Ռոպէր Հատտէճեանի «Մարմարա»-ն / Լիլիթ ԴԱՄԻՐՅԱՆ

Պոլսահայ ժամանակակից գրողներից երեցը՝ Ռոպէր Հատտէճեանը, 2017-ին նշեց «Մարմարա» օրաթերթի խմբագրապետի գործը ստանձնելու, այդ պաշտոնում միաժամանակ և՛ գրական, և՛ լրագրողական գործունեության 50-ամյակը:
Երիտասարդ տարիներից որդեգրած՝ համայնքը պահպանելու, մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու և հայկական արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակը 1967-ին Հատտէճեանին բերում է «Մարմարա»: Նա ընդունում է «Մարմարա»-ի հիմնադիր Սուրէն Շամլեանի դստեր ու փեսայի՝ Սեդա և Պետրոս Զօպեանների առաջարկը ու ստանձնում թերթի խմբագրի պաշտոնը՝ ցմահ ու անդավաճան, մշտանորոգ եռանդով ու հարաճուն իմաստնությամբ պարբերականը նոր հորիզոններ հասցնելու համար:
Գրական լայն գործունեություն ծավալած, թատերախաղերով, պատմվածքներով աչքի ընկած մարդու համար խնդիր չի դառնում լրատվական աշխարհ մտնելը, որովհետև փնտրում ու գտնում է ընթերցողի հետ հաղորդակցվելու իր տարբերակը: Հասարակական-քաղաքական օրաթերթի ձևաչափը պահպանելով՝ Հատտէճեանը նոր ասելիք է բերում «Մարմարա»: Ամենասկզբից հասկանում է, որ թերթը պիտի դառնա ամենօրյա նամակն ընթերցողին: Իսկ նամակը չէր կարող լինել պաղ ու անձեռագիր: 13 տարի պահելով թերթը և ակտիվորեն «արտադրելով»՝ Հատտէճեանը գալիս է այն եզրակացության, որ պետք է ունենա իր հիմնական անկյունն այնտեղ: Եվ սկսած 1981թ. օգոստոսի 4-ից, օրաթերթի առաջին էջի աջ անկյունում և մինչ օրս առանց ստեղծագործական դադարների Հատտէճեանը վարում է «Յուշատետր» սյունակը, որտեղ լույս են տեսնում նրա գրական, հասարակական, փիլիսոփայական-հոգեբանական մտորումները: Հատտէճեանը նաև ամեն տարի տպագրում է նախորդ տարվա ընթացքում «Մարմարա»-ի սյունակում լույս տեսած «Յուշատետր»-երը՝ երկու կամ երեք հատորով: 2017-ին լույս տեսան 86-րդ և 87-րդ հատորները: Ընթերցողի ձեռքից բռնած՝ անցած 37 տարիների ընթացքում Հատտէճեանը հոդված առ հոդված պտույտներ է կատարում հայոց լեզվի բառարաններում, հայ գրականության կուլիսներում («Պտոյտ հայ գրականութեան քուլիսներուն մէջ», «Պտոյտ մը հայոց լեզուի բառարանին մէջ»), գրի է առնում ճամփորդական հուշերը, այդ թվում՝ նաև հայրենիք այցելության մասին («Օրագրիս տասնհինգ էջերը», «Երևանեան յուշատետր»): «Ես միշտ ասում եմ, որ ինձ հաջողվեց ամուսնացնել գրականությունն ու լրագրությունը»,- հարցազրույցներում խոստովանում է Հատտէճեանը ու զարմանքով նկատում, թե «Մարմարա»-ն միակ հասարակական-քաղաքական օրաթերթն է, որի առաջին էջում տեղ է հատկացվում հայ գրականությունը:
2010 թ. Ռոպէր Հատտէճեանը տպագրում է «Կեանքը խմբագրատունէն ներս» գիրքը, որտեղ առանց խորհրդավոր տեքստերի, առանց գաղտնիքների, զարմանալի ու անսովոր պարզությամբ ընթերցողի սեղանին է դնում 43 տարի ամեն օր ծնունդ առնող «Մարմարա»-ի պատմությունը, «Մարմարա»-ի տպագրվելուն օգնող ու խոչընդոտող մի շարք հանգամանքներ ու թվացյալ մանրուքներ: Պարզվում է՝ իր գաղափարին անշեղորեն հավատարիմ Հատտէճեանի խառնվածքն առօրյա հարաբերություններում գունեղ է ու զարմանալիորեն հակասական՝ զինվորական կարգապահությամբ աշխատող, բայց անվերջ սխալական, խաղաղասեր, բայց կռիվ փնտրող, ժամանակակից, բայց պահպանողական, շտապողական, բայց հանգամանորեն, մանրակրկիտ գործող:
Զինվորական կարգապահությամբ աշխատող Հատտէճեանը մի կողմից խոսում է խմբագրատան ժամանակացույցի, թերթը ժամանակին ընթերցողին հասցնելու, նյութերը վաղօրոք ընտրելու, դասդասելու, խմբագրելու և ստուգելու մասին, մյուս կողմից չի խուսափում հայտնել օրվա համարում տեղ գտած վրիպակների, բացթողումների մասին. «Թերթին մէջ տպագրական կամ գրաշարական, կամ տեղեկատուական, կամ գիտելիքի, կամ լեզուական, կամ ուղղագրական սխալը իրականութեան մէջ մուկ մըն է որ խմբագրին հետ կը խաղայ կատուի մը հետ խաղալու նման: Ետեւէն կը վազէս, խոյս կուտայ, կռնակ կը դարձնես, ետեւէդ կուգայ»:
Բայց նաև պարոն Ռոպէրի անձանձիր բարությունն ու հմայիչ հումորը… հատտէճեանական բարությունն ու հումորը առավոտյան բացվող լույսի նման տասնամյակներ շարունակ ուղղորդում ու ճանապարհ են հարթում ոչ միայն իրեն ու իր թիմակիցներին, այլև թերթի քննադատներին. «Երբեմն ալ կը պատահի անդրադառնամ որ կարեւոր սխալ մը սպրդած է եւ այդ օր մեր մասնագէտներէն ոեւէ մէկը չէ փնտռած զիս: Անդիմադրելի փափաք մը կ’ունենամ հեռաձայնը բանալու ու իրենց իմաց տալու որ այդ օր կարեւոր սխալ մը չեն տեսած թերթին մէջ: Բայց չեմ ըներ այս բանը, որովհետեւ գիտեմ որ ասիկա թախիծ պիտի պատճառէ իրենց, պիտի կոտրէ անոնց ինքնավստահութիւնը»:
Որպես գլխավոր խմբագիր՝ Հատտէճեանը գիտակցում է առավելագույնս օպերատիվություն պահանջող աշխատանքի կանխատեսելի ու վերահաս դժվարությունները: Խմբագրապետն ինքն իրեն բնորոշելիս ամենից առաջ հավաստիացնում է, որ սիրում է աճապարել, գործն անել արագ ու վերջացնել. «Դեռ շատ ժամանակ ունինք ու ես կ’աճապարեմ: Պէտք է բացատրեմ որ ասիկա իրենց ծանօթ տեսակէն աճապարանք մը չէ, ասիկա կեանքի փիլիսոփայութիւն է, ապրելակերպ է, սիրոյ տեսակ մըն է»: Պարոն Ռոպէրը երբեք ժամանակ չունի երկար հեռախոսազրույցների, ծանոթների հետ առօրյա հանդիպումների համար: Բայց նույն այդ աճապարանքը նահանջում է, երբ խմբագրություն են այցելում համայնքի վարժարանների սաները: Հատտէճեանը գիտակցում է մանուկների հարցերին պատասխանելու կարևորությունն ու իր առօրյայից 1-2 ժամ տրամադրում նրանց: Հատտէճեանը սիրով զրույցի է բռնվում նաև օտար երկրներից համայնք ու խմբագրություն ժամանած հայ մտավորականների հետ, քննարկում հրատապ հարցեր ու հաջորդ օրը սեփական հոդվածով անդրադառնում հանդիպման մանրամասներին: Այս այցելությունների մասին խոսելիս խմբագիրը ժպիտով նշում է. «Ուրիշներ հիւրերու հետ հաց կը բեկանեն: Մենք մեր հիւրերուն հետ աթոռ կը բեկանենք»:
Ռոպէր Հատտէճեանը մինչ օրս ինքն է համակարգչով մեծ արագությամբ հավաքում հոդվածների տեքստերը: «Ես շատ կանուխէն ուզած էի գրամեքենայով գրել ոչ թէ միայն անոր համար որ կ’ուզէի նմանիլ Սարոյեաններու նման մէկ անգամէն գրամեքենայի վրայ գրող հեղինակներուն, այլ նաեւ անոր համար որ կ’ուզէի ողջունել դարաշրջանի այն նոր երեւոյթը, որ գրամեքենան էր»,- գրում է Հատտէճեանը՝ պատմելով, որ առաջին «Րուայալ» վաճառանիշով գրամեքենան իրեն Նյու Յորքից բերել էր եղբայրը 1950 թ.:
Դարի հեղափոխությունն ու գրամեքենաները հեշտացնում էին գրասեր հասարակության գործը, բայց մյուս կողմից անցյալին էին թողնում ձեռագրի միջոցով հեղինակի ջերմությունը ընթերցողին փոխանցելու երևույթը: Հատտէճեանը խոսում է ձեռագրերի միջոցով մարդկանց բնավորությունների մասին իմանալու հմտության մասին, հիշում է Հակոբ Մնձուրուն ու նշում, որ սիրելի գյուղագրի ձեռագրում տեսնում էր նրա ծուռ քայլվածքը. «Մնձուրին քալելու իւրօրինակ ձեւ մը ունէր: Երբեմն կը վախնայի որ պիտի իյնայ: Բայց ատիկա իր ձեւն էր: Այդքան շիտակ, պարզամիտ մարդը կ’երեւի թէ կը սիրէր ծուռը, ան իր էջերը կը լեցնէր ծուռ ընթացող տողերով: Թուղթերը կը կտրէր փոքրիկ, շատ փոքրիկ քառակուսիներու ձեւով ու անոնց վրայ կը գրէր իր հիւթեղ պատմուածքները»: Հատտէճեանի ողջ գրականությունը լի է հայ նշանավոր գրողների ու մտավորականների մասին հուշագրություններով: Օրինակ՝ 1999-ին լույս տեսած «Յուշատետր»-ի 14-րդ հատորում, որը նա վերնագրել է «Հին հասցէներ», խմբագիրը խոսում է Զաւէն Պիպեռեանի, Զահրատի, Զարեհ Խրախունու և իրենց համատեղ գրական հավաքների, քննարկումների մասին:
Վերադառնալով խմբագրի հակասություններով լի բնավորությանը՝ նախ փաստեցինք, որ Հատտէճեանը երբևէ չի թերագնահատել դարաշրջանի տեխնոլոգիական ձեռքբերումները, ինքն էլ լիուլի օգտվել է դրանցից: Ուրեմն լսածի հետ համադրելի՞ է այն երևույթը, որ պարոն Ռոպէրը մինչ օրս բջջային հեռախոս չի օգտագործում: Պարզվում է, որ դրա համար ևս կա յուրատեսակ հիմնավորում. «Ոչ մէկը պէտք ունի սեղանի հեռաձայնին, որովհետեւ ամէն մարդ ունի իր գրպանի հեռախօսը: Իմ պարագաս բացառիկ է: Ես սեղանի հեռաձայն մը ունիմ խմբագրատան մէջ, սեղանի հեռաձայն մըն ալ ունիմ բնակարանիս մէջ, եւ կրնամ ըսել որ ամէն վայրկեան կա՛մ առաջինին քովն եմ, կա՛մ երկրորդին քովն եմ: Փնտռեցէք, պիտի տեսնէք»:
Հատտտէճեանի Մեծասքանչը, Ոսկեղենիկը, նույնն է թե՝ Մայրենին
Չնայած բազում հնարավորություններին ու գայթակղիչ առաջարկություններին՝ անցած 50 տարիների ընթացքում «Մարմարա»-ն տպվում է հայերենով: Հայերեն թերթի առանց ընդհատումների տպագրումը Հատտէճեանի առաջնահերթ խնդիրն էր, ինչն անթերի իրագործում է մինչ օրս: Բայց միայն այդքանով չէ, որ կարող էր բավարարվել խմբագրապետը: «Մարմարա»-ի ղեկը ձեռքը վերցնելու պահից Հատտէճեանն իր առջև դնում է, իր իսկ բնորոշմամբ՝ Մեծասքանչն ընթերցողին առավել դյութիչ ու ցանկալի մատուցելու խնդիրը: Ինչպես ցանկացած խմբագիր, Հատտէճեանը ևս երազանք ուներ և ունի «Մարմարա»-ն առավելագույնս ընթերցված տեսնելու: Միայն թե ի տարբերություն բազում այլ խմբագիրների՝ երբևէ երազանքի հետևից չի գնում՝ ի հաշիվ Ոսկեղենիկի: Մի կողմից խորհում է, թե հայերենի հանդեպ մաքրամոլությունը թերթի լեզուն կզրկի հարստանալու հնարավորությունից, հասկանում է, որ օտար նորաստեղծ բառերը, մտնելով մեր բառապաշար, հարստացնում են լեզուն: Մյուս կողմից՝ հայերենի բառաֆոնդից գտնում ու գործածական է դարձնում օտար բառերի հայերեն համարժեքները, այնուհետ դրանք թերթում շրջանառում, հետո էլ՝ մշտադիտարկելով ստուգում՝ արդյո՞ք ընթերցողի քիմքին հասկանալի ու ընդունելի դարձավ «նորամուծությունը»: «Այսօր ալ դժուարութիւններ չկա՞ն օտար բառին հայերէնի փոխադրելու գործին մէջ: Կան: Կան, որովհետև դժուարութիւնը անպայման օտար բառին հայերէնը գտնելու մէջ չէ, հայերէնը կրնաս գտնել կամ արդէն գիտես: Դժուարութիւնը այդ բառը գործածելու մէջ է: Որովհետեւ խնդիր մըն ալ կայ: Չի բաւեր որ խմբագիրը գիտնայ, պէտք է որ ընթերցողը չընդվզի անհասկնալի բառերու դիմաց: Իրաւունք չունինք հայերէն սորվեցնելու յաւակնութեամբ նեղ կացութեան մատնելու մեր ընթերցողը»,- գրում է նա:
Հատտէճեանն իր ապրած բոլոր օրերը մեկիկ-մեկիկ ծառայեցրել ու ծառայեցնում է այս հավատին: Այս հավատն է, որ ապրեցրել ու սնում է պոլսահայ գրականության զարկերակը, միացրել ու միացնում է պոլսահայ գրականության անցյալն ու ներկան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։