ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱԴԱՐ ՉԷ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

16.06.2017 թվականին «Գրական թերթում» տպագրված «Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում» էսսե-գրախոսականում անդրադարձել եմ գծի նշանակությանը Հ. Էդոյանի ստեղծագործություններում, որին, որպես տրամաբանական շարունակություն, կփորձեմ ավելացնել ևս մի խոհադիտարկում:
Ամենապարզ պատկերը կետն է (բառը): Կետերի հարահոսությունը վերածվում է գծի: Կետը կետի հետ ագուցողը առաձգական լռությունն է. դրա լինելության խորհրդով էլ կառուցիկ է Հենրիկ Էդոյանի պոեզիան, որի քրոնոտոպը այդ գծի ջիղն է: Լռությունը որքան ներառում է իր մեջ մարդկային զգայականը, այնքան խտանում է պրկված դադարի արարող էներգիան, ինչը նման է երաժշտության դադարին, որը կարծես թե ինքնին ոչինչն է, բայց իրականում ամենակարևոր տարրն է հնչյունահյուսության մեջ, որպես ամբողջացնող նյութ: Ուստի Հենրիկ Էդոյանի պոեզիայի գծահամակարգը պայմանավորված է լռության խորհրդով, և այն միտքն ու զգացողությունը պահում է ժամանակի և տարածության` իր կողմից հավասարակշռված տիրույթում:
Հենրիկ Էդոյանի տեքստերի կառուցաբանությունում անգամ մեկը մյուսին հաջորդող նախադասությունների դասավորությունը անսովոր օրինաչափված է լռության գործոնով: Բանաստեղծը միտումնավոր է նախադասությունները տողադարձում և ավարտում հաջորդ տողի միջնամասում, որտեղ և սկիզբ է առնում մի նոր նախադասություն, ինչը ամենևին էլ տեքստի գրաֆիկական ոճի համար չէ, նշույլ իսկ ակնահաճո խնդիր չի լուծում, այլ համապատասխան բառերի միջև եղած դադար-լռության սահմաններն է ընդլայնում իմաստաբանության համար, որպեսզի զգայամիտքը խորությամբ կողմնորոշվի դեպի ներաշխարհը ասելիքի՝ նրա ամբողջանալու ընթացքին համահունչ:
Բանաստեղծ Հենրիկ Էդոյանի միտքը՝ խոսքը, ձգտում է ուղիղի ձգությանը, որի աջ ու ձախ, խաչի թևերի նման, գոյի լռությունն է (զգայականը մարդն է) ու չգոյի (զգայականը երևակայությունն է, ենթադրությունը, միֆը): Այս երեքի ամբողջությունն է բանաձևում Ոչինչը, որից սկսում է Բանը, որն ամեն անգամ երբ գոյ-լռության մըսրքում ծնված խոսքի պորտը կտրվում է չգոյի աստղի շողով, տարածվում է տիեզերք անդրադարձող ծնունդի ճիչը, ուր և հառնում է բանաստեղծական միֆը` լռության ծիրում:
Ասվածը վկայենք. պայմանականորեն վերնագրված «Խիտ լռություն» պոետիկ սեղմագրությամբ, որը Հենրիկ Էդոյանի «Ընտրանի» գրքում զետեղված «Այժմ և միշտ», «Քայլեր և ստվերներ, «Հետգրություն», «Երեք օր առանց ժամանակի» և «Փողոցի բաժանվող մասում» ժողովածուների բանաստեղծություններից քաղված և տողերի անխաթարությունը պահպանելով կառուցված մի հավաքապատկեր (կոլաժ) է, ուր խոսքը վերընձյուղվում է գոյի և չգոյի լռության մեջտեղով ու նրանցով էլ հընթացս ամբողջանում:
Ի դեպ, տարիներ առաջ «Գրական թերթում» Զավեն Ավետիսյանը «Խոսքի և լռության բանաստեղծը» հոդվածով յուրովի անդրադարձել է Հենրիկ Էդոյանի ստեղծագործության խոսքին և լռությանը:

ԽԻՏ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Էջ 464 – Ոչինչ չի փոխվել, հին երգերից մինչև
այսօրվա լռությունը:
Էջ 466 – Կատարիր քո ծեսը ներքին աշխարհում,//ձեռքդ դիր բարձրացող քո ժամի վրա,//թող նա հասունանա ինչպես զգացում,//քանզի ամեն ինչ իր ժամանակն ունի,//որից դուրս նա մնում է առանց անունի:
Էջ 473 – Դու հավասարվիր քո խոսքին,//ինչպես մեռածները՝ իրենց լռությանը,
Էջ 447 – և դա երազ չէ,
Էջ 474 – բոլոր քայլերը կանգ են առնում անորոշ//իմաստի առաջ:
Էջ 499 – Գնալով ավելի դժվար է դառնում//նստել հենց այնպես,//նայել պատուհանից//հուշերի շրջանակին, որտեղ ապրում է// սիրտը՝ սեղմված//հայտնության ձեռքի մեջ,//որ երբ բացվում է՝ աշխարհը հանկարծ//դառնում է մի թռչուն//և իջնում ուսիդ:
Էջ 507 – Դա քո շրջադարձն է: //Ներքևի գիշերը վերևի ցերեկը չէ, և նրանց միջև//ինչ անցավ՝ քո կյանքն է, քո ձայնն ու լռությունը:
Էջ 482 – Եվ քո բառերի բազմանկյուն//անոթներում//տեղ չկա դեռևս//լռության համար: //Աստված է հուշում քեզ//այդ լռությունը: //Ուղղի՜ր քո սխալը:
Էջ 475 – Նորից դատ, որոշում, քայլեր, պատկերներ,//սահող լուռ ամպեր և անշարժ րոպեներ:
Էջ 476 – Կյանքի պատասխանը հենց ինքը կյանքն է,//զգացմունքի պատասխանը զգացմունքը չէ,//այլ նրա մշտական վերածնունդը//լուսնային մարդու անթարթ հսկման մեջ:
Էջ 486 – անհայտի ու լուռի//ցանկապատի մոտ:
Էջ 519 – Ոչ մի խոսք ավելորդ չէ:
Էջ 525 – Բնությունը արթուն է նույնիսկ քնի մեջ,//և շրջագիծը վերևից ներքև//մամուռ չի կապում:
Էջ 541 – Ես-գուցե մի կույր ծառ,//որ հողն է ճանաչում,//բայց ոչ թռչունին,//կամ լուռ և անշարժ// հեռագրասյուն,//որի վրայով վազում է լույսը//էլեկտրական,
Էջ 552 – դեպի այն բլուրը, ուր հոսում են արյուն-կենսահյութերը//բոլոր հոգիների (գրված և չգրված //բոլոր երգերի), որ մարմին են առել//ճակատագրական պահերին կյանքի:
Էջ 555 – Ես սկսում եմ այնտեղից, որտեղ մի անգամ//Ավարտել եմ ուղիս, այնտեղից, ուր ոտքերս//Էլ չէին կարող առաջ շարժվել,
Էջ 569 – իսկ ճակատագիրն անցնում է վերերկրյա//ճանապարհներով, ինչպես կույր աստղ,//որի համար նույն են դեմքերը, անունները//և նրանց բարձրաձայն աղաղակները,
Էջ 468 – բայց դեռ գործում է Աստծո համբերության//ժամացույցն ստույգ:
Էջ 570 – Վազիր, իմ կյանք, վազիր,
Էջ 570 – մի քանի կայծեր դեռ լույս են տալիս//լուռ մթնող աշխարհին:
Էջ 472 – Ապրելը բառ չէ//Քո կյանքի էջին գրված:
Էջ 544 – Սա պահն է արթնացման, երբ ոտաբոբիկ
աշխարհն է մոտենում և մեր ձեռքերից
վերցնում բանալին
տուն վերադարձի:
Էջ 351 – Աշխարհը փոքրանում է,
դառնում շքամուտք,//փակ դուռ,//դռան զանգ…
Էջ 357 – Այլևս ոչ ոք//Չի կարող ասել. «Ես Նա եմ…»:
Էջ 399 – Կիսատը կլցվի,//թեքը կուղղվի, այն, ինչ անհայտ է,//հայտնի կդառնա// լուռ երկնի ներքո…
Էջ 583 – Ականջիս մեջ//չի լռում մի ճակատագիր: Մի ձայն ինձ է փնտրում:
Էջ 587 – Ես փորձում եմ ապրել//և գտնել խոսքեր աշխարհի համարժեք//չափերի համար:
Էջ 587 – Ժամանակի մեջ սոսկալի մի վճիռ//իր անիվն է գլորում առանց նայելու//աջ ու ձախ.//խոսում է իմ օրերի հետ//ոչ իմ բառերով:
Էջ 603 – Իմը սոսկ ձևն է, բայց ոչ թե կյանքը,
Էջ 589 – Կարճատև տոների//և երկարատև սպասումների//հրապարակում, ուր դու պարտավոր ես//ապրել և լռել…
Էջ 341 – Գալիք օրերը մեզ են նայում լուռ//Սյուներին կապված նժույգների պես:
Էջ 580 – Մի թանձր լռություն//թաքցնում է արձանացած դեմքերը մեկ առ մեկ//իր խուլ արգանդում:
Էջ 589 – Ժամանակի արծաթագույն//Փրփուրների մեջ մի՛ փնտրիր այլևս//Ոչ մի արտացոլում: Լռություն-միակ ձայնը,//Որ դու կարող ես լսել այս ժամին:
Էջ 591 – Ահա մի հոգի բարձրանում է վերև՝ շփոթելով//Մի պահ սահմանաձողերը երկնքի և երկրի: //Նրան պահում են մի քանի հրեշտակներ -//Օտար աչքերի համար անտեսանելի:
Էջ 593 – Նա էր, նա, ով հուշում էր ինձ//իմ խոսքն ու լռությունը…
Էջ 593 – Ինչ-որ բան ընդհատվում է,//բացի մի տղայի հարատև երազից: Հնարավոր աշխարհում//մի գնացք սուլում է դեռ,
Էջ 629 – և մարդու հոգին չի կարող հանգիստ քնել
Էջ 633 – ջրափոսի մեջ:
Էջ 581 – «Աստված իմ, Աստված իմ, ինչու լքեցիր ինձ»:
Էջ 335 – Բառերը մեռնում են կորստից//երևակայության և սիրո,//տուր ինձ խլությունը ծաղկի,//հողի շնչառությունը լսելու,//լսելու ոտնաձայներն օրվա//անշարժության մեջ քարի,//որի հետ ես պիտի գնամ//մինչև վերջ, մինչև սկիզբ,//մինչև լռություն:
Էջ 496 – Լռությունը ծնունդների և մահերի միջև:
Հենրիկ Էդոյանի «Շարժում դեպի հավասարակշռություն» գրքում, քրիստոնեական գրականության տեսությամբ, Քաոսից-Կոսմոս (անկարգավորվածությունից կարգավորվածություն) անցումը կարևորվում է շարժումով, որը հենց դեպի կատարսիս տանող պոեզիայի առաքելությունն է: Անշուշտ, այդ շարժման առաջնային և առաջ տանող տարրը լռությունն է՝ իր տիեզերական էներգիայով:
Ըստ Հենրիկ Էդոյանի՝ մարդու հոգևոր – մտածողական տարածության մեջ Աստված լռությամբ է խոսում մարդու հետ, իսկ մարդը նրան դիմում է խոսքով: Հենց Աստվածային լռությամբ է Քաոսը վերածվում Կոսմոսի, որի ընթացքը շարժում է դեպի հավասարակշռություն, այսինքն՝ մի նոր լռություն, մի նոր Աստվածային արարում:
2015 թվականին «Գրական թերթի» թիվ 28-ում տպագրված Հենրիկ Էդոյանի ծավալուն բանաստեղծական շարքից ծաղկաքաղ արված կոլաժը «Շարժում դեպի հավասարակշռություն» վերնագրված հավաքապատկեր է, որի սֆինքսյան լռության ամբողջության մեջ տարրալուծվել են գոյի էությունն ու անգոյի անսահմանությունը:

ՇԱՐԺՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Եվ օրը չքանում է
մի մեծ օրվա մեջ:
Որովհետև կյանքն էլ
այն չի բոլորովին, ինչ-որ կարծում էի:
Բանաստեղծները անցյալն են գուշակում, ապագան
փակ է նույնիսկ նրանց համար:
Ամեն ինչ նույնն է,
ոչինչ չի փոխվել: Մի փակ պատուհան,
որ կա, բացում են փողոցի վրա:
«Ժամը քանի՞սն է»,-
հարցնում եմ մի անցորդի,
նա մատով ցույց է տալիս Հավերժությունը:
Գուցե հանդիպել եմ, բայց չեմ ճանաչել:
Գուցե ճանաչել են, բայց չեմ
հասկացել: Գուցե հասկացել եմ,
բայց ձեռքս է դողացել:
Զանգը հնչում է նորից:
Ոչ թե սիրտն է բաբախում ժամանակի մեջ,
այլ ժամանակն է սրտի մեջ բաբախում:
Հրաժեշտից առաջ
կնայի նրան
արցունքների միջից:
Կիսարթուն օրը թարթում է աչքերը
քաղաքի օդում:
Նայիր, օրն է կանգնած մաշկի և օդի միջև…
Կանաչ ճյուղերից
հոսում է անորոշ մի խաղաղություն՝
լցված արձագանքով:
Հանկարծ միանգամից բացվում են աչքերդ.
Հողե տանիքով մի տնակ, մի թթենի –
նրանց նշաններով դրախտում ես պիտի
ձեզ փնտրեմ, իմ վայրեր:
Մի հրեշտակի
թեթև փետուրով, որին դու չես տեսնում:
XXI դարի
նշաններն անորոշ են…
Ի՞նչ պիտի ժառանգես դու օրերից այս մթին,
այս արտում տարեկանի, անդունդի եզերքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։