Անվերջակետ անդրադարձ / Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ

2018 թ. հունիսի 8-ին լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ Մ. Սբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի վախճանի տարելիցը: Այս կապակցությամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հայաստանի գրողների միության հետ կազմակերպել էր Ս. Սարինյանի հիշատակին նվիրված միջոցառում և «Հայոց գրականության երկու դարը» գրքի յոթերորդ հատորի շնորհանդեսը:
Գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վ. Դևրիկյանն իր ելույթում նշեց, որ Ս. Սարինյանը գիտական փաստերի հիման վրա կատարվող եզրահանգումները միշտ վեր է դասել ժամանակի թելադրած ձևախեղումներից:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յու. Սուվարյանը ողջունեց ինստիտուտի նախաձեռնությունը և իր խոսքում ընդգծեց Սարինյան մարդու, հայրենասեր քաղաքացու կերպարը, ով մշտապես հետաքրքրվում էր Արցախի հարցերով:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանն արժևորեց Սարինյան պատմաբանի, գրականության փիլիսոփայի, գրաքննադատի գիտական գործունեությունը, անդրադարձավ գրքին՝ նշելով, որ 19-20-րդ դարերի գրականության փայլուն գիտակն այնքա՛ն մոտ էր կանգնած նաև ժամանակակից գրականությանը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, շնորհավորելով գրքի լույսընծայումը, նշեց, որ Սարինյանը պոետական գնահատականների ծիրում առանձնանում էր իր խորագիտությամբ, սուր հայացքով, հեղինակի համար իսկ անակնկալներ գտնելու, ստեղծագործության նորանոր շերտերը բացահայտելու կարողությամբ:
ԳԱԱ թղթակից անդամ Ա. Սարգսյանը, ում «Փրկության բանալին» վեպի հանգամանալից վերլուծությունը նույնպես ընդգրկված է «Հայոց գրականության երկու դարը» գրքի յոթերորդ հատորում, խոսեց Սարինյանի յուրահատուկ հայերենի մասին՝ ճշգրիտ, սեղմ, բնութագրական, և Սարինյանի մնայուն գործի մասին՝ իր գիտական գործունեությամբ բազում սերունդներ պատրաստելու առումով:
Բ.գ.դ. Ս. Մուրադյանը «Հայոց գրականության երկու դարը» յոթհատորյակը համարեց գրականության մեծ հանրագիտարան:
Բ.գ.դ. Ս. Դանիելյանն առանձնացրեց Սարինյանի՝ գրականության մեջ հարաբերականն ու հավերժականը տարբերելու շնորհը. առաջինը մնում է պատմության ծալքերում, երկրորդը խոսքի ներքին արժեքն է:
Ելույթ ունեցան նաև Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհ. Այվազյանը, բանաստեղծ Կ. Առաքելյանը, Պատմաբանասիրական հանդեսի գլխավոր խմբագիր, բ.գ.դ. Ա. Զաքարյանը, բ.գ.թ. Հ. Որսկանյանը, բ.գ.դ. Ա. Մուշեղյանը, բ.գ.թ. Ա. Նիկողոսյանը:
Միջոցառումը եզրափակեց Սերգեյ Սարինյանի դուստրը: Նա ներկայացրեց գիրքը կազմելու սկզբունքները և շնորհակալություն հայտնեց Գրականության ինստիտուտին՝ յոթերորդ հատորի հրատարակությունն իրականացնելու համար:

Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ
Գրականության
ինստիտուտի փոխտնօրեն, բ.գ.թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։