ԱԴԱՄՈՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ… / Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արթուր ԱդամովՆրա անունը` որպես Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից, արդեն երկար տարիներ համաշխարհային թատրոնի պատմությունում է, նաև` խաղացանկում: Տարօրինակ զուգադիպությամբ, նրանք` Աբսուրդի թատրոնի «ավազակախմբի» անդամները, Փարիզում ստեղծագործող երեք խենթերը, ֆրանսիացիներ չէին: Նրանք իռլանդացի էին, ռումինացի, հայ: Եվ տարօրինակ զուգադիպությամբ, հայ թատրոնը բացառապես ծանոթ է իռլանդացուն, ռումինացուն և ծանոթ չէ, գրեթե ծանոթ չէ հային: Իսկ նրան բեմադրել են աշխարհի բազում հեղինակավոր թատրոններում, դեռևս հիսունականներին նրան լուսանկարել է «Gettyimages» հանրահայտ գործակալությունը, նրա մասին գրում է «Encyclopedia Britanika»-ն, թեև գրում է որպես ֆրանսիացի հեղինակի, որն ազգությամբ հայ է, գրում է Larousse-ը, նրան հիշատակում են գրեթե բոլոր ակադեմիական շտեմարանները` Oxford reference-ից մինչև IMDB, նրա գրքերը վաճառվում են աշխարհի հռչակավոր գրախանութներում, առցանց գիգանտներում… Եվ նա միայն մասնակիորեն է ներկայացված Հայաստանում… Գուցե թարգմանված չլինե՞լն է պատճառը: Գուցե հայկական հոգեկերտվա՞ծքը` օտարին սիրել առավելապես: Գուցե մեր թատրոնի սովետական «վա՞խը» որևէ «շեղումից»… Այդ դեպքում ինչո՞ւ թարգմանված էին (որքան որ թարգմանված էին) իռլանդացին, ռումինացին: Բեմադրված էին` որքան բեմադրված էին: Ինչո՞ւ էինք անընդհատ սպասում Գոդոյին, երբ կային նրա «Պարոդիա», «Ներխուժում», «Վերագտնում», «Եթե ամառը վերադառնար», «Մեծ և փոքր մանևրում», «71-ի գարունը» և շատ ու շատ այլ պիեսներ:
Նման հարցադրումները մեզանում կարծես գենետիկական բնույթ են կրում, չունեն պատասխաններ, մտածումների տեղիք չեն տալիս և մնում են զուտ հարցադրումներ: Հարցադրումներ` գրեթե հինգհազարամյա կենսագրությամբ: Բայց, փա՛ռք Աստծու, որ կան ձեռնարկումներ, նվիրյալներ, անհատներ, որոնք միայնակ պատասխանում են բոլոր այդ հարցադրումներին… և բերում են «Վերագտնում»-ի ժամանակները:
Մշակույթի նախարարության պատվերով «Զանգակ» հրատարակչության կողմից հրատարակված` «Արթուր Ադամով. Պիեսներ», շուրջ 500 էջանոց, առանց չափազանցության, կոթողային հրատարակությունը` Սաթէ (Սաթենիկ) Խաչատրյանի հրաշալի թարգմանությամբ, որ իր բանասիրական խորքային վերլուծություններով, գիտական մեկնություններով, մեզ տանում է մի աշխարհ, որ այնպիսի մի հայի աշխարհ է, մեծ հայի աշխարհ, որն իր ժամանակին որպես հավասարը հավասարի հետ է քայլել Բեքեթի, Իոնեսկոյի հետ, գուցեև` առավել, բայց հայի ճակատագրայնությամբ մնացել է մոռացության խորքերում:
«…1969-ին Սամուել Բեքեթը արժանանում է գրականության Նոբելյան մրցանակի: 1970 թ. հունվարի 22-ին Էժեն Իոնեսկոն դառնում է Ֆրանսիայի Ակադեմիայի անդամ: Նույն թվականի մարտի 15-ին Ադամովը վախճանվում է մենակության և թշվառության մեջ` ամենքից մոռացված…»,- գրում է թարգմանչուհին:
Սաթէ Խաչատրյանն իր թարգմանությամբ, իր բացառիկ մանրակրկիտ ուսումնասիրություններով համաշխարհային փառքի արժանացած այս եզակի հային բերում է դեպի իր արմատները, ծանոթացնում իր ժողովրդի հետ` հավանաբար հուսալով, որ Արթուր Ադամովի թատրոնը հիմնովին կմտնի նաև հայ թատրոն` հարստացնելով մեր ազգային հոգևոր- մշակութային ժառանգությունը:
«…Ադամովի դրամատուրգիայի բնորոշ գծերից է անջատման գաղափարը: Անջատումը, իբրև դրամա, Ադամով մարդու անհատական և անձնական դրաման է, որ նա այդքան վարպետորեն դարձնում է անանձնական, համամարդկային, համընդհանուր: Բաժանումը կամ անջատումը մարդկային գոյության նախասկիզբն է, հիմքը: Մարդն աշխարհ է գալիս ֆիզիկական և հոգևոր բաժանման շնորհիվ: Առաջին բաժանումը մարդու ծնունդն է. նորածինը, որ պորտալարով միացած է մորը, պիտի անջատվի նրանից: Կնշանակի` մենք անջատման կրողն ենք մեր ծննդյան պահից: Դա մարդկային գոյության նախապայմանն է, մարդու առաջին քայլը` ապրելու համար…»,- գրում է Սաթէ Խաչատրյանը:
Ադամովի կենսագրությունը, ըստ թարգմանչուհու, բաժանման դրամա է.
…«Ինչ կա՞: Նախ և առաջ գիտեմ, որ ես կամ: Բայց ո՞վ եմ ես: Բայց ի՞նչ է եսը:
Ինչ որ գիտեմ իմ մասին, այն է, որ ես տառապում եմ: Եվ եթե տառապում եմ, կնշանակի, որ իմ հիմքում խեղում կա, բաժանում կա: Ես բաժանված եմ: Չեմ կարող նշել անունը նրա, ինչից բաժանված եմ, բայց բաժանված եմ: Ինչ-որ ժամանակ դրա անունն Աստված էր: Հիմա այլևս անուն չկա»:
Ս. Խաչատրյանը գրքի առաջաբանում ներկայացնում է Արթուր Ադամովի կյանքի մանրամասները. կյանք, որ ինքնին կինոսցենար է, կինոպատումի նյութ:
«…Ադամովը (Ադամյան) ծնվել է 1908 թ. օգոստոսի 23-ին, Կիսլովոդսկում, մահացել է 1970 թ. մարտի 15-ին` հակադեպրեսանտների չարաշահումից: Նա սերում է Կովկասում նավթարդյունաբերող հարուստ հայ ընտանիքից: Ինքնակենսագրական վեպերից մեկում գրում է. «Մոռացա նշել, որ իմ ընտանիքը հայկական ծագում ունի: Ինչ-որ ժամանակ ես նույնիսկ խոսել եմ այդ լեզվով…»:
«…1914 թ. հունիսին` Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին, 6-ամյա Ադամովն ընտանիքի հետ տեղափոխվում է Գերմանիա` «թշվառների դրախտ», ինչպես ինքն է ասում: Այստեղ սովորում է ֆրանսիական լիցեյում: Քանի որ նրանց ընտանիքը ռուսական անձնագիր ուներ, ստիպված են լինում լքել Գերմանիան և այս անգամ մեկնել Շվեյցարիա: …1917 թ. հոկտեմբերն իր ճակատագրական հետքն է թողնում դեռևս հարուստ Ադամյանների ընտանիքի վրա, որը կորցնում է գրեթե իր ողջ կարողությունը: Հայրը, որ հայտնի խաղամոլ էր, թղթախաղում կորցնելով իր կարողության վերջին մնացորդները, ինքնասպան է լինում 1933-ին…»:
Սաթէ Խաչատրյանն այնպիսի բացառիկ մանրամասներով է ներկայացնում Արթուր Ադամովի կյանքը, շփումները, մտածումները, ժամանակի իրականությունը, քաղաքական վայրիվերումները, կյանքի գույները, արտացոլանքները, որ ակամայից տեղափոխվում ես ժամանակաշրջաններ այն կողմ, հայտնվում փարիզյան Մոնպառնասում, թատրոններում, ֆրանսիական ու շվեյցարական բոհեմների երեկոներում, համաշխարհային քաղաքական թատերաբեմերում, որն էլ ստիպում է հասկանալ ու ըմբոշխնել գրողին, նրա կյանքը, ապրումները, ճակատագիրը, գրականությունը, արվեստը, լեզուն, հմայքը:
«…Ադամովը 1924 թ.-ից հաստատվում է Փարիզում, ուր շփվում է ժամանակի հայտնի սյուրռեալիստների հետ: Իր առաջին բանաստեղծություններն ուղարկում է Պոլ Էլուարին, …գրում է իր առաջին պիեսը` «Տաք մահ» վերտառությամբ: Նա ըմբոստ բնավորություն ուներ. մարշալ Ֆոշին վիրավորող թռուցիկներ տպագրելուց հետո վերջնականապես կանգնում է արտաքսման վտանգի առաջ…»:
«…Ադամովին ձերբակալում են 1941 թ. մայիսին և վեց ամիս պահում են Մարսելի «Արժել» համակենտրոնացման ճամբարում: …Համակենտրոնացման ճամբարում անցկացրած ամիսները խոր հետք են թողել Ադամով անհատի և Ադամով մտածողի վրա. նրա գոյությունը հետայսու բաժանվում էր երկու մասի` ապրվող բաժանման դրամա և երազ: Կյանքի այդ շրջանի մասին նա գրում է. «(…) Ես վերջապես պիտի գիտակցեի, որ ապրում էի բաժանված ամեն ինչից, որտեղ ամեն ինչ ամեն ինչից էր բաժանված: (…) Ապրում էի մի աշխարհում, ուր անհատակ դատարկության մեջ զրնգում է հոգեկան տագնապը…»:
…Ադամովը գրել է 22 թատերգություն, թարգմանել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են` Ռիլկեն, Ստրինդբերգը, Դոստոևսկին, Չեխովը, Գորկին, Գոնչարովը, Գոգոլը, Բյուշները և ուրիշներ: Նա նաև երեք ինքնակենսագրական վեպերի հեղինակ է` «Խոստովանություն» (1946 թ.), «Մարդն ու երեխան» (1968 թ.) և «Ես …նրանք» (1969 թ.):
…Ադամովը ճաշակում է աքսորը, քսենոֆոբիան, սնանկացումը և ծայրահեղ աղքատությունը: Աստիճանաբար, իրար հաջորդող անհաջողություններից, հիվանդությունից, իր մարմնի աստիճանական այլափոխումից, մշտապես իրեն ուղեկցող և իր հետ զարգացում ապրող ֆոբիաներից նրա մեջ ավելի ու ավելի են խորանում ինքնասպանության մտքերը, մինչև դրանք վերջնական կյանքի են կոչվում:
«Մարդը և երեխան» ինքնակենսագրականում Ադամովը գրում է. «Ես ցանկանում էի ինքնասպան լինել քսան տարեկանում, հետո` երեսունում, հետո` մինչև քառասուն դառնալս…»:
…Տառապանքն ինչ-որ պահի Ադամովի համար դառնում է նպատակ, սևեռուն միտք, որից որքան մեծ է փախուստի ցանկությունը, նույնքան անհաղթահարելի է դեպի տառապանք գնալու նրա ձգտումը: Տառապանքը, ինչպես վախն ու անջատումը, նրա որոշ պիեսներում դառնում է առանցքային թեմա, գլխավոր հերոս, մթնոլորտ, տրամադրություն: Այս թեմաների միջոցով հեղինակը, ինքն էլ բեկորների վերածվելով, մասնատվում և վերածնվում է իր գրվածքներում:
Ադամով երևույթը ներկա է իր բոլոր պիեսներում, Ադամով անհատը անհույս պտույտներ է անում սեփական առանցքի շուրջը` ավելի հաճախ ինքն իրենից պոկվելու, քան թե ինքն իրեն գտնելու համար:
…«54-ի ձմեռ: Վաղուց է, ինչ քննադատներն իմ անունը նույնացնում են Իոնեսկոյի և Բեքեթի հետ: Երեքս էլ օտարազգի ծագում ունեինք, երեքս էլ խախտեցինք ծեր բուրժուական թատրոնի անդորրը: Ստած կլինեմ, եթե ասեմ, թե մեր «տրոյկան» սկզբնական շրջանում ինձ ինչ-որ տեղ հաճելի չէր: Որքան էլ հարաբերությունները խզած լինեի Իոնեսկոյի հետ, և հանդիպումներս Բեքեթի հետ հազվադեպ լինեին, ես այլևս միայնակ չէի, ես «ավազակախմբի» մասն էի կազմում: Բայց կամաց-կամաց «Պինգ Պոնգը» գրելով` ես սկսեցի ամենայն խստությամբ դատել իմ առաջին պիեսները և, ամենայն անկեղծությամբ, ես քննադատում էի «Գոդոյին սպասելիս» և «Աթոռները» պիեսները միևնույն պատճառով…»:
Ավարտվե՞լ է արդյոք Ադամովի ժամանակաշրջանը, փոխվե՞լ է արդյոք Ադամովի աշխարհը, ազատվե՞լ է արդոք մարդը երկվություններից, անջատումներից, վախերից, նևրոզներից, միայնությունից: Արդյոք ժամանակակից աշխարհը չի՞ խորացրել մարդու խնդիրը, չի՞ դրել մարդուն ավելի լուրջ երկընտրանքների առաջ, արդյոք գիտակցո՞ւմ ենք աբսուրդը, որ տիրում է «քաղաքակրթված» նոր աշխարհում, այն աշխարհում, որ թվում էր, թե մնացել է այն գործերում, որոնք ստեղծել է Ադամով հայը: Եվ արդյոք Ադամովի գործերը, որ արդեն հրաշալի թարգմանությամբ մեր սեղաններին են, նոր մարտահրավեր չե՞ն հայ թատրոնի, հայ ռեժիսորների, հայ թատերական գործիչների համար:
Այս գրքում տող առ տող, բառ առ բառ հառնում է համաշխարհային մեծության հերթական հայը: Նախ հառնում է իր կենսագրությամբ ու ինքնակենսագրությամբ` դրոշմված հայկական առեղծվածային ճակատագրայնությամբ, հետո հառնում է իր գրականությամբ` պիեսներով, և հառնումի այս ամբողջ ընթացքը տարրալուծվում է Սաթէ Խաչատրյանի թարգմանած պիեսներում. թարգմանություն, որ մնայուն գործ է, մանրամասնորեն կարդալու, ուսումնասիրելու և գնահատելու արժանի գործ:
Ադամովի խոսքը, ինչպես նշում է թարգմանչուհին, կրում է Աբսուրդի թատրոնին հատուկ խոսքի կտրատվածության, անավարտվածության հատկանիշներ, մտքի տրամաբանական և լեզվական կաղապարների անհամապատասխանության միտումներ: Թարգմանության ընթացքում Ս. Խաչատրյանն աշխատել է դուրս չգալ Աբսուրդի թատրոնի լեզվաոճական բնութագրիչներից` հարազատ մնալով բնագրին, հեղինակի ցուցումներին` պահպանելով նրա խոսքի առանձնահատկությունները:

Հ.Գ. Սաթէ Խաչատրյանը բեմադրիչ է, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ սան, ով դեռևս 2006-ին, իբրև հրավիրյալ բեմադրիչ, Հալեպում բեմադրել է Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան», իսկ 2008-ին մեկնել է Փարիզ` ուսումը շարունակելու Փարիզի Դրամատիկ արվեստների ազգային կոնսերվատորիայում, այնուհետև` Սորբոնի համալսարանում, որտեղ պաշտպանել է Մաստեր-2` «Անջատման դրաման ժամանակակից եվրոպական դրամատուրգիայում» թեմայով: Նա Հայաստանի ԳԱԱ գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Օտարման դրաման ժամանակակից հայ դրամատուրգիայում» թեմայով: 2016-ից Ֆրանսիայի Լիոն-2 համալսարանում շարունակում է ուսումը իբրև դոկտորանտ: Ատենախոսության թեման է` «Անհոդաբաշխ խոսքը և կապակցված զառանցանքը (ԼՈԳՈՐԷ) եվրոպական դրամատուրգիայում»:
Բեմադրել է. «Հաղթող ճոճաձին», Հ. Դ. Լորենս, 2003 թ., Երևան, «Կայսրը», Լ. Շանթ, 2004 թ., Երևան, «Շան աղջիկը», Ա. Հերնի, 2005 թ., Երևան, Համազգային թատրոն, «Չամուսնանա՛ք, պարոնայք, եթե կարող եք», Մոլիեր, 2008 թ., Երևան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոն, «Չգիտեմ», Յ. Ֆոս, 2008 թ., Երևան, Թատերական գործիչների միություն, «Մադմուազել Ժյուլի», Օ. Ստրինդբերգ, 2009 թ., Փարիզ, այնուհետև` Ավինյոնի միջազգային թատերական փառատոն, «Օրփեոս և Էվրիդիկե», (օպերա), Գլյուկ, 2011թ., Փարիզ, «Լինում է, չի լինում. ճամփորդություն դեպի Հայաստան», Հ. Թումանյան, 2012 թ., Լիոն, «Սասնա ծռեր», 2014 թ., Լիոն, Տոբոգան թատրոն… 2005-ին հրատարակել է «Եռանկյունաձև ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն, 2015-ին թարգմանել է ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժան Լուկ Լագարսի «Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն» պիեսը, մամուլում հրատարակել է հոդվածներ` նվիրված Կ. Խոդիկյանի, Գ. Խանջյանի, Ն. Ադալյանի, Ժ. Լուկ Լագարսի, Ժորժ Դիդիե Գաբիլիի և Սարա Քեյնի դրամատիկական ստեղծագործություններին:
2016 թ. Արթուր Ադամովի «Վերագտնում» պիեսը թատերական ընթերցմամբ ներկայացվել է Երևանի «Գոյ» թատրոնում:
Եվ, այնուամենայնիվ, Սաթէ Խաչատրյանն ընդամենը 33 տարեկան է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։