2018 թվականի մարտի 1-ին մահացել է ամերիկահայ հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, Նյու Ինգլանդի Պոետական ակումբի երկարամյա նախագահ Դայանա Տեր-Հովհաննեսյանը: Նա հեղինակ է բանաստեղծական և թարգմանական 30 ժողովածուների և մի քանի պիեսների, արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում` Արվեստների ազգային պարգևի, Ամերիկյան գրողների միության, Փաթերսոնի պոետական կենտրոնի, Միջազգային «ՓԵՆ» ակումբի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակների, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Դ. Տեր-Հովհաննեսյանն ավարտել է Բոստոնի համալսարանը, գիտական կոչումը ստացել Հարվարդի համալսարանում, ամերիկյան և հայ պոեզիայի, ինչպես նաև թարգմանական արվեստի տարբեր խնդիրների և Հայոց ցեղասպանության շուրջ դասախոսել է ԱՄՆ-ի ու օտարերկրյա բազմաթիվ համալսարաններում, այդ թվում՝ ԵՊՀ-ում:
Մեծապես գնահատելի են Դայանա Տեր-Հովհաննեսյանի թարգմանությունները հայ պոեզիայից՝ վաղ շրջանից մինչև մեր օրերը: Նրա ստեղծագործությունների երկու ժողովածուները թարգմանվել և հրատարակվել են նաև Հայաստանում:
***
Հերդ մեռավ, իռլանդացիք կասեն,
թարսի պես հեղեղին կորցրիր հովանոցդ:
Հորդ արևը քեզ լույս դառնա, կասեն հայերը:
Հերդ մեռավ, կասեն ուելսեցիք,
մի ոտնաչափ էլ սկեցիր հողում:
Իր լույսի ժառանգը լինես, կասեն հայերը:
Հերդ մեռավ, կասեն կանադացիք,
սուտ ու ղորթդ պրծավ:
Իր արևին տեր կանգնես, կասեն հայերը:
Հերդ մեռավ, կասեն ֆրանսիացիք,
դու ես քեզ հեր դառնում:
Իր լույսերից ծագես, կասեն հայերը:
Հերդ մեռավ, հնդկացիք կասեն,
հետ կդառնա որպես անձրևաբեր ամպրոպ:
Իր արևը առնես, կասեն հայերը:
Հերդ մեռավ, ռուսը կասի,
մանկությունդ մեկեն տարավ իր հետ:
Իր լույսին տեր կանգնես, կասեն հայերը:
Հերդ մեռավ, կասեն անգլիացիք,
իր ակումբ մտար, ուխտածիդ հակառակ:
Հորդ Աստծուն մատաղ, կասեն հայերը:
Հայերն ասում են, երբ մեռնում է հայրդ,
քո արևը փոխարկվում է ընդմիշտ:
Եվ դու արդեն հորդ լույսերով ես ծագում:
Անգլերենից թարգմանությունը`
Կարեն ԱՆՏԱՇՅԱՆԻ