նաև ասաց. սա է
վերջը ամեն ոքի…
նաև ասաց. ի սկզբանե
այդպես է բանը
ամենքի…
Ներս արի:

Թարգմանեց
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆԸ
16.12.2010 թ.

Ափսո՜ս, հազար ափսոս…
Անդրեյ Բիտով մարդը, կնքելով մահկանացուն, իր ընթերցողներին, իր ժողովրդին թողեց հավերժության կնիքով հաստատած հրաշալի գրականություն:
Հատկապես հայերիս համար թանկ է նրա «Հայաստանի դասերը» գիրքը, որը մեզ պարգևեց ծանոթ և առավելապես անծանոթ, ուրիշի աչքերով, սրտով ու գրչով տեսած, զգացած ու բանաձևած մի նոր Հայաստանի հոգի:
Օսիպ Մանդելշտամից, Վասիլի Գրոսմանից հետո նա դարձավ աշխարհին Հայաստանի գաղտնիքներ պարզող ևս մի ռուս գրող, որին մենք ընդունել ենք որպես եղբոր:
Նա որևէ երկրի չնայեց օտարի հայացքով, նայեց ներսից, հարազատորեն, դարձավ նրա արյունակիցը: Ճշմարիտ գրողի մեկնակետ է սա:
Հիմա հավատում եմ, որ նա այն աշխարհը ևս կվերածի այնպիսի գրի, որին հասու չենք լինի մենք, և դա կհամարենք անգնահատելի կորուստ:
Ափսո՜ս, հազար ափսոս…
Անդրեյ Բիտով, բարեկամ, դու հավերժ ապրելու ես մեր սրտերում:
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Նրա մեծ նախնին` մեր բոլորիս մեծ նախնին, նշել էր նրա և մեր բո­լորիս ընթացքի ուղին` որ իմպերիայի, բռնության, մետաղական կամ­քի պղնձե քառատրոփի առաջ բոլոր խեղճուկրակներիս փա­խուստի ուղին էր, և նա իհարկե գալու էր այստեղ,- ով ենք մենք, ինչ ենք անում, անցյալի և ներկայի կուռ մամլիչի տակ մենք ինչքան ենք մենք մնում, ինչքան ենք աղարտվում ու աղավաղվում և կամ մնում ան­բասիր: Եվ իհարկե նրա ճանապարհին ըն­կե­րուհիների հետ կանգնած էր լինելու Հայոց մեր բանաստեղծուհին և իհար­կե` երևանյան տաք իրիկվա մեջ,- այս ով է եկել, ինչ իրավունքով է մեր ցավը իր ցավը համարում, այլև մեր վերքից սեփական մարմնի համ առնում:
Մեր բանաստեղծուհին.- Իսկ ես ահա չեմ հավատում, որ 1915-ը Ձեր բե­րանում իսկապես Ձեր սեփական մարմնի համն է տալիս:
Անդրեյը.- Ինչքան որ հնարավոր է:
Ես` երեսուն տարի հետո.- Կարողության հարց է: Ես ուրախ եմ, որ իմ գրչեղբայրը, իմ սերնդակիցը, իմ ընկերը այն անխոնջ ուղևորը ե­ղավ, ում ո՛չ ուղին, ո՛չ էլ գյուտը պատահաբար չէին գտնված,- դրանք` Մար­դը և Հայաստանը, համառորեն փնտրված էին:
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

…Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծննդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդա­վայ­րը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտ­­նվել էր Մոսկվայում… Ու միայն աշխատասենյակի ճգնա­կե­ցու­թյունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց…
Անդրեյ ԲԻՏՈՎ

Գրեք մեկնաբանություն