1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար և մեծ վեզիր, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին:
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Սողոմոն Թեհլիրյանն աքսորից վերադարձավ դժվարությամբ. 1965 թվականի ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի 50-ամյակի օրը, երբ բազմամյա լռությունից հետո հանկարծ փողոց հորդած բազմությունը «հողերը, հողերը» բացականչություններով տանում էր նաև նրա դիմանկարը: Շատերը, որ դեռ մանկուց պիտի հեգեին Սողոմոն Թեհլիրյանի անունը, հարցնում էին` ո՞ւմ նկարն է դա: Սփյուռքում հրատարակվող հուշապատումներն ու ոգեկոչումները չէին հասել նրանց, չէին լսել նրա առասպելական կյանքի պատմությունը: Դեռ չէին կարդացել այդ ամիսներին լույս տեսած «Քարավանները դեռ քայլում են» գիրքը, որտեղ խոսվում էր նաև Սողոմոն Թեհլիրյանի սխրանքի մասին: Այդ տարիներին 1915 թիվ, ապրիլի 24, ցեղասպանություն բառերին դեռ չվարժված ընթերցողին դրանք տանում էին դեպի հետ, դեպի այն ողբերգական ժամանակները, երբ թուրքական յաթաղանը հնձեց միլիոնուկես խաղաղասեր, իրենց հողը հերկող, այգիները կանաչեցնող, արհեստավորի մուրճն ու ասեղը բանեցնող, իրավաբանի ու բժշկի իրենց պարտքը կատարող մարդկանց, հնձեց միայն նրա համար, որ հայ էին ծնվել աշխարհում:
Զուր էին անուղղելի լավատեսներն ակնկալում, որ քրիստոնյա Եվրոպան օգնության ձեռք կմեկնի օրը ցերեկով, ամենքի աչքի առաջ մորթվող հին ու քաղաքակիրթ ժողովրդին: Զուր էին Եվրոպայի մեծ մարդասերները` Ռոմեն Ռոլանը, Կառլ Լիբկնեխտը, Ֆրիտյոֆ Նանսենը, Անրի Բարբյուսը, ամերիկացի Ջոն Ռիդը և մյուսները, թերթերի էջերից, համալսարանների ու պառլամենտների ամբիոններից պահանջում շուտափույթ միջամտություն: Եվ զուր էր Անատոլ Ֆրանսը Սորբոնի հնամենի սրահից աղաղակում` «Արևելքում մեռնում է մեր քույրը: Մեռնում է միայն այն բանի համար, որ նա մեր քույրն է: Նրա հանցանքն այն է, որ նա բաժանել է մեր զգացմունքները, սիրել է այն, ինչ սիրել ենք մենք, մտածել է այնպես, ինչպես մենք, հավատացել է այն ամենին, ինչին հավատացել ենք մենք և մեզ նման ընկալել է իմաստություն, բանաստեղծություն և արվեստ: Դրա մեջ է նրա հանցանքը…»:
Եվ ահա աստծուց և մարդկանցից մոռացված հայ ժողովրդին մնում էր աղոթել հին, բայց միշտ կենդանի աստվածներից մեկին` վրիժառու Նեմեսիսին: Նրա այդ աղոթքն իրականացրին նույն բախտն ու կենսագրությունն ունեցող մի խումբ երիտասարդներ` երզնկացի, բաղեշցի, խոտորջուրցի և ավերակված մյուս գավառների ծնունդ, ջարդերից հրաշքով կենդանի մնացած հայորդիներ, որոնք վճռել էին իրենք իրենց ուժերով պատժել անպատիժ մնացած հանցագործներին:
1921 թվականից սկսած, մեկը մյուսի հետևից` Բեռլինում, Պոլսում, Հռոմում, Թիֆլիսում, Թուրքմենստանում գնդակահար գետին էին տապալվում հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչ մարդակեր Թալեաթը, Թուրքիայի նախկին վարչապետ, ցեղասպանության վճիռը տվող ու նաև հետևողական կիրառողը` բժիշկ Բեհաեդդին Շաքիրը, Տրապիզոնի կուսակալ, հայ մտավորականությանը, կանանց ու երեխաներին ոչնչացնող, նավերով ծովամույն անող հրեշը` Ջեմալ Ազմին, երիտթուրքական պարագլուխներից` տեղահան քարավաններին դեպի անապատների երախն ուղարկող Ջեմալ փաշան և ուրիշները:
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգ փողոցում Թալեաթին գնդակահարող Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվեց և հանձնվեց գերմանական դատարանին: Հունիսի 2-3-ին Բեռլինի Նահանգային դատարանում տեղի ունեցավ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը: Երբ նախագահը հարցաքննում էր մեղադրյալին, վկաներին, փորձագետներին, ինքն էլ չզգաց, թե ինչպես այդ ընթացքում Բեռլինի դատարանի պատերը բացվեցին, լայնացան, և ներկաների աչքի առջև պարզվեց անասելի մի ողբերգություն: Միջագետքի անապատներից, Եփրատի, Տիգրիսի և ուրիշ փոքր ու մեծ գետերի հատակներից, ձորերի ու կիրճերի խորխորատներից, ավերակված քաղաքների քար ու մոխրի տակից շարան-շարան եկան կանգնեցին հազար-հազարավոր սպանվածների ուրվականներ, բռնեցին դատախազական ամբիոնը, իսկ մեղադրյալի աթոռին նստեցին նրանք, որոնք արդեն տարիներ շարունակ զոհերի սուգ ու աղերսի առաջ խուլ ու անհողդողդ մնալով` շարունակում էին սպանել ու հրդեհել:
Նյուրենբերգյան դատավարության յուրօրինակ նախատիպն էր սա, ավա՜ղ, կյանքի կոչված ոչ թե աշխարհի ժողովուրդների պատժիչ ձեռքով, այլ սոսկ 24-ամյա մի հայ երիտասարդի ցասումնալից գնդակով: Փոքրիկ, շատ մասնակի մի նախատիպ, որտեղ չնայած գերմանական պաշտոնական շրջանների զուսպ անբարյացակամությանը, դատախազ Գոլմիկի` «դաշնակից Թուրքիայի» պատիվն ու իրավունքները պաշտպանող վկայակոչումներին, կաշառված լրագրողների` դատապարտյալին և նրա ժողովրդին վարկաբեկող հերյուրանքներին, այնուամենայնիվ, դուրս ժայթքեց ահեղ, անհերքելի ճշմարտությունը, և դատարանի 16 երդվյալ ատենակալները` որմնադիր, տանիքագործ, երկաթագործ, ներկարար, ժողովրդի արդար բնազդով ըմբռնեցին իրողությունը և մեկ ժամ մեկուսանալուց հետո, դատարանի դահլիճ վերադարձան հետևյալ վճռով. «Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921 թվականի մարտի 15-ին Շառլոտենբուրգում, դիտավորյալ կերպով մի մարդու` Թալեաթ փաշայի սպանության մեջ: Ո՛չ»:
Ահա այսպես է համառոտագրությունը այն մեծ պատմության, որի ընդարձակ վերարտադրությունը կա սույն «Վերհիշումներ» գրքում` գրի առնված Թեհլիրյանի ժամանակակից սփյուռքահայ գրող Վահան Մինախորյանի կողմից: Գրքում չկա Սողոմոնի հետագա կյանքը, այն, որ նա ամուսնացավ Անահիտի հետ, ապրեց Բելգրադում, ունեցավ երկու զավակ` Շահեն և Զավեն, այնուհետև տեղափոխվեց Ամերիկա, Ֆրեզնո և 1960 թվականին կնքեց իր մահկանացուն:
1974 թվականին ես ճամփորդեցի ԱՄՆ, եղա Ֆրեզնոյում, այցելեցի Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատունը, և հազար ու մի զգացումներով լռելյայն խոնարհվեցի Թեհլիրյանի մահարձանի առջև, որ միակն էր շրջակա փոքրիկ ու միանման գետնամած շիրմասալերի մեջ: Սպիտակ մարմարից, բարձրաթռիչ մի հուշասյուն էր դա, որը կարծես զայրույթի ձայնն էր շրջակա բոլոր համր ու միօրինակ սալաքարերի, աներևույթ մի մարմնի վրիժառու բազուկը:
Սողոմոն Թեհլիրյանի բազմատարած տոհմածառի մի ճյուղը` Սողոմոնի հորեղբորորդի Սամվել Օսկանյանի ընտանիքը 1964 թվականին Բելգրադից ներգաղթեց Հայաստան: Այս տարիներին ինձ բախտ վիճակվեց մոտից ծանոթանալ այդ ընտանիքին, վայելել որդու` աստղագետ Վահե Օսկանյանի, նրա տիկնոջ Լիլիաննայի, նրանց զավակների ու մանավանդ, Սամվել հայրիկի` կյանքի բազում կեռմաններով անցած, գաղթ ու եղեռն տեսած, զարմանալի ողջախոհ և իմաստուն այդ ծերունու բարեկամությունը, հաղորդվել հնարմատ գերդաստանի սերնդեսերունդ եկող այն առաքինություններին, որոնցով սնվել էր ու ամրացել հայ մեծ վրիժառուն:
Ահա, թե ինչո՛ւ, ես կրկնակի գոհունակությամբ եմ գրում նախաբանը «Վերհիշումներ» գրքի, որը մեզ մոտ հրատարակվում է առաջին անգամ: Վստահ եմ, որ մեր ընթերցողը գիրքը կկարդա հափշտակությամբ, և Սողոմոն Թեհլիրյանը, որ Հայաստան է սկսել վերադառնալ դեռ 30-40 տարի առաջ, և այնուամենայնիվ, մնացել էր վերադարձի մատույցներում, այսուհետև իր հաստատուն տեղը կգրավի մեր հոգում, մեր ազգային հիշողության մեջ:
* «Սողոմոն Թեհլիրյան, Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը»: Արևմտահայ գրող, հասարակական գործիչ Վահան Մինախորյանի կողմից գրի առնված Սողոմոն Թեհլիրյանի վերհիշումներն են և նրա դատավարության սղագրումները, որը Հայաստանում առաջին անգամ տպագրվեց միայն 1993 թվականին` անկախության ձեռքբերումից հետո: Գրքի առաջաբանի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է:
Հրապարակման պատրաստեցին
Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆԸ
և Անահիտ ՔԵՐՈԲՅԱՆԸ