Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմին, որը ստեղծվել է ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով ու պատվերով, անհամբերությամբ էի սպասում: Վերջապես երկու անգամ դիտում եմ ֆիլմը, բնականաբար, շատերի նման վերապրում հայ անմեղ նահատակների կորստի ցավը: Ֆիլմում հնչում է Մորգենթաուի և Թալեաթի նույն երկխոսությունը, որն ինձ ծանոթ է դեռ 2003-ին Նյու Յորքում լույս տեսած՝ մարդու իրավունքների պաշտպան Սամանտա Պաուերի «Դժոխային խնդիր» («Problem from Hell») գրքից: Հենրի Մորգենթաուն Թալեաթին բողոքում է հայկական կոտորածների համար և փորձում կանխել այն: Թալեաթն ասում է. «Ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերի խնդիրներով, Դուք հրեա եք, այդ մարդիկ քրիստոնյաներ… Ինչո՞ւ չեք թողնում այդ քրիստոնյաների հետ անել այն, ինչ մենք ուզում ենք»: Մորգենթաուն պատասխանում է. «Դուք, թվում է, չեք գիտակցում, որ ես այստեղ եմ ոչ որպես հրեա, այլ որպես ամերիկյան դեսպան…» (էջ 7):
1916 թվականին Հենրի Մորգենթաուն թողնում է Թուրքիայում դեսպանի պաշտոնը, սակայն շարունակում է իր հոդվածներում, իր գրքերում մերկացնել երիտթուրքերի կազմակերպած՝ հայերի ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկ և կես միլիոն անմեղ հայեր:
«Խոստում» ֆիլմը դիտելուց հետո հարցնում եմ Բոստոնում ապրող աղջկաս՝ արդյոք տեսե՞լ է ֆիլմը: Պարզվում է, ոչ միայն տեսել, այլև գտել է, թե որ նահանգում և որ գերեզմանոցում է թաղված Հենրի Մորգենթաուն, որոշել է այցելել նրա շիրիմին ու ծաղիկներ դնել: Ես խնդրում եմ սպասել ամռանը, երբ իրեն կայցելեմ, և միասին այդ մեծ մարդասերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցենք: Նա համաձայնվում է:
Մենք գնում ենք Բոստոնից 4 ժամվա հեռավորության վրա գտնվող հրեական «Մաունթ պլեզանթ» գերեզմանոցը (Հորթոն, Վեսթչեսթեր Քաունթի, Նյու Յորք): Ծաղիկները գրկիս, ես ու աղջիկս գերեզմանոցի աշխատակցի սենյակում փորձում ենք ճշտել Մորգենթաուի գերեզմանի տեղը: Աշխատակիցը մեզ ընդունում է որպես Մորգենթաուի ընտանիքի անդամների (գիտի, որ Բոստոնից ենք գալիս) և ասում, որ ընտանիքի անդամները երբեմն մոռանում են գերեզմանի տեղը, ապա համակարգչով-քարտեզով տեղեկացնում, որ մեքենայով կարող ենք ընդհուպ մոտենալ գերեզմանին:
Շատ մաքուր ու բարեկարգ գերեզմանոց է. կան դամբարաններ, սակայն հիմնականում սպիտակ ու միանման պարզ շիրմաքարեր են, և հեշտությամբ գտնում ենք Մորգենթաուի գերեզմանը: Մորգենթաուների գերեզմանոցը բավականին մեծ է՝ կորած կանաչի մեջ, և ընդամենը երեք գերեզմանաքար կա: Դնում ենք ծաղիկները իսկական մարդասերի գերեզմանին, գլուխ խոնարհում նրա հիշատակին:
Օրը կիրակի է, աղջիկս ինձ տարավ Հարթֆորդ քաղաքի Վորթսվորդ Աթենիում պատկերասրահը, այն առաջինն է ԱՄՆ-ում գնել ֆրանսիացի իմպրեսիոնիստների կտավները: Պատկերասրահում գրեթե մենակ ենք, և դա ավելի է մեծացնում աշխարհահռչակ սյուրռեալիստների ու իմպրեսիոնիստների նկարները հանգիստ դիտելու հաճույքը… Սակայն Հենրի Մորգենթաուի խոսքերը շարունակում են ուղեկցել մեզ` հիշեցնելով, որ 1915 թվականի գարնանը թուրքերն սկսեցին իրագործել հայկական ցեղի բնաջնջման ծրագիրը, և զոհերի քանակով ու գործադրված միջոցներով հայերի այս սպանդը մարդկության պատմության մեջ հիշատակված ջարդերի մեջ եղել է ամենասոսկալին: