Լավագույն տարիները՝ ազգային փրկության զոհասեղանին

Սեպտեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մեր ժամանակակիցը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված արձակագիր, հրապարակախոս Հովիկ Վարդումյանին:
«Պատահական չէ, որ այսօր՝ անկախության համապատկերում, կարևորում ենք Վարդումյան գրողի, ազատամարտիկի դերը, ով իր կյանքի լավագույն տարիները դրեց ազգային փրկության զոհասեղանին՝ հանուն մեր պետականության կայացման, ազգի փրկության, մեզնից պոկված ու հեռացած հայրենիքի մի կտորի վերադարձման»,- նկատեց գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը: Նրա բնորոշմամբ՝ նման քայլի կարող է գնալ այնպիսի արվեստագետը, ով ունի լայնախոհություն, շրջահայացություն, ներքին տիեզերք. «Փոքր կրքերի տեր մարդիկ չեն կարող իրենց կյանքի գնով այդպիսի հերոսականության գնալ՝ երկիր, հայրենիք պաշտպանել»: Անդրադառնալով Հ. Վարդումյանի գրական աշխատանքներին՝ Ս. Ավետիսյանը նշեց, որ էպոսում՝ ժողովուրդը, «Երկիր Նաիրիում»՝ Չարենցը, հատկապես էսսեներում՝ Հրանտ Մաթևոսյանը և «Կանթեղ» վեպում՝ Հովիկ Վարդումյանը տեսել են մի թշնամու, որը մեզ ուղղակիորեն չի ներկայանում, առերևույթ և առարկայացած չէ, ազգային պատկանելություն չունի, բայց գոյություն ունի:
Ըստ Հ. Վարդումյանի մարտական ընկեր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր անցյալը ցույց տվեց, որ մենք ուժեղ ազգ ենք և դժվարին պահերին համախմբվելով՝ կարող ենք պաշտպանել մեր երկիրը: «Մեր պետությունը ուժեղ հիմքերի վրա է, ինչը վկայում են հայրենիքի մասին ստեղծագործող գրողներն ու երգիչները»,- նշեց նա:
Երբ սկսվեց արցախյան ազատամարտը, հայրենի հողը պաշտպանելու համար ճակատ մեկնեցին հազարավոր հայորդիներ: Նրանց շարքերում էր նաև գրող Հովիկ Վարդումյանը, ով պատրաստ էր անմնացորդ նվիրվելու հայրենիքի մի հատվածի փրկության գործին: «Այդպիսին եմ ծնվել: Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր: Երբ ժամանակը եկավ, բոլոր իսկական հայրենասերները մեկնեցին այնտեղ, ուր պետք էր՝ պաշտպանել Արցախը, Հայաստանի սահմանները: Ստեղծեցի կամավորական ջոկատ, մեկնեցինք ճակատ, մարտնչեցինք մինչև հրադադարը»,- պատմեց Հ. Վարդումյանը: Խորհրդային տարիներին, ինչպես նշեց նա, «սովետը թույլ չտվեց գրող դառնալ», որովհետև ստեղծագործությունների հիմքում հայրենասիրությունն էր, ազատության և անկախության ձգտումը: Հովիկ Վարդումյան մտավորականին «թևեր» տվեց Արցախյան շարժումը: Թեև այդ ընթացքում ստեղծագործելու հնարավորություն և ժամանակ չէր ունենում, բայց հասցնում էր օրագրային գրառումներ կատարել:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Ներկա էին Հ. Վարդումյանի մարտական ընկերները, մշակույթի ու արվեստի գործիչներ, երգիչներ, երգահաններ, ընթերցողներ:
Սեփ.լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։