ԱԲՍՈՒՐԴԸ
իրականության համապատկերն է: Անշուշտ` մեկ այլ իրականություն, որն անխուսափելիորեն երևակում է դարակազմիկ
իմաստներ:
Պարոն Բուշն իր խանութը բացել էր Կենտրոն համայնքի երևելի մասում և մարդ-մուրդ էր վաճառում: Ինքն էլ երբեմն պառկում էր վաճառասեղանին, բայց համապատասխան գին տվող առայժմ չկար: Բոլոր քաղաքացիները, ովքեր վաճառվելու ցանկությամբ էին արթնանում, գալիս էին պարոն Բուշի խանութն ու հանձնվելով` նստոտում համապատասխան դարակների վրա:
– Միջին տարիքի, մեծ կրծքերով, անող-դնող տիկին ունե՞ք:
– Մյուս շաբաթ անցեք, դեռ չենք ստացել:
– Իսկ, ասացեք, ազգի դավաճան կա՞:
– Այ ա՛յս ցուցափեղկի տակ նստածը իսկը Ձեր ուզածն է: Խեղճ մարդը երկար ժամանակ անգործ էր մնացել:
– Հավատում եմ, հավատում եմ… Փաթաթե՛ք:
Ճիշտ է, հաջող էին պարոն Բուշի գործերը խանութում, բայց ընտանեկան տարաձայնությունները խեղճ մարդու կյանքը թունավորում էին: Երբեմն, առուվաճառքի ամենաթեժ պահին, պարոն Բուշի կինն իրեն գցում էր խանութ, որպեսզի ամուսնու հետույքը կճմթի:
– Դո՛ւ այստեղ ինչ ես անում,- հետույքը տրորելով` որոտում էր Բուշը,- չլինի՞ որոշել ես վաճառվել:
Եվ կինը տեսարան էր սարքում:
– Ա՜խ, ինչ դժբախտ կին եմ ես… Չտեսնված, չթարգմանված, չտեղաբաշխված… Օրեր շարունակ մահճակալի տակ մարդասիրական օգնություն եմ կուտակում, արդուկի տակից դուրս չեմ գալիս, մի կարգին չեմ բավարարվում, գիշերները քնելու փոխարեն անընդհատ մտածում եմ, թե հետույքն ինչպես կճմթեմ, որ աչքով չտան, իսկ նրա հեչ պետքն էլ չի… Տարեք, ձրի՛ տարեք հուսահատիս…
Նմանօրինակ տեսարանները, սովորաբար, չէին երկարում, որովհետև ընդմիջվում էին ա՛յլ որակի խոսակցություններով:
– Բարև ձեզ, տերտեր ունե՞ք:
– Կուսակրոն քահանա կլինի՞:
– Ո՞ր մեկն է:
– Էլ ո՞րը կլինի. հրե՛ն, մոմով մեջքն է քորում ու արտասվում:
– Իսկ ի՞նչ պատճառով է արտասվում:
– Պարապում է:
– Առանց փաթաթելու, խունկ ծխելով` դրեք մեքենայիս մեջ:
Եթե որևէ մեկը քաղաքական կուսակցություն էր հիմնադրում կամ փորձում էր խորանալ կուսակցական քաղաքականության մեջ, գալիս և գնում էր մի փունջ համախոհներ, որ հետո փնջվեն կուսակցության շուրջ:
Եթե հարևանին վատություն անող կամ ցույցերի ժամանակ սադրիչ գործողություններ ցուցադրող էր պետք լինում, էլի գալիս էին պարոն Բուշի մոտ, և նա կաշվից դուրս էր գալիս, բայց հաճախորդներին ձեռնունայն չէր ճանապարհում:
– Բարև ձեզ, բժիշկ ունե՞ք:
– Ունենք, բայց ձեզ հարմար չի լինի. կանանց հիվանդություններով է զբաղվում:
– Խորհուրդ եմ տալիս` սպանել:
– Ո՛չ, ի՞նչ եք ասում, սա ժողովրդավարական խանութ է: Բայց, հարգելի քաղաքացի, թույլ տվեք հարցնել, բժիշկները ձեզ ի՞նչ են արել:
– Լա՞վ իմաստով եք հարցնում:
– Միանգամայն լավ:
– Մեջքիս ստորագրել են: Ամոթ չլիներ` ցույց կտայի, բայց ցավը չի թողնում: Ի՞նչ անեմ:
– Թիկնապահ գնեք:
– Բե՛ր ճակատդ, պայծառ մտքերով իմ եղբայր, բեր, որ համբուրեմ:
Երբ գործերն այնքան էին շատանում, որ դժվարանում էր գործից գլուխ հանելը, պարոն Բուշը գլխի վրա ընկնում էր: Ճիշտ նույն պահին հայտնվում էր կինն ու ամուսնու հետույքը կճմթում:
– Աչքով են տվել,- գլխաշորի մեջ հեկեկալով հրճվում էր կինը,- ե՞րբ կլինի էս աչքով տվողներին առնեն` հոգիներս ազատվի:
Այսօրինակ իրավիճակ էր, երբ փողկապի ծաղիկների հետ խաղացող մի մարդ հայտնվեց ու տեղեկացրեց նախագահական իր նկրտումների մասին.
– Երբ կգա նախագահական հաջորդ ընտրությունների և նախագահ գնելու ժամանակը, իմացե՛ք, որ ես այստեղ եմ և օր առաջ վաճառում եմ իմ թեկնածությունը: Իրավունք ունեմ վաճառասեղանից իջնելու և սրտիս ուզածի չափ այսուայնտեղ պառկելու:
Նման պահանջը թերևս արդարացի էր: Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար` նախագահ կդառնա, կհիշի, թե իրեն ինչպես էին արգելում պառկել, կվիրավորվի ու ամբողջ ժողովրդին անհայտ ժամանակով կպառկեցնի:
Պարոն Բուշը երջանիկ էր:
– Ներեցեք, երջանիկ մարդ ունե՞ք,- ակնոցը հանելով հետաքրքրվեց խանութ մտնող Հերթականը:
– Այո՛,- բաց երկնագույն շողեր արձակելով պատասխանեց Բուշը:- Ե՛ս եմ:
– Ես ձեզ գնո՛ւմ եմ: