– Արդյոք հայերենը թույլ չի՞ տալիս լիարժեք արտահայտվելու, որ մեր ազգաբնակչությունն այսօր դիմում է օտար բառերի ու արտահայտությունների օգնությանը:
– Առաջին հայացքից տեղին կլինի ասել, որ սա ազգաբնակչության լայն շրջանակների մայրենի լեզվի թերի իմացության և խոսքի մեջ անփույթ լինելու սովորության հետևանք է: Արդի հայերենը (նույնիսկ բարբառային ձևերն էլ չհաշված) հարուստ և բազմաշերտ լեզու է՝ բառաձևերի և բառիմաստների նրբերանգային տարբերության ամենահարուստ գունապնակով, հոմանիշների և հականիշների առատությամբ, հարուստ դարձվածքներով: Ստեղծագործ մտքի, գիտության և մտածողության մշտապես զարգացող ընթացքի մեջ հայերենը ճկուն և համաչափ նորացող լեզու է: Այլ հարց է, որ նորաստեղծ որևէ ճյուղում՝ մի որոշ ընթացք, լեզուն որդեգրում է օտար տերմիններ կամ բառեր՝ վերջիններիս համարժեքը կարճ ժամանակ հետո ձևավորելու, գտնելու կամ ստեղծելու համար: Դրա ոչ հեռավոր օրինակները հայոց լեզվում համակարգիչ, համացանց բառերից սկսյալ՝ օգտատերերիս քաջ հայտնի հայերեն մի շարք բառեր են, իսկ «կրիչ»-ից մինչև «կայք»՝ լեզվում վաղուց առկա շատ բառեր էլ ստանձնել են իմաստով իրենց մոտ ևս մի նոր գործառույթ: Կան մոտ իմաստներ, որ առաջ կձևակերպվեին այլ բառերով. օրինակ՝ ջնջել, վերացնել, ի չիք դարձնել, ոչնչացնել, զրոյացնել հոմանիշները կամ՝ առաջին հայացքից դրանցից շատ տարբեր՝ ընդհատել, հետաձգել բառերը, համալրվեցին՝ կոնկրետ համատեքստում սրանց համարժեք և շատ ավելի դիպուկ չեղարկել բառաձևով:
Այսուհանդերձ, մեր լեզվում դեռևս չեն չեղարկվել օտարաբանությունները: Խոսակցական լեզվում, ԶԼՄ-ներում, անգամ պաշտոնական գրագրության և բանավոր լրատվության մեջ առկա են օտարաբանություններ: Կամ՝ ինչպիսի՜ն է մեր խորհրդարանականներից շատերի լեզուն՝ պագալովնի-ից մինչև բեսպրեդել հայերեն խոսքը տրանսֆորմացիայի ենթարկող: Խոստովանեմ, որ հեռուստասերիալային լեզուն իմ դիտարկումից առայժմ դուրս է մնացել՝ զուտ այս հարցում անբավարար համբերություն դրսևորելուս պատճառով:
27 տարվա անկախություն ունեցող մեր Երկրում այսօր ժողովրդախոսակցական ամենատարբեր դրսևորումներով առկա է թե՛ խորհրդային ժառանգությամբ մնացած ռուսերեն բառաձևերի հոռի գործածումը՝ պոշլի-ից մինչև ժոստկի, տոչկա-յից մինչև պերեվոզկա, թե՛ ավելի վաղ պատմական անցյալից ժառանգված արաբա-պարսկական խասիաթ-ն ու օսիաթ-ը (էլ չասած՝ ազիզ-ն ու ջիգյար-ը, մերօրյա կլկլոցների մեջ դեռևս պահանջված) և թե՛ անգլերենի լայն կիրառմամբ բուծվող մենեջմենթ-ն ու մարքեթինգ-ը՝ իրենց փիառ-ով: Չեմ կարծում, թե կառավարումն ու շուկայավարությունը շատ ավելի բարեհունչ չեն հենց հանրային գովազդի տեսակետից:
Հիշենք, թե Ջորջ Օրուելի հայտնի վեպում համակարգի ինչպիսի գործիք էր նորալեզը (նոր լեզուն), և դա արդյոք պատահակա՞ն էր… Այսօր հայտնի ու անհայտ մոտիվացիա-ներով (1)՝ իրենց կրեատիվ (2) համարող շատ օտարամոլներ առաջին հերթին հենց խոսքի այլակերպումով են մեսիջ-ներ (3) ուղարկում մեկմեկու: Այդպես խոսողներն իրար գուցե ավելի արագ են ըմբռնում: Խոսք, զրույց, քննարկում, քննախոսություն բառերը դիսկուրս-ով փոխարինող լրագրողն, օրինակ, իրեն ավելի ինքնավստահ է զգում (1-3) բառաշարքում: Այս կերպ լեզուն ախտահարողները՝ չէի ասի, թե լեզվի իմացության կամ գրագիտության պակասից է, որ անհաշվետու են մայրենի լեզվի հանդեպ:
Առանց օտարաբանության, իմ այս խոսքի շարժառիթն (1) այս պահին մնում է մեր լեզվի հանդեպ «Գրական թերթի» և իմ անհատական մտահոգությունը: Հայոց լեզվով և իսկապես հայերեն լեզվամտածողությամբ գործող հայ մարդու ստեղծագործական (2) միտքն ունակ է գտնել բոլոր գաղափարների ու երևույթների արտահայտման հայերեն համարժեքները: Մեր թարգմանական մշակույթը վաղուց ի վեր և այսօր էլ շարունակում է դա հաստատել՝ սկսած առաջին թարգմանական հուշարձան Աստվածաշունչ մատյանից: Իմ խոսքի ուղերձն (3) ահա նաև մայրենի լեզուն իմացողներիս պարզ անփութությանն է հասցեագրված՝ հնարավորինս չվրիպելու և հայերեն խոսքի ճիշտ համարժեքների գործածությամբ լեզուն մաքրելու ջանքի ակնկալիքով, իսկ չիմացողների ականջը՝ արդեն շտկված խոսքի գերակշիռ միջավայրում (հեռուստառադիոեթերներից մինչև տրանսպորտում հնչող կենցաղային խոսք), որպես սկիզբ՝ լսելիքով ևս կմաքրվի…
Խոսքի ուղերձը / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
