Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Դժվար է հիշել, թե հայ գրականությունից ինչ նմուշներ են թարգմանվել ճապոներեն: Եվ հանկարծ, Արմենուհի Սիսյան, հրավեր Ճապոնիա, ինչը սովորական չես որակի: Գուցե մանրամասնե՞ք…

Ճապոնիան իր մեջ ներփակված երկիր է: Երկար ժամանակ այն մեկուսացված է եղել արտաքին աշխարհից, հետևաբար` օտար մշակույթի ներթափանցումից ու ազդեցություններից: Այդուհանդերձ, ժամանակակից ճապոնացուն հետաքրքրում է դրսինը: Արվեստը, որքան էլ ներհայեցող է, չի կարող հայացք չունենալ դեպի հեռուներ:
Դրա վկայությունը Կիոտոյի Japan Universal Poets Assosiation-ն է, որի կազմում կան նաև թվով ոչ շատ այլազգի հեղինակներ, և որի շարքերում բոլորովին վերջերս ընդգրկվեց նաև ձեր խոնարհ ծառան: Ասում եք` ինչու ես: Ձեր հարցը, ինչ-որ առումով, սադրիչ է: Կպատասխանեմ` հետևելով հենց ճապոնական ասացվածքին. «Ծովի մասին ձկնորսին պետք է հարցնել»: Չեմ պատրաստվում գովաբանել ինքս ինձ, դա իմ ոճը չէ: Անցյալ տարի արդեն տպագրել էին մեկ գիրք: Երբ ստացա 2-րդ գրքի առաջարկությունը` որպես պոետական երկխոսություն ճապոնացի բանաստեղծի հետ, դրան հետևեց հրավերը` որպես հյուր հեղինակ, իրենց միության կազմակերպած պոետական ընթերցումների միջոցառումներին և գրքի շնորհանդեսին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գտնում եմ, որ այսօր մենք ունենք շատ բանաստեղծներ, որոնք մեծապես արժանի են թարգմանվելու և գրքով տպագրվելու Ճապոնիայում, բայց կան բաներ, որոնք ճակատագրորեն սահմանված են մարդու համար, մեզ մնում է հետևել այդ ճանապարհին, քանի որ ինքներս նախաձեռնողը չենք եղել: Բացի այդ, ոչինչ հենց այնպես, օդից չի լինում. ամեն բան իր հասունանալու ճանապարհն ունի. սա արդեն 10-րդ լեզվով իմ թարգմանական տպագրությունն էր (ոչ գրքով), բացի այդ, Հայաստանի ԳՄ անդամ և ներկայումս արդեն Կիոտոյի գրողների միջազգային ասոցիացիայի անդամ լինելուց բացի, նաև Բելգիայի գրողների միջազգային ասոցիացիայի անդամ եմ, գրական միջազգային տարբեր ծրագրերի մասնակից: Այս ամենը աշխատանք է, բոլորովին էլ ոչ առանց խոչընդոտների ճանապարհ, ես ոչ մեկի բաժինը հաստատ չեմ խլում: Աստված թող բոլորի առջև հնարավորություններ բացի ու հոգու խաղաղություն տա: Վերջերս մի գրականագետ ասաց, որ ճապոնացիներին հոգեհարազատ է եղել իմ շատ գրվածքների հակիրճությունը (թանկա, հոքու), ինչպես նաև բնության` ծառի, ծաղկի, ձյան, արևի հետ ունեցած սերտ աղերսները: Համենայնդեպս, բանաստեղծություն գրելիս երբեք չեմ մտածել ճապոնական թանկաների մասին: Այդպես ստացվել է:
Անկեղծ ասած` ես այնտեղ վերացել էի իմ անձնական եսից: Այդպես միշտ է ինձ հետ, երբ օտար երկրներում հրավիրված եմ լինում որպես գրող. վերանում եմ մասնավոր, անձնական շահերից, ու մի ներքին շարժիչ ուժ բնազդորեն ինձ վերածում է իմ երկիրը ներկայացնող խոսնակի: Սա չգրված օրենք կամ սրբազան պարտավորության պես մի բան է ինձ համար: Կարծում եմ` այս անգամ էլ հաջողվեց «մեր սուրը փառքով դնել պատյան»: Արմենիա բառը` իր բովանդակությամբ հանդերձ, այնքան հնչեց այդ շաբաթվա ընթացքում, որ ողջ կյանքիս ընթացքում չէի լսել ու լսեցրել: Ի դեպ, ինձ էլ էին այդպես կոչում` անունս դժվար արտաբերելու պատճառով, ու գոհ էի դրանից. դե, իհարկե, Արմենիա, ուրիշ էլ ի՞նչ: Ով եմ ես` վաղանցուկ մահկանացուս, Արմենիայի առջև… «Ես կանցնեմ, կգնամ, դու ապրիր հավիտյան»… Միջոցառումների օրերին կային նախօրոք պարապածներ, որոնք ոչ միայն անունս, այլ նաև հայերեն մի շարք բառեր «շպարգալկա» արած ման էին գալիս շուրջս` Արմենիայից եկած հյուրին պատվելու ու հաճոյանալու համար: Ես էլ հո պարապ չէի. ողջ ռազմահայրենասիրական արսենալս գործի էր դրված… Իրականում ամեն բան շատ բնական էր` այնպես, ինչպես կամ, առանց մի գրամ պաթոսի, պարզապես ինքս հարգալից էի իրենց մշակույթի հանդեպ, առանց «հպարտ եմ, որ հայ եմ»-ը առաջ գցելու, փոխարենը` իրենք էին զարմանալիորեն շատ հետաքրքրվում, ինձ էլ մնում էր խաղաղ ներկայացնել իմ Արմենիան…
Մի այլ զգացողություն էր, երբ հեռավոր Ճապոնիայում, իմ ելույթից առաջ, ճապոնացի երաժիշտների կատարմամբ բեմից լսում ես… Կոմիտաս: Սկզբում անգամ գլխի չընկա, այնքան անսպասելի էր, իսկ հետո անակնկալից հուզվել էի… Պարզվում է` երկար փնտրել են, ընտրել ու պատրաստվել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։