ԱԿԱՆՋԴ ԲԵՐ՝ ԱՍԵՄ – 3 (Արևմտահայերի սահմանադրական պայքարի պատմությունից) / Արսեն ԳԼՋՅԱՆ

Ազգային սահմանադրության հաստատվելուց հետո նրա կողմնակիցների և հակառակորդների միջև ծավալվել է սահմանադրական պայքար, որը փորձաքար է դարձել հայության սոցիալական խավերի և տարբեր մտայնության գրագետների համար: Հայությունը որպեսզի սահմանադրական սկզբունքից բանիմաց օգտվեր, անհրաժեշտ էր, որպեսզի հավատարիմ լիներ Զարթոնքի գաղափարախոսության տառին ու ոգուն, ենթարկվեր Ազգային սահմանադրության մեջ ամրագրված պահանջներին, մինչդեռ սոցիալական խավերը, անկարող ներդաշնակելու իրենց անհատական և հանրային շահերը, Ազգային սահմանադրությանը վերաբերել են ավանդական հոգեբանության և շահերի տեսակետից: Ամիրաները, եկեղեցականները, «նոր հայերը», դրսևորելով իրենց ճղճիմ էությունը, ամեն ինչ արել են, որպեսզի Ազգային սահմանադրությունը վերածեն իրենց շահին ծառայող «մեռած տառի»1, «Ազգային սանձադրության»2:
Ծայրահեղ բացասական դիրքորոշում է ընդունել կրոնական դասը, որը հայտարարել է, թե Ավետարանից բացի, ուրիշ ոչ մի հեղինակություն չի ճանաչում3: «Սահմանադրությունը գործիք մ’է, որ երեսփոխանության միջոցով խել մը անխորհուրդ և անկրոն պատանիներ ազգային կառավարության ղեկը ձեռք պիտի առնուն, որպեսզի մեր հոգևոր իրավասությունն ու իշխանությունը կործանեն և Հայաստանյաց եկեղեցվո մեջ նորոգություն և հերոսություն մուծանեն»4,- պնդել են նրանք և, հավատարիմ իրենց ավանդույթներին, բռնել են ազգադավության ուղին: «Ողորմիմ քեզ, եկեղեցի՛ Հայաստանյաց. մեր գրիչը չէ կամենում գրել այն պաշտոնի անունը, որ նա ունի այսօր»,- նման փաստերն ակնարկելով` գրել է Մ. Նալբանդյանը: – «Անտառը ջարդող կացնի կոթը անտառի փայտիցն է լինում միշտ»5: Ամիրայական դասն իր հերթին պնդել է, թե «Օսմանյան կառավարությունը միապետական է, միապետական կառավարության մը մեջ սահմանադրական հասարակություն մը հակասական է և տերության օրինաց հակառակ, ուրեմն ազգային Սահմանադրությունն ապստամբության դրոշակ մը, տերության մեջ տերություն մը, մեր զորության քանդումն է» (Մ.Մ.,524): Ազգային նորընծա երևելիները՝ պեյերը, էֆենդիները, որոնք սկզբում ներկայացել են իբրև աղքատ ժողովրդի պաշտպան, «հանրական և լռին շարժումը տեսնելով», մի կողմից, ձևացրել են, թե հարգում են սահմանադրությունը (Մ.Մ.,527), մյուս կողմից, դժգոհել են, որ իրենց իրավունքներին սահման է դրվել: Նրանց մեջ քիչ չեն եղել բացահայտ կամ թաքուն թշնամիները, որոնք աշխատել են սահմանադրության գործադրությունն իրենց ձեռքը վերցնել և, միաժամանակ, պղտորել են ժողովրդի միտքը, թե այն քաղաքական ուղղվածություն ունի, թե պետությանը պատկանող խնդիրներ հուզելու կամ կրոնական ժողովի իրավասությանը վերաբերող այնպիսի գործեր ձեռնարկելու պատճառ կարող է դառնալ, որ միայն «քաղաքական դիրք» ունեցող ժողովրդին է վայել (Մ.Մ.,529): «Սահմանադրությունը» «անհավատարմության համանուն է, վերին իմաստություն է, պարգև մ’է մինակ Եվրոպայի հատուկ, հեղափոխություններու գրգիռ է և արյան ծարավի…» (Մ.Մ., 530),- վախեցրել են նրանք, պետք է խուսափել անգամ նրա անունը տալ: «Զգույշ եղիր,- իբր ողջամտության դիրքերից, շարունակ կրկնել են նրանք,- թերևս տերության կասկածելի թվիս այս ընթացքովդ և անակնունելի աղետից դուռ մը բանաս: Քաջ դիտե, որ այժմ վայելած արտոնություններդ, տունդ, տեղդ, պատիվդ և անձնական շահերդ ալ վտանգի մեջ չձգես Սահմանադրությամբդ և Ռուսայեն գաղթող վրացիներուն պես դուն ալ աշխարհներ գաղթելու չբռնադատվիս…» (Մ.Մ., 529): Նույն մարդիկ Տերության ականջին շշնջացել են, թե Հայ ժողովուրդը զարմանալի է դարձել. «Սահմանադրությունը գործադրել չգիտե». «Վարչության գլուխ խել մ’անպիտան անձեր ամեն բանի խառնվելու կհանդգնին, կրոնական ժողովը քաղաքականին դեմ կգանգատի, և ս. Պատրիարքը կհրաժարի. գաղտնի ընկերություններ կան», որ Զեյթունի անցքերի մեջ «մատ ունին», հետևաբար, «պետք է նոր ձև մը տալ Սահմանադրության» (Մ.Մ., 529):
Գոյապայքարի պայմաններում ապրող ժողովուրդն էլ, Ազգային սահմանադրության էությունը չըմբռնելով, կարծել է, թե այն ինքնին սոցիալական անարդարությունների դեմ բողոքի զենք է, որն իրեն կարող է պաշտպանել թուրքի սոցիալական ճնշումից, քրդի թալանից ու սպանդից, առհասարակ, ամեն տեսակ չարիքից, և պահանջել է, որպեսզի ազգային վարչությունն այն գործի դնի որպես կախարդական փայտիկ6: Նորակազմ վարչության անդամների զգալի մասը, որ ունևոր խավերից էր կազմված, ժողովրդի սպասումներին հակառակ, «սուրբ բռնության»7 դրոշ պարզելով, Սահմանադրությունն «անպոչ, անգլուխ»8 կառույցի են վերածել, իսկ հանուն ազգի բարօրության աշխատող գրագետների գլխին «անլուր զրպարտություններ» տեղացել` նրանց «ամենեն անմեղ զբոսանքն» անգամ իբրև ապստամբության հանդես» ներկայացնելով (Մ.Մ., 528), ազատախոհ խմբագիրներին պարտադրելով իրենց խմբագրած «Տպագրական օրենքը» (1861թ. հուլիս), որն արգելում էր այսուհետ ազգային կյանքի ցավոտ խնդիրներն արծարծել: Ժողովուրդը, տեսնելով այս ամենը, սկսել է վհատվել (Մ.Մ., 514):
Ազգային սահմանադրությունը իրականում գրված էր գաղտնագրեր կարդալու խորամտություն ունեցողների համար: Նրա ընձեռած հնարավորություններից բանիմաց օգտվելու համար անհրաժեշտ էր, որ գոնե սերնդի գրագետները խորքով ընթերցեին և գնահատեին ներթաքուն բովանդակությունը և, ըստ այդմ, հետամուտ լինեին նրա գաղափարները մարմնավորելուն: Գրագետների զգալի մասը, սակայն, տարբեր պատճառներով, բավարար խորամտություն չեն դրսևորել:
————————
1. Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու, վեց հատորով, հ. 4, Եր., 1983, էջ 297:
2. Պարոնյան Հ., Երկերի ժողովածու, տասը հատորով, հ. 2, 1964, էջ 86:
3. Նույն տեղում, էջ 86:
4. Մամուրյան Մ., Երկեր, Եր., 1966, էջ 524 (այսուհետև տեքստում մեջբերումներին կից կնշվի հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և էջը):
5. Նալբանդյան Մ., նույն տեղում, էջ 299:
6. Նույն տեղում, էջ 291:
7. Նույն տեղում, էջ 295:
8. Նույն տեղում, էջ 291:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։