ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Հովհաննես Զատիկյան

Կյանքի 73-րդ տարում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, պատմաբան Հովհաննես Զատիկյանը:
Հովհաննես Զատիկյանը ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում: 1957-ին ավարտել է Վարդաքարի յոթնամյա, այնուհետև՝ Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցները: 1964-1969 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972 թթ. ՀԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1995 թ.` «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» թեմայով թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել: Հայոց պատմություն է դասավանդել հանրապետության տարբեր բուհերում: Եղել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն: 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գեղարվեստական առաջին` «Անծուխ կրակներ» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 1989-ին, այնուհետև հետևել են «Ապրող կարոտներ» (1996), «Կնճռոտված գարնան ծիլեր» (2011) պատմվածքների ժողովածուներն ու «Հովհաննես հայ թագավորը» (2004) և «Արքայից արքա հայոց» (2011) պատմավեպերը: Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից:

————————————————————————————–
ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Երկրային կյանքը հերթական լքողից հետո յուրաքանչյուրս, տարիքն էական չէ, ակամայից փորձում ենք մեր տեղը գուշակել հեռացողների հերթի մեջ: Հովհաննես Զատիկյանը, չնայած առաջացած տարիքին, ընդհանրապես իրեն չէր պատկերացնում այդ հերթում, ու պարզվեց, որ առաջին շարքերում է: Շատերի պես ինքն էլ չէր կարող կանխատեսել ապագան և ծրագրեր ուներ, որոնք չհասցրեց իրականացնել, թեև հավատում էր, որ կհասցնի, հավատում էր, որ ապրելու իր իրական ժամանակը վաղն է: Հավանաբար ճակատագրի հարվածներն էին ստիպում մտածել, որ ապրելու իր տարածքը դեռ չի գտել և ոչ միայն փնտրում, այլև ամեն ջանք գործադրում էր այն գտնելու համար: Պատկերացնելն անգամ սարսափելի է, բայց նա գերագույն ուժերով կարողացավ դիմակայել երեք զավակների կորստյան ողբերգությանը և հետագայում փորձեց ներաշխարհի դատարկությունը լցնել ստեղծագործելով, գիտական արարումների իրականացմամբ: Երբ Աբովյանի տուն-թանգարանի տնօրենն էր, կարողացավ վերականգնել ավերակված ու պարապության մատնված մշակութային այդ օջախի գործունեությունը, հպարտանում էր «Վերք Հայաստանի» վեպի՝ Աբովյանի ձեռագրով հրատարակված գրքով, աբովյանագիտության այլ հրատարակություններով: Հիմնադրեց «Ազգային հարց» հասարակական-քաղաքական, աբովյանագիտական հանդեսը, երազում էր թանգարանը վերածել գիտաուսումնական կենտրոնի: Սակայն չհասցրեց, թեև հավատում էր, որ նվիրյալի իր աշխատանքը գնահատելով, իրեն չեն ազատի: Ու սկսվեց իրավունքների վերականգնման տառապալի ու երկարատև ոդիսականը, ինչը վերջնարդյունքում ավարտվեց նոր «պարտությամբ» ու հոգևոր դատարկության նոր դրսևորումով: Նրա խաչը Հայկական հարցն էր, նվիրյալ հայրենասեր էր, պատրաստվում էր այդ թեմայով դոկտորական ատենախոսություն պաշտպանել, ինչը հավելյալ լարվածություն էր ենթադրում, որը նա, ինչպես վարժվել էր, փորձում էր, իր ուժերին ապավինելով հաղթահարել: Ավաղ, չհասցրեց: Նա ոչ միայն իր ուժերին էր հավատում, այլև ասված խոսքին, բոլոր նրանց, ովքեր արտաբերում էին այդ խոսքը, մանավանդ եթե պաշտոնյաներ էին՝ հետագայում հասկանալով, որ միշտ չէ նրանց խոսքն ու գործը համադրելի: Բնավորությունը հակասական էր, կարող էր ներողամիտ և զիջող լինել այն աստիճան, որ աչքերը թրջվեն, ու միաժամանակ բռնկվել, մարտնչել՝ վերածվելով անզիջում ընդդիմախոսի: Նրան ճանաչողները գիտեին, ջանքեր էր գործադրում օտարելու իրենից մենակության դիմագծերով ներքին դատարկությունը, ուզում էր ընկերուհի ունենալ, կրկին երեխայի ճիչ լսել: Ուզում էր ու նորից չհասցրեց: Ու դատարկությունը շարունակեց նրա միակ ընկերը մնալ, մշտապես խանգարելով, որ վերքերն ու կորուստները սպիանան: Ու թեև չէր հավատում ու չէր սպասում, սակայն, ի վերջո, ընդարձակվող դատարկությունը մահն իրենով լցրեց: Մնում է հուսալ, որ զուգահեռ աշխարհներում, որտեղ, ասում են, կյանքը շարունակվում է, նա կկարողանա իր կորսված ծրագրերը ավարտին հասցնել: Պիտի որ կարողանա…
Սամվել ԿՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։