ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Էլեկտրոնային գիրք. ի՞նչ է այն հեղինակի համար և որքանո՞վ է նպաստում գրականության տա- րածմանը:
– Ճիշտն ասած, հոգեբանորեն ինձ համար տարբերություն կա՝ գիրքս թղթայի՞ն, թե՞ էլեկտրոնային տարբերակով է հրատարակվում: Թղթային տարբերակն ավելի իրեղեն ու իրական է, ավելի վստահություն ներշնչող: Այն կարող ես վերցնել, նվիրել, տեսնել խանութի ցուցափեղկում, շոշափել, հանդիպումների ժամանակ հետդ տանել և այլն: Բայց չօգտագործել ևս մեկ լրացուցիչ հնարավորություն՝ քո գործերը, գրականությունը մարդկանց հասցնելու համար, անխոհեմ է: Այսօր աշխարհում կան էլեկտրոնային բազմաթիվ ու մեծ գրախանութներ, հրատարակչություններ են գործում, որոնք ոչնչով չեն զիջում արդեն եղածներին: Բայց մեզ մոտ դեռ ձևավորված չէ այդ շուկան, մարդիկ էլեկտրոնային հրապարակումներին թերահավատորեն ու քամահրանքով են նայում: Թեև էլեկտրոնային գիրքը ևս գրանցում ես գրապալատում, բայց եթե գրքի թղթային տարբերակից օրինակներ պարտավոր ես ներկայացնել իրենց, էլեկտրոնայինի դեպքում ոչինչ չի պահանջվում գրանցելուց հետո: Կամ, որևէ մրցույթի չես կարող էլեկտրոնային գիրք ներկայացնել: Ինչո՞ւ: Ոչ ոք չի տալիս այս հարցերի պատասխանը: Գրականագետները, քննադատները առհասարակ չեն նկատում էլեկտրոնային գրքի լույսընծայումը, էլ չասած, որ նման գրքերի շնորհանդեսի մասին չեն էլ մտածում… Մինչդեռ էլեկտրոնային գիրքը լիարժեք գիրք է և նույնիսկ ունի մի շարք առավելություններ. այն ծախսատար չէ, և հեղինակը պարտքերի տակ չի ընկնում հրատարակելիս, կարելի է լույս ընծայել շատ կարճ ժամանակում, անփոխարինելի է Հայաստանից դուրս ապրողներին ասելիքդ հասցնելու առումով. աշխարհի ցանկացած կետից կարող են մտնել և կարդալ առանց որևէ արգելքի, գրավում ես նոր ընթերցողներ, որովհետև երիտասարդների մի հոծ խումբ սովոր է էլեկտրոնային ընթերցանությանը և այլն: Կամ, ասենք, գնում ես հանգստանալու և չես ուզում ավելի կիլոգրամ քարշ տալ, ուզածդ գիրքը կարդում ես էլեկտրոնային տարբերակով:
Այս պահին լույս են տեսել իմ երկու էլեկտրոնային գրքերը ռուսերեն: Եվ ստացվում է, որ տանը նստած՝ շփվում եմ ռուսալեզու ընթերցողի հետ: Բայց մենք դժվարությամբ ենք ընդունում նորությունները (թեև սա վաղուց արդեն նորություն չէ): Էլեկտրոնային գիրքը մեզ համար թղթայինի կցորդն է, երկրորդական մի բան: Հենց այս պատճառով էլ անտիպ գործը երբեք էլեկտրոնային տարբերակով չեմ հրատարակի: Հիմա ունեմ 4-5 էլեկտրոնային գիրք, բայց՝ թղթայինի լույս տեսնելուց հետո միայն, երբ գիրքը որպես փաստ արդեն դրված է իմ սեղանին: Թեև այս պահին տպարանում է իմ նոր գիրքը, և թղթայինին զուգահեռ հրատարակում եմ նաև էլեկտրոնայինը, որի հղումը կլինի հենց գրքի կազմին, որպեսզի ընթերցողը ընտրելու հնարավորություն ունենա:
Այսքան մեծ Սփյուռք ունեցող ազգի համար գրքի էլեկտրոնային տարբերակը ուղղակի անփոխարինելի պիտի լինի և՛ երկրի գրականությունը պրոպագանդելու, և՛ թարգմանությունները օտարախոս հայերին հասցնելու, նաև օտարերկրյա հեղինակներին կարդալու ու էլի մի շարք դեպքերում: Մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն՝ ընթերցողի հետ շփվելու, գրականությունը քարոզելու համար: Իսկ էլեկտրոնային դաշտը, այս առումով, շատ մեծ մասշտաբ է ընդգրկում և տալիս է լավագույն հնարավորությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.