Լույս է տեսել հալեպահայ (Քեսապում ծնված), ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ բանաստեղծուհի Սեւան Հանէշեան-Պետուրեանի անդրանիկ ժողովածուն՝ «Արեգնատենչ հորիզոններ» խորագրով (հրատ.՝ Բերիոյ Հայոց թեմի, Քեսապ-Հալէպ, 2018): Չնայած երիտասարդ տարիքին, Սեւանը բավական հիմնավոր ու բազմակողմանի կրթություն է ստացել՝ ավարտելով նախ Քեսապի Ազգային Ուսումնասիրաց Միացյալ Ճեմարանը, ապա նաև Լաթաքիայի համալսարանի տնտեսագիտական բաժինն ու Հալեպի Համազգայինի Հայագիտական Հիմնարկը:
Ժողովածուի մուտքի «Երկու խօսք»-ում, որն իր բովանդակությամբ, թերևս, կարող է հավակնել նաև սփյուռքյան նոր սերնդի գրողների մանիֆեստ-հանգանակը համարվելուն, Սեւանը բացում է արդի բանաստեղծության իր ըմբռնումներն ու չափանիշները, ինչպես նաև «փնտռտուքի այն ճանապարհը», որ «հոգիին թեւեր կու տայ սաւառնելու, բարձրանալու ու պատասխաններ որոնելու»: Տանջալից ու երկար, բայց և հաճելի՝ «աստղերուն տանող» ճանապարհ, որը ստույգ գրավականն է ապագա ստեղծագործական խորունկ ցանքերի ու հերկերի: Մանավանդ ինքը՝ հեղինակն էլ խոստովանում է, թե «Բանաստեղծութիւններուս այս հատորը արգասիքն է հոգիի թռիչքի եւ կեանքի տեսիլքի»: Բայց, իհարկե, դա դեռ բավական չէ, լիարժեք պոեզիայի ստեղծման համար անհատական մտքի և հոգու որակներին պիտի գումարվեն նաև «հայ երիտասարդին կանչը, իր արմատներուն փնտռտուքը, իր ազգին ու եկեղեցւոյ հանդէպ ակնածանքը եւ իր ժողովուրդին ապրած ցաւը», քանզի բանաստեղծուհու ըմբռնմամբ՝ «Իւրաքանչիւր բանաստեղծութիւն ինքն իր մէջ ե՛ւ պատմութիւն է ե՛ւ ապրում, բայց մանաւանդ գալիքի իղձ եւ կեանքի արժէքներ պարփակող իմաստ»: Խոստովանենք, որ Հայրենիքում թե Սփյուռքում որոշ երիտասարդ գրողների կողմից հնչեցվող գաղափարի վերացման, բառի իմաստազրկման և նմանատիպ այլ «կարգախոսների» ֆոնին, Պարույր Սևակի արտահայտությամբ՝ ոչ թե սովորույթի, այլ ազգային ավանդույթի ուժին, համամարդկային հոգեկան ու ոգեկան արժեքներին հավատարիմ մնալու Սեւան Հանէշեան-Պետուրեանի համոզմունքն ու հակումը հուսադրող է ու խոստումնալից: Միանգամայն պատասխանատու և հավասարակշիռ է բանաստեղծուհու մոտեցումը նաև ստեղծագործության լեզվի հարցում: «Ներշնչվելով մեր նախնիներու աւանդէն, ահաւասիկ մենք՝ նոր սերունդս կ’ուզենք ապացուցել, որ լեզուն նոյնիսկ հայրենիք է. եւ ուր ալ գտնուինք՝ սփիւռքի մէջ թէ մեր մայր հողին վրայ, բծախնդրութեամբ եւ պատասխանատուութեամբ մեր ուսերուն վրայ կ’առնենք մեր լեզուին ու մշակոյթին պահպանութիւնն ու ծաղկումը»:
Ժողովածուն բաղկացած է 10 շարքից և ավարտվում է 3 բանաստեղծություն ընդգրկող «Ձօն»-ով: Շարքերի խորագրերում անգամ գերակշռող բառերը՝ երազանք, հույս, իղձ, որոնում, Փրկիչ, տիեզերք, անբացատրելի և այլն, արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս հեղինակի հոգեկան ապրումների ուղղության ու խորության մասին: Կյանքի ճանապարհի ընկալման տեսակետից, բնորոշ է «Կեանքի կամուրջին վրայ» քերթվածը: Երբեմն-երբեմն բանաստեղծուհու հոգում զարթնում է անցյալի մի հուշ /«որ երբեմնի, ապրում մըն էր,//հրճուանք կամ երազ»/ և ստիպում կանգ առնել «այն կամուրջին վրայ,//որ անցնող օրերդ//ներկային կը միացնէ» ու լրջորեն մտորել՝ «թէ ո՞րն էր քու բեռդ,//ո՞րն է օրերունը…»: Սա շատ կարևոր կետ է մարդու կյանքում, քանզի՝ «Կը քալես, միշտ կը քալես,//կ’ուզես անցնիլ կամուրջը կեանքին,//բայց մերթ կը զգաս//թէ կեցած ես//նոյն կամուրջին վրայ,//որ գալիքը անցեալիդ//կը շաղկապէ»: Այսինքն՝ բուն իրականը ներկան է, որն իր մեջ խտացնում է անցյալն ու գալիքը հավասարապես:
Պետք է խոստովանեմ, որ առաջին ժողովածուի համար բավական հասուն է Սեւանի հոգեկան-բանաստեղծական աշխարհը: Դարձյալ հիշատակելով Պ. Սևակին, նույնիսկ կարող ենք արձանագրել, որ նա, իրոք, հասուն է ինքն իրենից: Նրա ընկալումները զարմանալիորեն խորն են ու նուրբ: Այնքան, որ նույնիսկ նուրբ բառը կարծես քիչ է գալիս ասելիքը բնորոշելու համար, և դիմում է նաև երկարացման նշանի օգնությանը՝ «Բնութեան լռութիւնը//հաղորդումն է//հոգւոյն նո՜ւրբ ապրումին», մինչ անդորրության մեջ տարածվում է «անբացատրելին,//որ ժամանակին մէջ թաքուն է»: Իսկ ի՞նչ է անում բանաստեղծուհու հոգին բնության այդ հրաշալի Պահերի մեջ: Պարզվում է, «հոգին իրիկնացումով//կը խայտայ,//կը լենայ արեգակնածին առաւօտով» («Իրիկնացա՞ր, հոգի»): Ահա և «Ի՞նչ կայ հոգւոյդ մէջ» հարցի այլևս սպասվող պատասխանը՝ «Այն ինչ որ կայ տիեզերքին մէջ»: Ուրեմն և տրամաբանական ցանկությունը՝ «Տիեզերքին լոյսը թող մնայ,//իսկ մութը թող չքանայ հոգիէդ» («Անցա՜ւ հոգիէս»): Քանզի Լույսն է Կյանքի, Ծնունդի արարիչ ակունքը, իսկ «մայրութիւնը՝ առեղծուածն է աշխարհին», մարդ արարածի «ճշմարիտ երջանկութիւնը» («Մայրութիւնը»):
Բանաստեղծուհու հրաշալի պահերը նաև նրանք են, երբ մենակ է մնում «հեռուէն մոմի պէս պսպղացող» աստղերի հետ («Կը ժպտայ հոգիս»), երբ սուզվում է երկնքի «անհունին մէջ» («Անհունին մէջ»): Այդ պահերին է, ահա, որ «Դարերու ապրումը//եղանակին մէջ պարփակուած//կը շաղախուի ներկայ պահին»: Միաձուլվում են ժամանակները՝ «Ներկան անցեալով//կը խմորուի ու կը սկսի որոնումը,//միաժամանակ կերտումը գալիքին»: Կյանքը մի շրջան ևս առաջ է ընթանում: Ու հնչում է նույն՝ հինավուրց մեղեդին, «բայց միշտ նոր ձայնով» («Մեղեդին»):
Ըստ էության, Սեւան Հանէշեան-Պետուրեանը շատ ճիշտ պատկերացում ունի պոեզիայի ձևի ու բովանդակության, ավանդականի ու նորարարության հարցում, որի խորքում հենց կյանքային ապրումի չափանիշն է և ոչ թե արտաքին էֆեկտների վրա հիմնված դատողությունը, որովհետև հավատում է, որ Երազանքը «Կեանքո՜վ շաւիղ կը բանայ//գալիք երազանքներուն» («Երազանքը»): Նրա համար Բնությունը՝ ամեն բան ներդաշնակության բերելու իր հանճարով, օգնում է ըմբոշխնելու բառերի ու երևույթների խորքային իմաստները («Բառերս»): Ահա թե ինչու, Կարոտը շաղախված է «ապրումի արտասուքից», «երազի անհասից» և «լո՜ւռ պահի ցնցումից» («Կարօտը»): Բանաստեղծուհուն երբեմն թվում է, թե նույնիսկ դեռևս «կիսատ են» իր բառերը՝ «ամենուրեք ժպիտ» որոնելու, «կամքին հզօրութիւնը ու յարատեւութեան գաղտնիքը» տեսնելու, «սիրոյ տիեզերքն ու յոյսին թեւերը» նշմարելու, ապրելու և արտացոլելու համար («Կիսատ բառերով…»): Լինում են պահեր, երբ «սառնային է հոգին», երկնքում չկան արև, լուսին ու աստղեր, իսկ երկրային իրականության մեջ՝ «չկան աչքեր արդարութիւնը տեսնող»: Ամեն բան, ասես, պատված է համատարած առեղծվածային քողով՝ «մթնալոյս տիեզերքին մէջ» («Առեղծուած») ու «Այս կեանքին մէջ չկա՛յ պատասխան» («Չկա՜յ պատասխան»): Երբեմն, թվում է՝ անհասանելի է նաև իդեալը՝ …Անշուք, անաստղ գիշերին՝//քեզ փնտռելու գացի,// Ովկիան, անջրպետ,// քեզ չգտայ… («Իտէալին»)
Այդ պահերին, անշուշտ, առավել հրատապ ու կարևոր է հարցը, թե, ուրեմն, «ինչպէ՞ս հասնիլ կորիզը կեանքին//ու հասկնալ կեանքի երանգին ծալքերը,//մեկնել ուղին ընթացքին»: Սեւանի պատասխանը մեկն է՝ Հոգո՛ւ միջոցով, քանզի «Հոգին է, որ մրրկածածկ//օրերը կը պայծառացնէ,//Կը փշրէ մացառապատ պարիսպները,//Կը մագլցի ապառաժո՜ւտ լեռներէն…//Ու երկար ճանապարհն//անցնելով կը հասնի//վսեմ բարձունքին»: Մանավանդ այդ Հոգին պատրաստ է նաև դիմագրավելու ցանկացած խոչընդոտ՝ համոզված, թե «առանց պայքարի,//գուցէ արդարութիւն տեղի չ’ունենայ» («Գուցէ»): Եվ այդպիսով՝ «Ճանապարհորդը //կեանքի գաղտնիքն զգեցած//կը հասնի կեանքի հոգւոյն» («Կեանքի հոգին»): Ներաշխարհային այդ հանգրվանին հասնելուց հետո է, ահա, որ «երբեմն չարտասանուած մէկ բառն անգամ լեռներ կը ցնցէ» («Չարտասանուած բառը»):
Տիեզերքի ու Բնության, մարդու և մարդկության ընկալումներն ու ներաշխարհային առնչությունները չեն խանգարում բանաստեղծուհուն անկեղծ ու ապրված, պատկերավոր տողերի մէջ դնելու նաև իր մանկության հուշերն ու ազգային – պատմական – հայրենասիրական զգացողությունները: Եվ ահա, նա մե՛րթ հայտնվում է ծննդավայր Քեսապի «գրկին մէջ», ուր, ասես, վերահյուսում է ապրած օրերը՝ «հին ձեռագործի նման» («Գիւղին գրկին մէջ»), մե՛րթ Վանա լճի ափին՝ Նարեկ կարդալիս («Վանայ երազ»), մե՛րթ պատմական Կիլիկիայում՝ հոգում անթեղված Հարցով, թե՝ «ինչպէ՞ս կրնամ մեկնիլ հիմա//երկրէս, որմէ ծիլ եմ տուէր» («Կիլիկիա»): Բայց նաև համոզված, որ եթե ստիպված ես, այնուամենայնիվ, մեկնելու, ապա միայն այն վճռական հաստատակամությամբ, թե՝
Մենք երկի՛ր ունինք կրկին վերադառնալու://Եկեղեցի ունինք վերաշինելու,//Եւ Խաչքար ունինք կրկի՛ն կանգնեցնելու: («Ուխտաւորին խաչքարը»)
Սեւանի բանաստեղծությունը ձևի տեսակետից մեծ մասամբ ազատ է, անհանգ, բայց ներքին կշռույթով: Գերիշխում է մտքի հոսքը՝ իմաստի, ապրումի, խորքի շեշտադրմամբ: Նա տուրք չի տալիս կետադրական նշաններն արհամարհելու մեր օրերի երիտասարդական պոեզիայում երբեմն մոդայիկ մտայնությանը: Փոխարենը կարևորում է դիպուկ, նկարեն պատկերներով բանաստեղծելու հակումը, որով «արտասուքը կը միաձուլուի ժպիտին//եւ աշխարհը կը նուագէ մեղեդին» («Մայրութիւն»), բառերը ձայն են առնում լռությունից, «ինչպէս ծառին վրայ թռչկոտող//թռչունը յանկարծ կը դայլայլէ» («Բառերս»): Լուսնի, մահիկի մասին շատերն են գրել թե՛ մեր և թե՛ համաշխարհային պոեզիայում, բայց յուրօրինակ է նաև Սեւանի ընկալումը՝ «Մահիկն է… Նոր ծիլ տուած երազանքը երկնքին,//նոր փթթած ժպիտը այս գիշերին» («Մահիկը»), կամ՝ «Բնութիւնը կը ձեռագործէ պատկերն այս գեղեցիկ…» («Արեւ-լուսին»): Որոշ պատկերներ՝ իրենց ներքին տարողականությամբ կամ խտացմամբ, նույնիսկ աֆորիստիկ հնչողություն են ստանում: Այսպես. «…իտէալներու անմահութիւնը//արեգակին շողերով//կը քանդակուի //հոգւոյն տիեզերքին մէջ» («Անարցունք աչքեր»), կամ՝ «Ի՞նչ փոյթ թէ սահմանը չտեսայ//եւ անսահմանը չհասկցայ,//սակայն յետոյ տարիներուն սահմանը//ապրումի անսահմանին մէջ գտայ…» («Երկնակամար»):
Ասվածը գալիս է վկայելու, որ Սեւան Հանէշեան-Պետուրեանի անդրանիկ ժողովածուն, իսկապես, լավ սկիզբ է՝ խոստումնալից շարունակությամբ:
Լավ սկիզբ՝ խոստումնալից շարունակությամբ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
