ԱՐՄԷՆ-ՀԱՅ, ՔՈՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

Պօղոս--Արմենակ--ԼԱԳԻՍԵԱՆՊօղոս Արմենակ ԼԱԳԻՍԵԱՆ

Մայիսի քսանութը, Մայիսեան հերոսամարտի յաղթական պատերազմի, Վահագնի կռուի ու յաղթանակի ոգու բոցերից յառնած հայոց անկախութեան հրավառութեան տօնն է: Անկախութեան հողմերընորէն գրկել են հայոց լեռները, նորէն հայոց արտերը ծփացել են ցորեանի ծովերով, այգիները նորէն ծաղկունքով են բոցավառուել, հայոց ոստանների ու շէների մանչերը նորէն ծիծաղում են, հայոց հանճարների լոյսն է նորէն վառում աշխարհը: Մայիսեան արեւին բացուած անկախութեան դրոշը ծածանել է հայոց աշխարհի վրայ, ազատութեան լոյսի անձրեւ մաղում: Արեւի բոցերից Արագածի գագաթին նորէն վառւում է Լուսաւորիչի կանթեղը:
1918 Մայիսի քսանութը, Վեց հարիւր տարիներց յետոյ հայոց երկրի անկախութեան տարեդարձն է, խնդութեան հրավառութիւն թող լինի, թող ցնծան հայերը, «Հայաստան» քաջերի երգի հնչիւնները հրաշէկ կայծեր դարձած բոցավառեն հայոց հոգիները: «Բամբ Որոտան» քայլերգի հռնդիւնը հնչեն, բամբեր որոտան, աշխարհին աւետեն հայոց յաւերժի հրաշափառ լոյսը: Հայոց հոգիների տաճարներում այսօր հազար թմբուկ չե՞ն զարկում, յաղթանակի հազար շեփորներ չե՞ն հնչում, հապա որտեղից այդքան բոցավառ հրավառութեան համազարկեր: Արմաւիր-Սարտարապատի յաղթանակի արեւով շողացող դա՛շտ գնացէք, գրկէ՛ք արծիւներին, պարերի կշռոյթներով զարկէ՛ք գետինը, Մայր Արաքսի ջրերը աղմկալից շռնդան, այդ զարկերի դղրդիւնից թող դողան այն ափի խառնածինների սրտերը: Արամ Փաշայի, քաջազուն Դրոի եւ Սիլիկեան, Նազարպեկեան, Դանիել-պէկ ու Պօղոս Փիրումեան զօրականների ստուերները արդեօք այդտեղ չէի՞ն իջել, ամպերին յենած Վարուժանը իր ցեղին սրտի ու հեթանոս աստուածների տաղերով, Չարենցը իր Հայաստան եարով չէի՞ն ցնծում:
Սասունցիների երգերը թող թնդան, ձեռքերը վեր պարզած գրկէ՛ք նրանց լեռները, շոյեցէ՛ք նրանց ձիւնոտ գագաթները, այն թող հովացնի ձեր սրտերում ահագնացած կարօտը: Թող դողայ գետինը այս քաղաքի, նրա մարդիկ թող իմանան, որ այստեղ ապաստանած հայերը իրենց հետ բերել են աշխարհն Արմէն-հայերի, եւ այստեղ էլ հիմնել մի «Փոքրիկ Հայաստան»: «Գարուն Երեւան»-ն է եկել այստեղ, Երեւանի վարդակերտ շէնքերը ձեր ձեռքերի վրայ որպէս ջահեր պահած պար եկէք:
Արմէն-հայեր, գիտէ՞ք որ այդ նոյն տասնըութ թուականին, հայոց Արամայիս արքայի Արմաւիր ոստանի առաջ փռուած դաշտի յաղթական ճակատամարտից մի քանի ամիսներ յետոյ՝ Սեպտեմբերի տասնըիննին, շատ հեռու Արարայի լեռների բարձունքներին, հայերը նորէն կռիւ տուին դուշմանին: Մուսաների պաշտամունքի լեռների լանջերին դուշմանի դէմ յաղթական ճակատամարտեր մղած վեց հարիւր դիւցազուններ «Հայկական Լեգէոն» կազմեցին, որոնց միացան նաեւ հազարաւոր Արմէն քաջազուններ: Նրանց հոգիներում այրւում էր ցեղակիցների տառապանքի, ցաւի, անմեղ նահատակման մորմոքը: Իրենց հոգիներում պայթած խռովքը վրէժի էր կանչում, կռուի պիտի ելնէին իրենց ցեղի ոսոխի դէմ: Սեպտեմբերի այդ առաւօտը, արեգակի արդար լոյսին խաչակնքելով, հրամանատարի կրակոցի ու «առաջ» կանչով կամաւորականները հեղեղի նման դուրս յորդեցին խրամատներից, գրոհեցին դիմացի բարձունքի դուշմանի դիրքերը, զէնքերի ու իրենց հոգիների վրէժի կրակը տեղում էր դուշմանի վրայ, արեւի ճառագայթները որպէս հրաշէկ շանթեր նետում նրանց խրամատների վրայ: Երեկոյան արեգակը յաղթանակի կարմիր պատմուճան էր փռել դուշմանի դիրքերի վրայ, կարմրել նաեւ նրա հարիւրաւոր զինուորների պիղծ արիւնով, փախչում էր դուշմանը, գերեւարել էին հազարների: Ճակատամարտի հրամանատար՝ Անգլիացի զօրավար Ալեմպին հրամայել էր կատարել թաղումն քաջորդիների, համբուրել մարտում զոհուածների ճակատները, աշխարհին յայտարարել՝ «Երկուհարիւր հազար զօրաբանակի փոխարէն տուէք ինձ քսան հազար հայ զինուորներ, Միջին Արեւելքը կը նուաճեմ»:
Ով Հայ մարդ, գիտե՞ս արդեօք, որ Մայիսեան անկախութեան յաղթանակի նուաճման տօնակատարութեան առթիւ, մի քանի հարիւր հազար հայեր քառագագաթ Արագածը գրկած, նրա շուրջը միասնութեան պար բռնեցին: Ի՞նչ ես անում այստեղ, դու էլ գնայիր շղթայ բռնէիր, պարի մտնէիր, պարէիր քու նախագահի հետ, ձեզ հետ Արագածն էլ իր չորս գագաթներով պար պիտի բռնէր, ցնծութիւնից հրթիռների պիտի ժայթքէր՝ հայոց սրտերի հրճուանքի ու յաւերժութեան պատգամը տիեզերք ճամբելու: Երկինք յարէիր ակներդ, պիտի տեսնէիր՝ ինչպէս էին Չարենցի, Շիրազի ստուերները արեւը գրկած պար գալիս, իրենց գրիչները արեւի կրակով կարմրած՝ միասնութեան գրի շանթեր հրացոլում երկնակամարում: Անկախութեան լոյսի հրավառութեամբ ցնծացած միլիոն-միլիոն հայեր, հայացքները իրենց ոգեղէն սիրտ Արարատին յարած, աստղերը որպէս ջահեր վեր պահած, հրահեղեղ մի արշալոյսին իրենց կարմիր սրտերով գալու են նրան գրկելու՝ նրա շուրջը ծիրանի պար բռնելու…

Կլենտէյլ
Կալիֆորնիայի Հայ
գրողների միութեան անդամ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։