ԵՐԵՎԱՆԻ ԾԱՅՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ / ՆԱՆԵ

ՆԱՆԵ
Մհեր Ենոքյանի մասին այս նյութը գրվել է 2012-ի դեկտեմբերին: Սակայն չի հրապարակվել: Միայն հիշում եմ, որ այդ օրերին այնպիսի անօրինականություններ սկսեցին արդեն եղածների վրա մեկը մյուսի հետևից իրար բարդվելով թափ առնել, միտքս զբաղեցնել ու նյութեր դառնալ, որ կարծես մոռացա անգամ Մհերի մասին գրվածի գրեթե պատրաստ լինելը: Հետաձգում էի` մինչև ազատ ժամանակ կունենամ այն փաստերով լրացնելու և ավարտելու համար: Հետո, Մհերի համար պայքարողներից մեկը՝ Վարդան Պետրոսյանն էլ չափազանց խիստ դատապարտվեց ակամա գործած մեղքի համար, հետո… ազատամարտիկ-հետախույզ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ արդեն ծանր հիվանդ, ազատ արձակվելուց հետո մահացավ… Ու անարդարության ցավից ավելի կուչ եկանք: Իհարկե, ինձ մեղավոր եմ զգում զբաղվածության պատճառով թերանալուս համար, չնայած գիտեմ նաև, որ թեկուզ 10 նյութ էլ գրվեր, այն ժամանակ ոչինչ չէր փոխվելու:
Բայց, փառք Աստծու, Հայոց երկրի ու բախտի վրա սփռվեցին այս թավշյա օրերը, և տիրոջ իրավունքով Արդարությունն է իր առաջին քայլերն անում մեր հողին: Զորավիգ լինենք նրան և այլևս սողանցք անգամ չթողնենք չարիքի ու նրա սև սպասավորների վերադարձի համար:
Նյութը ներկայացնում եմ առանց փոփոխության և հույսով, որ երկու տասնամյակից ավելի արդեն բանտախցի պատերին ընկերացած Մհեր Ենոքյանը և նրա նման՝ սխալ կամ մեղքին ոչ համարժեք խստությամբ դատապարտվածները վերջապես խցերից դուրս ապրելու իրենց իրավունքը կվերագտնեն:

Անարդարություններով լեցուն այս կյանքում եթե չենք էլ կորցրել հուզվելու, ընդվզելու կարողությունը, ապա մի ինչ-որ տարօրինակ շփոթմունք, վստահ եմ, բոլորիս է պատել… Ո՞ր կողմը գնալ, որի՞ց զարմանալ, որի՞ համար հուզվել և եղած-չեղած հնարավորություններով ո՞ր մեկին օգնության ձեռք մեկնել: Երբ ինքդ քո հոգսերի, քո դժվարությունների, հենց քո՛ երեսին լպիրշ քմծիծաղող անարդարության ձեռից չգիտես, թե ինչ անես:
Ու պատճառն այդ է երևի, որ շատ բաների կողքով անցնում ենք թվացյալ անտարբերի դիմակ հագած, փակ աչքերով, ունկերով, սրտով… Բայց Գրողների միության Կլոր սրահում քննարկվող հարցը, այնուամենայնիվ, ցնցեց ինձ և շատերին: Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գիրքն էր առիթը: Այդ օրը առաջին անգամ իմացա, որ գործի բերումով Նուբարաշեն գնալիս ես անցնում եմ… ավելի լավ է մեջբերեմ Մհերի գրքից. «Երևանի ծայրամասերից մեկում կա գերեզմանոց, աղբանոց և ևս մի կլորավուն տեսքով յուրահատուկ «գերեզման»: Հարազատները այնտեղ ծաղիկների փոխարեն սնունդ և հագուստ են բերում»…
…Ու ես անցնում եմ «գթասրտաբար» մահվան դատավճռից ազատվածների և ցմահ մարդկային նորմալ շփումներից, դժվար կամ հեշտ, հոգսաշատ կամ թեթև օրվա անցուդարձից, առօրեական հույզերից, սիրելուց, արևի լույսից անգամ զրկվածների կողքով… կարճ` զրկված այն ամենից, ինչը պարզապես հենց կյանքն ինքն է:
Ցմահ բանտարկյալնե՜ր… Մինչ այդ օրը ինձ համար սոսկ գրքային արտահայտություն էր: Հիմա կյանք դարձավ ու խցկվեց արդեն վաղուց ծանոթ ու Աստծու լույսն անգամ իրենց գորշության մեջ խեղդող անարդար ու հոռի իրողությունների մեջ և գրեթե առաջին տեղի իրավունքը պահանջեց:
Ապշեցնողը նաև նրանց թիվն էր` 107: Մենք ունենք հարյուրից ավելի մինչ մահ ապրելու իրավունքից զրկվածներ:
Իսկ է՛լ ավելի սարսափելին՝ նրանց մեջ կան միանգամայն անմեղ մարդիկ…
Ըստ Վարդան Պետրոսյանի՝ 60 միլիոնանոց Ֆրանսիայում ցմահ դատապարտյալների թիվը 270 է: 3 միլիոնից պակաս բնակչությամբ Հայաստանում` հարյուրից ավելի՜… Այդ ի՜նչ վայրագ ազգի զավակ եմ եղել ու չեմ իմացել:
Իհարկե, սխալ կլինի չընդունել, որ բնական է հանցագործությունների թվի աճը վերջին ժամանակների անբնական կյանքի ու կենցաղի պայմաններում: Բայց այդքա՞ն և այն էլ այնպիսի վերջացած հանցագործներով, ովքեր մեկընդմիշտ արդեն հոգենորոգման ու ներման հնարավորության սահմանից այն կողմ են:
Մեր ժողովրդին հատուկ չէ այն դաժան դիմագիծը, որը այդ թիվը ինքնաբերաբար դրոշմում է, խարանում նրա ճակատին` լկտի ու ինքնավստահ: Մեր ազգի թերություններից մեկն էլ այն է, որ անչար ու խաղաղաբարո եղանք աշխարհի ջունգլիներում ու կռվեցինք միայն այն ժամանակ (եթե, իհարկե, կռվեցինք), երբ դանակն արդեն ոսկորին էր հասել: Որովհետև կռվելը սպանել է ենթադրում, իսկ մենք Արարչի պատկերն ունենք մեր հոգիներում, և ուրեմն՝ մերը արարելն է և ոչ թե կործանումն ու ավերը: Կարծում եմ՝ ճի՞շտ բանաձևեցի:
Հիմա եկել ու ինձ համոզել են ուզում, թե մե՜նք… մինչև ուղն ու ծուծը հանցանքի սև մրուրը հոգիներում ներծծած այդքան հանցագործներով զարհուրելի մի երկիր ենք (դա կարելի է թշնամու դեմ որպես լավագույն և սարսափելի մի զենք ցուցադրության հանել զորահանդեսների ժամանակ. ո՜նց չենք գլխի ընկել): Եվ այն էլ համոզում են տեղը տեղին` հատորներով գրված, ստորագրությունների պակաս չունեցող փաստաթղթերով:
Ուզում եք դրա հարյուրապատիկը դրեք իմ առաջ. ես իմ ժողովրդին իմ արյամբ, իմ մերկ նյարդերով եմ ճանաչում ու սիրում: Ես նրա վատն էլ գիտեմ: Առանց դրա պարզապես անհնար է որևէ մարդկային հասարակություն: Մենք ևս սխալներ ու թերություններ ունենք, ու մեր ազգի տականքը, Նժդեհի խոսքով ասած` ամենանողկալին է: Սակայն ամեն բան միայն տոկոսների մեջ է իր իրական արժեքն ստանում:
Ամեն դեպքում, մեր կյանքի ու հոգու կերպը բարին ու խաղաղն է, և ուրիշ մի ժողովուրդ չգիտեմ ավելի խաղաղասեր: Այնքան, որ հաճախ ես եմ չարանում մեր այսքան` գոյատևության բնազդին հակառակ, անչարության համար:
Դե արի ու որպես ազգին հասցված վիրավորանք մի՛ ընդունիր այդ չարաբաստիկ 107-ը…
Եկել և ուզում են համոզել: Ո՛չ, ոչ ոք ոչինչ էլ համոզել չի փորձում: Պարզապես կյա՜նք է` իր հունով ընթացող, որտեղ շատ լուրջ տեսքով փողկապավորներ, օրենքի «տառով» առաջնորդվողներ իրենց գործն են արել, արդարության կշեռքը վերցրել, չափուկշռել են, ու իբրև թե` թացը մի կողմ են դրել, չորը՝ մի կողմ, արդարը՝ մի կողմ, անարդարը` մյուս…
Նրանք… ի՜նչ ազգ, ի՜նչ բան, ի՜նչ Աստվածային ու մարդկային, Աստված գիտե, թե ինչով են առաջնորդվել: Եվ այդ ի՞նչ խև ու խարդախ քամիներ են թացն ու չորը խառնել իրար, կշեռքի նժարներն իրարով տվել: Երևի իրենք էլ մեզնից քիչ չեն ապշած արդյունքում ստացված այդ ահռելի թվից՝ 107:
Ու ես պատիվ եմ պահանջում իմ ազգի անունից ու նրա համար:
Չգիտեմ էլ, թե այդ ովքեր են, այդ ի՞նչ օրենքներ են մեջտեղ բերում կամ մոռանում, երբ այն ձեռնտու չէ այդ պահին: Խոսքս չի վերաբերում արդարադատության համակարգի այն նվիրյալներին, ովքեր իրենց խղճի կամակատարներն են և հենց այնպես չեն հայտնվել հասարակության անցուդարձի ամենաեռուն քուրայում: Նրանք անպայման կան, և հուսամ, որ շատերն են: Բայց թող ինձ ներեն իրենց խղճի և Աստծու առաջ մաքուր մարդիկ, որովհետև ստիպված եմ, այնուամենայնիվ, նրանց էլ դիմել. «Այնտեղ, որտեղ դուք եք՝ դուք բոլորդ, մի մեծ, շատ մեծ սխալ կա»:
107 ցմահ դատապարտյալներ: Ցմահ բանտարկության արժանիներին այդտեղ հավանաբար մատների վրա կարելի է հաշվել: Սակայն… այսօր գրիչ էի վերցրել` գրելու միայն Մհեր Ենոքյանի մասին: Այն օրը` Գրողների միությունում քննարկումից հետո, Մհերի գիրքը տուն բերեցի և… դժվար է բառերով արտահայտել զգացածս այն ընթերցելուց հետո՝ սարսա՞փ, վիրավորա՞նք… ամո՜թ:
«Դեռ 16 տարի առաջ, երբ Արամը փոխեց իր ցուցմունքները, ըստ որի` ինքն է սպանել Իոսիֆին խուլիգանական դրդումներով և առաջ քաշեց օդից վերցված, ոչ մի ապացույց չունեցող վարկած, թե իբր Իոսիֆի ծնողներից գումար պահանջելու նպատակով է կատարվել սպանությունը, ես քննիչին հայտնեցի ԻՐԱԿԱՆ դրդապատճառը, սակայն նա անմիջապես հեռացավ, ապա հաջորդ օրը եկավ ու ասաց. «Լռի, եթե չես ուզում, որ կամեռում մեռնես, հարազատներիդ մասին մտածի, աղբերդ ինստիտուտ գնալուց կընկնի ավտոյի տակ, մամադ լվացք փռելուց կընկնի 8-րդ հարկից»: Ճնշումներ սկսվեցին նաև հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից: Ես լռեցի և հայտնվեցի մահապարտների խցում»:
Ահա այսպիսի բաներ կարող են կատարվել ճաղերից այն կողմ, արդարության հսկիչների ու պահապանների աշխարհում:
Օրեր շարունակ Մհերի աչքերով էի նայում շուրջս: Միշտ էլ սիրել եմ իմ քաղաքը, նրա սեթևեթանքը տարբեր եղանակների գույների արտացոլանքի մեջ, նրա զրնգուն ու թարմ այգաբացը և հեռացող օրվա բոսորափեշ ու հեթանոս պարը հորիզոնին: Բայց այդ օրերին ավելի սրված էր իմ հիացումն ու պաշտամունքը: Ասես աչքերը նոր բացած մանուկի պես էի աշխարհին նայում: Այդ Մհերի անսահման ու տաք կարոտն էր իմ մեջ՝ մայթերի, մարդկանց, արևի, կյանքի՜ կարոտը… Ինձ փաստեր և ապացույցներ պետք չեն` հավատալու համար, որ Մհերի «Ես մարդ չեմ սպանել» խոսքերը ճշմարտություն են:
«Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գրքում, որը կարելի է ինչ-որ տեղ օրագիր համարել, որովհետև անգամ պատմվածքներում Մհեր Ենոքյանը գրում է կյանքի ու մարդու մասին իր մտորումների և հոգու թափառումների մասին, նա չափազանց անկեղծ է: Այդ էջերից մեզ հետ «զրուցում է» աշխարհին ու մարդուն լուսեղեն հայացքով նայող մեկը: Մեծացած լինելով բժիշկների ընտանիքում, որտեղ մարդու առողջությունն ու կյանքը ամենամեծ հոգածության և ուշադրության կենտրոնում են միշտ եղել, և ինքն էլ պատրաստվելով բժշկի մասնագիտության ծանր բեռը իր ուսերին վերցնել, նա` գիրկը բացած, ողջ աշխարհն էր ուզում ասես տեղավորել իր խնամքի ու հոգատարության տիրույթում: Մանուկ օրերին զգուշանում է մրջյուն անգամ տրորել, թաքուն լաց է լինում մատաղի համար գնված ոչխարի համար և չի ուտում այդ միսը, դարձյալ, դեռ մանուկ տարիքում մեծի պես պաշտպանում է հղի կնոջը` գետնահար տապալելով նրան բռունցքներով հարվածող տղամարդուն…
Մհեր Ենոքյանն, անկասկած, հասարակության համար շատ պիտանի մեկն էր դառնալու… ես չեմ կասկածում, որ դեռ կդառնա:
Այդպիսիների կարիքը մենք շատ ունենք: Նրանք միշտ քիչ են մեր կյանքում: Եվ ինչ լավ է, որ օրերս Մհերը փայլուն արդյունքներով ընդունվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական բաժին:
Մհերի գրքում կյանքի երկրպագությունն է, բարության հիմնը, և մարդկանց կողմից այդքան անիրավ ու դաժան վերաբերմունքի արժանանալուց հետո անգամ` սիրո խոստովանություն մարդ-էակին:
Անհիմն, նախ՝ մահվան, ապա՝ ցմահ բանտարկության դատապարտված Մհեր Ենոքյանի գործում ոչ գիտակ մարդու համար էլ աչք ծակող են դիտավորյալ կոծկումներն ու փաստերի խեղաթյուրումը: Դրանք չափից դուրս շատ են թվելու համար, ես հոգնեցի դրանք ընթերցելուց անգամ: Իսկ այդ ինչպե՞ս չեն հոգնում նրանք, ովքեր մեղքերի այդ ծանր բեռը ոչ միայն նոր կյանք մտնող անմեղ տղայի վրա են դրել, այլև հենց իրենք իրենց են կռացրել դրա հսկայացող բեռի տակ: Եվ շատ ավելի իրենք իրենց են դատապարտել:
«Մի՛ դատիր» Աստծու պատվիրանը գոնե որպես զգուշության կոչ պետք է լինի նրանց համար, ովքեր չեն կարող չդատել և պետք է դատեն: Բայց այսպե՞ս…
Մհերի հետ երկու անգամ բանտից փախուստի ժամանակ էլ եղել է Սողոմոն Քոչարյանը, ով նույնպես ցմահ բանտարկյալների շարքում է: Ադրբեջանում, լրիվ անմեղ հային, այն էլ օտար երկրում դահճի դաժանությամբ կացնահարողին հերոսի կոչման արժանացրին: Իսկ մենք դատում ենք` մեր դեռևս չդադարած պատերազմի մեջ գտնվող երկրում, հանցավոր նպատակներով կեղծ փաստաթղթերով երկիր սողոսկած ծպտյալ թշնամուն սպանողին, այն էլ Արցախյան պատերազմի մարտիկին և այն էլ ցմա՜հ…
Հիմա հասկանո՞ւմ եք, թե որտեղից այդ 107-ը…
Գուցե մեր հերոս հայդուկներին նույնպե՞ս հետմահու ցմահ բանտարկության դատավճիռ կայացնենք: Չէ՞ որ օրենքին դեմ են գործել` սեփական ժողովրդին պաշտպանելու համար, ազգի թշնամուն` թուրքին, շանսատակ անելով: Անդրանի՜կ, Արաբո, Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաո՜ւշ… Ափսոս, ողջ ազգը իր փոքրով ու մեծով, իր կինարմատով ու տղամարդով նրանց կողքին չկանգնեց ու հանդուրժում էր թուրքի կողմից ստորացված և ամեն պահ նրա յաթաղանի թիրախը դառնալու վտանգով լի գոյությունը:
Վերադառնանք Մհերին: Եթե անգամ ընդունենք, որ 20 տարեկան տղան սպանություն է կատարել, ապա, միևնույն է, մեկ սպանության համար, այն էլ` 20 տարեկան հասակում, այն տարիքում, երբ նոր է մարդ-անհատը ձևավորվում և դեռ սխալվելու և ուղղվելու ճանապարհ ունի անցնելու, ապրելու իրավունքից զրկելը անհեթեթություն է: Էլ չասած, որ արդեն անազատության մեջ անցած տարիները լիուլի բավ են որպես սպանության պատիժ, եթե սերիական մարդասպանի մասին չէ խոսքը:
Արդեն երկար ժամանակ մտավորականության մի ստվար խումբ տարբեր ձևերով փորձում է իր ձայնը լսելի դարձնել համապատասխան կառույցներին: Բայց դեռ լռություն է…
Վերջերս ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Մհերի դուռ» բեմականացման ժամանակ, լեփ-լեցուն դահլիճի բեմից Մհերի խոսքերը հնչեցին դերասաններ Վարդան Պետրոսյանի և Կարինե Ջանջուղազյանի շուրթերից՝ մեկ անգամ ևս փորձ անելով ճեղքել օրենքի անօրինականության անսասան պատը:
Քավ լիցի, ոչ ոք չի պահանջում հասարակության համար իսկապես վտանգավոր հանցագործների ազատ արձակումը: Ընդամենը գործի վերանայում: Ընդամե՛նը:
Իմ կողմից ավելացնում եմ` գործերի, որովհետև այդ աղաղակող փաստերի ետևում անհնար է, որ մի ամբողջ քաոս չլինի:
Եվ կրկնում եմ. իմ ազգի համար վիրավորական է այդ անհիմն ուռճացված 107-ը:
Այնպես որ, պարոնայք արդարության պահապաններ, բարի եղեք ընդամենը վերանայել, ընդամենը զատել թացը չորից, ընդամենը տարբերել Արդարության կշեռքը ճգնաժամային դժվար ժամանակների շուկայում տարբեր աճպարարական հնարքներով խարդախող կշեռքից, ընդամենը, իր դեմքը չկորցրած մարդուն չզրկել ուղղվելու և ներվելու, իսկ անմեղ մեկի` իր բաժին կյանքն ապրելու իրավունքից: Եվ ամենակարևորը՝ Աստված-դատավորի առաջ չկանգնել մեղքերի բեռով` ՑՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ դատապարտման համար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։