ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՅՆ ՉԵՆ / Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

– Հայ-ռուսական գրական կապերը միշտ էլ առաջնային են եղել: Ի±նչ վիճակ է այսօր:

– Նախկինում հայ-ռուսական գրական կապերի վերաբերյալ գրականագետները թեկնածուական, դոկտորական էին պաշտպանում: Այժմ ժամանակներն այն չեն: Սակայն, ի երջանկություն մշակութասերների, գիտակցությունը, բնազդները, զգացմունքներն ավելի պահպանողական երևույթ են, քան քաղաքականությունը: Հետաքրքրությունը միմյանց մշակույթի և գրականության նկատմամբ, բարեբախտաբար, երկու երկրներում էլ պահպանվել է: Հարցն այն է, թե մեր օրերում ինչպես է այդ հետաքրքրությունն իրացվում: Հայտնի է, որ խորհրդային տարիներին ամեն ինչ պլանավորված էր, այդ թվում և՝ գրականությունը: Ազգային գրական ստեղծագործությունների հրատարակությունը կարգավորվում էր համաձայն լիմիտների, գումարած՝ գրական չինովնիկների ընդունակությունները, որոնց հաջողվում էր մասնավոր ճանապարհով բանակցություններ վարել հրատարակիչների հետ: Ուզում եմ շեշտել, որ մասնակի շեղումները չհաշված՝ գրահրատարակչական ոլորտում կարևորվում էին գեղագիտական չափանիշները, ինչի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ուներ ծանոթանալու այս կամ այն հանրապետության գրական զարգացումներին: Սակայն, իմ կարծիքով, այդ տարիների համար գլխավորը ընթերցանության անհագ պահանջն էր: Այսօր այդ պահանջը, կարծես, նվազել է, ինչն իր օբյեկտիվ պատճառներն ունի: 90-ականներին և 2000-ականների սկզբին հետխորհրդային տարածքում պետականության կայացման, նոր աշխարհայացքի ձևավորման պայմաններում գրական կապերի մասին մտածելու ժամանակը չէր: Փաստացի, այսօր ռուսական բազմաթիվ հրատարակչությունների հետ խզված են կապերը: Չկա համաձայնեցված ծրագիր, երկխոսություն, բացակայում է երկկողմանի համատեղ ծրագրեր իրականացնելու հետաքրքրությունն ու ռազմավարությունը: Այս ֆոնի վրա զարմանալի է թվում հարաբերությունների ակտիվացումը Ղազախստանի, Կիրգիզիայի, Բելառուսի գրողների միությունների և Չինաստանի հետ: Այդուհանդերձ, ռուս հեղինակները մեզանում հրատարակվում են, և ամենաուրախալին այն է, որ հրատարակվում են լուրջ գրողների, փիլիսոփաների, արվեստաբանների, գրականագետների գրքերը: Տպաքանակները մեծ չեն, բայց դրանք հարստացնում են մեր ինտելեկտուալ միտքը, օգնում են հաղորդակցվել արդի աշխարհայացքային միտումներին: Մեր գրախանութների դարակներում կարելի է հանդիպել նաև ռուս ժամանակակից արձակի նմուշների, սակայն այն տպավորությունն է, որ դրանց հեղինակների ընտրությունը պատահական է կամ պարզապես կոմերցիոն նպատակ է հետապնդում: Իսկ ինչպե±ս ենք մենք ներկայացված ռուսական գրաշուկայում: «Դրուժբա նարոդով» ամսագիրը մի քանի «հայկական» համար է հրատարակել, սակայն գործընթացը շարունակություն չունեցավ: Հայերենից թարգմանություններ են հայտնվում և այլ ամսագրերում, ինչը բացառապես հեղինակների և թարգմանիչների նախաձեռնությունն է: Առանձին գրքեր հրատարակվել են հեղինակների կամ հովանավորների միջոցներով: Այդ ամենով հանդերձ, չնայած միջոցների սղությանը՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը շարունակում է հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնել ռուս ընթերցողներին: Հայ-ռուսական կապերի ամրապնդման առումով, դրվատանքի և հարգանքի է արժանի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունը, որը հատուկ հիմնադրամ է ստեղծել հայ գրողների ստեղծագործությունները ռուսերեն և այլ լեզուներով թարգմանելու նպատակով: Հիմնադրամը համակարգող արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը ծրագիրն իրականացնելու համար փորձում է անմիջական կապ հաստատել հրատարակիչների հետ: Նրա մասնակցությունը Մոսկովյան գրքի միջազգային տոնահանդեսին և գործնական բանակցությունները մասնակից հրատարակիչների հետ լավատեսություն են ներշնչում: Կարծում եմ՝ այսօրինակ ոչ ձևական մոտեցումը կարող է շատ հեռանկարային լինել: Կարևորը խստագույն ընտրությունն է ու գեղագիտական չափանիշը, որպեսզի լավ գաղափարը չվարկաբեկվի: Թեև մշակույթի նախարարության նախաձեռնությունը գովելի է, բայց բավարար չէ: Գրական կապերը երկկողմանի շարժում են ենթադրում: Ուստի հարց է՝ հայ գրականությունը հանրաճանաչելու և տարածելու գործում ի±նչ են անում ՌԴ դեսպանությունն ու նրա կառույցները: Կարծես նրանց գործունեությունն այնքան էլ զգալի չէ: Մինչդեռ հայտնի է, որ չկանոնակարգված գրական կապերի ու դրանց բացակայության պայմաններում է առաջանում փոխադարձ անտեղյակությունն ու անտարբերությունը, ինչից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ընթերցողն է տուժում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։