ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԼՈՒՅՍԻ
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Ամեն իր տիեզերքին բացված պատուհան է:
Միսաք Մեծարենց
Համակ հայացք եմ` բազմահարկ շենքի պատուհանագոգին հենված: Լույսը թափվում է վրաս, կկոցած աչքերիս պեծպեծում: Դեմքով հպվում եմ լուսամուտին ու մտածում՝ աշխարհի խիղճը թախիծն է: Առջևումս Ծաղկունյաց լեռնաշղթայի երկու լեռներն են՝ բեմի բացված վարագույրների պես, սակայն, անսովոր թեք, ներքևից բարձրանալով ու իրարից հեռանալով՝ վերջնամասում վեր պարզած ափերի նման գրկում երկինքը, իսկ այս տեսարանի խորքում Գութանասարն Արարատին դիմահար է: Արարատի գագաթները վզաձիգ նայում են ինձ Գութանասարի վրայով: Ես ժպտում եմ նրանց, դա է հրազդանյան բարևս լինելության խորհրդով մի Սուրբ Երրորդության, որն աշխարհն է, ես ու Գութանասարը Արարատով, որ մկրտվել է Հրազդան գետում, այսինքն՝ Զանգվի ջրերի զնգզնգոցում, որի արձագանքը գալիս շրջանակում է պատուհանս:
Ես՝ Չնքուշի արևատենչ ծաղկի սերմնահատիկ, օր օրի հասունացել եմ հրազդանյան ելևէջներում, ուր և ծնվել են զավակներս, ու երկինքվել ծնողներս՝ փոխանցելով ինձ «վերջը լավ լինելուն» սպասելու առեղծվածը՝ որպես հայաստանյան օրամաշ համբերություն, որը ճանապարհի եզրաքարերի պես ուղղորդում է ինձ՝ մանկությունիցս սկսած, հեռու-հեռավոր ոգիների քաղաք Չնքուշի միֆախորհրդով: Եվ խաղիկս դարձել է խաղ, խաղս՝ խռովք, խռովքս էլ… ավա՜ղ, ուշացած փորձառություն…
Շնչառությունս շոգենախշում է ապակին: Միշտ էլ սիրել եմ շաղոտ պատուհանները, հատկապես երբ երազները վարդե թերթերից խմում են կենաց ջուրը:
Ուզում եմ գգվել գեղեցկին…
Մատս աջ ու ձախ, վերև-ներքև հանդարտ սահում է ճերմակաթավիշ ապակու վրայով, ու նորից աշխարհի լույսը ծաղկում է դեմքիս: Ձեռքերս՝ չռած մատներով, տարածում եմ իմ երկու կողմերով, ինքզինքս պատռելու չափ, ասես սավառնում եմ, հավանաբար արծիվները ճախրելիս նույն զգացումն ունեն: Ես թռչում եմ, ես լուսաբառ եմ, ես սկիզբ եմ, ես Բանն եմ՝ ճիշտ և ճիշտ երազիս խրխինջի նման…Ու ծիծաղում եմ զիլ, ինձ ցնցելով եմ ծիծաղում. չէ՞ որ ապրելն ապրել է լինում ծիծաղ-երազով, ապրեցնելու հրաշքով՝ աշխարհի կամքին զուգահեռ թե հակառակ, պատեհ թե անպատեհ: Մի բան լավ գիտեմ՝ ճիշտն ու սխալն անցյալի մեջ են տապակվում: Ներկան ընթացք է: Աչքդ թարթեցիր՝ ճիշտ ու սխալի մեջ ես: Դրա համար կյանքի թևերը վանքի կոչնակի բարևի նման փոշոտ են լինում, քանզի ժամանակի փոշին հողածածկ է արել Չնքուշի Սիրահայեաց Սուրբ Աստուածածին վանքի ավերակները, որին Սուրբ Մինասի վանք են ասել նաև, իսկ ինձ համար այն ժողովրդի շուրթերով օծված վանքն է, որ ինձ քաշում է գիրկը և թարթիչներիս ալյուրի փոշի նստեցնում, որ ապրելս ծեսին ներկայանալու հոգեկոչի պես արդար լինի, անգամ երբ անձրև է գալիս, այն էլ ձյունախառն, հանց ապրիլյան «պառավի ուլեր»: Ես տեսածս գիտեմ, չտեսածս իմացածս չէ, ուստի հորինելը իմը չէ, ես կամ, հայում եմ… մտաքայլում ինձ բաժին ընկած մեկ ավուր ճամփան քար ու տատասկով, նաև… նաև վարդի թերթերով երազապսակված, ինչպես հոգու հրճվանքի ճեմալույսը, որ փնտրում է ինձ ու չի ուզում մեջս մութ մնա:
Գութանասարից դեպի ետ՝ նրա եզրով իջնող ու տարածվող ձորի մեջ, բլուրներից մեկի վրա, Կապուտանի Սուրբ Մինաս եկեղեցին է, իսկ Գութանասարի եզրով դեպի Ֆանտանը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մնացածը գիտցողինն է, իմ որոշելիքը չէ… Ժամանակի իրաբանումն է՝ երևակայության քողի տակ:
Ժամանակից մի կողմ եմ քաշվում, որ կողքից նայելով վիճակիս՝ հասկանամ, ի վերջո, ես-իս գոյությունը: Լսում եմ պատուհանի շշնջոցը. «Բոլորն իմ մեջ են, բայց ինձնից այնքա՜ն հեռու»: Խաղաղվում եմ… մնացել ես ու ես: Ինչ լավ է, կարող եմ հանգիստ երազել… երազել ու սիրել… Սիրում եմ աշխարհիս անցյալի խուտուտը՝ երակներովս հոսող, սիրում եմ սրտիս տրոփյունը՝ կյանքի իմաստն ավետող, սիրում եմ թռիչքը, որ վերադարձ ունի, հակառակ դեպքում ի՞նչ բան է՝ անհայտությո՞ւն, մոռացո՞ւմ… գուցե անեծք՝ երբևէ նորից հող չդառնալու…
Իրականության մեջ են թռիչքի ու վայրէջքի խենթություններս, որոնք աչքերը երկնքին պահած անուրջիս հավիտենական ծիծաղ-թևաբախումներն են: Ծիծաղս խնդուներես թախիծն է հիշողության, որ լուսախոսքի նման բարբառում է. «Բարին քո բացած ակոսում է ծիլ տալիս, ամո՜լ եզ ջան»: Այնինչ ինձ թվացել է՝ հասկացել եմ իմաստությունը, որ ոչինչն է, և ուրախացել վերջապես, որ ոչինչն եմ վայելում՝ ինքս ինձ դատարկելով: Ինքնագոհ եմ: Այդպես էլ պիտի լիներ. չէ՞ որ, իբր, հեշտությամբ անցնել եմ ոչնչին հասնելու ճանապարհն ու հասկացել, որ խաբկանքի միֆ է: Ես՝ Էվանքի ուխտավորս, երբեք վարդապետական գավազան չստացա, բացի հարևանի՝ բուրդ չփխող ճիպոտից, ինչի վկան է մեջքիս՝ ճկույթի հաստության չափ մի զոլ դաջվածք: Խնդրեմ, փաստորեն, իմաստուն չդարձած՝ հիմարացել եմ առօրյա-կենցաղային մակընթացություններից՝ պարբերաբար ջնջվող: Բախտ-բանալու ուրվագծերը հայտածող ամենօրյա հորինումներս, որոնք գտնել-կորցնելով՝ գուցե իսկապես ինձ ճանաչող դարձնեն: Մինչ այդ, ճիշտ է, առածիցս փառավորվելը չզգացի, սակայն, կարծես թե, մեծամտացած աջ ու ձախ խելք բաժանեցի ու պատին դեմ առնելով՝ համեստորեն արդարացա, որ ես ո՛վ եմ, որ ճակատագրիս հետ հավալա խաղամ:
Իսկապես ես ո՞վ եմ, որ ուզում եմ խոսքս գիր դարձնել, որպես Էվանքի կոչնակի ճակատի ժապավեն, ու ամեն առավոտ աշխարհին բացվող պատուհանի թափանցիկ ապակու հայելում տեսնել ժամանակի հավերժացման ՆՇԱՆՆԵՐԸ՝ յոթ գյուղերով՝ Կոճոռ, Ներքին Ախտա, Աղբյուրակ, Մաքրավանք, Քարվանսարա, Ռնդամալ, Ֆարուխ, արմատակալած Հրազդանում:
Բարգավաճեցրեց յոթ զավակներով.
Թի՜վ անբավության,
որ աստվածային
Հավիտենություն է նշանակում,
Սահմանը նրա անիմանալի
հարակայության
Եվ ավազանի նորածին որդոց
հորդությունն անհատ:
Թիվն այս պանծալի, որ չունի իրեն
Զույգ ու հավասար, ո՛չ վերջ,
ո՛չ վախճան,
Կուսություն է մի ընտրությամբ
ուրույն,
միշտ նվիրական,
Հավիտենության անճառ, անմեկին
Խորհուրդը խորին,
մեր մտքին անհաս:
Նախախնամությամբ Տիեզերական Մեծն Վարդապետի՝ Գրիգոր Նարեկացու այս տողերը (Գլուխ ԼԱ) աշխարհաբարի է վերածել Վազգեն Գևորգյանը՝ Կոճոռի Տերտերի ել փողոցի իր պապենական տանը պայծառատեսությամբ ճգնելով:
…Ու ես էլ տարիների ելով, որպես էվանքի կոչնակ, փորձում եմ բարձրանալ՝ գրիչս ցուպ դարձրած:
Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ
ՍԻՐՈ
ՆՈՐՈՎԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հակոբ Հարությունի «Ծաղկե մկրտություն» բանաստեղծական ժողովածուն (2018 թ.) մեր ժամանակակից սիրո երգն է: Բանաստեղծը հակված է հուզապատումները ներկայացնելու ոգեղեն մտապատկերների հոսքով՝ ինչ-որ տեղ բառերին թելադրելով իմաստափոխական փորձություններ: Ահավասիկ բառիմաստների անսովոր թիրախավորումների մի բույլ` մերկադող, վեղարն ապաշխարանքի, ճյուղաշողվում է, շուլալվող թպրտոց, աչքահեռու ծվեններում…: Նոր ժողովածուի բանաստեղծությունները հարուստ են կենսապատումի հետագծերով: Հանգուցվող օղակներ են դեպքը, հուշը, մտատեսիլը: Բանաստեղծությունն ավարտվում է պատկերաշարի զարգացման մի կարևոր պահի, «Ինձ ամփոփում եմ//անտես մենության//բազմահնչյունով…//դարձա խոնարհում//արարվածիդ ծոպին ծփացող//մակընթացության…»:
Բանաստեղծությունների վերնագրերը բարդ բառեր են, որոնց բաղադրիչները միանում են շարժուն պատկեր ստեղծելու, բառիմաստի սաստկացման և զանազան այլ նպատակներով (շղարշաբերկրանք, զգայահևք, երազահմայություն, տոնահարություն, կշռալծորդում և այլն): Նման բարդումների հանդիպում ենք նաև տողերում, որոնք դառնում են ինքնատիպ ոճական միավորներ: Նորակազմությունները բանաստեղծական պատկերամտածողության մեջ որոշ չափով մտցնում են անսովորի զգացում: Հակոբ Հարությունը ձգտում է պատկերն ընդլայնել` ի հաշիվ կոնկրետի տեսլացման և ընդհակառակն` անիրականի առարկայական ներկայացման: Նա հրաշքի ելակետով է գնում դեպի իրականը, ինչը և պայմանավորում է նրա բանաստեղծության արտակարգ գունավորումն ու տոնայնությունը:
«Ծաղկե մկրտություն» ժողովածուի բանաստեղծությունները տեղ-տեղ տարբերակի տպավորություն են թողնում` ուժգնացնելով սեփական ես-ի չափագրման ռիթմերը. «իսկ ես ամրաբազուկ հեթանոս որպես//ջարդել եմ սև անձրևանոցս//և անձրևի բարակ շիթերով//հյուսքեր հյուսել//ու պարուրվելով ձգվել վեր`//ամպերից անդին»:
Արդեն նշել ենք, որ բանաստեղծին ձգում է ոգեղենը, սակայն ոգեղեն պատկերների տարածքում տեսանելի է մարդկային իրական սերը: Այդ սերն է, որ «արև» է և «թաքնվել» է «անձրևանոցի տակ»: Կարելի է ասել, որ սիրո ոչ սովորական «պատումը» շատ ավելի իրական ապրումներ է դրոշմում թղթին: Այդ են վկայում ժողովածուի ինքնարձակ բանաստեղծությունները, որոնց յուրաքանչյուր տող արտահայտում է ջերմ սիրո ապրում` հաջորդիվ ավելացնելով նոր երանգներ:
Չեմ պատմելու տեսած երազս.//ով կհավատա,//որ ամբողջ գիշեր եղել եմ քո ննջաշապիկը//ու այն էլ այնքան լայն ու մեծ,//որ նրանով շերտ առ շերտ փաթաթվել ես դու//ու թերթ-թերթ ծրարված՝// դարձել նազուկ, անփուշ վարդ:
Հակոբ Հարությունը պահպանում է դասական սիրերգության կենդանի ջիղը` ամբողջովին նոր պատկերամտածողությամբ: Սիրո մասին խոսում է բառիմաստի շարժուն լարումով, տողի խնդությամբ կամ մաքուր ցավով: Եվ այսպես ամեն անգամ: «Դու»-ի հետ ներքին երկխոսությունը բացահայտում է հոգեբանական անակնկալներ, ինչպես «Քնքշազեկում» բանաստեղծության մեջ.
Դու չգիտես,//թե խոկումդ ինչքան եմ//համբույրով սրբել://-Ո՞վ ես դու, որ գետնամած լինես,-//ասում ես դու//ու հազարան բլբուլից//պոկած բմբուլներն ես երկինք նետում,//որ դրանք իջնեն, իջնեն աչքերիս,//աչքերիդ աչքերին,- ասում ես դու,//ու գարնան կատարով տառապյալիս//կարմրությունը զուլալվում է:
«Ձկնկիթե երազը», «Արևն անձրևանոցով», «Անապակ ցավ», «Վիրակապե լռությամբ» և այլ բանաստեղծություններ նովելատիպ ավարտ ունեն: Անսպասելին միշտ կա: «Չհասկացա» բանաստեղծությունը նույնպես նովելատիպ է` անակնկալ հուզապրումներով:
«Ես լուսնահար նույն խենթուկն եմ,//և քայլում եմ առանց վախի//գիշեր ու տիվ//ծնունդիս ճիչի լարին,//որը ձգվում ու անցնում է// սրտիդ միջով»:
Այո, Հակոբ Հարությունի յուրաքանչյուր տող արտահայտում է սիրո կենդանի ապրումը` հակադրվելով իներցիոն, հույզը կորցրած, գորշ, տաղտկալի, հեշտագիր սիրերգությանը: Սակայն Հ. Հարությունի սիրերգությունը բարդագրություն չէ: «Նույնականացում» բանաստեղծությունը կարճ երկխոսության արձանագրություն է, որտեղ երկխոսող կողմերը նույնականանում են նույն անմեղ մեղքով` անհատույց սեր: Սիրո ապրումները նոր բառաշերտեր են ի հայտ բերում. «Ու զգում եմ//զարկերակովդ խլացած խոնարհությունդ//…երբ սխալիդ կողքին//գալիս նստում եմ ես…»:
«Ծաղկե մկրտություն» գրքում հաճախ սիրո բռնկումների պահերը արագ տարրալուծվում են ուրախ, ինքնամոռաց ապրումների մեջ, գուցեև ցավ է արձանագրվում, սակայն կարևորվում են առկայծող վերհուշը, ապրումի մնայուն հետագիծը («Խումհարիս արնոտ աչքերը հանգած//հեռաձայնիս մեջ կներկվեն քեզնով») և սիրո բոլոր ապրումները միավորվում են ներկայի մեջ:
Հակոբ Հարությունի խոսքը որոշ առումով ջղուտ է, որքան էլ քնքշանքն ու բերկրանքը տողերին հաղորդեն իրենց գուներանգը: «Ծաղկե մկրտություն» ժողովածուն սիրո նորովի մկրտություն է: