(պատմվածք-էսսե)
Սուտ է, թե կույրը չի տեսնում. նա կոպերին նայող հայացք ունի:
Վեցերորդ օրը Աստված ավարտեց իր արարման գործերը, յոթերորդում հանգիստ առավ՝ օրհնեց այս օրը և սուրբ անվանեց, բայց ութերորդ օրից նա կորցրեց իր հանգիստը, քանի որ…
Ինձ թվում է՝ Ադամն ու Եվան Աստծո երազում էին սեր անում՝ վախենալով Նրան չարթնացնել իրենց գալարումներով կամ քարանձավային հնչյուններով: Ադամին նիրհ տրվեց, որպեսզի Եվան արարվի, ուրեմն, Աստծո երազում՝ Ադամ, վերջինիս երազում՝ Եվա, հետևաբար՝ նե երկու տաք երազ անցնելով հայտնվեց, առաջացավ (տարածված գործընթաց՝ երազ երազից ներս, Չժուան-Ցզի1, կարևոր չէ), նե պառկեց. կարծում եմ՝ բռի մեջ հող էր սեղմել, որպեսզի մարդանա, և հողը, որպես մատերիա, հավասարակշռություն պարգևեց (այսպիսով, հավասարակշռությունը նյութական հիմք ունի). Եվան ի՞նչ մտածեց, երբ կողքին տղամարդ տեսավ. այն, ինչ Աստված տեսնում էր իր երազում, Ադամը նույնպես, այս երկուսն էլ ստրկամիտ էին, որովհետև նրանց միտքը ստրկության մեջ էր՝ շղթայված, նրանց ազատության բանալին օձն էր, ամեն դեպքում արգելված պտուղը դուրս գալու ճանապարհ բացեց, ուր որ է ոտքները դնելու էին երազից դուրս, (օձը հմայված էր տեսարանով, քանի որ նա Ջուլիետայի բարի դայակն էր2, Վոլանդն3 ու Մեֆիստոֆելը4: Սիրահարներին օգնող հերոսը): Նրանք իրենց համար գոգնոց շինեցին, պատրաստվում էին հեռանալ, երբ Ադամը լսեց Աստծո ոտնաձայնը՝ վախեցավ և թաքնվեց, Աստված (ինքն իր երազում) կանչեց՝ Ադա՛մ, Ադա՛մ… Տեսնելով, որ նրանք գտել են երազից դուրս գալու ելքը, ճիշտ է՝ զայրացավ, որ այլևս նրանց հետ չի կատակելու, պահմտոցի չի խաղալու և այլն, այնուամենայնիվ արտաքսեց երազից, որը նույն դրախտն էր: Վերջապես սիրահարները ճերմակ ստվերների աշխարհից անցան երկիր ու իրենց երազներում սկսեցին տեսնել Աստծուն, ով դրանից օր օրի դյուրագրգիռ է դառնում…
Ադամն ու Եվան վախճանվեցին ու երազի գաղտնիքն իրենց հետ տարան. այժմ, գուցե այստեղ նույնպես, Նրա ցերեկային կարճատև նիրհում եմ: Կոշիկ ընտրելիս տակերը ճմռում. վաճառողի քթից գլուխ քայլեցնում եմ. բծախնդրորեն ուսումնասիրում, որ ամուր կոշկատակերով դուրս թռնեմ Աստծո երազից:
Երազից դուրս անցնելու միակ ճանապարհը աչքերի սևեռման, սառեցման կարճատև վիճակն է, որտեղ ինքս իմ տեսանկյունից եմ նայում, սակայն դժվարանում եմ անկյունից դիտել սենյակի խորքի եռուզեռը, անընդհատ ինձ վերցնում, գցում է պարօղակի մեջ՝ պտտվելու: Այս պտտահողմն է աշխատում. հենց փորձում եմ ուսումնասիրել Նրան՝ ինձ կանչում (չի բացառվում հիպնոսացնում), նետում է մեկ այլ երազ, որը նույն Մեծ երազում է կատարվում, տիեզերքի վատն էլ դա է, որ չկա մյուսը, քանի որ ամենքն ու ամենը, եթե մյուս են համարվում, ուրեմն մեկ է՝ միևնույն տիեզերքում են մյուս համարվում, հետևաբար մյուսը չկա, կեղծիք է:
Դավիթ Անհաղթն5 ասում է, որ կան բաներ, որոնք մեր գիտակցությունն է ստեղծում, օրինակ՝ արալեզը, և կան իրական՝ հպվելով տեսնելու բաներ, օրինակ՝ եղնիկը. ես Բարձրյալի ստեղծածն եմ և Նրա համար շոշափելի չեմ, ինչպես արալեզն ինձ համար:
Այսքանն իմանալով, նույնիսկ ենթադրելով, որ կրկին Նա խաղում է ինձ հետ՝ այս մտքերը դնելով Իր երազում՝ ինձ նման համատարածի երազախոս ուղեղում, այնուամենայնիվ՝ աչքերս փակում, ականջներս խցանում, շոշափելիքներս՝ հատկապես մատներիս թմբիկները բռնցքելով թաքցնում, որ պատճառը հարցնելիս Նա կրկին չբացի մյուս երազի դուռը, ու ես երջանկությունից թռչկոտեմ, իբր ստացվել է մյուսում հայտնվել:
Աստված ճանաչում է քեզ, այո՛, քեզ էլ, ի՛նձ, ու ափսեներին ու պատառաքաղները, վարագույրին, բաժակին ու մրջյունների յուրաքանչյուր մանրաքայլը, Մարկոս անունով իմ ագռավին, նրա վանդակի տրամաչափին ու… բոլորին, բայց ես շարունակում եմ թվարկել և մյուսներում հայտնվելով՝ բթացած ուրախանալ:
Վերջապես սատանան ո՞վ էր, գուցե այն մեկը, որ կարողացավ փախչել մեծ երազից և իրապես ստեղծել մյուսը, առանց մեծ ներսի՝ կոսմոսի:
Այսուհետ, դեմ եմ գնում երազի տիրոջն ու նաև սատանային, որը երկիր ընկնելով մեզ ազատություն չտվեց, այլ իր հերթին փորձեց ներգրավել իր արտադրած զվարճալի երազներում: Եվ մարմինս այլասերելով՝ խամաճիկի շարժումներ ունենալով, երեսս ծածկող գլխարկներ կրելով, սև հագնված, երեկոյան դուրս եկող՝ խավարում մարմնազրկվելով, մուրացկաններից փախչող մեկն եմ դառնում, որ Տերն ու նեռը չճանաչեն, չբռնացնեն ու նորից չվերադարձնեն անիրական քայլողների, ինչ-որ մեկից ժպիտ ծռող երեսների ցնորքներում:
Կույրի մասին ասում են՝ չի տեսնում. չեմ հավատում, վերջինիս պես ինքս էլ կոպերին նայող հայացք ունեմ. ես մեկն եմ, եթե դրա համար պետք լինի, սուրբ կլինեմ, ամենաստորին տականքն էլ, միայն թե մեկը լինեմ՝ տիեզերքից դուրս մյուսը, ու ինքս իմ երազում վայելեմ երկնքի ու երկրի տերերի երազները, իրենց էլ հետը, հեծանիվ էլ քշել կտամ, Արթուրոյի սիգարներից ծխեն6, որ զվարճանամ՝ անխնա…
Եթե Տերը ծնվելուցս մեկ վայրկյան առաջ եղել է, կարծում եմ՝ այդպես է (դրա մասին հազար տարվա գրքերն ու մարդիկ են խոսում), եթե մահիցս հետո վայրկյան ավելի Նա մնալու է, և մտածում եմ կշարունակվի, ուրեմն ես չեմ, որ Նրան հետս տանելու եմ, Նա եղել է, կա և կլինի, «Աստված մեռած է»7, Նրան սպանող իմաստունները մահացան, իսկ Նա մնաց, գուցե կենդանի է (դեռ), ու ես ցանկություն չունեմ սպանելու փորձ կատարել, քանի որ իր երազում եմ, որտեղ ընդամենը ստվեր եմ: Այդ պատճառով ես եմ մահանում իր համար, որպեսզի չգտնի ինձ ու չշարունակի ապրել:
Ես Նրա կողմից չստեղծվածն եմ. առաջիններին հոգնակի անվանողը. անկախ՝ Ադամներից8, Կինգուներից9, Պուրուշաներից10, Իմիրներից11, Գայոմարտներից12, Ֆորոնեյներից13, Բատետաներից14, լրիվ ուրիշ պատռվածքից, որտեղ ինձնից առաջ ու հետո չի եղել. ծովի կաթիլն եմ, որ ինքն իրեն ճանաչում է համատարած գույնի ու միևնույն խտության ներսում, ես քողարկված եմ ծովի գույնով, աքիլլեսյան գարշապարս կշիռն է (միակ թույլ կետը ծովում՝ կաթիլի քաշս), որ կարող է ինձ մատնել, դրա համար փաթաթվում եմ կնոջը, նե ինձնից սոսկ ֆալոսն է ներս տանում ու թաքցնում, բայց սա արդեն փրկություն է: Նրանք գալիս են կշռում ու չեն ճանաչում փախստականին, կինը՝ Լիլիթն15, ինձ չի դավաճանի, նե հավիտյանս կբացի արգանդը, որ ինձնից մի կտոր ներս գնա, և կշռից ընկնեմ, որպեսզի երկնավորն ու գետնավորը չկարողանան բռնացնել ինձ ու կրկին նետել իրենց երազներում: Այսուհետ ամենն իմ երազից է առաջանում, այդ պահերին տեսարանը չի կարողանում ինձ վերցնել իր ամբողջության մեջ, ես հաղթում եմ ինքս ինձ Մեծ պատկերում նկատելու անկամք իմացությանը, այլևս ես արարիչ եմ, ով աշխարհին կտավի պես իրենից կտրված է դիտում:
Կարծում եմ, այլևս բաց է Ադամի ու Եվայի ազատության գաղտնիքը. նրանք սեր էին անում կամ դրախտային լեզվով ասած՝ ամպ էին ուտում և հաջողվում էր որոշակի րոպեներ ընկնելով կշռից՝ չճանաչված մնալ, գուցե ստացվեց իրենց պատկանող այդ հավերժական վայրկյաններով դուրս փախչել տիեզերքի անվերջությունից՝ Նրա երազից:
——————————————-
1. Չին. փիլիսոփա, մոտ մ.թ.ա. IV դար:
2. Ու. Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»:
3. Մ. Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»:
4. Վ. Գյոթե «Ֆաուստ»:
5. V-VI դդ. հայ փիլիսոփա:
6. Arturo Fuente սիգարներ, արտադրվում է 1912 թ.-ից:
7. Ֆ. Նիցշե «Զվարթ գիտությունը»:
8. Հնգամատյան և Ղուրան:
9. Բաբելոնացիների:
10. Հնդկացիների:
11. Սկանդինավյան ժողովուրդների:
12. Պարսիկների:
13. Հույների:
14. Արևելյան աֆրիկացիների:
15. Կաբալիստական թեոսոֆիայում Ադամի կինը: