Պերճուհի Ավետյանը մեր ժամանակակից գրականության, արձակի յուրօրինակ ներկայացուցիչն է: Ինձ համար մտավորականի նրա ազնիվ կերպարը ձևավորվել է նախ նրա գրականության, ապա անձի հետ առնչությունից:
Ինձ հատկապես հարազատ է նրա «Կտակը» պատմվածքների ժողովածուն, որում ընդգրկված պատմվածքներից ոչ մեկը մյուսին նման չլինելով` մի ընդհանուր դաշտ ունեն: Սրա գլխավոր հերոսները բոլորն էլ արդարամիտ են, նրանք երբևէ կարծես թե չեն տրտնջում, այլ ապրում են կյանքը` ընդունած իրենց ճակատագիրը, ամբողջ ուժով, որքան կարող են, արժանապատվորեն հաղթահարում են իրենց բաժին հասած դժվարությունները:
Պերճուհին շատ լավ գիտեր ոչ միայն իր ծննդավայր Հալեպը, այլ նաև Երևանը, այն ժամանակ, երբ Հալեպը դեռ ավերված չէր, իսկ ինքն էլ դեռ Երևանի բնակիչ չէր: Հետո իմացա գաղտնիքը: Նրա հայրը` Ստեփան Ավետյանը, Երևանից էր անցել Պարսկաստան և ապա` Հալեպ, որտեղ հանդիպել էր մի հրաշք հայուհու` Մարիին: Նրանք ունեցան չորս աղջիկ` մեկը մեկից գեղեցիկ: Նրանցից երկուսը մնացին Հալեպում և մինչև այժմ էլ դիմագրավում են քաղաքին հասած բոլոր պատուհասներին, իսկ երկուսն էլ` Պերճուհին և Մարգարիտը, տիկին Մարիի հետ արդեն բնավորված են Երևանում: Տիկին Մարիի մարմնի մեջ մնացել է այն պատահական փամփուշտը, որ խոցեց նրան, երբ խաղաղ օրերի նման գնում էր սուրճ խմելու ընկերուհու հետ` կողքի փողոցում: Հիմա, Փա՜ռք Աստծու, Պերճուհին աշխատանք ունի: Երևանում ունեն մի տաքուկ տուն-օջախ, որի հարկի տակ երեք իմաստուն հայուհիներ սիրով հյուրընկալում են բոլոր նրանց, ում սիրում են փոխադարձ սիրով:
Խորհրդանշական է Պերճուհու «Գաղտնի առաքելություն» պատմվածքը, որի կարճ շարադրանքի մեջ մի ամբողջ վեպի նյութ կա: Ծննդավայրից տեղահանված, գաղթի ճանապարհներով անցած, Հայաստանում հանգրվանած և աքսորվելու վտանգից հիմա էլ Պարսկաստան փախչելու պատրաստվող ընտանիքի պատմությունը թերևս մեզանից շատերին է ծանոթ, բայց Պերճուհու գրչի տակ այն դարձել է նորահայտ մի էջ:
Հետաքրքիր է, որ այս պատմվածքի հերոսուհին անուն չունի, երբ ամուսնու անունը հայտնի է` Մկրտիչ: Սրանով նա ընդհանրական է դառնում` որպես մի հայուհի, ով իր և զավակի կյանքը վտանգելով, իրագործում է իր առաքելությունը: Նա իսկապես հերոսական արարք ուներ կատարելու` պետք է կառքով Էջմիածին հասներ Երևանից և կաթողիկոսին հանձներ հայերի կողմից հանգանակված գումարը, Էջմիածնի ու կաթողիկոսի համար շատ դաժան ժամանակում, երբ չորս կողմը լրտեսներ էին շրջում, մատնություններին հաշիվ չկար: Իր երեխայի խանձարուրի մեջ պահած գումարը հասցնում է կաթողիկոսին և ստանալով նրա օրհնությունը` խիղճը հանգիստ մեկնում է երկրից:
Պերճուհու այս գիրքը կարծես թե շարունակությունն է Նար-Դոսի «Մեր թաղի»: Պերճուհին շատ լավ ծանոթ է արևելահայ գրականությանը: Նրան ամենևին չեն նեղում մեր լեզվի երկու ճյուղերի անհարմարությունները, որ շատ ու շատ արևմտահայ գրողների համար մինչև այժմ էլ դեռ հաղթահարված չեն: Պերճուհին շատ հաճախ հմտորեն գործածում է արևելահայերենը արևմտահայերենի հետ, ու դրանից մի հիանալի, համեղ համադրություն է ստացվում:
Այսօր Սիրիայից հեռացած հայերից շատերը կարոտում են իրենց ծննդավայրը, շատերը այնտեղ թողել են տարիներով իրենց ստեղծած տունուտեղը և դժգոհ են, որ հայրենիքում չեն կարողանում արագորեն ոտքի կանգնել, բայց Պերճուհու 1994 թ. լույս տեսած «Կտակը» գրքում մենք տեսնում ենք հայկական ընտանիքի դժվարությունները, որ այնքան կապված չեն օտար երկրում հարմարվելու հետ, որքան` մարդու ճակատագրի, նրա խառնվածքի, թուլությունների և ուժի հետ: Այս առումով, բացառիկ են Պերճուհու հոգեբանական բացահայտումները: Նրա հերոսներից ու հերոսուհիներից ոմանք կարողանում են հաղթահարել կյանքի դժվարությունները, ոմանք` ոչ: Ինչպես որ իրականությունն է:
Հետաքրքիր են Պերճուհու ստեղծած կանացի կերպարները` Խև Եղսան («Երկու խենթեր»), Օվսաննան («Երկու կիներ»), Վարդուկը («Վարդուկը»)… Սրանցից յուրաքանչյուրը հոգեբանական մի տեսակի ներկայացուցիչ է, և հետաքրքիրն այն է, որ նրանք գոյատևելով, թեկուզև խև լինելով, մաքառում ու հասնում են մի հաստատուն կետի: Այս առումով, շատ հետաքրքիր է Վարդուկը: Նա և իրենց տան հորթուկը նույն օրը, նույն ժամին են ծնվել: Երկուսն էլ մեծ գլուխներով: Եթե հորթուկի համար մեծ գլուխը միանգամայն նորմալ, ուրախալի երևույթ էր, ապա երեխայի համար կարող էր լավ բան չգուշակել: Բայց ծնողները ժամանակ չունեին գլուխ կոտրելու կյանքի առաջադրած այս հանելուկի վրա: «Հայրը վայրկյան մը շփոթեց, ցցուն ճակատ, ահագին գլուխ ու հորթուկի նման ճպրոտ աչքեր. «Բացառիկ խելացի ըլլալու է այս պզտիկը»,- մտածեց ան»: Եվ Վարդուկը ապրում է թուլամիտ աղջկա իր կյանքը, առանց տրտնջալու` կապոցը առած մի եղբոր տնից մյուսի տուն քշվելով, ի վերջո ընկնում է ծերանոց ու այստեղ կարծես թե գտնում է հենց այն ասպարեզը, որտեղ շատերն ունեն իրենց նման ծանր ճակատագիր, բայց բարի սիրտ ունեցող մեկի կարիքը:
«Նախկին իր ծիծաղը եկավ լեցնելու կոկորդը, ավելի զուսպ, ավելի կոկված…»:
Հետաքրքիր է գրեթե միակ նախադասությունը, որ նրա շուրթերից լսում է ընթերցողը: Երբ իմանում է, որ իրեն տնից դուրս արած եղբոր կինը շատ հիվանդ է, ասում է. «Ինծի շա՜տ ըրավ, Աստված վկա»…
Դասականի և ժամանակակցի յուրօրինակ համակցություն են «Դիպվածը» և «Ուրիշ գործ» պատմվածքները: Սրանցից մեկում հերոսը, որ երեխա ժամանակ ստիպված էր տանել իր գործատուի արհամարհական խոսքերը. «Հը՛, սպասուհիի լակոտ», մեծանալով և սեփական գործի տեր դառնալով` վրեժխնդիր է լինում իր նախկին պարոնից, նրա մոտից տանելով աշակերտին, որի մեջ տեսել էր իր մանկության տխուր կրկնությունը: Իսկ «Դիպվածում» բարձրագույն կրթություն ունեցող Զարեհը մինչև վերջ էլ չի կարողանում հանդուրժել դպրոցում թուլամիտի համարում ունեցած, բայց ահա միլիոնատեր դարձած Գոքոյի վերաբերմունքը: Երբ մյուս ընկերը` նույնպես խելացի, մարզական մեծ նկրտումներ ունեցած, բայց դերձակի համեստ աշխատանքով իր վաստակը հոգացող Կարոն, շատ հանգիստ է ընդունում ու վայելում է Գոքոյի ցուցամոլ հյուրասիրությունը:
Պերճուհու պատմվածքներում և հատկապես «Ծիածանում», մի հետաքրքիր երևույթ գրավեց ուշադրությունս: Հալեպը բոլորովին էլ այն ազնվական քաղաքը չէ, ինչ որ ուզում են հիմա ներկայացնել մեզ Հայաստանից դժգոհող սիրիահայերը: Այնտեղ էլ ու երևի աշխարհի բոլոր ծայրերում ճարպիկների, աճպարարների, անամոթների ու ազնիվ մարդկանց չափաքանակները կան ու կան:
«Ծիածանում» ամուսնու վաստակից դժգոհող կինը օրինակ է բերում քրոջ ճարպիկ ամուսնուն, որ իրականում «շորթիչ» է: «Անպայման դիմացինին գրպանեն դրա՞մ պետք է հանե գող ըլլալու համար»,- ասում է ամուսինը: Եվ այստեղ մենք իմանում ենք, որ Հալեպից նույնպես ապրուստ վաստակելու համար հայերը բռնում էին պանդխտության ուղին: Օդանավը բարձրանում է երկինք, իսկ ցածում կռկռում են գորտերը, ինչպես զոքանչն էր կռկռում: Ընդհանրապես գորտերը` որպես խորհրդանիշ, էլի են գործածվում Պերճուհու մոտ:
Պերճուհու պատումը խորն է ու արագընթաց: «Լուսնակ գիշեր» պատումի Միսաք աղան դժբախտ է, քանի որ իրեն բաժին հասած կինը ոչ մի բանով նման չէ լուսնակի դեմքով այն աղջկան, ում տեսել ու մեկընդմիշտ սիրել էր: Նրա և կնոջ համատեղ կյանքը բանդագուշանք է եղել: Կնոջը չէր կարողացել ներել մի անտրամաբանականությամբ, որ այդքան տգեղ լինելով` նա ակամա հայտնվել էր իր երազների Լուսնակի փոխարեն: Եվ ահա նովելային ավարտը: Կնոջ շիրիմին այցելած օրը նա տեսնում է կողքի մարմարյա գերեզմանաքարը, որի վրա Լուսնակի և նրա ամուսնու նկարն էր: Նա որոշում է կայացնում, որ իր կնոջ համար էլ պիտի մարմարե շիրմաքար սարքի: Ձեռ են առնում մարդիկ: Առավոտյան «Լուսնակ գիշեր…» երգող Միսաքը երեկոյան ավանդել էր հոգին: Եվ կնոջ նկարը, որ ինքը դառնության պահերից մեկի ժամանակ շրջել էր, էլի գրավել էր իր տեղը:
Պերճուհին հիանալի գիտակ է մարդկային հոգիների: Նա իր պատկերասրահի բոլոր հերոսներին դիտում է մինչև հոգու խորքերը` նորածին երեխա ժամանակից մինչև խոր ծերության և անգամ մահվան շեմին հասնելը: Սրա լավագույն հաստատումն է «Հայրիկը» պատմվածքը: Այստեղ մյուս երեխաներից արագավազությամբ առաջ անցած քույրիկն ու եղբայրիկն ուզում էին բոլորից շուտ հասնել սարի գագաթը, որտեղից ավելի մոտ էին լինելու երկինք գնացած իրենց հորը. հույս ունեին տեսնելու նրան, գուցե նաև խոսելու նրա հետ: Եվ ահա յոթ և երեք տարեկան երեխաների խոսակցությունը, որ այնքան ճշգրիտ ու բնական ներկայացնում է Պերճուհին, դառնում է հայրիկի հետ կայացած զրույց: Նրանք իրենք տալիս են իրենց հարցերի պատասխանները. դա նրանց կյանքի ճշմարտություններից մեկին հասնելու անսովոր պահն է:
Պերճուհին նաև կարող է թափանցել կենդանու էության մեջ, մարդացնել փողոցում անտեր թափառող շանը և համապրել նրա հետ: Առհասարակ, Պերճուհին իր հերոսների հետ համապրելու աննման ձիրք ունի:
Նա նաև երկխոսությունների վարպետ է: Հաճախ նրա պատումի արագ ընթացքը պայմանավորվում է երկխոսությունների ճշգրտությամբ:
«Գիտես, այսօր անանկ շուկա իջեր էի, հետս ալ մանավանդ դրամ չկար, քանի մը հազար միայն: (Ասում է «Ծիածանի» հերոսի ցուցամոլ քենին): – Ոսկերիչիս հանդիպիմ ըսի, սա մատանին տեսայ` խելքս գնաց: Մարդը ըսավ`«Ուալաու քո քրեդիդ բարձր է, տիկին, առ գնա, վաղը, մյուս օրը, երբ կուզես վճարե»,- ըսավ քենին` կնկան աչքը կոխելով ձեռքը:
– Ես ալ կ’ըսեմ, ինչո՞ւ այսօր ձեռքդ վեր մնացեր է,- փորձեց իր կարգին: (Խոսքը ինժեների մասնագիտությամբ ընտանիքին գոհացնել չկարողացող Հակոբին էր ուղղված):
– Շնորհավոր մը չըսե՞ս, հատ մըն ալ կնիկիդ առ,- ըսավ ձեռնոցը ետ նետելով»:
«Կտակը» ժողովածուի մի քանի պատմվածքների հերոսներ արաբներ են: Հետաքրքիր է, որ Պերճուհին մեզ է ներկայացնում մի կյանք, որին ինքը շատ լավ ծանոթ է, որտեղ մեզ նման մարդիկ են` դժբախտ, երբեմն հաջողակ, հիմնականում անհաջողակ: Արաբ հայրիկը իր անկատար ծնված երեխայի համար ծանր ապրումներով հար և նման է աշխարհի բոլոր ծնողական բնազդ ունեցող մարդկանց: «Ապակիե վանդակը», «Ոզնի» դեղատոմս», «Բուժման հույսը» (այս պատմվածքի հերոսը բարեխղճորեն` առանց բուժման հույսը կորցնելու, իր որդուն գրկած ամեն անգամ տանում է հիվանդանոց), պատմվածքներում, ի վերջո, կարծես թե թունելի վերջում երևում է լույսը: Նա աղոթել էր, ծոմ էր պահել, իսկ հայ տղամարդը հենց Պերճուհու մի այլ գործում թողեց իր զավակներին բախտի քմահաճույքին ու հեռացավ:
«Կտակը» պատմվածքի հերոսուհին, որ իր ունեցվածքը կտակում է բարեգործության, նույնպես արաբ է: Հոր մատանին նրա մահից հետո քույրերի, եղբայրների համար կռվախնձոր է դառնում: Միով բանիվ, Պերճուհի Ավետյանն իր գործերով մի նոր երանգ, մի նոր գեղարվեստական դաշտ բերեց մեր գրականություն: Ստեղծագործական նորանոր հաջողություններ քեզ, սիրելի Պերճուհի, հիմա արդեն քո հայրենի հողի դաշտում: