ԶՐՈՒՅՑ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ / ԲԱԿՈՒՐ

Նամակով գրախոսություն հրապարակելը մոռացության մատնված ժանր է, որը «Գրական թերթի» «Բաց նամակ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանին» հոդվածով փորձում է վերակենդանացնել Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը: Եթե պարզապես վերլուծական գրախոսություն գրած լիներ վերջերս լույս տեսած «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպի մասին, պարտադրված չէի լինի իմ հասցեին այդքան գովեստի խոսքերից, դրվատանքից հետո պատասխան գրել, սակայն պարտավոր եմ նամակին հենց նամակով իմ երախտիքի խոսքն ասել հարգելի պրոֆեսորին:

Հարգելի՛ եղբայր Սոկրատ Խանյան, իմ երախտիքն եմ հայտնում «Գրական թերթում» հրապարակած իմ «Շուշեցու հիշատակարանը» և «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպերին նվիրված Ձեր ընդարձակ վերլուծական հոդվածների, իմ աշխատանքը բարձր գնահատելու առիթով: Եզակի են դարձել նման անշահախնդիր ու ճշմարտացի գրախոսությունները, մանավանդ հեղինակներին հասանելիք հոնորարի բացարձակ բացակայության պայմաններում: Դրվատանքի խոսքերին զուգահեռ, արել եք մի շարք կարևոր դիտողություններ, որոնք կարիք ունեն ավելի մանրամասն քննարկման: Ձեր գրած Բաց նամակը փաստորեն սրտանց զրույց է պատմավեպի հեղինակի հետ, ուստի և ուզում եմ շարունակել զրույցը:
Հանդիմանում եք, որ պատմավեպի գլխավոր հերոսը իրականում Վաչե արքան է և ոչ թե Վաչականը, որին գրքի 302 էջերից նվիրել եմ ընդամենը 55 էջ: Ես զարմացած էի, ուստի ինքս հաշվեցի. Վաչականին նվիրված էջերի քանակը 190 է և ընդգրկում է նրա պատանեկությունը հայրենի գյուղում, ձիաորսը Կուր-Արաքսի տափաստանում, ուսումնառությունը Գուգարաց Աշուշա բդեշխի հիմնած դպրոցում, հանդիպումը Գյուտ կաթողիկոսի և Մովսես Խորանացու հետ, վերադարձը հայրենի եզերք, ավերված երկրի վերականգնումը, Վահան Մամիկոնյանի հետ զուգահեռ ապստամբությունը պարսից բռնակալության դեմ, պսակը Շուշանիկի հետ, Վաղարշակ արքայից արքայի կողմից թագադրվելը, հեթանոսական աղանդների դեմ պայքարը, դպրոցների ու եկեղեցիների հիմնումը, Սահմանադրական ժողովը, Եղիշա առաքյալի հուշակոթողը… Իսկ Վաչական թագավորին նախորդած ժամանակաշրջանն ու քաղաքական զարգացումները անհնար կլիներ պատկերել առանց Վաչականի հորեղբոր՝ Վաչե արքայի կերպարին ու գործունեությանը անդրադառնալու, մանավանդ, որ նա անարդարորեն մոռացության է մատնված:
Ձեր հաջորդ դիտողությունը վերաբերում է Հայոց Արտաշես Գ թագավորին գահընկեց անելու գործում կաթողիկոս Սահակ Պարթևի առնչությանը: Ես համամիտ եմ կաթողիկոս Սահակ Պարթևի՝ Ձեր նկարագրած եկեղեցական, քաղաքական ու մշակութային գործունեության գնահատականի հետ, ծանոթ եմ Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու՝ V դարի այդ եռանդուն գործչի՝ Սահակ Պարթևի մասին պատկերավոր նկարագրություններին: Անժխտելի է հայոց գրերի ստեղծման գործում նրա վճռական դերը: Սակայն հաշվի առնելով դարեր շարունակ հայ եկեղեցու և աշխարհիկ իշխանության միջև միմյանց չհանդուրժող վեճերն ու հակամարտությունը, որոնց հիմքում ժողովրդից գանձվող հարկերի բաժանումն էր, կղերական դասը առիթը բաց չէր թողնում՝ հարվածներ հասցնելու աշխարհիկ տիրապետողներին: Հիշենք թեկուզ Արշակ Երկրորդ ու Պապ թագավորների կործանման հիմնական պատճառը, հետագայում Բագրատունյաց թագավորության ու Անիի անկումն ու Բյուզանդական կայսրության վաճառելը, որտեղ վճռական դերը եկեղեցունն էր: Երբ Վասակ Սյունեցի մեծ իշխանը գնում էր Հազկերտ արքայից արքայի մոտ՝ նրանից խոստացած հայոց թագավորությունը վերականգնելու հրամանը և թագը ստանալու, հայ եկեղեցականները պարսից արքունիքին ներկայացրին այն գաղտնի նամակները, որոնք Վասակ Սյունեցին ուղղել էր բյուզանդական կայսրին՝ հորդորելով միացյալ ուժերով պարսից տիրապետությունից ազատագրել հայոց երկիրը: Այդ նամակները հայ կղերականները չեն հասցրել կայսրին, այլ մատնությամբ հանձնել են պարսիկներին՝ այդպես խափանելով հայոց պետականության վերականգնումը: Գյուտ կաթողիկոսը նամակով դիմել էր Աղվանից Վաչե արքային, գովաբանելով թագավորությունից նրա հրաժարվելն ու մենաստանում առանձնանալը: Իսկ Վաչեն երկիրը անտերունչ, առանց առաջնորդի էր թողել, հանձնել ճակատագրի քմահաճույքին: Մենք 18-րդ դարում ունեցել ենք չափազանց զարգացած այնպիսի եռանդուն գործիչ, ինչպիսին Սիմոն Երևանցի կաթողիկոսն էր: Սակայն երբ նա տեղեկացավ, որ Հովսեփ Էմինը հավակնում է Հայոց թագավորության վերականգնմանն ու գահին, նամակներ ուղարկեց Արցախի մելիքներին ու Շուշիի պարսիկ Իբրահիմ խանին, որ չընդունեն նրան, դուրս քշեց երկրից: Եվ ահա մեզ է հասել Սահակ Պարթևի նամակը Պարսից արքայից արքային, որտեղ խնդրում է գահընկեց անել Հայոց թագավոր Արտաշեսին, նրա փոխարեն մի պարսիկ (մարզպան) ուղարկել, որը կառավարի իրենց, և նրա միջոցով տեղյակ լինի իրենց մասին: Սա Պարսից արքունիքի համար լավագույն առիթ էր հայոց պետականությունը կործանելու համար: Այո՛, Ղազար Փարպեցի եկեղեցական պատմիչը շատ, նույնիսկ ավելորդ ու անհամոզիչ ջանք էր թափում՝ արդարացնելու Սահակ Պարթևին: Ի միջի այլոց, Սահակ Պարթևի այս քայլից հետո արքայից արքայի հրահանգով վերականգնվեց կաթողիկոսական իրավունքը: Ես այս դիպվածը կարող էի և չներկայացնել, սակայն այս խնդիրը հույժ այժմեական է, մանավանդ Հայոց պետականությանը ներսից ու դրսից սպառնալիքների պայմաններում: Մեծարգո՛ պարոն Խանյան, ես պատրաստ եմ հայոց պատմական անցյալի արժանի մեծերի հանդեպ «զգոն վերաբերմունք ցուցաբերել» նրանց կերպարը ստեղծելիս, սակայն այսօրվա ազգային ու պետական, համընդհանուրի շահը վեր է ամենեցուց:
Ինչ վերաբերում է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթին, ապա ինձ մոտ մնացել է մանուկ հասակում ընթերցածի տպավորությունը, որը զարգացրել ու խորացրել եմ: Շուշանիկ անունը ես ընդօրինակել եմ Կաղանկատվացուց, իսկ թե ինչու է հեքիաթի հեղինակ Աղայանը (Ըղանց Վերդուն տղան) իրական անվան փոխարեն Հայոց դիցարանից Անահիտ աստվածուհու անունն ընտրել, դա միայն ինքը՝ Աղայանը գիտեր: Ենթադրում եմ, որ աստվածուհու անունը ավելի տարածված է, իսկ պատմավեպում ես հարազատ եմ մնացել իրականությանը: Պատմավեպում կա Անահիտ անունով անձնավորություն, ու ես անենևին չեմ շփոթել թագուհու անվան հետ:
Մյուս հարցը. Վաչականյան տոհմանունը պատմավեպի հերոսի անունից չէր կարող ծագել, քանի որ այս տոհմի թագավորների մեջ Վաչական Գ-ն նախավերջինն է՝ 11-րդը: Վաչականյան տոհմի մասին Կաղանկատվացին գրում է, որ չգիտե, թե որտեղից է ծագում այն: Սակայն հետագա խմբագիրը, որը հավանաբար Դասխուրանցին էր, գրում է, թե այն սերում է Առանշահիկներից: Ես այս խնդիրը արծարծել եմ իմ «Գյուլիստան նամե» գրքում: Սակայն նշեմ մի հանգամանքի մասին: Կուրարաքսյան գետահովտում իշխելու համար հնուց ի վեր պայքարում էին Մեծիրանքի (Ջրաբերդ) և Մեծառանքի (Գանձասար) տերերը: III դարի կեսից սկսած, Հայոց հյուսիսարևելյան կողմանքում շուրջ 280 տարի՝ Վաչական Քաջից սկսած, իշխում էր Վաչականյան տոհմը:
Այժմ՝ Վաչական անվան անհամապատասխանությունը հայ մատենագիրների Վաչագանի հետ: Ես երկու փաստարկ ունեմ: Առաջինը, որ մանուկ հասակից տասնյակ պատմություններ եմ լսել իմ պատմավեպի հերոսի մասին, ու միշտ Վաճական կամ Վաչական են անվանել: Երկրորդը, որ Վաչը նշում է տոհմի վաչկատուն, թափառական լինելը, իսկ երկրորդ մասը հայկական ընդունված «ական» վերջածանցն է, որը ցույց է տալիս տվյալ տոհմին պատկանելիությունը: Այս առումով, «ագան» վերջածանց գոյություն չի ունեցել, ու այն մատենագիրներից մեկի սխալմունքից է բխել ու շարունակվել: Իսկ ինչո՞ւ չուղղենք այդ սխալն ու տոհմին վերադարձնենք հայահունչ անունը:
Վերջապես, անվանի գրականագետը գիրքը համարում է որպես առաջին հատոր, հորդորում գրել երկրորդ հատորը: Եթե ես համոզվեմ, որ պատմավեպը ընդունվել է հանրության կողմից, և այն ընթերցողների լայն շրջանակ ունի, մանավանդ պատանիների ու երիտասարդության մեջ, ապա պատվեր լինելու դեպքում կգրեմ ողջ տոհմի պատմությունը՝ սկսած Վաչական Քաջից (253 թ.) մինչև Գրիգոր թագավորը (530 թ.):
Հնարավոր է, որ իմ պատասխանները համոզիչ չլինեն, որի համար ներողություն եմ խնդրում Ձեզնից, սակայն ես նույնքան անկեղծ էի, որքան և Դուք. իմ ավագ եղբայր:

Հարգանքներով՝ ԲԱԿՈՒՐ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։